Մինչեւ հիմա շատերի համար դեռ առեղծված է ռուսաստանցի խոշոր գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «ԻԴԵԱ» հիմնադրամի համահիմնադիր, ՌԴ-ում 90-ականներին «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը ղեկավարած 54-ամյա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ մշտական բնակության տեղափոխվելու քայլը, ընդ որում՝ հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից: Ի՞նչն էր նրան մոսկովյան վայելուչ, շքեղաշուք կյանքից կտրել-բերել հետպատերազմյան հոգսուցավի մեջ տապակվող վիրավոր Արցախ, որի հետ միակ ծագումնաբանական կապը մայրական տատի հայրենիքը լինելու հանգամանքն է: Ուրեմն՝ ո՞րն է շարժառիթը… նախնիների կա՞նչը, հայրենիքի սե՞րը, թե՞ պաշտոնի տե՞նչը:
Թերեւս, սա այն դեպքն է, երբ դրդապատճառը դառնում է անկարեւոր, եւ առաջին բնագիծ է դուրս գալիս փաստը՝ առանց պաճուճանքների: Իսկ փաստը հետեւյալն է՝ անցած տարվա օգոստոսի վերջերին Վարդանյանը ժամանեց Ստեփանակերտ՝ Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության ճակատ ստեղծելու ծրագրերով, որոնց մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամլո ասուլիսում պատմեց լրագրողներին՝ շեշտելով, որ եկել է պարզապես իր ժողովրդի կողքին լինելու նրա ամենադժվար պահին: Նա անկեղծացավ՝ չթաքցնելով, որ պատրաստ է նաեւ պատասխանատվություն ստանձնել Արցախի կառավարությունում: Ավելին՝ չբացառեց, որ կհամաձայնի նմանապես աշխատել ՀՀ-ում, եթե պաշտոնի առաջարկ լինի, այդ թվում՝ վարչապետի:
«Ես ամեն ինչի պատրաստ եմ, բայց դա ոչ մի կապ չունի այն նպատակի հետ, ինչի համար եկել եմ»,- հավելեց գործարարը: Եվ, չնայած նպատակի վերաբերյալ հստակ պարզաբանում չտվեց, տպավորություն ստեղծվեց, որ խոսքը շատ ավելի նվիրական գաղափարի մասին է, քան ցանկացած պաշտոն: Այդ փոքրիկ անորոշության դատարկությունը, ինչպես լինում է սովորաբար, լցվեց ոչ միանշանակ դատողություններով՝ հոռետեսական եւ լավատեսական: Հոռետեսների շերտը թերահավատորեն ընդունեց Վարդանյանի մուտքը Արցախ՝ չտեսնելով դրանում դրական զարգացման ոչ մի ակնկալիք, ավելին՝ դեկտեմբերի 12-ից Բերձորի միջանցքի արգելափակման պատճառը, ըստ նրանց, Վարդանյանի՝ ԼՂ-ում գտնվելն է:
Տարածվում էին այլ վարկածներ եւս՝ Արցախի հարցում եվրոպական ծրագրերը վիժեցնելու ռուսական պատվերից մինչեւ իշխանություն վերցնելը՝ նախ Արցախում, ապաեւ ՀՀ-ում: Լավատեսների շերտը, սակայն, համոզված էր, որ Արցախում նրա ներկայությունը, որը բազմաթիվ կապեր ունի թե՛ Ռուսաստանում, թե՛ հավաքական Արեւմուտքում, մեծապես կխթանի ԼՂՀ-ի խնդրի փոքրիշատե նպաստավոր լուծումը: Իսկ դա ենթադրում է հայության ավելի քան երեսնամյա պայքարի համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ համաարցախյան հանրաքվեի հիման վրա ԼՂ կարգավիճակի ճանաչման սկզբունքների վերանայման հնարավորություն՝ ԵԱՀԿ ՄԽ քաղաքական ժառանգության շրջանակներում:
Ամեն դեպքում՝ հակառակ չկամների ասեկոսեներին ու բամբասանքների, գործարարի որոշումը հավանության արժանացավ, եւ հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան առաջարկեց ԼՂՀ պետական նախարարի պաշտոնը՝ տրամադրելով գործելու ու որոշումներ կայացնելու լայն լիազորություններ: Մի շարք ոլորտներում Վարդանյանը զարգացման ծրագրեր ուներ, խոստացել էր ժամանակի մեծ մասն անցկացնել Արցախում եւ նոյեմբերից ավելի համակարգված կերպով ձեռնամուխ լինել այդ ծրագրերի հանրահռչակման ու իրականացման գործընթացին:
Առաջին լուրջ արատը, որ նա նկատել էր, Երեւանում արցախցիների եւ Արցախի հանդեպ սերմանվող ատելության հունդերն էին, ազգը պառակտելու եւ թուլացնելու փորձերը: Մտածում էր՝ ուժեղացնել Հայաստան-Արցախ կապը, վերականգնել փոխվստահությունը՝ զարկ տալով ներքին զբոսաշրջությանը, ինչպես նաեւ օգտագործելով «Ապրելու երկիր» կուսակցության հնարավորությունները, որի հետ համագործակցում է. «Ես ուրախ եմ Մեսրոպի ու Մանեի հետ համագործակցելու համար, մեր գործակցությունը գաղափարների շուրջ է, օրինակ՝ ինչպիսին ենք մենք տեսնում Հայաստանի վաղվա օրը»,- մի առիթով նշել է նա՝ կարեւորելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերի բարձրացումը։
Ի դեպ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանի ղեկավարած «Ապրելու երկիր»-ը, որի հետ կապվում է Ռուբեն Վարդանյանի անունը, հիմնադրվել է մեկ տարի առաջ, համահիմնադիրներից է նաեւ Փաշինյանի կառավարության նախկին անդամ Մեսրոպ Առաքելյանը: Նորաստեղծ այդ քաղաքական ուժը մասնակցել էր ՏԻՄ վերջին ընտրություններին եւ բավական հաջող արդյունքներ գրանցել՝ հաղթելով մի քանի համայնքներում: Որոշ կանխատեսումների համաձայն՝ կուսակցությունը կմասնակցի նաեւ առաջիկայում տեղի ունենալիք՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ չի բացառվում, որ հաղթի: Բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Իսկ մենք գանք մեր թեմային:
Պետնախարարի պաշտոնում Վարդանյանն աշխատեց 3 ամիս 20 օր: Այդ ընթացքում եղան ե՛ւ նվաճումներ, ե՛ւ հիասթափություններ: Տեւական շրջափակման մեջ գտնվող փոքրիկ, չճանաչված, իսկ այսօր արդեն վտանգավոր գոտում հայտնված երկրում արտաքին սպառնալիքին ավելացան ներքին հակասությունները: Գործարարի ներկայությունը ոմանց սրտով չէր՝ հատկապես նրանց, ովքեր ամենամոտն էին կանգնած դրամական հոսքերին կամ, արցախցու ասած, «մեղրի պուլիկին», որտեղ հեշտ չէ դիմանալ առանց մատը մեկ-մեկ «պուլիկի» մեջ թաթախելու: Քաղաքական նկատառումներով Ռուբենին չէր հանդուրժում նաեւ թշնամին: Ադրբեջանի նախագահը կտրուկ հրաժարվում էր բանակցել «Ռուսաստանի դրածոյի» ու «քրեական օլիգարխի» հետ եւ պահանջում էր նրան վտարել Ղարաբաղից:
Նկատենք, որ փետրվարի 18-ին Մյունխենում Ալիեւը կրկնեց իր պահանջը՝ հայտարարելով, որ նա Ղարաբաղ է ներթափանցել մաքսանենգ ճանապարհով: «Պատրաստ ենք բանակցել, բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, ովքեր ծնվել եւ ապրում են Ղարաբաղում, ոչ թե՝ Ռուսաստանից ներմուծված անձի»,- ընդգծել էր նա: Դրանից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահը Վարդանյանին ազատեց պետնախարարի պաշտոնից՝ չներկայացնելով որեւէ լուրջ պատճառ: «Մեր բոլորիս եւ պետության՝ բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատել պետնախարարի պաշտոնից»,- սա էր Արայիկ Հարությունյանի միակ հիմնավորումը:
Թե ինչով է արտահայտվում Արցախի դիմադրողականությունը սպառելու՝ Վարդանյանի գործունեությունը, նա չի մանրամասնել։ Հարությունյանին հակադարձել է գործարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, որի համոզմամբ՝ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն չէր սպառում, այլեւ բարձրացնում էր Արցախի դիմադրողականությունը: «Վարդանյանը պետնախարարի պաշտոնում ամեն ինչ անում էր ճգնաժամի պայմաններում Արցախի դիմադրողականությունն ուժեղացնելու համար՝ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին ուղղություններով»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Առաքելյանը:
Սխալվելու շատ չնչին հավանականությամբ կարելի է անգամ նկարագրել գործարարի ազատման մոտավոր սխեման. Ալիեւի պահանջը Փաշինյանին, վերջինիս հրահանգը Արայիկին, եւ Ալիեւի ցանկությունը 5 օրվա մեջ ի կատար է ածվում: Ամեն ինչից զատ՝ սրանով Ալիեւի կողմից Արցախում հարցեր լուծելու վտանգավոր նախադեպ է ստեղծվում: Այն հարցում, որ Վարդանյանի հրաժարականը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համատեղ ծրագիրն է, համոզված են մի շարք քաղաքագետներ: Շատերի կարծիքով՝ հրաժարականի նպատակն է՝ իշխանության բերել այնպիսի մարդու, որը կառավարելի լինելուց բացի, վերջ կդնի Արցախի ինքնիշխանության մասին քննարկումներին եւ իրենց հետ կգնա միասնական ծրագրի իրականացման ճանապարհով։
Կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ է Ադրբեջանի կողմից այսչափ կարեւորվում Ռուբեն Վարդանյանի գործոնը, Ալիեւն ի՞նչ խնդիր էր տեսնում նրա՝ ոչ միայն պետնախարարի պաշտոնում նշանակվելու, այլ նաեւ Արցախում մշտապես հաստատվելու հետ կապված: Ադրբեջանի նախագահին, կարծես թե, քիչ է գոհացնում պետնախարարի պաշտոնից նրա ազատման որոշումը, նա ուզում է, որ վերջինս ընդհանրապես հեռանա Արցախից, մինչդեռ Վարդանյանն այդպիսի մտադրություն չունի: Անհասկանալի է, թե ինչ վտանգ է տեսնում Ադրբեջանը մեկ մարդուց, որը որոշել է մնալ ավելի քան 80 օր շրջափակման մեջ գտնվող այս հյուծված հողակտորում: Իսկ միգուցե խնդիրն այստեղ միլիարդատեր գործարարը չէ՞, այլ ավելի խորքային պատճառ կա:
Մամուլին տված հարցազրույցներից մեկում Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի (ԺԱՏԿ) նախագահ Տիգրան Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ Ադրբեջանից վերջերս հնչող նման կարգի հայտարարությունները բխում են այդ երկրում գերակայող ընկալումից, համաձայն որի՝ Ռուբեն Վարդանյանին Մոսկվայից հատուկ ուղարկել են Ղարաբաղ՝ Ադրբեջանի շահերին հակասող ինչ-որ գործողություններ իրագործելու համար, թեեւ քաղաքագետն այստեղ ռուսական հետք չի տեսնում: Փոխարենը, ըստ քաղաքագետի, ակնհայտ է, որ Ադրբեջանը «վիզ դրած» փորձում է արցախյան հակամարտությունը տեղավորել Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության ծիրում:
Դա նրան հնարավորություն կտա խաղալ միաժամանակ երկու լարի վրա՝ Արեւմուտքին ցույց տալ, որ, իբր, պայքարում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար, ինչի օրինակներից մեկը «ՌԴ-ի դրածո» Վարդանյանին այնտեղից քշելն է, իսկ Կրեմլին հասկացնել, որ Վարդանյանը Ղարաբաղում գործում է ՌԴ-ի շահերի դեմ: Իրականում նման փաստեր՝ միգուցե զուտ արտաքին ցուցադրանքի համար, բայց կային: Օրինակ՝ ՌԴ-ն եւս հետաքրքրված էր, որ ադրբեջանցիները մշտական հիմքի վրա այցելեն Դրմբոնի եւ Կաշենի հանքեր, բայց Վարդանյանն ընդունելի չի համարում այդ օրակարգը: Նրանից դժգոհ էր նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը՝ ուղիղ եթերների ընթացքում Վարդանյանի հնչեցրած մի քանի հայտարարությունների առնչությամբ:
Խոշոր հաշվով՝ Վարդանյանից ազատվելու ցանկությունը մեծ էր ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանի եւ բուն Արցախի իշխանական ամենավերին շրջանակներում: Շարքային քաղաքացիների մեծամասնությունը հավատում էր Վարդանյանի անկեղծությանը, նրա հետ մեծ հույսեր էր կապում, սակայն իշխանության միջանցքներում գնալով սրվում էին Հարությունյան-Վարդանյան հակասությունները, ինչը պայմանավորված էր նախեւառաջ Արցախի խնդրի լուծման տեսլականի շուրջ նրանց հայեցակարգային տարբերությամբ: Գործարարը ժողովրդի անանց իրավունքների համար պայքարի ոգի էր բերել Արցախ, ուր մինչ այդ տիրում էր հարմարվողականության գաղջը:
Միանգամայն հասկանալի է նաեւ ՀՀ իշխանությունների խանդը. Վարդանյանը լուրջ սպառնալիք է նրանց տխրահռչակ տիրապետությանը: Հետաքրքիր զարգացումներ են սպասվում առաջիկայում:
Գեւորգ Բրուտենց