Friday, 23 August 2019

A Analysis

Հարսանիք լեռներում՝ Սուրբ Գեորգիի հովանավորությամբ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մայիսյան Եռատոնի մեջ ներառվում են երկու պատմական իրադարձություններ՝ Գերմանիայի դեմ  ԽՍՀՄ-ի 1945թ․ տարած հաղթանակն ու աշխարհում ֆաշիզմի վերացումը, եւ Շուշիի 1992թ․ ազատագրումը հայկական զինված ուժերի կողմից։ Հիշատակի հանդիսություններում փառաբանվում է հայ զինվորի բազկի ուժով կերտված ռազմական հաղթանակը։ Պատմական այս երկու խոշոր հաղթանակների հետ մեկտեղ՝ այս տոնը, այսպիսով, դիտարկվում է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման եւ հայ զինվորի փառաբանման օր։

Մայիսի 9-ի օրվա խորհրդի հետ կապված՝ հանրության շրջանում վերջին տարիներին լինում են որոշակի հուզումներ Հայաստանում գեորգիեւյան ժապավեններ կիրառելու առնչությամբ։ Վերջինիս օգտագործումը հետխորհրդային տարածքում դարձել է ռուսական քաղաքական ազդեցության ծավալման ցուցիչ։ Այդ ժապավենը կրում է Սուրբ Գեորգի Հաղթաբերի (հայության համար՝ Սուրբ Գեւորգ Զորավար) անունը, ով դեռեւս XIV դարից համարվում էր Մոսկվա քաղաքի, իսկ ըստ ռուսական ժողովրդական ավանդույթի՝ նաեւ ռազմիկների դասի հովանավորը։ 1769-ին Եկատերինա II կայսրուհու կողմից այն «Սուրբ Գեորգի» շքանշանի հետ միասին հաստատվել է որպես Ռուսական կայսրության զինվորական բարձրագույն պարգեւ, ոին արժանանում են կայսեր երեւելի հպատակները՝ իրենց բացառիկ խիզախության ու հավատարիմ ծառայության համար։

Թե՛ համանուն շքանշանը, թե՛ ժապավենը 1917թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշեւիկները վերացրեցին՝ ձերբազատվելու համար կայսերական խորհրդանիշներից։ Սակայն 2000թ․ շքանշանը կրկին վերականգնվեց եւ այսօր ՌԴ զինվորական բարձրագույն պարգեւն է։ Նույն շրջանում էլ սկսվեց գեորգիեւյան ժապավենի կիրառությունը քաղաքական նպատակներով։ Եվ, քանի որ 1941-1945թթ․ պատերազմում ԽՍՀՄ ռազմածովային ուժերի համար հաստատված գվարդիական նշանի ժապավենը բավական մեծ նմանություն ուներ գեորգիեւյան ժապավենի հետ, Ռուսաստանը պետական մակարդակով այժմ կատարում է երկու խորհրդանիշների կեղծ միաձուլումը՝ «Հայրենական մեծ պատերազմի» խորհրդանիշների մեջ ներառելով նաեւ գեորգիեւյան կայսերական ժապավենը։

Գեորգիեւյան ժապավենը, այսպիսով, կայսերական ծավալապաշտության, ռուսական զենքի ու փառքի խորհրդանիշն է։ Այն վերջին տարիներին դարձել է աշխարհաքաղաքականության մեջ հետխորհրդային երկրների կողմից քաղաքական դիրքավորում բանեցնելու, Կրեմլի վարած քաղաքական ուղեգծին հավատարմություն հայտնելու եւ նրա հավակնություններին ընդառաջելու խորհրդանշական միջոցներից մեկը։ Մայիսի 9-ին գեորգիեւյան ժապավենի կրողները, կամա թե ակամա, համայն աշխարհին հղում են այն ուղերձը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակը ոչ թե հակահիտլերյան կոալիցիայի, եւ ոչ էլ անգամ ԽՍՀՄ-ի ռազմական հաջողությունն էր, այլ հենց ռուսական պետության։

Թվում է՝ մայիսի 9-ի տոնակատարություններում մեր հանրության շրջանում գեորգիեւյան ժապավենի կիրառությունը ոչ այնքան գիտակցված վարքի, որքան տոնը ինչ-որ ձեւի մեջ տեսնելու ու այդկերպ օրվա խորհուրդը վերագտնելու հետեւանք է։ Սակայն մարդկանց ենթագիտակցության մեջ բոլոր դեպքերում ժապավենի կիրառությունն ուղղակիորեն ասոցացվում է Ռուսաստանի, Մոսկվայի կամ Կրեմլի հետ եւ, հետեւաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի հարցում այդ մարդկանց չբարձրաձայնված քաղաքական ընկալումները կապվում են ռուսական զինական ուժին գերապատվություն տալու հանգամանքի հետ։

Հենց այդ տեսանկյունից մայիսի 9-ին գեորգիեւյան ժապավենի կիրառությունը մեզանում վերածվում է ոչ այնքան Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի հարցում ռուսական մեկնաբանության ցուցադրության, որքան Շուշիի ազատագրման գործում հայոց բանակի ու հայ զինվորի նսեմացման գործողության։ Անգիտակցաբար տեղի է ունենում պատմության վերախմբագրում՝ ըստ ադրբեջանական այն թեզի, թե ղարաբաղյան պատերազմում հայոց հաղթանակը, ի շահ հայերի ու ի վնաս Ադրբեջանի, Ռուսաստանի ռազմաքաղաքական ուղղակի ներգործության հետեւանքն էր։

Պատահական չէ, որ այս տարի գեորգիեւյան ժապավենի կիրառության շրջանակն արդեն ընդլայնվել էր այն աստիճան, որ տեղ էր գտել Արցախում զոհված մեր հերոսների եւ, նույնիսկ, ականավոր ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի լուսանկարների վրա։ Փոխաբերական իմաստով կարելի է արձանագրել, որ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման, հայ զինվորի փառաբանման օրվա, անգամ բոլշեւիկյան ծավալապաշտության դեմ պայքարած ազգային հերոսի կերպարի վրա, այդպիսով, դրոշմվել է «Պատրաստված է Ռուսաստանում» կնիքը։

Այստեղ կարեւոր է նկատել, որ Հայաստանում դեռեւս գտնվում են պետական ղեկավար պաշտոնյաներ, ովքեր գեորգիեւյան ժապավենը սիրով ամրացնում են իրենց հագուստի վրա։ Կարծել, թե ժապավենի խորհուրդը, ուստի եւ նրանց վարքը գիտակցված չէ, սխալ կլինի։ Քաղաքականության մեջ նման կարգի անգետ մարդիկ չեն կարող սուբյեկտ լինել։ Հետեւաբար՝ գործ ունենք կամ քաղաքական տկարամտությամբ տառապող, բայց ղեկավար պաշտոնի նշանակված օբյեկտների, կամ էլ՝ գիտակցաբար մեր պետական շահերն այլ երկրի սպասարկման տակ դրած վտանգավոր մարդկանց հետ։ Նման իրավիճակում սպասել, թե Հայաստանի ինքնիշխանության հարցում հանրության մեջ կոնսենսուս կձեւավորվի, անտեղի է։ Քանի դեռ Հայաստանում անհայտ են մնում տոնական միջոցառումների ժամանակ ազատամարտիկներին ու ազգային հերոսներին նրանց նկարների վրա գեորգիեւյան ժապավենով նսեմացնելու հեղինակները, ինչպես եւ գտնվում են պաշտոնյաներ, որոնք սիրով լծվում են հայ զինվորի հաղթանակը ռուսական ռազմական փառքի խորհրդանիշով պատվելու գործին, Հայաստանի քաղաքական օրակարգում պարբերաբար ի հայտ է գալու երկրի ինքնիշխանության վերագտնման խնդիրը։ Այդ օրակարգից ձերբազատվել հնարավոր չէ։

Սարո Սարոյան