Tuesday, 26 November 2024

A Analysis

Պետական գաղտնիքը եւ խոսքի ազատությունը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Աշխարհի թերեւս ոչ մի երկրում հստակ ուրվագծված չէ այն սահմանը, որտեղ ավարտվում է խոսքի ազատությունը եւ սկսվում՝ պետական գաղտնիքը: Բավական նուրբ այդ հարցը յուրաքանչյուր պետություն, բնականաբար, լուծում է յուրովի՝ կախված տվյալ երկրի մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններից, խնդրի իրավական կարգավորման առանձնահատկություններից: Պետական գաղտնիքի ինստիտուտն ընդունել են բոլոր երկրները, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ պետության անվտանգության տեսանկյունից պետական գաղտնիքի հրապարակումը կարող է իրական սպառնալիք դառնալ։

Խոսքի իրավունքը սահմանող միջազգային փաստաթղթերում, ինչպես նաեւ տեղական օրենսդրություններում ամրագրված է, որ խոսքի եւ տեղեկատվության ազատությունը օրինական հիմունքներով կարող է սահմանափակվել պետական անվտանգության, պաշտպանության նկատառումներով: Շահերի բախումից խուսափելու համար կարեւոր է պետական գաղտնիքի մասին եւ տեղեկատվության ազատության մասին օրենքների միջեւ ողջամիտ հարաբերակցության ու արդար հավասարակշռության ապահովումը: Այլ հարց է, որ կառավարությունները մեծապես հակված են ազգային անվտանգության շահի հանգամանքով արդարացնել խոսքի ազատության սահմանափակումները: Եվ այդ առումով բացառություն չէ նաեւ Հայաստանի կառավարությունը, եթե չասենք ավելին:

Անշուշտ, պետական գաղտնիքի բացահայտումը կարող է վտանգել պետության անվտանգությունը: Ուստի պատահական չէ, որ իշխանություններն ավելի հաճախ չարաշահում են հենց անվտանգության գործոնը, որպեսզի հանրությունից թաքցնեն իրականությունը։ Սույն թեմայի առիթը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բացահայտած՝ հայ-ադրբեջանական մի գաղտնի հուշագիր է, որն առնչվում է Գորիս-Դավիթբեկ, Կապան-Ճակտեն ավտոճանապարհների անվտանգությանը, իսկ խոշոր հաշվով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին:

Պարզվում է, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները գաղտնի գործարքների մեջ են եղել թշնամի պետության հետ, եւ դրա վկայություններից մեկը սույն չարաբաստիկ հուշագիրն է: Ըստ երեւույթին, ադրբեջանցիներն այդ փաստաթղթի հիման վրա էին մուտք գործել Սոթքի ոսկու հանք, դրա հիմքով էին GPS-ով վերաձեւում Սյունիքի հետ սահմանները, տիրապետում մեր շահեկան դիրքերին, ինչի առնչությամբ Փաշինյանը պնդում էր, թե իբր ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգության համար: «Այդ հուշագրով Սյունիքի մեծ մասում՝ Գորիսից մինչեւ Մեղրի, թշնամուն են հանձնվում նոր բարձունքներ, փոփոխության են ենթարկվում մեր հանրապետության սահմանները, իսկ սահմանները կարելի է փոփոխել միայն հանրաքվե միջոցով»,- նշել է Բագրատյանը: Ըստ նրա, նույն հուշագրով մենք հետ ենք քաշվում նաեւ Սանասարի (նախկինում՝ Կուբաթլու) եւ Կովսականի (նախկինում՝ Զանգելան) շրջաններից, որոնք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է մնային հայկական վերահսկողության ներքո:

Այդ ամենին զուգահեռ՝ պետական մակարդակով եւ դարձյալ անվտանգության պատրվակով միջոցներ են ձեռնարկվում խոչընդոտելու լրագրողների մուտքը այն վայրեր, որտեղ այսօր իրականացվում են գաղտնի հուշագրից բխող, ըստ էության, դավաճանական գործողություններ: Փետրվարի 10-ին ԱԱԾ սահմանապահ զորքերը հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Մինչդեռ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում լրագրողների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության եւ ԱԺ կողմից՝ օրենքով, բայց ոչ երբեք՝ Ազգային անվտանգության ծառայության կամայական որոշումներով կամ, առավել եւս, նրա ցանկությամբ։

Այդ փաստին բավական սուր են արձագանքել հասարակական մի շարք կառույցներ համատեղ ընդունած հայտարարության մեջ. «Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլեւ հակասում է ժողովրդավարական եւ իրավական պետության նվազագույն չափորոշիչներին»,- ասված է հայտարարությունում: Որոշակի առումով լրագրողների զսպելու ազդակ է նաեւ օրերս ԱԺ-ում հիմնականում քաղաքական մեծամասնության քվեներով ընդունված՝ Զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեծացնող օրինագիծը, որի համաձայն՝ վիրավորանքի համար քաղաքացին տուգանվում է մինչեւ 2 մլն դրամով, զրպարտության համար՝ 3 մլն դրամով: Եվ այս խստացումներն արվում են այնպիսի դժպատեհ մի իրադրությունում, երբ Սյունիքում թշնամին արարգել, առանց որեւէ դիմադրության հանդիպելու, մաս-մաս ծվատում է մեր հայրենիքը՝ տարածելով վախ ու հիասթափություն:

Փաստորեն հնարավոր պատերազմի դեպքում, որն, ըստ էության, չի բացառվում, մենք չենք կարող ռազմամթերք տեղափոխել Կապան եւ Մեղրի, իսկ թշնամին առանց մեկ փամփուշտ արձակելու կարող է մտնել Մեղրի: Գաղտնի փաստաթղթի առկայությունը փետրվարի 10-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀԿ խմբակցության անդամ, Սյունիքից ընտրված պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: Նա ասել է. «Եկեք նմանատիպ քննարկումները հանրորեն չանենք, եւ եթե նմանատիպ հարցեր կան, որոնք անվտանգային միջավայրին են վերաբերում, եւ մանրամասնությունների մասին է խոսքը, կարծում եմ, համապատասխան հանձնաժողովներում կարող ենք անել հանդիպումներ, լսումներ, հրավիրել ՊՆ, ԳՇ, ԱԱԾ ներկայացուցիչներին, տեղեկանալ»:

Փոխվարչապետը չի հերքում հուշագրի գոյության հանգամանքը՝ նշելով, որ պետական գաղտնիքի հետ կապված խնդիր կա։ Սա վերն արված մեր տեսական նկարագրության ցայտուն արտահայտություններից է, բայց արդեն գործնական կիրառության մեջ, երբ իշխանությունը պետական գաղտնիքի քողի տակ թաքցնում է իրականությունը: Ավելին՝ գտնում է, որ դրա հանրայնացումը սպառնալիք է երկրի անվտանգության համար: Մինչդեռ իրական սպառնալիքը պատերազմող երկրի հետ նոր ազգադավ փաստաթուղթ ստորագրելն է, ստվերային պայմանավորվածությամբ նոր տարածքներ հանձնելը, երկրի Սահմանադրությանը հակասող գործողություններ իրականացնելը: Ժողովրդի առջեւ բաց ու հաշվետու գործելակերպի խոստումներ շռայլած վարչապետը իշխանավարման օրոք իր բոլոր նախորդներին գերազանցել է միանձնյա, գաղտնագողի որոշումներ կայացնելու եւ տարբեր գործարքներ կատարելու առումով:

Վերը մենք ակնարկեցինք պետական գաղտնիքի եւ խոսքի ազատության սահմանների լղոզվածության մասին՝ նշելով, որ մեր օրենսդրությամբ որոշակիացված չեն այդ երկու կարեւոր դրույթների սահմանները: Եվ քանի որ իրավական հստակ կարգավորում չկա, մնում է մեկ չափանիշ՝ տեղեկատվության հանրային օգտակարության ասպեկտի եւ անվտանգային գործոնի համադրումը: Ո՞րն է ավելի շահեկան պետության եւ ժողովրդի համար՝ պետական գաղտնիք համարվող տեղեկությունը ստանալու՝ հասարակության շա՞հը, թե՞ այդ գաղտնիքը պահպանելու անհրաժեշտությունը: Այսինքն՝ պետական գաղտնիքի կնիք կրող այս կամ այն տեղեկատվության հրապարակումից մեր ազգային անվտանգությունը կտուժի՞, թե՞ կշահի:

Այդ տեսանկյունից դիտարկենք պաշտպանության նպատակով զենքի գնումների օրինակը: Գաղտնիության պայմաններում գնված զենքը անորակ ու ոչ պիտանի էր դուրս եկել, ինչը պարզվել էր 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերին, երբ արդեն ուշ էր ինչ-որ բան փոխել: Մինչդեռ խնդիրը ժամանակին հրապարակավ բարձրաձայնելու պարագայում՝ մասնագետները կասեին իրենց խոսքը, կահազանգեին, եւ հանրային ճնշման տակ անորակ զենքերը կարելի էր փոխարինել նոր, որակյալ զինատեսակով: Նույնպիսի սխալ կատարվեց նոյեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության հետ կապված, որը հանգեցրեց խայտառակ կապիտուլյացիայի: Գործընթացը, անշուշտ, այլ զարգացում կստանար, եթե Նիկոլ Փաշինյանը հաշվի նստեր ժողովրդի կարծիքի հետ, այլ ոչ թե բոլորից գաղտնի, միանձնյա որոշում կայացներ:

Ստվերային պայմանավորվածությունների ենթամշակույթը Փաշինյանի էությանը խորթ չէ: Իրեն ցույց տալով իբրեւ ժողովրդավարական արժեքների կրող եւ ոչ բռնի, «թավշյա» սկզբունքների ջատագով՝ նա իրականում հակված է այդ արժեքների ճիշտ «հակառակ կողմին»: Սեպտեմբերի 25-ին՝ Արցախյան պատերազմից 2 օր առաջ, անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում զետեղված աղմկոտ նյութերին, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պարբերաբար բանագնացների միջոցով գաղտնի հանդիպումներ են ունենում, նա վրդովմունք էր հայտնել, որ այդ երկրի իշխանական շրջանակները, ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական արշավի մեջ նոր բաղադրիչ են մտցրել՝ գաղտնի տեղեկատվությունների բացահայտում: «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»: Փաստորեն Փաշինյանը հաստատեց գաղտնի հանդիպումների իսկության մասին ադրբեջանական մամուլի տեղեկությունները:

Չափից դուրս շատ են այսօր շրջանառվում «գաղտնի» եւ «գաղտնիք» բառերը՝ գաղտնի հանդիպումներ, գաղտնի փաստաթուղթ, գաղտնի տեղեկատվություն, պետական գաղտնիք, գաղտնի պայմանավորվածություն եւ այլն: Երբեմնի «բացախոսությունը», «հրապարակայնությունը», «թափանցիկությունը» մղվել են հետին պլան, մի տեսակ դժգունել, կորցրել իրենց փայլը: Ամեն ինչ պարուրված է գաղտնիության շղարշով՝ նույնիսկ զոհվածների, վիրավորների, գերիների ու անհետ կորածների թվերը: Բայց մեր թշնամիները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, ստույգ գիտեն այդ թվերը, էլ ումի՞ց ենք գաղտնի պահում՝ անունը դնելով «պետական գաղտնիք»: Չլինի՞ մեր ժողովրդից:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.