Վերջին օրերին հանրային դաշտը կրկին զբաղված էր ոչ թե պետական օրակարգերի քննարկմամբ, այլ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված «Վարչաբենդ» կոչվող համերգային միջոցառմամբ։ Տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ դրանց շուրջ արձագանքները սոցցանցերում արագ տարածվելով, ոչ միայն դարձան քննադատության եւ ծաղրի առարկա, այլ նաեւ ավելի խորքային հարցադրման առիթ՝ ի՞նչ երեւույթ է այն, երբ երկրի առաջին դեմքը պետական ներկայանալի կերպարի ծանրությունը նման «վուլգար» ձեւով փոխարինում է բեմական, թեթեւամիտ ինքնաներկայացմամբ։
Իհարկե, տեղի ունեցածում գործ ունենք քաղաքական տեխնոլոգիաներ ենթադրող մի քանի դրսեւորումների հետ։ Առաջինը ուշադրության վերահսկման մեխանիզմն է, երբ շոուն դառնում է քաղաքական օրակարգի փոխարինող։ Երկրորդը ներքին մոբիլիզացիան է՝ փորձելով սեփական համակիր միջավայրին հուզական ազդակներ ուղարկել եւ խորացնել «մենք ընդդեմ նրանց» բաժանարար գծերը։ Երրորդը ինքնապաշտպանական ռազմավարությունն է, երբ ՀՀ վարչապետը, ինչպես նախկինում բազում անգամներ, ինքն է իջեցնում սեփական կերպարի արժանապատվության շեմը եւ այդկերպ նախապես չեզոքացնում քննադատության ազդեցությունը։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ շատ ավելի ցցուն ձեւով դրսեւորվեց նաեւ մեկ այլ երեւույթ, որը մեկնաբանման կարիք ունի։ Դա իշխանության կրողի «էգո»-ի աճն է, երբ մարդը սկսում է հավատալ, թե հանրային տարածքը, բեմն ու ուշադրությունը իր սեփականությունն են, ինչի արդյունքում նրա վարքը դառնում է սանձարձակ, ավելի ցուցադրական, ավելի աներես, առանց ներքին արգելակների։ Սա արդեն ոչ թե քաղաքական տեխնոլոգիայի կիրառություն է, այլ իշխանության հոգեբանական ձեւախեղում։
Արտաքինից նման վարքը կարող է հիշեցնել մանիակալ սպեկտրին բնորոշ գծեր՝ գերարժեւորված ինքնավստահություն, մեծության զգացում, ուշադրության մշտական պահանջ, ցուցադրականություն, «արգելակների» թուլացում։ Սակայն այստեղ ավելի ճշգրիտ է խոսել ոչ թե կլինիկական ախտորոշման, այլ իշխանության «ինտոքսիկացիայի»՝ ինքնաթունավորման մասին, երբ երկարատեւ իշխանությունն ու մշտական հանրային ուշադրությունը ձեւավորում են բացառիկության զգացում։ Մարդը սկսում է իրեն ընկալել որպես կանոններից դուրս կանգնած կերպար, որի համար նորմերը պարտադիր չեն։
Այստեղ է, որ ողջամիտ դատող մարդկանց շրջանում առաջ է գալիս «կապիկության» թեման, որը հանրային խոսքում հնչում է ոչ միայն որպես վիրավորանք, այլ նաեւ որպես փորձ՝ բացատրելու տեսանելի վարքագիծը։ Բայց սա կարեւոր է ճիշտ հասկանալ։ Շատերի համար դա «կապիկություն» է, որովհետեւ նրանք տեսնում են իմիտացիա, էքսցեսիվ շարժումներ, բեմականացված աղմուկ, որոնք չեն բխում պետական գործչի կերպարից։ Սակայն մեծ հավանականությամբ հենց ինքը՝ Փաշինյանը, այդպես չի ընկալում իր վարքը։
Այստեղ գործ ունենք մշակութային կոդերի բախման հետ։ Եթե մարդը ձեւավորվել է հարաբերականորեն ցածր մշակութային միջավայրում, որտեղ աներեսությունը, ցինիկությունը եւ ցուցադրական ինքնահաստատումը նորմա են, ապա նման վարքը նրա համար դառնում է բնական, ոչ թե ծիծաղելի կամ ծաղրելի։ Այն, ինչ հանրության մի մասի աչքում ընկալվում է որպես նվաստացում կամ ծաղրական ինքնաներկայացում, այդ մարդու ներսում կարող է ընկալվել որպես «կյանքով լեցուն», «ժողովրդական» եւ «ազատ» պահվածք։ Սա է խնդրի ամենախորքային շերտը։
Քաղաքական հաշվարկները կարող են լինել գիտակցված, հաշվարկված եւ նպատակային, սակայն մշակութային ինքնարտահայտումը հաճախ չի գիտակցվում։ Մարդը չի փորձում «կապիկություն անել», նա պարզապես վերարտադրում է իր ներքին նորմերը հանրային բեմում։ Այլ կերպ ասած՝ նա ոչ թե ուզում է իրեն ծաղրի առարկա դարձնել, այլ իր ցածրակարգ նորմերը տեղափոխում է պետական եւ հանրային կյանք։ Այդ պահից արդեն ոչ միայն քաղաքական օրակարգն է խեղաթյուրվում, այլ նաեւ հանրային ճաշակը, պետական վարքի չափանիշը եւ իշխանության նկատմամբ սպասումների մակարդակը։
Արդյունքում պետությունը կամաց-կամաց վերածվում է դեկորի, քաղաքականությունը՝ շոուի, իսկ քաղաքացին՝ հանդիսատեսի։ Եվ հենց սա է իրական վտանգը՝ այն մշակույթը, որը վերեւից ներքեւ ներթափանցում է հանրության մեջ՝ ձեւավորելով իշխանության ընկալում, որտեղ շոուն փոխարինում է բովանդակությանը, իսկ «կապիկությունը»՝ պատասխանատվությանը։
Սարո Սարոյան

