Monday, 25 November 2024

A Analysis

Նիկոլը գնում է Եվրոպա

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հին, բարի ժամանակներից եկող մի զվարճապատում կա. քաղաքի ափամերձ զբոսայգում աղքատ մի մարդ մոտենում է լաստանավորդին՝ խնդրելով իրեն անցկացնել գետի մյուս ափը: Լաստանավորդն անվանում է ծառայության գինը: Մարդը խոստովանում է, որ փող չունի: Եվ լաստանավորդն ասում է. «Եթե փող չունես, ի՞նչ տարբերություն քեզ համար՝ գետի այ՛ս ափին ես, թե՝ ա՛յն»: Սույն միտքը պրոյեկտելով իշխանության՝ արտաքին քաղաքական գծի փոփոխության գնալու մտադրության վրա, փորձենք հասկանալ՝ եթե պետությունը չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ, հեռահար նպատակ, հստակ սկզբունքներ, ապա ո՞րն է տարբերությունը՝ Հյուսիսի՞ «ափին» լինել, թե՝ Արեւմուտքի:

Մեծ հաշվով՝ տարբերություն գուցեեւ կա, բայց դրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել, եթե պետությունը չի կարողանում ներդաշնակեցնել իր ներքին եւ արտաքին քաղաքականությունները, դարձնել մեկը մյուսի կուռ շարունակություն: Բայց կա եւս մեկ կարեւոր «եթե». պետությունը՝ արտաքին քաղաքական կողմնորոշումից անկախ, պետք է ունենա ընդհանուր շահերով կապված հեռու-մոտիկ բարեկամներ: Եվ որքան շատ՝ այնքան լավ: Ցավոք, ՀՀ գործող իշխանակարգը ներկայացված է Նիկոլ Փաշինյանի դեմքով, որն էությամբ կոնֆլիկտային վարքագծի հակված անձնավորություն է, ինքը «բարեկամասեր» չէ, միայն ստեղծված բարեկամական կապերը քանդել գիտի:

Ամենաբնորոշ օրինակը ռազմավարական միակ դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունների փչացման, հակառուսական տրամադրությունների գեներացման փորձերն են, ինչն Արեւմուտքի հրահանգով Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու նպատակ ունի: Փաշինյանն, իհարկե, այդքան չկա Ռուսաստանի նման գերտերությանը տեղահան անելու համար՝ անգամ ծիծաղելի է, բայց որոշ նողկալի բաներ, հնարավոր է, թույլ տա: Ամենաշատը, որ նրան կհաջողվի անել, բումերանգի էֆեկտով Հայաստանին հարվածի տակ դնելը կարող է լինել՝ հաշվի առնելով բոլոր չափացույցերով մեր երկրի կախվածությունը ՌԴ-ից: Այդ մասին Մոսկվայից առայժմ թեթեւակի զգուշացումներ են գալիս:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը եւ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Զախարովան ժամանակ առ ժամանակ հիշեցնում են Հայաստանի կախյալ վիճակը՝ ընդգծելով, որ էժան գազ Երեւանին հենց Ռուսաստանն է տալիս։ Այդ երկրում արտագնա աշխատանքով զբաղված հայազգի անձանց թիվը մի քանի հարյուր հազարով է հաշվվում, իսկ ՌԴ-ում մշտապես բնակվող հայերի թիվը մոտավորապես այնքան է, որքան՝ բուն ՀՀ-ում: Զախարովայի խոսքով՝ Մոսկվան թանկ է գնահատում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ «երբեք չի լինի այդ հարաբերությունները փչացնելու պատճառ կամ նախախաձեռնող»: Դրանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Վաշինգտոնին եւ Բրյուսելին է մեղադրում:

Միացյալ նահանգներն ու Եվրամիությունն են, ըստ Զախարովայի, համոզում Երեւանին՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել «առանց Ռուսաստանի միջնորդության ու առանց հաշվի առնելու ԼՂ բնակչության իրավունքները»: ՌԴ-ից Արեւմուտքին ուղղված մեղադրանքները հաճախացել են փետրվարի 13-ին «Ներքին հանդի» դիրքերում տեղի ունեցած արյունալի միջադեպի հենքին: Հիմնական թիրախը հայ-ադրբեջանական սահմանագոտու Հայաստանի հատվածում կենտրոնացած եվրոպացի դիտորդներն են, որոնց թիվը վերջին ամիսներին բավական ավելացել է՝ հարուցելով իրանական կողմի զուսպ դժգոհությունը:

Արեւմուտքի հետ «խաղեր տալու» վտանգավորության մասին պարբերաբար հիշեցնում են նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ այլ գործիչներ: Ռուսական կողմի փաստարկներում գերակշռում է այն մտայնությունը, որ Երեւանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են ՀՀ-ի ինքնիշխանության կորստի հանգեցնել: Առկա մարտահրավերները, ըստ ռուս պաշտոնյաների, արեւմտյան խաղացողների հաղթահարելիք խնդիրը չէ, քանի որ Արեւմուտքի նպատակը Հարավային Կովկասում իրադրության ապակայունացումն է, միջամտությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչն էլ հանգեցրել էր իրավիճակի սրմանը տարածաշրջանում՝ այդ թվում «Ներքին հանդում»:

Այն փաստարկներին, որ Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության խորացման համատեքստը լուրջ սպառնալիք է պարունակում Հայաստանի պետական ինքնիշխանության կորստյան առումով, ՏԱՍՍ-ին տված վերջին հարցազրույցում եւս մեկ անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ռազմաքաղաքական դասին հորդորելով շատ չխանդավառվել հյուսիսատլանտյան դաշինքի դատարկ խոստումներով: «Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդումն է եւ «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմանների ստեղծումը»,- լրատվականին ասել է Լավրովը:

ՆԱՏՕ-ն այս ամբողջ ժամանակ, բնականաբար, «խոսքի տակ» չի մնացել եւ արձագանքել է Ռուսաստանի մեղադրանքներին՝ դեմ տալով նրան իր հակափաստարկները: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան օրերս հայտարարեց, թե ՀՀ-ն շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ Մոսկվայի հետ հարաբերություններում հեռու պահել իրեն: «Իմ կարծիքով՝ Հայաստանը սկսել է մերձենալ մեզ։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն եւ ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներկայացվածություն, ինչը մեզ համար շատ կարեւոր է»,- վրացական «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել էր Կոլոմինան։

Կողմնորոշման հարցում Երեւանը, սակայն, լղոզված քաղաքականություն է վարում, եթե, իհարկե, դա կարելի է քաղաքականություն անվանել: ՀԱՊԿ-ից բազում դժգոհություններ ունենալով եւ դրա մասին բացեիբաց խոսելով հանդերձ՝ չի շտապում այդ կառույցից դուրս գալու կոնկրետ քայլ ձեռնարկել: Ավելին՝ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը «դեպի Արեւմուտք վեկտոր չի փոխում», պարզապես դիվերսիֆիկացնում է իր անվտանգային քաղաքականությունը: Բայց խոսքի արանքում, միաժամանակ, նա չի մոռանում ընդգծել, թե «հայ ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի»: Մի կողմից, կարծես թե, ՀՀ-ի արտաքին քաղաքական ուժագիծը գնում է եվրաինտեգրման, սակայն վարչապետի՝ ՌԴ այցից հետո տպավորություն էր, թե գնում է դեպի Մոսկվա:

Այս թեմայով հետաքրքիր լրատվություն է փետրվարի 16-ի իր համարում հրապարակել «Ժողովուրդը»: Թերթի տեղեկությամբ՝ իշխանականները որոշել են առավել խորացնել եվրոպական տարբեր հայտնի կուսակցությունների հետ փոխգործակցությունը: ՔՊ-ի նախաձեռնող խմբի վերջին նիստում, ըստ պարբերականի, Նիկոլ Փաշինյանն ինքն է թիմակիցներին հրահանգել ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ: Մինչդեռ ՌԴ-ի հետ հարաբերությունների հարց ՔՊ-ականների օրակարգում չի եղել, ինչից դատելով՝ «Ժողովուրդը» եզրակացնում է, որ իշխանությունը փորձում է արտաքին քաղաքական գծի կտրուկ փոփոխությունների գնալ եւ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:

Ամփոփելով՝ նկատենք, որ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի երկդիմի խաղերը կարող են շրջադարձային լինել պատերազմից հյուծված, թույլ եւ անպաշտպան սահմաններ ունեցող, անդաշնակից Հայաստանի համար: Նրանք չեն էլ պատկերացնում, որ կրակի հետ են խաղում:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.