Tuesday, 26 November 2024

A Analysis

Գաղափարը եւ ժամանակը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Կան գաղափարներ, որոնք բովանդակային առումով լինելով առաջադիմական՝ տեւապես մնում են չիրագործված, քանի որ դուրս են ժամանակային գործոնից, ավելի պարզ՝ ժամանակավրեպ են կամ, ըստ էության, չեն բխում հղացման պահի պահանջներից: Այդպիսի գաղափարներից է Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը, որին «Հայացքը» քանիցս անդրադարձել է՝ ելնելով գաղափարի ու ժամանակի անհամակշռելիության սկզբունքի տեսանկյունից: Թեմայի սույն շարունակության նպատակը խնդրի վերարծարծման նոր փորձն է՝ այս անգամ անցած Ապրիլքսանչորսի 107-րդ տարելիցի համատեքստում:

Այդ օրը համայն հայությունը, աշխարհի առաջադեմ մարդկության հետ մեկտեղ, ոգեկոչեց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը՝ վերստին դատապարտելով 1915-ին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում թուրքական կառավարության իրագործած ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունն ու Հայրենազրկումը: Երեսունից ավելի պետություններ, միջազգային կառույցներ ճանաչել են անցած դարասկզբին հայերի նկատմամբ երիտթուրքերի ձեռնարկած արյունռուշտ նախճիրը՝ որպես Ցեղասպանություն: Մինչդեռ արդի Թուրքիան չի ցանկանում առերեսվել սեփական պատմության սեւ էջերի հետ եւ, ի տրիտուր, շարունակում է սաստկացնել ժխտողական քաղաքականությունը:

Դժվար չէ նկատել, որ թուրք-ադրբեջանական զույգի հետ հարաբերությունների կարգավորման՝ հայկական կողմի ջանքերը որեւէ լավ բան չեն խոստանում, իսկ հակառակի մասին կարելի է չկասկածել: Սակայն դա դույզն-ինչ չի վհատեցնում «խաղաղության դարաշրջան» բացելու հարցում, չգիտես ինչու, վճռականորեն տրամադրված Փաշինյանին: Նա պատրաստակամ է խաղաղության գործընթացը սկսել Ադրբեջանի հետ համապատասխան պայմանագրի ստորագրմամբ, ինչն, ի դեպ, նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների մեծ ցանկությունն է: Թե ինչ ստվերային պայմանավորվածություններ կան այդ ամենի հետեւում՝ պարզ կդառնա առաջիկայում, երբ ստորագրվի կողմերի համար երկուստեք ցանկալի պայմանագիրը:

Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդն այժմ խաղաղարարի պատմուճան հագած՝ ջանում է խնամքով թաքցնել մեր ողբերգության հանդեպ իր իրական վերաբերմունքը եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր հեռահար նպատակները։ Մտաբերենք, թե ինչ էր ասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդամենը երկու տարի առաջ՝ 2020-ի մայիսին. «Հայերը մեր թրի մնացուկն են, եւ հայերի հետ մեր գործն առայժմ ավարտված չէ»,- հայտարարել է նա՝ չմանրամասնելով, սակայն, թե ինչ «անավարտ գործի» մասին է խոսքը՝ թեպետ առանց այդ էլ, կարծես թե, ամեն ինչ հասկանալի է:

Առանց խոսքի հասկանալի է նաեւ ճիշտ Ցեղասպանության օրը Թուրքիայի ԱԳ նախարար Մեւվլութ Չավուշօղլուի արհամարհական ժեստը Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի նոր դեսպանատան բացման ժամանակ, երբ մեքենայով տարածքից հեռացող նախարարը ծիծաղում էր իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերի վրա եւ մատների համադրմամբ մեքենայի ապակու հետեւից ցույց տալիս «գորշ գայլերի» տարբերանշանը, որը թուրք ազգայնամոլների խորհրդանիշն է։ Սա արդեն «դրական ազդակ» դժվար է համարել՝ անգամ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի համար: Թուրքիայի գլխավոր դիվանագետն այդպիսով ծաղրում էր Ուրուգվայում ապաստանած Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, թերեւս, նրանց սպառնալով թուրք ազգայնամոլների նոր հաշվեհարդարով:

Սույն պաշտոնյային ներկայացնող պետությունը, փոխանակ զղջալու նախնիների կատարած հանցանքի համար եւ հատուցելու պատճառած նյութական ու բարոյական ահռելի վնասները, փորձում է կեղծ բարեկամություն խաղալով՝ հնարավորինս շատ օգուտներ քաղել Հայաստանի գործող կառավարիչների տգիտությունից ու թուլամորթությունից: Իրականում Թուրքիան ոչ միայն չի ապաշխարում, այլեւ ավելին՝ մեծարում ու պետական պարգեւների է արժանացնում Մեծ եղեռնի գլխավոր ճարտարապետներին։ Այդ տեսակետից հատկանշական է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի՝ Թալեաթ փաշայի անունով կոչելու վերաբերյալ Թուրքիայի քեմալիստական ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության սադրիչ առաջարկը:

Մեջլիսում «Հաղթանակի» միակ ներկայացուցիչ եւ կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղը իր նախագիծն առաջարկել էր անմիջապես այն բանից  հետո, երբ Ուրուգվայում Չավուշօղլուն հայ ցուցարարների բողոքի գործողություններին հակադարձեց «գորշ գայլերի» խորհրդանիշով։ ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը մեր ժողովրդի գլխավոր դահճի անվամբ կոչելու ձեռնարկը ոչ այլ ինչ է, քան ողջ հայությանը ցավ պատճառելու դիտավորություն: «Սպասում ենք մեր առաջարկին ձեր աջակցությանը: Այժմ դուք առերեսվում եք «անկեղծության թեստի» հետ։ Եթե չաջակցեք դրան, թուրք հասարակությունը կհիշի ձեր այդ պահվածքը, եթե աջակցեք՝ մենք կծափահարենք ձեզ»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

Թուրքիայի հետ հարաբերություններում այսօրինակ աղաղակող ազդանշանները չնկատելը կամ չնկատելու տալը հղի է նոր ողբերգության տանող վտանգներով։ Պահի պատեհության գործոնով չպայմանավորված «խաղաղության դարաշրջանի» գաղափարն այդպիսի վտանգների շարքում է: Երբ դեսպանատան շեմից մեքենայով դուրս եկած Չավուշօղլուն ՀՀ եռագույն դրոշներով եւ Հայոց Ցեղասպանության ժխտումը դատապարտող կարգախոսներով իրենց բողոքն արտահայտող հայերին ծաղրանքով ցուցադրում էր հինգմատանոց իր «կոմբինացիան», այդ ընթացքում դրսում գտնվող դեսպանատան աշխատակիցները բուռն կերպով ծափահարում էին նրան: Սա դարավոր թշնամու իրական դեմքն էր՝ անսքող, լպիրշ ու տիրական:

Ակնհայտ է, որ ապրիլքսանչորսյան արհավիրքից նույնիսկ 107 տարի անց գոյաբանական վտանգը մեզ համար տակավին վերացած չէ: Քանի դեռ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ համաքայլ, շարունակում է խստացնել հայերի հանդեպ իր մոտեցումները, անտեսել Հայաստանի շահերն ու քամահրանքով վերաբերվել մեր պատմական ցավին՝ չի կարող անկեղծ երկխոսություն լինել երկու պետությունների միջեւ: Թուրքիայի ԱԳ նախարարի օրինակը դրա վառ վկայությունն է: «Չավուշօղլուի «գորշ գայլերի» ողջույնը զզվելի է, արատավոր եւ ռասիստական. Հիտլերը ողջունում է իր գերեզմանից…»,- գրել է Հայաստանի ԱԳ նախկին նախարարներից Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ թուրք ազգայնականների՝ միմյանց ողջունելու այս ձեւը քաղաքակիրթ աշխարհը մերժում է՝ որպես  ֆաշիստական:

Այս համատեքստում Փաշինյանի «խաղաղության» հռետորաբանությունը փոխակերպվում է պարզ խաբեության: Նման քաղաքականությունը մեր երկիրը տանելու է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի ու նոր կորուստների: Սա պետք է բոլորիս լրջորեն մտորելու տեղիք տա:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.