Tuesday, 26 November 2024

A Analysis

Պետությո՞ւն, թե՞ մղձավանջ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Այսօր յուրաքանչյուր բանական մարդու համար ակնհայտ է, որ մեր պետությունը խորը ճգնաժամի մեջ է։ Օրեր առաջ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով ԱԺ-ում, երկրում տիրող վիճակին «մղձավանջ» բնութագրումը տվեց։ Եվ, իսկապես, ՀՀ բնակչությունը գտնվում է տագնապի, հուսահատության, անելանելիության մի վիճակում, որը կարծես թե հոգեկան անդորրը կորցրած մարդու սարսափազդու երազների արտապատկերումը լինի։ Անկախության քառորդ դարը բավարար ժամանակահատված էր, որպեսզի հանրությունը խուսափեր նման հեռանկարից, իսկ Հայաստանն էլ բավարարեր պետություն կոչվելու նվազագույն պայմանները։ Սակայն այդ ամենի փոխարեն այսօր հարյուրամյա կուսակցության կարկառուն ներկայացուցչի շուրթերից մենք լսում ենք մի բնորոշում, որի հետ չհամաձայնել հնարավոր չէ։

Անկախ նման գնահատականի առկայությունից, այսօր շատ քաղաքացիներ տալիս են հարցեր՝ ո՞վ է մեղավոր երկրում ստեղծված վիճակի համար, ինչո՞ւ այդպես եղավ, ինչպե՞ս դուրս գալ այս քաղաքական ու տնտեսական ճգնաժամերից եւ այլն։ Նման հարցեր, անշուշտ, տալիս են նաեւ մղձավանջի մասին բարձրաձայնած պատգամավորը, նրա կուսակից ընկերները, իշխող ուժի՝ ՀՀԿ-ի, ինչպես նաեւ ընդդիմադիր միավորների ներկայացուցիչները, տարբեր տրամաչափի պաշտոնյաները։ Պետության ներկայի ու ապագայի հանդեպ նրանց մտահոգությունը կարծես թե անկեղծ է։ Սակայն միայն առաջին հայացքից է այդպես։ Իրականությունը բոլորովին անհամապատասխան է մեր պատկերացումներին, քանզի պետության դերի ու նշանակության, պետության մեջ սեփական տեղի ու դիրքի ընկալումն է այդ մարդկանց մոտ բոլորովին տարբեր։ Դա հասկանալու համար բավական է հետեւել հենց այն պատգամավորի մտքերին, ով անթաքույց արտահայտվում է հանրությանը պատած մղձավանջի մասին։

ԱԺ ամբիոնից խոսելով ի պաշտպանություն ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի (ով Ռուստամյանի ելույթից ժամեր անց ընտրվեց այդ կարեւոր պաշտոնում)՝ ՀՅԴ-ն ներկայացնող քաղաքական գործիչը հարկ համարեց պաշտպանել Սարգսյանի՝ երկրում պետական բարձրագույն պաշտոնին հավակնելու ու ընտրվելու իրավունքը։ Ըստ Ռուստամյանի՝ ի դեմս Արմեն Սարգսյանի, գործ ունենք կոնկրետ մի հայ մարդու հետ, ով ցանկություն է հայտնել հզորացնելու երկիրը, սակայն նրան աջակցելու փոխարեն շատերը վկայակոչում են օրենսդրական ինչ-որ սահմանափակումներ ու սահմանումներ, որոնք թույլ չեն տալիս տվյալ անձին ընտրվելու ՀՀ նախագահի պաշտոնում։ ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, օրենսդրության պահանջների կատարման համար սահմանված տարբեր տեսակի փաստաթղթերը երկրորդական նշանակություն ունեն հայազգի այն անհատի համեմատ, ով լի է երկիրը հզորացնելու վճռականությամբ։ Ըստ Ռուստամյանի՝ «Փոխանակ մարդուն շանս տանք, բարի երթ մաղթենք, չուզողություն ենք ցուցաբերում: Հիմա մեկ է` այդ մարդը մեզ ղեկավարելու է, Աստվածաշունչն ասում է՝ իսկապես ձեր տիրոջ համար աղոթեք, որովհետեւ ինքն է որոշում ձեր ճակատագիրը, ինչքան էլ ինքը վատն է, ինչ է, բայց նրա ձեռքում է լինելու այս երկրի «այո»-ն ու «ոչ»-ը, «ճիշտ»-ն ու «սխալ»-ը որոշելու որոշակի լծակ։ Եկեք այնպես անենք, որ այդ մարդը կարողանա լավ տրամադրությամբ էս գործի մեջ մտնել ու երկիրը հոգեբանական էս ծանր վիճակից հանել...»

Այսօր մեզ շրջապատող անձանց անօրինական գործունեության անտեսումը նույն այս դիրքերից է կատարվում։ Կոռուպցիայի մեջ թաթախված հարյուրավոր պաշտոնյաները, ընտրական գործընթացի վրա ազդող թաղային հեղինակությունները, օլիգարխիայի տանիքի տակ իրենց կյանքը դասավորող ճարպիկ անձինք նույն այն հայ մարդիկ են, ովքեր «իրենց ընդունակություններն ու կարողություններն են ուզում ներդնել» պետության ու հանրության բարօրության գործում։ Չէ՞ որ նրանք ունեն կրթություն, գիտելիք, տարիների փորձառություն եւ, ի վերջո, հայ մարդիկ են։ Դատավոր, թե ոստիկան, հարկային տեսուչ, թե ավագ մասնագետ՝ նրանք աշխատում են ըստ իրենց ընդունակությունների ու կարողությունների, ցանկանում են հզորացած տեսնել իրենց պետությունը, սակայն երբեմն հակաօրինական արարքներ են թույլ տալիս, քանի որ այդ օրինական ասածը ընդամենը թղթի մի կտոր է, ինչ-որ մի օրենք, որին նշանակություն տալով՝ միջավայրը ստիպված պետք է լինի հրաժարվե՞լ այդ անձանց հայրենանվեր ծառայությունից։

Ռուստամյանի տրամաբանությամբ՝ ակնհայտ է, որ եթե ՀՀ նախագահի թեկնածուի դեպքում Սահմանադրությունն ընդամենը թղթի կտոր է, ապա դատախազի ու ոստիկանի համար քրեական օրենսգիրքը նույնպես պետք է թղթի կտոր համարվի, այլ կերպ չի կարող լինել։ Եվ, հետեւաբար, դատախազն առանց որեւէ խղճի խայթի կարող է կաշառք վերցնել, իսկ ոստիկանը` խոշտանգել անճարին, ճարպիկներին հնարավորություն տալով համապատասխան գումարի դիմաց իրենց հանցանքների համար պատիժ չկրել կամ կրել հանցավոր արարքին բոլորովին անհամարժեք պատիժ։ Այս ամբողջ փիլիսոփայությունը, ըստ էության, ոչ թե իրավական պետության երկու հիմնարար սկզբունքների՝ օրենքի գերիշխանության եւ օրենքի առջեւ հավասարության ոտնահարում է ենթադրում, այլ ընդհանրապես օրենքի ու պետության մերժում։

Կարծես թե տողերիս հեղինակն այն մարդը չէ, ով պետք է Արմեն Ռուստամյանին բացատրի, որ պետությունն ունենում է երկու հիմնասյուն, առանց որոնց չի կարող լինել ոչ մի տեսակի պետություն։ Առանց օրենքի եւ առանց դատարանի ցանկացած հանրային-քաղաքական կազմակերպություն կորցնում է պետական կառույց լինելու իր էությունը։ Լինի բռնապետություն, թե օլիգարխիա, միապետություն, թե հանրապետություն, բոլորը գործում են իրենց խմբային շահերը սպասարկող օրենքների ու դատարանի ներքո։ Սակայն միայն հարյուրամյա կուսակցությունը ներկայացնող հայ քաղաքական գործչի խոսքում կարելի է հանդիպել այն անհեթեթությանը, ըստ որի օրենքը պարզապես սովորական թղթի մի կտոր է, որի համեմատ երկիրը հզորացնելու մղումով հայ անհատն ունի գերապատվություն։

«Թղթի կտոր» որակված Սահմանադրությունը ժողովրդի կամքի արտահայտությունն է՝ բարձրացված օրենքի աստիճանի։ Հիմնական օրենքի մեջ ՀՀ նախագահի թեկնածուին վերաբերող առանձին ցենզերն ու ընտրության կարգը սահմանող դրույթները այդ կամքի կոնկրետ դրսեւորումներից են, եւ ոմն հայ անհատ՝ լինի նա բարի, խելացի, լավ տղա, ունենա գեղեցիկ աչքեր, հզոր կապեր, կուտակած միլիարդներ, լինի գերմարդ կամ բռնկված լինի պետությունը շենացնելու բուռն ցանկությամբ, միեւնույնն է, չի կարող մեր բոլորի կամքին հակադրել իր անհատական կամքն ու այդպիսով փոխարինել մի ամբողջ պետության։

Վերը ներկայացված դատողությունները կարող են կոնկրետ հարցեր առաջացնել։ Այն է՝ եթե ինչ-որ անհատ, օրենքը «թղթի կտորի» վերածելով, ստանձնում է ՀՀ նախագահի պաշտոնն ու դրանով առոչինչ է դարձնում պետության գոյությունը, եւ նրան ձայնակցում են քաղաքական միավորները, ապա ինչպե՞ս է, որ չնայած անկման աստիճանին ու առկա ճգնաժամին, միջազգային հարթակում իր գործունեությունն է ծավալում Հայաստանի Հանրապետությունը։ Ինչպե՞ս են գործում նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը, վարչախումբը՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի գլխավորությամբ, պետության քաղաքական կյանքի առանցքային դերակատարները՝ կուսակցությունները՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ, պետական մարմինները՝ նույն այդ կաշառակեր դատավորներով ու դատախազներով հանդերձ եւ այլն։

Այս հարցերի պատասխանը շատ հստակ տալիս է ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը խնդրո առարկա իր ելույթում՝ երկրում ստեղծված վիճակը բնութագրելով մղձավանջ։ Այսօր երկրի անկման ու ճգնաժամի մասին խոսող դեմքերը վաղուց արդեն անում են այն, ինչը խորացնում է նույն այդ անկումը, ճգնաժամը եւ պետությունը վերածում մղձավանջի։ Եվ դա անում են բացարձակ ցինիզմով՝ ոչնչացնելով պետությունը հիմքից, օրենքը «թղթի կտորի» վերածելով։ Երկիրը պարուրած ճգնաժամից բոլորիս բաժին հասած հեգնանքն այն է, որ ԱԺ պատգամավորն ամբիոնից խոսում է պետության մեջ մոլեգնող արհավիրքից եւ դրա դեմ պայքարից, պետության լինելությունից, չորրորդ հանրապետությունից, նախագահի ինստիտուտից՝ չտեսնելու տալով այն, որ հենց ինքն է մղձավանջի հեղինակն ու կատարածուն, քանզի պետության կյանքում մերժելով օրենքի գոյությունը՝ հենց նա է բացում մղձավանջի ծավալման լայն դաշտը, հենց նա է ոչնչացնում պետությունն ու նրանում եղած բոլոր ինստիտուտները։

Այսօր Ազգային ժողովի բոլոր պատգամավորները շատ լավ գիտեն՝ ինչով են զբաղված. նրանց պատկերացմամբ` պետության դերն ու նշանակությունը ընդամենը այդ պետության մեջ իրենց համար մի ոտնատեղ ստեղծելու եւ երկու գրոշ փախցնելու հնարավորություն է, առկա ապապետական հարաբերություններում իրենց դիրքերի ամրագրման առհավատչյա։ Դրա համար կա պարարտ հող՝ մեզանում արմատացած այն գիտակցումը, որ սովորութային դրվածքներն ու ավանդական կենցաղային փոխհարաբերությունները առաջնայնություն ունեն պետության նկատմամբ։ Ի՞նչ պետական օրենք, ի՞նչ պետական դատարան, եթե «մեկ է այդ մարդը մեզ ղեկավարելու է», եւ եթե դրա հետ կապված անգամ Աստվածաշունչն է ասում՝ «իսկապես ձեր տիրոջ համար աղոթեք, որովհետեւ ինքն է որոշում ձեր ճակատագիրը, ինչքան էլ ինքը վատն է, բայց նրա ձեռքում է լինելու այս երկրի «այո»-ն ու «ոչ»-ը, «ճիշտ»-ն ու «սխալ»-ը»։ Կարեւորը, որ մեր տերը հայ մարդ է, ու դրա համար արդեն իսկ փառք պետք է տանք Աստծուն։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.