Tuesday, 28 June 2022

A Analysis

Իշխանությունն ընդդիմությանը կփոխանցի՞ քննիչ հանձնաժողովի գործիքակազմը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը (կրճատ՝ Քննիչ հանձնաժողով), որի շուրջ կրքերը ժամանակ առ ժամանակ բորբոքվում էին, այլեւս ձեւավորված է եւ, ի հեճուկս ընդդիմության հետ ունեցած տարակարծությունների, փետրվարի 14-ին ԱԺ-ում գումարեց իր անդրանիկ նիստը: Այն վարեց եւ հանձնաժողովի իրավասության ոլորտի ու գործառույթների մասին զեկույց ներկայացրեց խորհրդարանի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով նաեւ Քննիչ հանձնաժողովի նախագահն է:

Այդ պաշտոնում Քոչարյանի նշանակումն անսպասելի չէր. սույն անձնավորության մասին պատմում են, որ նա կեղծարարության ու ձեռնածությունների միջոցով իշխանություններին անհաճո ցանկացած խնդիր կոծկելու, ցանկացած թիվ «նկարելու», զանցառուին հրեշտակ ներկայացնելու մեծ փորձ ու բնածին տաղանդ ունի: Եվ սրանով, կարծես թե, ամեն ինչ ասված է. ե՛ւ այն, թե ինչու հանձնաժողով կազմավորելու գործն իր ձեռքը վերցրեց իշխանությունը, որը կասկածվում է պատերազմը դավադրաբար պարտության տանելու մեջ, ե՛ւ այն, թե ինչու հենց Անդրանիկ Քոչարյանը պետք է լիներ հանձնաժողովի նախագահը:

Նիստն անցել էր առանց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններից Քննիչ հանձնաժողովում ընդգրկված 3 պատգամավորների, որոնք բոյկոտել էին հանձնաժողովի աշխատանքը՝ համարելով, որ իշխանական թեւի մեծամասնությամբ գործող կառույցը չի կարող տվյալ հարցում անաչառ լինել: Հատկանշական  է, որ իշխանությունը հանձնաժողովում ներկայացված է 7 անդամով: «Այս հանձնաժողովն այս ձեւաչափով ու կազմով ուղղակի մեկ նպատակ ունի՝ պատերազմի ծնող պատճառների, ընթացքի եւ ողբերգական ավարտի բոլոր պատասխանատվություններից մաքրել իշխանությանը եւ նրա ճաշակով մեղավորներ ու պատասխանատուներ նշանակել»,- սա ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի համոզմունքն է:

Ընդդիմությանը հասկանալ կարելի է՝ հանձնաժողովի կազմի 7/3 համամասնությամբ հազիվ թե հնարավոր է արդյունավետ աշխատել եւ անկողմնակալ քննություն ապահովել: Մանավանդ որ, իշխանությունը նաեւ իրեն սատարողներ է ընտրել, այն էլ ոչ թե մասնագիտական շրջանակից, այլ ելակետ ընդունելով իշխանակարգի նկատմամբ նրանց լոյալ տրամադրվածությունը կամ անձնական հավատարմությունը: Այսինքն՝ բացի հանձնաժողովի անդամ յոթ ՔՊ-ական պատգամավորից, իշխանությունը փորձագետի անվան տակ ներգրավել է ինչ-ինչ անցանկալի քաղաքական դեմքերի, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, որոնք 2021-ի հունիս-հուլիսից խորհրդատվական հանդիպումների ձեւաչափով պարբերաբար շփումների մեջ են վարչապետի հետ:

Այս ուժերի մեծ մասը 2021թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած, բայց խորհրդարան չանցած մեկ տասնյակի չափ կուսակցությունների առաջնորդներ են՝ Արամ Զ. Սարգսյան, Սամվել Բաբայան, Դավիթ Սանասարյան, Տիգրան Արզաքանցյան եւ այլք: Առայժմ հստակեցված չէ, թե լուսանցքային այս ուժերն ինչ կարգավիճակով են մասնակցելու Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Բայց մի բան ակներեւ է՝ որքան անելանելի վիճակում է հայտնվել իշխանությունը, որ մնացել է Տիգրան Արզաքանցյանի ու նրա նմանների հույսին: Ասում են՝ իշխանության հորդորով նույնիսկ Արծրուն Հովհաննիսյանն իր պատվավոր տեղն ունի հանձնաժողովում՝ Հայաստանի թիվ մեկ ստախոսը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ընդդիմության գլխավոր մտահոգությունն այն է, որ հանձնաժողովն ամեն ինչ կանի Նիկոլ Փաշինյանի թիմին պատասխանատվությունից ազատելու եւ նախկիններին մեղավոր կարգելու համար։ Այդպիսի մտավախություն իսկապես կա, քանի որ իշխանականներն առաջարկում են քննել ոչ միայն 44-օրյա մարտական գործողությունների բուն շրջանակը, այլեւ անդրադառնալ 1994-ից մինչեւ 2018-ն ընկած ողջ ժամանակաշրջանին՝ բանակաշինության ու պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների գրեթե 25 տարվա պատմությանը, ինչպես նաեւ բանակցային գործընթացին, որը, ի դեպ, անտեսելով՝ Փաշինյանը բանակցությունը սկսել էր իր՝ զրոյական կետից եւ, ինչպես բոլորին հայտնի է, հասցրել անփառունակ վերջաբանի:

«Հանձնաժողովը փորձելու է պատասխանատվության հարցը դուրս բերել իշխանության վերին էշելոններից»,- միտքն ամփոփում է ընդդիմադիր պատգամավորը: Ըստ նրա, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո պատերազմի աղետալի արդյունքների մեղավորների ու պատասխանատուների բացահայտումը ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ընդդիմության թեւում այդ գաղափարի աշխուժացման երկրորդ ալիքը անցյալ տարվա ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էր: Բայց իշխանությունը, ինչպես շատ անգամներ, վտանգի հոտ առնելուն պես նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ սկսեց հանձնաժողովի համար հավաքագրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական յուրայինների, իսկ ԱԺ ընդդիմությունից՝ զուտ խորհրդանշական թվով պատգամավորների:

Լիներ արդար, ինքնավստահ, վեհանձն եւ վախենալու ոչ մի բան չունեցող իշխանություն, իհարկե, այլ կերպ կվարվեր՝ հանձնաժողովների ձեւավորման գործառույթը մեծահոգաբար կվերապահեր ընդդիմությանը: Այսինքն՝ դրանով ոչ թե նրան լավություն արած կլիներ, այլ, պարզապես, կգործեր Սահմանադրության եւ օրենքի տրամաբանությանը համահունչ: Բայց ՔՊ կոչվող բացառիկությունն այդպիսին լինելուց շատ հեռու է. նրա պարագայում խնդիրը միայն վեհանձնության կամ մեծահոգության պակասը չէ, այլ հիվանդ դատողության ավելցուկը: Հակառակ դեպքում Քննիչ հանձնաժողովում չէինք ունենա իշխանություն-ընդդիմություն ներկայացվածության այն խայտառակ համամասնությունը, որն ունենք: Արտախորհրդարանական իշխանամետ ուժերի ներգրավվածության մասին էլ չասած:

ՔՊ-ականներն, այդու, նեղսրտում են նիստերը բոյկոտելու եւ, առհասարակ, հանձնաժողովում աշխատելուց հրաժարվելու՝ ընդդիմության որոշումից, վերջինիս մեղադրելով նրանում, թե իբր «չի օգտագործում ԱԺ-ում իր ունեցած գործիքակազմը», «կորցնում է Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարցեր տալու հնարավորությունը» եւ այլն: Ընդդիմության փաստաբանը չեմ, բայց մեծ է գայթակղությունը պատասխանել նրան ուղղված կշտամբանքին: Կարծում եմ՝ «գործիքակազմը» ձեռքներից չվերցնեիք, լավ էլ կօգտագործեին: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին ուղիղ հարց տալու «հաճույքին»՝ դրանից մինչեւ կոկորդները կուշտ են թե՛ հարց տվողները, թե՛ ԱԺ նիստերի ամենշաբաթյա ուղիղ հեռարձակումներին հետեւող հեռուստադիտողները. խորհրդարանական հարցուպատասխանի գեհենով անցած ընդդիմությունը հաստատ չի ցանկանա նմանօրինակ նոր փորձությունների ենթարկվել:

Ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, մարտի 9-ին առաջարկել է նոր Քննիչ հանձնաժողով ստեղծել, եւ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ։ Նոր հանձնաժողովը, ըստ «Հայաստան» խմբակցության առաջարկի, պետք է լինի ինքնավար մարմին, որն «ուսումնասիրելու է «Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին առնչվող դեպքերն ու իրադարձությունները»: Ներկա իրավիճակում ընդդիմությունը երկու ճանապարհ է տեսնում՝ կամ հասնել նրան, որպեսզի Քննիչ հանձնաժողովի աշխատանքի համակարգումը փոխանցվի իրեն, կամ իշխանական հանձնաժողովի գործունեությանն իր չմասնակցությամբ առաջացնել օրինակարգության ճգնաժամ:

Ի վերջո, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովների ստեղծումն ընդդիմադիր ուժերի հիմնական գործիքակազմերից է, այնպես որ, ընդիմությունն իր հասանելիքն է պահանջում: Եվ այդ պահանջն արդարացի է, որովհետեւ իշխանությունները չեն կարող անաչառ քննել իրենց իսկ գործողությունները: Ո՞վ չգիտի, որ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովը իշխանությունների «անմեղության» բեմադրությանն է լծված լինելու։

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.