Tuesday, 26 November 2024

A Analysis

Հիմնախնդիրը զանցառելու «նուրբ» արվեստը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Ցլամարտ դիտել շատերն են սիրում, բայց քչերը գիտեն, որ ցուլերը կենսաբանորեն դալտոնիկ են, եւ կարմիր գույնը չէ, որ նրանց կատաղության է հասցնում: Իրականում այդ ազնիվ կենդանիներին չի հետաքրքրում, թե ինչ գույնի լաթ են ծածանում իրենց քթի տակ, բոլոր մյուս ցեղակիցների նման նրանք եւս գունապատկերները չեն տարբերում: Որպես սպառնալիք՝ ցուլն ընկալում է ոչ թե գույնը, այլ շարժումը եւ կատաղության նոպաների մեջ հարձակվում է այն ամենի վրա, ինչ շարժվում է: Ուստի, եթե պատահաբար հայտնվեք ցուլին մոտ տարածության վրա, ավելի լավ է՝ անշարժ մնաք ձեր տեղում, որպեսզի, Աստված մի արասցե, չդառնաք նրա հարձակման թիրախը:

Եթե կենդանիների հետ ամեն ինչ պարզ է, ապա մարդկանց պարագայում գիտահոգեբանական լուրջ ուսումնասիրություն է պահանջվում նմանօրինակ հոգեվիճակները հասկանալու համար: Խոսքը մարդկանց այն տեսակի մասին է, որոնք կարող են ափերից դուրս գալ դիմացինի մեկ անդուր բառից, տհաճ հիշողություն արթնացնող մեկ հարցից կամ արտահայտությունից: Հենց այդպիսի իրավիճակ էր ստեղծվել մարտի 2-ին խորհրդարանում, երբ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց գործադիրին՝ փորձելով տեղեկանալ, թե տնտեսության վրա էներգակիրների թանկացման հետեւանքները մեղմելու համատեքստում ինչ քայլեր է մշակում Կառավարությունը:

Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաեւ, որ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Հայաստանը կարող է հացահատիկ ներկրելու դժվարություններ ունենալ, «քանի որ Արցախի տարածքի 75 %-ը թշնամուն թողնելու պատճառով» ինքնաբերաբար նրան մնացին նաեւ այս տարվա հացահատիկի պաշարները, իսկ Ռուսաստանը, որն այդ մթերքի մեր հիմնական մատակարարն է, առաջին հերթին, իր քաղաքացիների կարիքն է հոգալու. «Ինչպե՞ս են գլոբալ առումով լուծվելու այս հարցերը»: Ստամբուլյանի հարցադրումներին ըստ էության պատասխանելու փոխարեն Փաշինյանը, սովորության համաձայն, «կպավ» նրա այն պնդմանը, համաձայն որի՝ գործող իշխանությունը «Արցախի 75 տոկոսը թողել է թշնամուն»:

Կառավարության ղեկավարին, կարծես, հենց այդպիսի առիթ էր պետք խոսակցությունն իր ուզած հունով տանելու, ուշադրությունը կոնկրետ հարցից եւ օրվա մյուս հրատապ հարցերից շեղելու համար, որպեսզի դրանք ընդհանրապես չհնչեն: Ընդդիմադիր խմբակցություններից նա պահանջեց պաշտոնական ու հրապարակային դիրքորոշում հայտնել՝ «ի վերջո՝ Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի… եթե Սանասար է, ուրեմն ձեր լիդերներն ինչո՞ւ են 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ»: Այնուհետեւ սահուն անցում կատարելով Մադրիդյան սկզբունքներին՝ վերջին մի քանի ամսում այս էլ որերորդ անգամ հիշեցրեց, որ այնտեղ գրվել է, որ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Թվում է՝ այդ 7 շրջանների վերադարձի հիշողությունից Փաշինյանն անասելի բավականություն է ստանում:

Հետագա խոսակցությունը մի տեսակ կցկտուր է ստացվում եւ դժվար վերծանելի, հետեւաբար կներկայացնենք առանց սրբագրական միջամտության. «Հիմա ասեք, ա՛յ դավաճաններ, էդ հողերը… ինչո՞ւ եք հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք… Եթե հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած՝ հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Եվ այն, ինչ ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է՝ գաք էստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք: Կամ՝ Սյունիքի մասին խոսողները. տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին եւ 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե: Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, ա՛յ թալանչիներ»:

Իրավիճակը լարվում էր, եւ ընդդիմադիր պատգամավորը՝ պահը որսալով, վերջին հույսով փորձեց խոսակցին կառուցողական դաշտ բերել. «Ես ստիպված եմ եւս մեկ անգամ հիշեցնել ձեզ, երբ գալիս եք այստեղ, դուք գործադիր եք, իրավունք չունեք մատ թափ տալով եւ բղավելով պատասխանել այն հարցերին, որոնք բարձրացվում են մեր կողմից: Ի վերջո, ՀՀ քաղաքացու համար ի՞նչ եք անում: Հացահատիկի խնդիրը լուծելո՞ւ եք՝ երբ մենք դրա անհրաժեշտությանը բախվենք…»: Չէ, չի լինում Փաշինյանին պոկել «թալանի» թեմայից: Թերեւս՝ այնքան էլ հեշտ չէ հաղթահարել «կարմիր լաթի» պատնեշը. «Եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, որ կարաք տակից-գլխից ամեն ինչ խոսել: Ես ասում եմ՝ ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես էդ մարդկանց հետ մատով եմ խոսելու: Թափ կտամ մատ, պետք ըլնի, ուրիշ բան էլ թափ կտամ»,- անամոթաբար նետեց ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը՝ ակնհայտորեն ցույց տալով մանկուց ստացած դաստիարակության պակասը:

Դա ավելի թեժացրեց իրավիճակը դահլիճում, բռնկվեցին վիճաբանություններ, փոխադարձ մեղադրանքներ, ընդդիմադիրների հասցեին՝ դավաճանների, թալանչիների պիտակներ եւ այլն: Տպավորություն էր, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է այնպիսի համապատկեր ստեղծել, որ Արցախի թեմայով բանավեճ սկսվի, վերածվի գոռգոռոցների, հայհոյանքների, երբեմն անգամ ծեծկռտուքների, եւ մարդիկ չկարողանան կենտրոնանալ իրական խնդիրների վրա: Այդպես էր նաեւ այս անգամ: Բարեբախտաբար՝ բանը բռունցքների գործադրման չհասավ: Ընդդիմադիր պատգամավորները լքեցին դահլիճը՝ հընթացս դիմելով Փաշինյանին, թե՝ «ում վրա էիք մատ թափ տալիս՝ Սեյրան Օհանյանի՞, որն Արցախ է ազատագրել, Գեղամ Մանուկյանի՞, որի որդին մինչեւ պատերազմի վերջն ու դրանից հետո Արցախում կռվում էր, Արմեն Չարչյանի՞, որը հազարավոր կյանքեր է փրկել…

Առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ընդդիմադիրներին անվանում է դավաճաններ, թալանչիներ, հողատուներ եւ այլն: Այսինքն՝ ճիշտ այն որակումները, որոնք իր մասին հնչեցնում է ժողովրդի մեծամասնությունը, նա վերահասցեագրում է «նախկիններին»՝ առանց որեւէ հիմնավորման: Երբ նրան հիշեցնում են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ գրված է, որ Արցախի իրավազորության ներքո գտնվող մի շարք շրջաններ ՀՀ-ն փոխանցում կամ վերադարձնում է Ադրբեջանին, բերում է հակափաստարկներ, թե այդ հողերի հանձնումը հենց այնպես չի եղել, դա պատերազմի արդյունք էր: ԱԺ մարտի 3-ի նիստում հողատվության թեման շարունակել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պարզաբանելով, որ իշխանությունն ամեն դեպքում ընդունում է հողերը թշնամի պետության վերահսկողությանը հանձնելու փաստը՝ թեկուզ պատերազմի արդյունքում:

Իշխանությունը, ըստ Մինասյանի, պնդում է, որ նույն հանձնման գաղափարախոսությունը դրված է եղել նաեւ նախկինում: «Մենք ասում ենք՝ իշխանությունն արդեն 4 տարի է՝ դուք եք, այդ ընթացքում որեւէ քրգործ հարուցվե՞լ է հենց նույն այդ հիմնավորմամբ։ Չի հարուցվել: Ավելին, մենք ենք պահանջել՝ հարուցել, բացահայտել, պարզել, թե ովքեր են եղել առերեւույթ այն պետական դավաճանները, որոնք պատրաստ էին հանձնել հողերը»,- նշել է Մինասյանը։ Իշխանությունը, սակայն, միշտ նախընտրում է մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնել «նախկինների» հասցեին՝ ջանալով խճճել փաստերը, սեփական մեղքերը եւս փաթաթել նրանց վզին: Մինչդեռ հանրության արդարացի պահանջն այն է, որ յուրաքանչյուր իշխանություն պատասխան տա իր բացթողումների ու չարաշահումների համար. նախկիններն՝ իրենց, ներկաներն՝ իրենց:

Ինչ վերաբերում է կոնկրետ հողերի հանձնմանը, ապա իրականությունն այդ առումով ակներեւ է: Հայտնի մեկ խոստովանություն 2021թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանի ամբիոնից արել էր ինքը՝ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցադրմանը, թե պատերազմից հետո՝ դեկտեմբերին, ինչու են հայկական զորքերը նահանջել Սանասարից մինչեւ Սյունիք: «Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար»,- ասել է նա եւ հավելել. «Որոշումը կայացվել է բանակցային տրամաբանությամբ, որ յոթ շրջան պետք է հանձնենք։ Այդ տարածքները հանձնվել են՝ յոթ շրջանների մաս լինելու բերումով։ Դա արձանագրված է վարչատարածքային բաժանման մասին օրենքով… ես եմ հրամայել հետ քաշվել, Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է»:

«Յոթ շրջան պետք է հանձնենք… վարչատարածքային բաժանման մասին օրենքով»: Ամեն ինչ շատ պարզ ասված է՝ այս մարդը հողերը հանձնելու ներքին պարտավորվածություն է ունեցել եւ հանձնել է: Ընդ որում՝ հանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից գրեթե մեկուկես ամիս անց, երբ մինչ այդ հրամայված էր, որ զորքերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում: «Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չլիներ, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, եւ Սյունիքում խնդիրներ էին լինելու։ Տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած»,- խոստովանել է անցյալ տարվա խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ:

Իսկ արդեն այս տարվա մարտի 2-ին՝ չորս ամիս չանցած, նույն ԱԺ ամբիոնից հազարումի նախատիքներից ու հայհոյախոսություններից առաջ Ստամբուլյանին ասում է. «Ես ամբիոնին չէի մոտենա, եթե ձեր հարցում չլիներ պնդում, որ մենք Արցախի 75 տոկոսը թողել ենք թշնամուն»: Բա թողնելը պոզով-պոչո՞վ է լինում… Կարծես թե՝ նորից եկանք ցուլերին:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.