Tuesday, 28 June 2022

A Analysis

Ո՞րն է լինելու նոր աշխարհակարգի հենակետային արժեհամակարգը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ռուս-ուկրաինական պատերազմը փոխում է աշխարհը: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպայում արդեն անվտանգության համակարգ գոյություն չունի: Այդ խոսքերը ոչ միայն Եվրոպային են վերաբերում, այլեւ ողջ աշխարհին: Անվտանգության համակարգը հիմնվում է ուժերի հավասարակշռության (բալանս) վրա, երբ այն առկա է մեծ տերությունների միջեւ եւ ոչ ոքի ձեռնտու չէ սկսել պատերազմ, ապա ավելի փոքր երկրները նույնպես կարող են ապրել խաղաղության մեջ: Հիմա այդ հավասարակշռությունը խախտվել է ու այլեւս չկա փոխվստահություն առաջատար երկրների միջեւ։

 

Ինչպե՞ս խախտվեց ուժերի հավասարակշռությունը

Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ի եւ Խորհրդային Միության միջեւ ձեւավորվեց ուժերի հավասարակշռություն, ինչպես նաեւ ձեւավորվեցին երկու ռազմական միություններ՝ ՆԱՏՕ եւ Վարշավյան դաշինք: Խորհրդային Միության փլուզումից հետո վերջինս լուծարվեց, սակայն ՆԱՏՕ-ն մնաց եւ սկսեց ծավալվել դեպի Ռուսաստան: ՆԱՏՕ-ն ստեղծվել էր ի հակակշիռ Խորհրդային Միությանը՝ որպես նրան զսպող գործոն, սակայն 1991-ից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի գոյությունն արդեն իմաստազրկվել էր, եւ նրա պահպանումն ու տարածումը դեպի Ռուսաստան պարզ նշանակում էր, որ թիրախում արդեն Ռուսաստանն է, իսկ Ուկրաինան այն վերջին տարածքն էր, որի անդամակցումը ՆԱՏՕ-ին՝ Ռուսաստանը համարում էր իր անվտանգության «Կարմիր գիծ»։

Առաջին ահազանգը Արցախի պատերազմն էր, որի ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մուտք գործեց Հարավային Կովկաս, սակայն Ռուսաստանը կարողացավ պայմանավորվել Թուրքիայի հետ եւ համաձայնեց Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակին՝ հաշվի առնելով հենց այդ ժամանակ Բելառուսում սկիզբ առած դեպքերը՝ հեղափոխության փորձը, եւ Ուկրաինայում շարունակվող սրացումը: Նման իրադրությունում  Ռուսաստանը չէր կարող պատերազմել միաժամանակ երկու ճակատում։ Մյուս կողմից էլ Արցախի պատերազմը ոգեւորել էր Ուկրաինային, որը դա համարում էր որպես Դոնբասի խնդիրը լուծելու լավ պատեհություն։

Ուկրաինայի կառավարությունը սկսեց «բայրաքթարներ» գնել՝ հույս ունենալով, որ դրանց միջոցով նույնկերպ կկարողանա լուծել հարցը։ Իր հերթին՝ Մեծ Բրիտանիան, որը որոշակի դեր ուներ Արցախի պատերազմում, ձեռնամուխ եղավ Ուկրաինայում ռազմահանգրվան ստեղծելու գործին, մասնավորապես բրիտանական ռազմանավերն այցելեցին ուկրաինական նավահանգիստներ եւ սկսեցին այնտեղ տեղակայվելու համար նախապատրաստություններ տեսնել։ Ռուսաստանը դա չէր կարող թույլ տալ։ Դեկտեմբերին պաշտոնական Մոսկվան վերջնագիր ներկայացրեց Արեւմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի, պահանջելով իր անվտանգության երաշխիքներ, մասնավորապես՝ գրավոր խոստում, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայից ետ կքաշի այնտեղ տեղակայած իր հրթիռներն ու ՀՕՊ համակարգերը։ ԱՄՆ-ը հրաժարվեց նման երաշխիքներ տալ, ինչը եւ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառ դարձավ։

 

Աշխարհաքաղաքական անորոշություն

Ինչեւիցե՝ ուկրաինական պատերազմով նոր իրավիճակ ստեղծվեց, եւ հասկանալի է, որ ռազմական գործողությունները որոշ ժամանակ անց կանգ են առնելու, սակայն խարխլված անվտանգային համակարգը մնալու է որպես այդ պատերազմի տխուր ժառանգություն։

Այսօր Երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորությունը զսպող միակ գործոնը միջուկային զենքի առկայությունն է։ Եթե Արեւմուտքը միասնական է ընդդեմ Ռուսաստանի, ապա Չինաստանը, Հնդկաստանը, արաբական աշխարհը, Լատինական Ամերիկայի երկրներն իրենց զուսպ են պահում։ Այդ երկրները հավաքական Արեւմուտքի երկրների դաշինքի անդամ չեն, ավելին՝ անվստահություն ունեն նրանց նկատմամբ։

Տնտեսական պատժամիջոցները, որոնք Արեւմուտքը կիրառում է Ռուսաստանի դեմ, նույնպես երկակի ազդեցություն ունեն եւ կարող են հարվածել հենց Արեւմուտքին։ Նախ՝ անվստահություն կա դոլարի՝ որպես միջազգային արժույթի, նկատմամբ, որն իբրեւ զենք է օգտագործվում եւ կարող է «հարվածել» ցանկացած երկրի: Բացի դրանից, անվստահություն կա արեւմտյան հենակետային (բազիսային) արժեքների, այդ թվում սեփականության անձեռնմխելիության սկզբունքի հանդեպ։

Էթնիկ ռուսների սեփականությունը, որոնք պատերազմի որոշում չեն կայացրել, սկսել է Արեւմուտքում արգելանքների ենթարկվել, հիվանդանոցներում նրանց չեն սպասարկում, պայմանագրեր են խզում մշակույթի գործիչների հետ… Քաղաքակրթական հենակետային արժեհամակարգի խաթարումն ավելի մեծ ու երկարատեւ ավերիչ ազդեցություն կարող է ունենալ, քան զուտ պատերազմն ու անվտանգության համակարգի խաթարումը։

Հիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր աշխարհակարգի հիմքում դրվել էր մարդու համընդհանուր ազատությունների մասին համաձայնագիրը, որի շուրջ են երկրները միավորվել ՄԱԿ-ում ու Եվրախորհրդում։

 

Ի՞նչ անել

Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, անկախ դրա արդյունքներից, աշխարհը մտնում է խորքային ճգնաժամերի մեջ՝ անվտանգային, քաղաքակրթական, տնտեսական, որից ելքեր կարող են գտնվել բացառապես մեծ երկրների մասնակցության շնորհիվ։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, նաեւ Բրազիլիայի նման կշիռ ունեցող մյուս երկրները նույնպես վճռական խոսք են ասելու, եւ այստեղ Արեւմուտքի թելադրանքի հնարավորությունը նեղանում է։

Այս գործընթացը չունի այլընտրանք, սակայն կարեւորը ոչ թե կողմերի՝ պայմանավորվելու կամքն ու դրա հնարավորությունն է, այլ այն, թե ինչի շուրջ են պայմանավորվելու, որն է լինելու նոր աշխարհակարգի ճարտարապետությունն ու հենակետային արժեհամակարգը, որ ի զորու կլինի միավորել իրարից այդքան տարբերվող քաղաքակրթություններին։ Գուցե հենց այս հա՞րցն է դառնալու առանցքայինն ու ամենադժվար լուծելին:

 

Դանիել Փանունց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.