Tuesday, 28 June 2022

A Analysis

Մանրաթեմայնություն. անալի օրակարգեր

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու Կառավարության օրակարգային քննարկումների անարդյունավետությանը՝ մասնավորապես դրանց մակերեսային, ձեւական եւ ոչ թափանցիկ բնույթին: Այժմ կփորձենք վերհանել գործադիրի ամենշաբաթյա նիստերի օրակարգից գրեթե միշտ անպակաս մեկ այլ առանձնահատկություն՝ մանրաթեմայնությունը: Անկարեւոր, հասարակական հնչեղություն չունեցող, այսինքն՝ մանրաթեմա հարցերը, ըստ էության, ժողովրդի ուշադրությունը առանցքային հիմնախնդիրներից շեղելու նպատակ են հետապնդում:

Սովորաբար՝ խառնակ ժամանակներում, որպիսիք մենք այսօր ապրում ենք, իշխանությունը հաճախ է գործի դնում նման հնարքներ, որոնցից ամենատարածվածը կեղծ օրակարգերն են, այլ կերպ ասած՝ մանրաթեմայնությունը: ՔՊ-ական իշխանության հասարակական-քաղաքական եւ կառավարչական գործունեության «զինանոցը» հարուստ է մանրաթեմայնության բազմաթիվ դրվագներով: Մերկապարանոց չլինելու համար դիտարկենք Կառավարության մարտի 17-ի նիստում արծարծված մի քանի հարցեր, որոնցից երկուսը գործադիրի ղեկավարի կողմից առանձնացվեցին որպես «ամենախոշոր ռեֆորմներ»: Նման բարձրագոչ ձեւակերպումների հանդեպ Նիկոլ Փաշինյանը միշտ ընդգծված թուլություն ունեցել է՝ «ամենախոշոր ռեֆորմնե՜ր», «խաղաղության դարաշրջա՜ն», «ժողովրդավարության բաստիո՜ն» եւ այլն:

«Ո՞վ է ասում, թե մենք ռեֆորմներ չենք անում: Այսօրվա նիստի երկու թեմաներն ամենախոշոր ռեֆորմների մասին են»,- նշել է Փաշինյանը՝ հիշեցնելով հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի, ինչպես նաեւ աղի օգտագործման կարգի վերաբերյալ որոշումները, որոնք, ըստ նրա, «կարեւորագույն ռեֆորմներ» են: Դրանցից առաջինը՝ «Ծխախոտային արտադրատեսակների ու նրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում ներառված նոր դրույթը, արդեն մարտի 15-ից ուժի մեջ է մտել:

Այնպես որ, օրինազանցներին, ծխելը թողնելու բավարար կամք չունեցողներին այդ օրվանից տհաճ անակնկալներ են սպասվում: Օրենքով նախատեսված սահմանափակման արգելքի խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150-200 հազար դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 հազար: Տուգանքի մասին խոսք բացվելիս՝ ակամա ականջիդ է հասնում ընդդիմադիր Փաշինյանի հայտնի պարսավանքը՝ ուղղված «նախկիններին», թե քաղաքացին տուգանքի «մատերիալ չէ»: Այժմ իշխանական ընտրախավի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ կարծիքին է եւ, ամենայն հավանականությամբ, անցյալում է թողել մարդակենտրոն հայացքները:

Նրա մեջ կյանքը ակնհայտորեն շատ սկզբունքներ, հակումներ ու համոզմունքներ է փոխել, եւ միակ բանը, որ ցայսօր մնում է անփոփոխ՝ մանրաթեմայնությունն է: Այս եզրը, ինչպես հայտնի է, ամենաշատը բնորոշ է մամուլին, որտեղ ներփակ, մանրաթեմա հրապարակումների պակաս երբեք չի եղել: Հավանաբար՝ երկար տարիների լրագրողական թրծվածքն է հենց Փաշինյանի մեջ ամրապնդել այդ հակումը՝ անխաթար հասցնելով մինչեւ մեր օրերը: 2018-ից ի վեր առաջին անգամ մանրաթեմայնությունը նրան «մատնեց» 2020 թվականի հունվարի 25-ին Սյունիքում կայացած ասուլիսում՝ Հրայր Թովմասյանի նվիրած գրչի պատմությամբ, որը Փաշինյանը ներկայացրեց որպես ՍԴ նախկին նախագահի դեմ կաշառատվության փաստ:

Բայց հեռուն գնացինք, վերադառնանք Կառավարության նիստին։ Իր ելույթում գործադիրի ղեկավարն ասաց, որ սոցցանցերում հետեւում է ծխախոտի եւ առաջիկայում սպասվելիք մյուս «ռեֆորմի»՝ հանրային սննդի օբյեկտներում աղի օգտագործման նախագծի արձագանքներին, որոնք «հիմնականում հումորի թեմա են դառնում»: Ըստ երեւույթին, զգալով, որ պետության առջեւ կանգնած բազում ծանրագույն խնդիրների համապատկերին մարդիկ լուրջ չեն ընդունում աղի ու աղամանների կեղծ օրակարգերը, նա փորձում է ինչ-որ կերպ կարեւորել թեման, եւ ասում է. «Երբ մենք աղի, ծխախոտի օգտագործման բոլոր ստանդարտները գերազանցում ենք, կանգնում ենք առողջապահական խնդրի առաջ։ Մենք կարծես քաղաքականություն ենք վարում ու անընդհատ խթանում ենք, որ մարդիկ ավելի շատ հիվանդություն ձեռք բերեն եւ հետո մտածենք՝ ոնց բուժենք»:

Հանրային սննդի կետերի սեղաններից աղամանները վերացնելու «ռեֆորմի» մասին խոսել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ աղի օգտագործման սահմանափակմանը նպաստող օրինագիծն ուղղված է դրա չափաբաժնի պակասեցմանը, այլ ոչ թե սննդակարգից հանելուն: Հետազոտությունները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ մենք աղի օրական չափաբաժնի կրկնակին ենք օգտագործում, որը հանգեցնում է խրոնիկական հիվանդությունների սրացման։ «Խոսքն այն մասին է, որ առանց ճաշի համն առնելու աղ են ավելացնում»,- լրագրողներին ասել է Ավանեսյանը: Ի դեպ, նոր արգելքը խախտելու դեպքում նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 հազար դրամի չափով: Ժողովրդավարությունը մեր պաշտոնյաների վրայից «չռռում» է, հո զոռով չի՞:

Հայտարարում են, թե օրինագծերի նպատակը առողջության վրա ծխախոտի եւ աղի անխոհեմ օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցություններից ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանելն է: Սակայն փաստն այն է, որ Փաշինյանի Կառավարությունն իրականում զբաղված է ներքին լսարանի ականջները շոյող «ռեֆորմներով», իսկ «ներկա եւ ապագա սերունդների» առողջությամբ իբր մտահոգված լինելու հավաստիացումները ոչ այլ ինչ են, քան բլեֆ: Մի ողջ սերնդի «բայրաքթարների» հարվածներից անպաշտպան թողած անձը առնվազն բարոյական իրավունք չունի ազգի առողջության կամ բարօրության մասին բերան բացել: Ժողովուրդը լավ է հասկանում, թե ով ով է: Համենայն դեպս՝ ժողովրդի որակյալ մեծամասնությունը:

«Մարդկանց առողջության մասի՞ն եք մտածում, պաշտպանեք անորոշության, անապահով վիճակի զգացումից, նյարդային մշտական լարվածությունից, աշխատանքային ծանր պայմաններից: Պայքարեք խաղամոլության, հարբեցողության, թմրամոլության դեմ: Թե չէ, ինչի հետեւից եք ընկել»,- ՖԲ իր էջում ամոթանք է տալիս Նվեր Գեւորգյան օգտատերը: «Հաջորդ քայլով էլ երեւի շաքարավազի, այնուհետեւ՝ հացի օգտագործման սահմանափակումներ մտցնեք: Ապաեւ՝ ջրի, օդի, արեւի լույսի եւ այլն: Տուգանքներն էլ չմոռանաք»,- հեգնանքով ավելացնում է մեկ այլ օգտատեր: Նման բովանդակությամբ գրառումներն անթիվ-անհամար են:

Չգիտես ինչու՝ Կառավարության ղեկավարին եւ մյուս անդամներին թվում է, թե Հայաստանի ամենամեծ սպառնալիքն այսօր շատ ծխելն ու շատ աղ օգտագործելն է, որի դեմ անողոք պայքար են նախաձեռնել, անունն էլ դրել «ամենախոշոր ռեֆորմներ»: Իհարկե, ծխելը լավ բան չէ՝ երկու կարծիք լինել չի կարող: Լավ չէ նաեւ, որ աղի օգտագործման ծավալը ՀՀ-ում կրկնակի գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած շեմը: Անկասկած, մարդկանց առողջության համար վնասակար այդ սովորույթների դեմն առնել է պետք, բայց՝ չափի ու ողջամտության սահմաններում, առանց իրավիճակի համարժեք ընկալման զգացողությունը կորցնելու:

Թշնամին հայ-ադրբեջանական սահմանի 4 հատվածներից ներխուժել եւ ամրացել է ՀՀ ինքնիշխան տարածքում, 5-րդ բնագիծն էլ օրեր առաջ արձանագրվեց՝ դա Սյունիքի Ներքին հանդն է: Ըստ պաշտոնական տեղեկության՝ 41 քառակուսի կիլոմետր հայկական հողեր (այլ տվյալներով՝ ավելի քան 100 քառ. կմ) ադրբեջանական զորամիավորումների վերահսկողության տակ են: ՀՀ զինուժն աղետալի վիճակում է, տնտեսությունը՝ քայքայված, մյուս գրեթե բոլոր ոլորտներն ու ծառայությունները՝ կաթվածահար, Արցախը՝ հարձակումների, հոգեբանական գրոհների, դիվերսիաների թիրախ: Ոչ մի ցուցանիշով չունենք առաջընթաց, պետական պարտքը հատել է 9 մլրդ.-ի սահմանը: Համակարգային ճգնաժամը, կարծես թե, հեռանալու միտք չունի:

Եվ հիմնախնդիրների այս պատկառելի բեռը թողած՝ իշխանությունները լուրջ-լուրջ զբաղված են ծխելու եւ չափաքանակից ավել աղ օգտագործելու դեմ պայքարով, ընդ որում իրենց պայքարը ներկայացնելով որպես «կարեւորագույն ռեֆորմներ»: Այսպիսի պայքարը ճնճղուկների վրա թնդանոթից կրակելու տեսարան է հիշեցնում:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.