Tuesday, 26 November 2024

A Analysis

Իշխանափոխությո՞ւն, թե՞ ընդդիմափոխությո՞ւն…

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Դատելով խորհրդարանական ընդդիմության վերջին կես տարվա գործունեությունից կամ, ավելի ճիշտ, գործունեության բացակայությունից, կարելի է հիմնավորապես արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ու դրանց սատարող խմբերի, ապրում է իր քաղաքական կենսագրության ոչ լավագույն ժամանակները: Գոյութենական առումով Հայաստանի ու Արցախի համար ամենավճռորոշ, չափազանց պատասխանատու այս հանգրվանում ընդդիմությունը, փաստացի, քաշվել է մի կողմ, դադարեցրել հրապարակային խոսույթը եւ որպես իշխանության հակակշիռ հանդես գալու իր երբեմնի առաքելությունը:

Չես ասի, թե ավելի վաղ շրջանում ընդդիմադիրներն աստղեր էին վար բերում երկնքից, բայց գոնե որոշակի զգոնության ու աչալրջության վիճակում էին պահում իշխանությանը, ինչի կարիքն այս օրերին նույնպես շատ է զգացվում՝ զսպող ուժի կարիքը, որպեսզի անխոհեմ քայլ անելուց առաջ իշխանությունը, ինչպես ասում են՝ «յոթ չափի, մեկ կտրի»: Ցավոք սրտի, ընդդիմադիր դաշտում այժմ դալուկ ամայություն է, եւ այդ ամայության միջից երբեմնակի հնչող քննադատական խոսքը, բնականաբար, նպատակին չի հասնում: Բացի դրանից, ԱԺ ընդդիմությունը վերջին ամիսներին անարդյունավետ մի աշխատաոճ է որդեգրել՝ որոշակի քննարկումների ժամանակ լքում է դահլիճը:

Անհասկանալի է նման բոյկոտների տրամաբանությունը: Ոչ վաղ անցյալում ամեն ինչ պարզ էր. քաղաքական փոքրամասնությունը՝ չունենալով ԱԺ-ում սեփական, իր կարծիքով, ավելի հրատապ օրակարգը քննարկման ներկայացնելու, անգամ ընդունվող որոշումների վրա ազդելու հնարավորություն, նպատակահարմար էր գտնում պայքարի ամբիոնը խորհրդարանի դահլիճից տեղափոխել հրապարակային հարթակներ՝ երկրի առանցքային խնդիրների քննարկումներին հանրային լայն մասնակցություն ապահովելու համար: Մանավանդ որ, ընդդիմության հիմնական օրակարգը գործող վարչապետի եւ նրա կառավարության հրաժարականի պահանջն էր, ինչի իրականացումը ՔՊ-ական ԱԺ-ում անհնար է:

Այժմ նման պահանջի մասին խորհրդարանական ընդդիմությունը գրեթե չի խոսում, գուցե ներքուստ դեռ նեղացած է, որ «Դիմադրություն» շարժման ամենաբուռն շրջանում՝ 2022թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին, կրիտիկական զանգված չէր հավաքվում՝ թեեւ վեց ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ 40-50 հազարի չափ մարդ էր դուրս եկել փողոց՝ «Առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնի՛ր, Լաո» եւ այլ կարգախոսներով: Այդ թիվն ընդդիմությունը, ըստ երեւույթին, բավարար չէր համարել գործնական քայլերի դիմելու համար: Իսկ ավելի մարդաշատ հանրահավաքներ դժվար էր ձեռնարկել, քանի որ իշխանություններն ամեն անգամ ցուցարարների դեմ ոստիկանական մեծաթիվ ուժեր էին հանում, որոնք ժողովրդի նկատմամբ աննախադեպ դաժան բռնություններ էին կիրառում:

Եթե փողոցային պայքարի այդ օրերին ընդդիմության գործողությունները՝ հատկապես ԱԺ նիստերի տեւական բոյկոտները, հասկանալի էին, ապա այժմ դրանց իմաստը մշուշոտ է: Ըստ Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի, խորհրդարանական ընդդիմության՝ նիստերի դահլիճը լքելու գործողությունը «ընտրողական» բնույթ է կրում՝ հիմնականում այն տեղի է ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի, ինչպեսեւ քաղաքական հնչեղություն ունեցող խնդիրների քննարկման օրերին, ինչը, նրա հաշվարկով, կազմում է ԱԺ աշխատաժամանակի ընդամենը 10-15%-ը: «Այսինքն՝ աշխատաժամանակի 85-90%-ն ընթանում է իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի պայմաններում»,- այս փաստը տարօրինակ է համարում քաղաքական գործիչը:

Իսկ դա, Հեքիմյանի փոխանցմամբ, տարօրինակ է այնքանով, որքանով վկայում է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ անհամաձայնությունների շեմը կտրուկ նվազել է՝ հասնելով 10-15%-ի: Սա իր հերթին նշանակում է, որ քաղաքական երկու ներհակ ուժերի դիրքորոշումներն ընդհուպ միմյանց մոտեցնող գործոնները մեծապես գերազանցում են տարանջատող գործոնների թիվը: Նման իրադրությունում մի տեսակ հիմնազուրկ ու անիմաստ են դառնում ԱԺ-ում սեփական օրակարգն անտեսված լինելու վերաբերյալ ընդդիմության դժգոհությունները, հետեւաբար եւ վերջինիս կողմից ԱԺ նիստերը բոյկոտելու ակցիաները:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի բոյկոտն ընդդիմադիրները սկսել էին 2022-ի մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո։ Վարչապետի հեռացման պահանջով նրանք մայիսի 1-ից փակել էին Ֆրանսիայի հրապարակը եւ ամեն օր ցույցեր ու անհնազանդության ակցիաներ էին անցկացնում։ Որոշ ժամանակ անց՝ իշխանակարգի հեռացմանը չհասնելով, նրանք նախ բացեցին հրապարակը, ապա դադարեցին նաեւ հանրահավաքները։ Կարծիք կար, որ շարժման պատշաճ զանգվածայնության պակասը կոտրեց նախաձեռնության թափը՝ թեպետ պատճառներն ավելի շատ էին, որոնցից մեկը՝ թերեւս հիմնականը, վարչապետի հրաժարականից հետո ակնկալվող իրավիճակի անորոշությունն էր:

Կարելի է, իհարկե, ավելի հեռուն գնացող եզրակացություններ անել, որոնք ընդդիմադիր ընկերները կարող են ընդունել կամ չընդունել: Սակայն փաստ է, որ նրանք թուլացրել են դիրքերը եւ, կարծես թե, ազատ գործելու պատուհան են թողել իշխանության համար, ինչից էլ վերջինս օգտվելով՝ շարունակում է բոլոր ոլորտներում, առանձնապես՝ պաշտպանական, առաջ մղել ազգակործան իր քաղաքականությունը, եթե, իհարկե, քաղաքականություն կարելի է համարել այնպիսի մի տեսարան, երբ զինավառ թշնամին չարագուժորեն բախում է երկրիդ դարպասները, իսկ երկրիդ ղեկավարը լերկ ու ամայի մի վայրում մեն-մենակ կանգնած բարձրաձայն երազում է այդտեղ ակադեմիական քաղաք հիմնադրելու մասին:

Չէ, երեւում է՝ մեր բախտը հավասարապես չբերեց ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հարցում: Մեծ հաշվով՝ նրանք իրար արժեն, երկուսն էլ մեզ շրջապատող իրականության համարժեք ընկալման խնդիր ունեն՝ իշխանությունը շփոթում է պետական կառավարման գերակայությունները, դժվար է զանազանում կարեւորն անկարեւորից, իսկ ընդդիմության ամենախոցելի տեղը միաբանվելու անկարողությունն է, յուրաքանչյուրը՝ «վերմակն իր վրա քաշելու» հին հայկական հիվանդությունը: Միջին վիճակագրական ժողովուրդն էլ շվար ու մոլոր մնացել է կանգնած երկուսի մեջտեղում, չի կողմնորոշվում՝ դեպի ո՞ւր թեքվի, ո՞ւմ ապավինի:

Ընտրությունը դժվարանում է հատկապես նրանով, որ կողմերից մեկը հինգ տարի առաջ փողոցից եկած արկածախնդիրների, կառավարման փորձի ու գիտելիքի պակասուրդով ապազգային տարրերի մի խառնակույտ է, իսկ մյուսն՝ այս ընթացքում բավականաչափ վարկաբեկված, «նախկիններ» գրիֆով կնքված ոչ այնքան ցանկալի դեմքերի հավաքածու, որն անընդունելի է հանրության մի ստվար հատվածի կողմից: Ստեղծված կացությունում հասարակությունը գրեթե հավասար չափով չի ընդունում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին, եւ չի բացառվում, որ մեզանում նախ ընդդիմափոխություն, հետո միայն իշխանափոխություն տեղի ունենա: Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ ժողովուրդը երկուսին էլ ուղարկի գրողի ծոցը:

Եվ, անտարակույս, կգան «անցյալին» ու «ներկային» փոխարինող նոր, ավելի ունակ ուժեր, որոնց կորիզը երիտասարդությունն է, եւ որոնց անդրանիկ ծիլերը նկատելի են վերջին շրջանում բավական աշխուժացած խորհրդաժողովներում, տարաբնույթ հարթակներում, որտեղ բովանդակային քննարկումներ են գնում ամենաարդիական ու հրատապ թեմաների շուրջ: Դրվատելի է, որ փորձագիտական բարձր մակարդակով քննարկումների առանցքում հաճախադեպ են նաեւ արցախյան խնդրի վերարժեւորման արծարծումները, կարգավիճակի եւ հակամարտության հետ կապված մյուս կարեւորագույն դիտանկյունների համակողմանի վերհանումը: Եվ, փառք Աստծո, որ կան առողջ դատող, ի շահ ազգային վերազարթոնքի՝ պատրաստակամ նվիրյալներ:

Միջոցառումներում արցախյան թեմայի աշխուժացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, խնդրի լուծման միասնական տեսլականի եւ ուղենիշի մշակումն է, որով պետք է առաջնորդվեն ՀՀ իշխանությունները, բայց ոչ ՔՊ-ական հանձնվողականները: Հարկ է ցույց տալ աշխարհին, որ Բաքվի պնդումներին ի տրիտուր, Արցախի խնդիրը լուծված չէ, եւ որ այն պետք է լուծվի միջազգային փաստաթղթերում ամրագրված՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին համապատասխան: Այդ հիմքերը ոչ ոք չի չեղարկել, դրանք կան, եւ գալիք իշխանությունները պարտավոր են սկսել կիսատ թողնված կետից: Այս միտքն են ժողովրդի գիտակցության մեջ փորձում ամրապնդել Արցախի վերաբերյալ քննարկումների մասնակիցները, ինչը հուսադրող է:

Սա փորձ էր՝ համառոտակի դիտարկելու ներքաղաքական ու ներհայաստանյան կյանքի երեք հանգուցային բաղադրիչների՝ իշխանության, ընդդիմության եւ այլընտրանքի ընդհանուր պատկերը, մի շարք գործոնների հնարավոր ազդեցությունների համատեքստը: Թե ինչպես կշարունակվեն զարգացումները, ցույց կտա ժամանակը: Բայց մի բան հաստատ է՝ իրավիճակի անհետաձգելի փոփոխությունների հրամայականը: Հակառակ դեպքում պետությունն ու ժողովուրդը, մեր ազգային լինելությունը, առհասարակ, կարող են բախվել նոր աղետների եւ նոր կորուստների:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.