Thursday, 06 May 2021

A Analysis

Հունիսյան արտահերթը թակարդում դրված պանի՞ր է…

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Եվ այսպես՝ հունիսի 20-ին Հայաստանը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այդ մասին մարտի 18-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո, որի ընթացքում, Փաշինյանի խոսքով, երկուստեք արձանագրվել է, որ լարված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ավելի վաղ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ընտրությունների թեմայով առանձին-առանձին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու «Իմ քայլը» խմբակցության հետ եւ, ըստ էության, ստացել նրանց համաձայնությունը:

Հանդիպման առնչությամբ իրենց մոտեցումներն են Ֆեյսբուքում ներկայացրել նաեւ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանը եւ Էդմոն Մարուքյանը: Ծառուկյանը նշել է, որ երկրում նոր իշխանություն եւ նոր կառավարություն ձեւավորելու միակ օրինակարգ ճանապարհը արտահերթ ընտրություններն են, ինչի մասին ինքը բազմիցս խոսել է. «Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը»,- գրել է նա: Մարուքյանն, իր հերթին, բավարարված է, որ վարչապետն՝ «ի պատասխան ընտրություններն ամենասեղմ ժամկետում կազմակերպելու իր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ»:

Խորհրդարանական ընդդիմության երկու ներկայացուցիչների գրառումներում կամ դրանց տողատակերին, այնուամենայնիվ, մի տեսակ ներքին տագնապ, մեղքի զգացման ինչ-որ երանգներ նկատվում են, տպավորություն է, թե կատարել են անթույլատրելի մի արարք, որի համար զղջում են: Օրեր առաջ ԼՀԿ-ն հայտարարում էր, որ իրենք կողմ կլինեն ընտրություններին, եթե դրանք անցկացվեն մինչեւ հունիսի 1-ը: Հունիսի 20-ը, թերեւս, փոխզիջումների արդյունք է, որից Մարուքյանը պետք է որ դժգոհ չլինի: Բայց վերջինս պայման էր դրել նաեւ հուշագիր ստորագրելու դիմաց իրենց պաշտոններում վերականգնել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ինչը Փաշինյանի կողմից մերժվել էր: Հնարավոր է՝ Մարուքյանն այս մասով իրեն «պարտված» է համարում եւ զղջում արտահերթին համաձայնություն տալու համար:

Ծառուկյանի դիրքորոշման պարագան մի փոքր ավելի անտրամաբանական է: Դեռեւս Արցախյան 44-օրյա պատերազմից 2-3 ամիս առաջ ԲՀԿ առաջնորդը բավական կոշտ ու վճռականորեն հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի եւ նրա Կառավարության ողջ կազմի հրաժարականի պահանջով, որի համար նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին, եւ նա միառժամանակ անցկացրեց կալանավայրում: Էլ ավելի վաղ շրջանում՝ նույնիսկ «թավշյա» իշխանափոխությունից առաջ, Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունները երբեք չէին «կպնում»՝ չնայած ահավոր դժվար է Փաշինյանի հետ հարաբերություն պահպանելը: Բայց ամենից հատկանշականն այն է, որ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդգրկված է 17 քաղաքական ուժերի կազմում եւ 2021-ի նոյեմբերի 9-ից այս կողմ փողոցային պայքարի անցած ընդդիմադիրների շարքում պահանջում է վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձեւավորում, այնուհետեւ արտահերթ ընտրությունների անցկացում։ Ի դեպ, այժմ խոստացված արտահերթ ընտրությունների որոշումը մասամբ այդ պայքարի արդյունք է:

Այս ամենի համատեքստում, սակայն, կարեւոր մի հարցադրում է ծագում. որքանո՞վ կարելի է լուրջ համարել Փաշինյանի ՖԲ-յան էջում հրապարակված հայտարարությունը ընտրությունների մասին, ընդ որում՝ ժամկետի հստակ մատնանշմամբ: Չէ որ ընտրությունների օր նշանակելն ու այդ մասին հայտարարելը, Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի իրավասությունների տիրույթում են: Սա մեկ: Երկրորդ՝ ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել, եթե վարչապետը դեռ հրաժարական չի տվել, նրա լիազորությունները չեն դադարեցվել կամ ԱԺ-ն նրան անվստահություն չի հայտնել: Իրավական ոչ պակաս կռվան է Հայաստանում 2020թ. սեպտեմբերի 27-ից պահպանվող ռազմական դրությունը, որի պայմաններում բոլոր մակարդակների համապետական ընտրությունների անցկացումը օրենքով արգելվում է: Այսինքն՝ սահմանադրորեն մոտենալու դեպքում կպարզվի, որ Փաշինյանի հայտարարությունն առոչինչ է: Ընդ որում՝ մի քանի առումներով:

Ուրեմն ո՞րն է նման բարձրագոչ, եթե չասենք՝ անհիմն հայտարարություն հնչեցնելու իմաստը: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ավելի վաղ մեկ-երկու անգամ եւս անդրադարձել էր ԱԺ արտահերթ ընտրությունների թեմային, բայց հետո՝ հաշվի առնելով իր նվազող վարկանիշը, հայտարարել էր, թե ընտրությունների հանրային պահանջ չկա: Փաստորեն՝ ամենաբարձր մակարդակով արդեն երկրորդ, թե երրորդ անգամ անլրջացվում է ընտրությունների խնդիրը: Հետեւաբար՝ կան հիմնավոր կասկածներ, որ ընտրություններ հայտարարելու-չեղարկելու այդ խորամանկ մարտավարությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում. ա/ ժամանակ շահել եւ հնարավորինս երկարաձգել սեփական իշխանությունը, եւ բ/ կոտրել թափ հավաքող ընդդիմադիր շարժումների ընթացքը՝ ցույց տալու համար, որ իբր ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ավելի կառուցողական ճանապարհ է առաջարկում: Պատահական չէ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» (ՀՓՇ), ով առաջինն է բարձրացրել արտահերթի հարցը, չարձագանքեց վարչապետի կոչին՝ համարելով, որ այն թակարդում դրված պանիր է, որովհետեւ ցանկացած ձեւաչափով գործակցել պարտված ղեկավարի հետ՝ կնշանակի լեգիտիմացնել պարտությունը, ինչը վերջինիս մեծագույն ցանկությունն է:

Սակայն, անկախ ամեն ինչից, հունիսի 20-ին նախատեսվող ընտրություններն այն ձեւաչափով, ինչպես առաջարկվում է Փաշինյանի կողմից, անընդունելի է ՀՓՇ-ի համար: Կարճ հիշեցնենք վարչապետի եւ նրա թիմի հրաժարականը նախորդ տարվա նոյեմբերի 9-ից պահանջող Շարժման տեսլականը: Այն է՝ պարտության խորհրդանիշ ընկալվող վարչապետի անհապաղ հեռացում; Ազգային համաձայնության անցումային կառավարության ձեւավորում; մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ պայմանով, որ ժամանակավոր վարչապետն անձամբ չի մասնակցելու դրանց եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Ավելին՝ հանձնառու է վստահելի, թափանցիկ ու մրցակցային ընտրություններում հավասար պայմաններ երաշխավորել քաղաքական բոլոր ուժերի համար:

Շարժման մեջ ընդգրկված 17 կուսակցությունները, նրանց սատարող հասարակական կառույցները, մտավորականները եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները համոզված էին եւ են, որ դա ամենահուսալի սխեման է պետական համակարգի կազմաքանդման գործընթացը կանխելու, առկա բարոյահոգեբանական ճգնաժամը հաղթահարելու, հետպատերազմյան վտանգավոր զարգացումները չեզոքացնելու, մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը պետությանը սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ բեկումնային բարեփոխումներ հաստատելու համար։ Իսկ Փաշինյանի կազմակերպած ընտրությունները, ՀՓՇ-ի համոզմամբ, վստահություն չեն ներշնչում. նա ամեն միջոց ձեռնարկելու է, որպեսզի կարողանա վերարտադրել սեփական իշխանությունը, քանի որ իշխանափոխությունը անձամբ նրա եւ ընտանիքի համար նախեւառաջ անձնական անվտանգության խնդիր է:

Եվ իսկապես՝ մի մարդու, ով ամենօրյա ռեժիմով հանրությանը մատուցած ստերով կեղծել է մի ամբողջ պատերազմ, ով կեղծում է անգամ զոհված զինծառայողների, գերիների եւ անհետ կորածների թվերը, ինչպե՞ս կարելի է վստահել ընտրությունների անցկացումը: Հետեւաբար, շատերի կարծիքով, առանց գործող կառավարության հրաժարականի, արտահերթ ընտրությունները չեն հանգեցնի ներքաղաքական ճգնաժամի այնպիսի հանգուցալուծման, որը բխում է պետության շահերից։ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գտնում է, որ ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը կարող են նպաստել առնվազն 2018թ. դեկտեմբերյան ընտրությունների մակարդակով անցկացված ԱԺ ընտրությունները։ «Ցավոք, այսօրվա իրավիճակը օբյեկտիվորեն մեզ թույլ չի տալիս նման մակարդակի ընտրություններ անցկացնել»,- «ԱրմԻնֆո»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել փորձագետը։ Պատճառն, ըստ նրա, ակնհայտ է՝ «գործող իշխանությունը փորձելու է հնարավորինս օգտագործել վարչական ռեսուրսը ընտրություններում»:

Առաջիկա ընտրությունների նկատմամբ թերահավատ գործիչների ու փորձագետ-վերլուծաբանների թիվը մեծ է: Ներկայացնենք եւս երկու կարծիք: Ֆեյսբուքյան իր էջում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է, որ հունիսի ընտրությունները բլեֆ են, եւ իրականում Տեր-Պետրոսյանի սցենարն է իրագործվելու՝ իրենց թիմից մեկին վարչապետ են ընտրելու, «թյուրիմացությունն» էլ արտասահման է թռնելու»։ «Բլեֆի» տարբերակին զուգահեռ՝ լայնորեն շրջանառվում է հասարակական պառակտված մթնոլորտում ընտրությունների գնալու վտանգավորության թեզը: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններով Փաշինյանը ելք է փնտրում ոչ թե պետության կամ ժողովրդի հանդեպ մտահոգությունից ելնելով, այլ բացառապես հօգուտ իր անձի: «Ստեղծված առանց այն էլ լարված իրադրությունում գնալ ընտրությունների՝ նշանակում է երկիրը տանել նոր ցնցումների եւ նոր բախումների»,- նշել է Նիկոյանը:

Իսկ իշխանությունն այս օրերին պատրաստվում է կամ ձեւացնում է, թե պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ Փաշինյանն այցելում է մարզեր, որտեղ նրան դիմավորում են «կազմակերպված» աղուհացով, «իմքայլականները» շտապում են կարգավորել Ընտրական օրենսգրքի՝ իրենց ձեռնտու դրույթներն այնպես, որպեսզի ընտրություններն անցկացվեն բացառապես համամասնական ընտրակարգով, որին կտրականապես դեմ է հունիսի 20-ի ընտրություններին պաշտոնապես իր համաձայնությունը տված ԼՀԿ-ն, իսկ ընտրությունների գնալու համար պահանջվող ընթացակարգերը դեռ հապաղում են: Ամեն ինչ խառնվել է իրար: Այսպես շարունակվելու դեպքում, վայ թե, թակարդում դրված խայծին այդպես էլ մոտեցող չլինի:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.