Tuesday, 26 November 2024

A Analysis

Ռուս-ուկրաինական պատերազմի տարբեր հարթությունները

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դառնալ 21-րդ դարի գլխավոր իրադարձություններից մեկը, որը փոխելու է համաշխարհային հարաբերությունները և այն կարելի է դիտարկել տարբեր հարթություններում.

  • խաղաղության ու մարդու իրավունքների դիսկուրսի տեսանկյունից, որտեղ կողմերը սևի ու սպիտակի դերում են: Այս տեսակետից Ռուսաստանը ագրեսոր է, Ուկրաինան՝ զոհ,
  • ռուս-ուկրաինական հարաբերությունների պատմական տեսանկյունից՝ որպես սլավոնական ազգերի զարգացման քաղաքակրթական մոդելների պայքար,
  • ռուս-եվրոպական հարաբերությունների ենթատեքստում, որտեղ Ուկրաինան Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ուժերի բալանսի, կամ նրանց միջև բուֆերի դեր է կատարում, կամ այդ հարաբերությունների խոչընդոտ ու կոնֆլիկտի աղբյուր,
  • ռուս-ամերիկյան մրցակցության տեսանկյունից, որտեղ ԱՄՆ-ը Ուկրաինայի օգնությամբ Ռուսաստանին մեկուսացնում է Եվրոպայից՝ այնտեղ ամրապնդելով իր ազդեցությունը, որպեսզի Ռուսաստան-Եվրոպա նոր աշխարհքաղաքական կենտրոն չձևավորվի,
  • որպես Եվրոպայում կամ առհասարակ աշխարհում եղած աշխարհակարգի, եղած անվտանգային համակարգի  փլուզման պատճառ ու հետևանք, նաև հնարավոր նոր աշխարհակարգի կառուցման սկիզբ, որը կարող է ձևավորվել Ուկրաինայի անվտանգության խնդրի կարգավորման սկզբունքների հիման վրա,
  • որպես գլոբալիզմի ավարտ, որի հետևանքով աշխարհը փոխկապակցված միասնական տնտեսական միավորից վերածվում է լոկալ, միմյանցից մեկուսացված փակ շուկաների,
  • որպես լիբերալիզմի ու ազատ շուկայի ավարտ:
  • Հայաստանի դիտանկյունից այդ պատերազմն ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի աշխարհքաղաքական իրողությունների վրա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի ու Արցախի ապագան փոխկապակցված է աշխարհքաղաքական փոփոխությունների հետ:

Ինչպես տեսնում ենք, ուկրաինական կոնֆլիկտի դերն ու ազդեցությունը գլոբալ է, իսկ հետևանքները կարող են ճակատագրական լինել վերը նշված բոլոր ասպեկտներում։

Պացիֆիստական տեսանկյունից Ռուսաստանը մեղավոր է, որովհետև հարձակվել է Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում, կան միլիոնավոր փախստականներ, ավերվում են քաղաքներ: Սակայն նույն բանը մենք տեսնում էինք Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, ինչն առանձնապես «համաշխարհային հանրությանը» չէր հուզում։ Բնականաբար, դա չի նշանակում, որ Ռուսաստանի քայլերն արդարացված են, սակայն դատապարտելով՝նաև պետք է  դատապարտենք նմանատիպ մյուս դեպքերը՝ երկակի ստանդարտներից խուսափելու համար։ Այս պարագայում «արևմտամետ-ռուսամետ» արժեքների վրա հիմնված  ջրբաժանը դառնում է կեղծ ու ոչ արդյունավետ՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար։ Արդար միջազգային հարաբերությունների կառուցման համար մոտեցումները պետք է միանման լինեն։

Ռուս-ուկրաինական հարաբերությունների տեսակետից Ուկրաինան, պատմականորեն ձևավորվելով ռուսական ռազմական հաղթանակների շնորհիվ, սեփական ազգային նախագիծ ձևավորելու փոխարեն դարձել է հակառուսական կողմ՝ թույլ տալով, որ իրեն օգտագործեն գերտերությունների մրցակցության գործում, ինչի համար պատժվում է Ռուսաստանի կողմից, իսկ հետագայում՝ պատերազմից հետո, իր հաշվին են իրական հակամարտող բևեռները գնալու հաշտության: Այս առումով ուկրաինական պատերազմը լավ դաս կարող է լինել մյուս ժողովուրդների համար, որոնք փորձում են գերտերությունների հակասությունների վրա խաղադրույքներ դնել։ Բնականաբար, դա լավ դաս է նաև Հայաստանի համար, որը նույնպես դարձել է հզոր երկրների վեճի թատերաբեմ։

Ռուս-Եվրոպական հարաբերությունների առումով Եվրոպան կորցրել է իր սուվերենությունը և չի կարողանում ձևակերպել ու պաշտպանել իր շահերը, ինչի արդյունքում ուկրաինական կոնֆլիկտի պատճառով իր տնտեսական, քաղաքական, աշխարհքաղաքական շահերը հերթական անգամ զոհաբերվում են: Երբ ժամանակին ստեղծվում էր ՆԱՏՕ-ն, առաջին գլխավոր քարտուղարը՝ բրիտանացի գեներալը, կարճ ձևակերպել էր ՆԱՏՕ-ի հիմնական առաքելությունը․ ԱՄՆ-ն՝ Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս։ ԱՄՆ քաղաքականությունը պարզ է ու հասկանալի, ցանկացած գերտերություն ձգտում է պահպանել իր հեգեմոնիան։ Ժամանակին նույնն անում էր Հռոմեական կայսրությունը, հետո՝ Բյուզանդիան, հետո՝ Բրիտանական կայսրությունը և այլն։ Սակայն որն է այսօրվա Եվրոպայի շահը և ինչ ենք հասկանում Եվրոպա ասելով՝ արդեն այլ հարց է։ Պարզ է, որ անհնարին է մոտ երեք տասնյակ երկիր ունենան միասնական քաղաքական ու աշխարհքաղաքական շահ ու միասնական պատկերացումներ։

Ռուսաստանի առումով պետք է շեշտել, որ, ունենալով ռազմական հզոր պոտենցիալ, այդպես էլ չկարողացավ արդյունավետ տնտեսություն կայացնել, ինչի արդյունքում տնտեսական ու ռազմական պոտենցիալների՝ միմյանց անհամապատասխանությունն այդ երկրին ներկայիս ճգնաժամի առջև կանգնեցրեց:

Բնականաբար, Հայաստանում այս ամենը պետք է հաշվի առնել, որպեսզի փորձենք հասկանալ, թե ուր է գնում աշխարհը, դրա հետևանքով ինչ է սպասվում մեր մեծ տարածաշրջանում, որպեսզի կարողանանք  սեփական ազգային ռազմավարությունը մշակել, ինչն, իհարկե, այս պայմաններում բարդ խնդիր է:

 

Դանիել Աթանեսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.