Tuesday, 26 November 2024

A Analysis

«Զվարթնոց» օդանավակայան. երբ ժամանում է ինքնիշխանության օդանավը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումների համար առիթների պակաս չի լինում։ Վերջին օրերին նման առիթներ դարձան երկու միջադեպ։ Առաջինը «Զվարթնոց» օդանավակայանում սահմանի հատման ժամանակ «երրորդ երկրի պահանջով» սահմանապահների կողմից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Նայեմին Հայաստան մուտքի արգելումն էր, իսկ երկրորդը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի հարցադրմանը հետեւած՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ծիծաղի պոռթկումը: Հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ տարբեր առիթներով պարբերաբար տեղի ունեցող նման հանրային քննարկումները վկայում են, որ այդ հարցում քաղաքացիների շրջանում կան էական մտահոգություններ։ Ուստի դրանցից ձերբազատվելու համար կառավարությունը լրջագույն քայլեր պետք է ձեռնարկի։

Եթե երկրորդ միջադեպը կարելի է բացատրել հանրության մի ստվար զանգվածի կողմից Ռուսաստանի նկատմամբ անվստահության հանգամանքով, ապա այլ երկրի պատգամավորի` Երեւան այցելելու կապակցությամբ անբնական խոչընդոտների հարուցումը ՀՀ սահմանի հսկողությունն իրականացնող ՌԴ սահմանապահների կողմից, ուղղակի հարված է Հայաստանի միջազգային վարկին։ Հատկանշական է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Մուստաֆա Նայեմի գրառմանն արձագանքել են հազարավոր մարդիկ, իսկ հարյուրավորներ գրառումը տեղադրել են արդեն իրենց էջերում։ Գրառման տակ եղած մեկնաբանություններում Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիները բանավիճում են «թավշյա» հեղափոխության նվաճումների խորապատկերին Ռուսաստանից մեր երկրի կախվածության հարցի շուրջ։

Ի դեպ, Նայեմի գրառմանն արձագանքել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը։ Միջադեպի առիթով ներողամտություն հայցելով ու ափսոսանք հայտնելով` նա միաժամանակ նշել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում Նայեմի հետ տեղի ունեցածն առաջին դեպքը չէ Ուկրաինայի քաղաքացիների հանդեպ եւ կապված է Ռուսաստանի պատկան մարմինների կողմից առանձին անձանց նկատմամբ մուտքի արգելք սահմանող ցուցակի գոյությամբ։ Վերջինիս գործնական ազդեցությունը Հայաստանն առայժմ ստիպված է հաշվի առնել, քանի որ գործում է փոխադարձության սկզբունքը։ Ըստ Իգիթյանի՝ եթե մեր երկիրը դադարի արձագանքել նման «ցուցակներին», ապա Ռուսաստանը նույնպես չի արձագանքի Հայաստանի հարցապնդումներին եւ կվերածվի կոռուպցիոն ու քրեական տարրերին ապաստան տվող մի երկրի։ «Ահա, վերջերս, Ռուսաստանում ձերբակալել են յուրացումների եւ այլ չարաշահումների մեջ մեղադրվող ու փախուստի մեջ գտնվող` ՀՀ արդարադատության գեներալին։ Հույս ունենք, որ նրան մեզ կարտահանձնեն»,- նշում է Իգիթյանը։

Մուստաֆա Նայեմի հետ տեղի ունեցածը բուռն արձագանքներ է առաջ բերել, քանի որ առնչվում է մի խնդրի, որին հայաստանյան պաշտոնյաները դժվարանում են որեւէ պարզաբանում տալ կամ խուսափում են պատասխանել։ Իսկ խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների ներկայությունը երբեք չի փաստարկվել ու չի էլ կարող փաստարկվել որպես Հայաստանի շահերից բխող ինչ-որ դրվածք կամ իրողություն։ Հայ-թուրքական սահմանի պարագայում, որտեղ ռուս սահմանապահների գոյությունը շատերի կողմից հիմնավորվում է թուրքական ռազմական ագրեսիան զսպելու գործոնով, աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային այլ շահերի հետ մեկտեղ Հայաստանի պետական շահերի առկայությունը գոնե ողջամիտ ինչ-որ բացատրություն է գտնում։ Հակառակ այդ ամենի, «Զվարթնոց» օդանավակայանի պարագայում մեզանում տարիներ շարունակ խոսվել է ՌԴ սահմանապահների ներկայության վնասաբերության, չհիմնավորվածության, իսկ բուն սահմանապահների առկայության փաստով՝ մեր երկրի ինքնիշխանության ոտնահարման, ապասուբյեկտայնացման, անարժանապատիվ կեցվածքի եւ այլնի մասին։ Երբեք չի տրվել տրամաբանական բացատրություն, թե ինչու Հայաստանի քաղաքացիական ամենամեծ միջազգային օդանավակայանում պետք է կանգնած լինեն այլ երկրի սահմանապահներ եւ իրենց երկրի իրավապահ մարմինների ու հատուկ ծառայությունների կողմից մուտքի արգելք սահմանող ցուցակներով վերահսկեն մեր երկիր մուտք ու ելք անող մարդկանց տեղաշարժը։

Ակնհայտ է, որ «թավշյա» հեղափոխությունից հետո Հայաստանը փորձում է տարածաշրջանային ինքնուրույն գործոն դառնալ։ Ներկայիս կառավարության տեսանկյունից այդ գործում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ներկայում Հայաստանը գտնվում է այն նույն արտաքին-քաղաքական միջավայրում, աշխարհաքաղաքական նույն իրողությունների ու մարտահրավերների պայմաններում, ինչ մեկ կամ երկու տասնամյակ առաջ։ Տեղ է գտնում այն պնդումը, թե գտնվելով քաղաքական չնչին, իսկ վերափոխումների չենթարկված Ռուսաստանի ուղեծրում ու Ռուսաստան-Արեւմուտք գլոբալ առճակատման իրադրությունում, Հայաստանը կարող է փոխել ընդամենը նույն իրավիճակում նույն խնդիրները լուծելու եւ նույն նպատակներին հասնելու մարտավարությունը։

Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ներկայիս խնդրահարույց իրավիճակը արդեն բոլորին ստիպում է ուշադրություն դարձնել հայ-ռուսական ինչ-որ առումով խրթին հարաբերություններին ու բարձրաձայնել երկրի ինքնիշխանության հարցում տասնամյակների բեռնվածություն ունեցող լրջագույն խնդրի գոյության մասին։ Թվում է` ՌԴ սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու խնդրում ՀՀ ղեկավարությունն ունի խուսանավելու լայն դաշտ։ «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահների առկայությունն ամրագրելիս` նրանք իրենց դիրքորոշումը կարող են հիմնավորել տվյալ իրավիճակում խնդիրը լուծելու ու նպատակներին հասնելու նոր ռազմավարության անթույլատրելիությամբ, իսկ խնդիրը լուծելու ցանկության դեպքում՝ մարտավարության փոփոխությամբ։ Սակայն նման բացատրությունները որեւէ արժեք չունեն բոլոր այն դեպքերում, երբ մեզ շրջապատող երեւույթներն ինքնին օբյեկտիվ իրականության արտահայտությունն են՝ ներքուստ օժտված ինքնուրույն զարգանալու ուժով։

Այդ տեսանկյունից Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորի հետ կապված դեպքը կրկին անգամ ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններում տարիներ շարունակ կուտակված ինքնիշխանության խնդիրները ինքնաբավ են եւ չեն կարող վերահսկողության տակ վերցվել ոչ մի գերտերության կամ ուժի կողմից։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը չեն կարող իրենց այնպես դիրքավորել` կարծես գոյություն չունի «Զվարթնոց» օդանավակայանում օտար երկրի հատուկ ծառայության անբնական ներկայության խնդիր։ Տվյալ խնդիրն ինքնին առկա է եւ հրատապ լուծման կարիք ունի։ Որքան ՀՀ կառավարությունը փորձի տարածություն պահպանել ու չտեսնելու տալ, այնքան նոր թափով է այն հարվածելու ոչ միայն Հայաստանի վարկին, այլ նաեւ ՀՀ քաղաքական ղեկավարության հեղինակությանը մեր իսկ քաղաքացիների աչքում՝ ապացուցելով, որ ինքնիշխան երկիր կառուցելու` ՀՀ Սահմանադրության պահանջը չկատարելը դառնում է ազգային անվտանգության սպառնալիք։

«Զվարթնոց» օդանավակայանի «ապաշրջափակումը», իհարկե, մեզ հեշտ չի տրվելու։ Դիմադրություն լինելու է թե´ երկրի ներսում՝ 5-րդ շարասյան լուռ կամ բացահայտ միջամտությամբ, թե´ արտաքին շահառուի կողմից հղվող սպառնալիքների ու խոչընդոտների տեսքով։ Բայց մենք այլընտրանք չունենք, պետությունը պետք է առողջանա նաեւ ինքնիշխանություն նվաճելու միջոցով։ Ու այդ գործում «Զվարթնոց» օդանավակայանն ինքնիշխանության հայկական օդանավի առաջին կանգառն է։

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.