Tuesday, 26 November 2024

A Analysis

«Հայրենիքի փրկության շարժումը» կգնա՞ «վա-բանկ»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Արդեն ակնհայտ է, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց որոշակիորեն նվազեցնել ընդդիմության՝ մասնավորապես «Հայրենիքի փրկության շարժման» (ՀՓՇ) քաղաքական գործունակությունը, ինչը նրա հիմնական նպատակներից մեկն էր, եթե ոչ՝ ամենահիմնականը: Ամեն դեպքում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մտահոգված է սեփական իշխանության հնարավորինս երկար պահպանմամբ եւ, շատերը հենց դրանով են մեծապես պայմանավորում արտահերթի մտահղացումը: Ոմանք, ընդհանրապես, համոզմունք են հայտնում, որ ընտրության մասին խոսակցությունը կեղծ օրակարգ է:

Իրականում Փաշինյանին ընտրություններ պետք չեն. նա լավ գիտի, որ իր վարկանիշն աննախադեպ ցածր է եւ դեռ շարունակում է իջնել: Հետեւաբար` ընտրությունները, եթե անգամ տեղի ունենան, ոչինչ չեն խոստանում նրան, բացի տհաճ անակնկալներից: Իսկ հույսը դնել վարչական ռեսուրսի, ընտրակեղծիքի կամ «Հայաստան» հիմնադրամից «թռցրած» 52 միլիարդ դրամի վրա՝ կնշանակի անխոհեմաբար շրջանցել վտանգները, նախեւառաջ՝ քաղաքացիական բախումների հավանականությունը: Փոխադարձ ատելության, պառակտվածության ներկա իրադրությունում ընտրությունները կարող են ավելի սրել ներհասարակական եւ ներքաղաքական ճգնաժամը, երկրում ստեղծել իսկական քաոս:

Մարտի 26-ին հայաստանյան վեց հեռուստաալիքների հետ հարցազրույցում ՀՓՇ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրությունները չեն լուծելու իշխանափոխության հարցը: «Կարծում եմ, որ նախ՝ Հայաստանը պատրաստ չէ դրան, բացի դրանից, ընտրությունները խորացնելու են ճգնաժամը, ոչ թե այն լուծելու են։ Մենք ուրիշ երկրների առջեւ խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ընտրություններ է ղեկավարելու։ Ավելի լավ է` նա մի քիչ էլ երկար մնա, մենք ուժ հավաքենք ու նրան գցենք տեղից, քան ղեկավարի ընտրությունները»,-ասել է Մանուկյանը։

Վարչապետի ու նրա թիմի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի հիմքով 2020թ. նոյեմբերի 9-ին ստեղծված Շարժման օրակարգում որոշակի ինտրիգ էր մտցրել ԶՈՒ Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորականների փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունը, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում շտապել էր այն որակել իբրեւ պետական հեղաշրջման փորձ եւ իր կողմնակիցներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Նույն օրը Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշման նախագիծն ուղարկել էր ՀՀ նախագահի հաստատմանը, սակայն վերջինս չէր ստորագրել ազատման հրամանը, եւ գործի հետ կապված դատական թնջուկը միառժամանակ շարունակվում էր՝ լարված պահելով քաղաքական դաշտն ու ներհասարակական մթնոլորտը:

Անշուշտ, Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության հետ ՀՓՇ-ն որոշակի հույսեր էր փայփայում՝ ակնկալիքներ ուներ, որ բանակը կգնա հաջորդ քայլին: Սակայն գեներալները՝ պահանջելով ՀՀ վարչապետի ու Կառավարության հրաժարականը, հրաժարվեցին իրենց ձեռքը վերցնել իշխանությունը: Թերեւս, նրանք բավարարվել էին հայտարարության մեջ ընդդիմությանն ուղղված հետեւյալ ուղերձով. «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ Կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Ուժ չկիրառելու մասին նախազգուշացումը ընդդիմության ազատ գործողությունները երաշխավորելու ազդակ էր: Բանակը շատ հստակ հասկացնում էր, որ ինքը ժողովրդի կողքին է, բայց ընդդիմությունն ավելին էր ուզում եւ, չստանալով այն, որոշ ժամանակ լռություն պահպանեց՝ դադարեցնելով քաղաքական գործունեությունը: Իսկ «Լռության ուխտը» խախտեց անցած կիրակի օրը հերթական համապետական հանրահավաքի անցկացմամբ, որտեղ ի մի բերվեցին պայքարի նախորդ շրջանի արդյունքներն ու նախանշվեցին առաջիկայի անելիքները: Ընդ որում, ՀՓՇ-ի «փողոցային» պայքարի մարտավարության մեջ մի քանի նոր տարրեր էին մտցվել՝ մասնավորապես մարզային այցելությունների ակտիվացում, տեղերում ՀՓՇ կառույցների ձեւավորում, իշխանության կողմից գործադրվող ուժին մեկ այլ ուժի հակադրում եւ այլն:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի պարզաբանմամբ՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը իշխանության մնալու իր ձգտման մեջ օգտագործում է միայն ուժային միջոցներ՝ նշանակում է ուժին պետք է ուժ հակադրել։ «Այդ ուժը ոչ թե մի քանի հազար մարդն է, այլ ամբողջ ժողովուրդը, ում պետք է ոտքի հանել։ «Իքս օրը ամբողջ ժողովրդով ոտքի կկանգնենք, որպեսզի ամեն ինչ լուծենք 1-2 օրում։ Արդեն այժմվանից մենք պետք է պատրաստվենք այդ օրվան»,- հանրահավաքում հայտարարել էր Մանուկյանը: «Մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը, եւ նահանջ չկա»,- իր հերթին հավելել էր Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Վերջինս իրենց գործողությունները պայմանականորեն բաժանում է երեք փուլի: Դրանք են.

  1. Մինչեւ Փաշինյանի ձեւական հրաժարականն ընկած ժամանակահատվածը (սա՝ ընտրությունների իրականացման դեպքում, երբ վարչապետը պետք է երկու անգամ հրաժարական տա ու չընտրվի, որպեսզի խորհրդարանը լուծարվի, եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ): Այն ընկնում է ապրիլի 22-ից մայիսի 7-ի միջակայքը: Առաջին փուլում, ըստ Սաղաթելյանի, մարզային այցելություններն ու անհնազանդության բողոքները շարունակվելու են ավելի լայն թափով, իսկ վարչապետի հեռացման պահանջը հնչելու է ավելի վճռական եւ կտրուկ:
  2. Հրաժարական տալուց հետո միջակայքի 14 օրերը: Այդ ընթացքում պետք է ամեն ինչ արվի, որպեսզի վարչապետի դե-յուրե հրաժարականը դառնա դե-ֆակտո: Այսինքն՝ ձեւական հրաժարականից հետո պետք է Նիկոլը հեռացվի՝ դադարելով լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, որովհետեւ ընտրությունը նրա համար ոչ այլ ինչ է, քան սեփական կաշին փրկելու միջոց: Մինչդեռ նժարի վրա հայրենիքի փրկության հարցն է դրված:
  3. Ընտրական փուլ: Եթե նախորդ փուլում ինչ-ինչ պատճառներով չհաջողվի իրականացնել ՀՓՇ-ի նպատակը, այդժամ կմտնեն ընտրական փուլ, եւ Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ կլինի իր դիրքորոշման մեջ` մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել ընտրություններին:

Վերջին կետը խոսում է այն մասին, որ ՀՓՇ-ի մեջ, ամենայն հավանականությամբ, կան ներքին հակասություններ եւ իրենց ուժերի հանդեպ որոշակի անվստահություն: Մամուլում եւ սոցցանցերում շրջանառվում են տեսակետներ, թե վարկաբեկված ու թուլացած Կառավարությանը տապալելու՝ ընդդիմության անկարողության պատճառը հենց այդ հակասություններն են, ինչպեսեւ այն հանգամանքը, որ կուսակցությունները չեն ուզում սեփական ֆինանսական միջոցները ծախսել ընդհանուր գործի վրա, քանզի հասկանալի չէ, թե ինչով այն կավարտվի եւ ով կդառնա Հայաստանի նոր վարչապետը: Այլ բացատրություն դժվար է գտնել այն հարցին, թե ինչու մարդկային ու ֆինանսական խոշոր միջոցներ ունեցող կուսակցություններն արդեն մի քանի ամիս է՝ չեն կարողանում հեռացնել մի վարչապետի, ով ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեց պատերազմում ու երկիրը հասցրեց կործանման եզրին, այլեւ շարունակում է ամեն գնով պահպանել աթոռը եւ վերարտադրել իր ապիկար, հակազգային իշխանությունը։

Եվ եթե բանը հասնի նրա վարչապետությամբ անցկացվող ընտրություններին, կարելի է չկասկածել, որ առնվազն եւս հինգ տարի ժողովուրդը ստիպված է լինելու հուսահատված եւ նվաստացված գոյատեւել սեփական երկրում կամ արտագաղթել: Չմոռանանք, որ ՀՀ-ում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է, հակառակ նախադեպը չկա: Իսկ իշխանության վերարտադրման սխեման հանրահայտ է՝ վարչական ու ֆինանսական լծակների կիրառում, ընտրությունների արդյունքների կեղծման իրական հնարավորություն, ուժային կառույցների աջակցություն եւ այլն: Հայաստանի հետանկախական շրջանի պատմության մեջ ընդդիմությանը երբեք չի հաջողվել ընտրությունների միջոցով գալ իշխանության: Մեր դեպքում առավել եւս նման բան հնարավոր չէ, որովհետեւ, ի տարբերություն նախորդ անգամների, գործ ունենք մեր երկրում լրտեսական ու քարոզչական լայն ցանցեր ունեցող արտաքին միջամտության հետ: Արտահերթով իշխանափոխության հասնելու՝ ընդդիմության շանսը զրոյական է:

Անցած կիրակնօրյա հանրահավաքում ՀՓՇ-ն խոսեց իր նոր մարտավարության հետ կապված մի շարք նորամուծությունների մասին: Այս պահի դրությամբ, սակայն, հրապարակի վրա երեք տարբերակ կա, դրանցից երկուսին հակված են ընդդիմությունը եւ ժողովրդի մի մեծ հատված, իսկ մյուսին՝ գործող իշխանությունն ու նրա աջակիցները: Տարբերակ ա/. ցույցերով ու անհնազանդության գործողություններով ձեւավորել համազգային շարժում՝ պարտադրելով իշխանությանը հեռանալ: Ապա ԱԺ-ում ընտրել վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձեւավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը եւ մեկ տարի անց կկազմակերպի ԱԺ արդար ընտրություններ՝ չմասնակցելով դրանց եւ հեռանալով իշխանությունից: Տարբերակ բ/. բանակը վերցնում է իշխանությունը, ձեւավորում ժամանակավոր վարչակազմ, եւ որոշ ժամանակ անց տեղի են ունենում ընտրություններ: Նույնը կարելի է նաեւ ժողովրդական ապստամբության միջոցով: Տարբերակ գ/. (առաջարկվում է իշխանության կողմից): Այն է՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, ինչը կարող է հիրավի ողբերգական հետեւանքներ ունենալ:

Այնպես որ, ընդդիմությունը եւ ժողովուրդը ուղղակի այլ ելք չունեն, քան գնալ «վա-բանկ» կամ, Վազգեն Մանուկյանի եզրութաբանությամբ ասած, «պլան Բ»-ի ճանապարհային քարտեզով: Շատերն ասում են՝ դա վատ տարբերակ է, հակասահմանադրական է, այդ ճանապարհով ձեւավորված իշխանությունն աշխարհի կողմից չի ճանաչվի եւ այլն: Բայց այն ամենը, ինչ կարող է լինել՝ չարիքի փոքրագույնն է: Եթե գինը հայրենիքի փրկությունն է՝ բոլոր միջոցներն ընդունելի են: Չէ՞ որ երկիրն անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական ու համակարգային աղետի շեմին է, վիրավոր Արցախը մեր սատարումի կարիքն ունի, իսկ տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր խմորումներ են հասունանում, մենք իրավունք չունենք անտեսելու ներքին ու արտաքին վտանգներն ու վատնելու այնքան թանկ ժամանակը:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.