Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 108-րդ տարելիցի առթիվ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, ապրիլքսանչորսյան ավանդական ուղերձի երկու տարբերակ էր պատրաստել (կամ, միգուցե, պատվիրել), որոնցից մեկն ուղղված էր ներքին լսարանին, մյուսը՝ արտաքին: Ուղերձի առաջին տարբերակում, որի հասցեատերը Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ընթերցողն է, հավասարապես օգտագործված են «Հայոց ցեղասպանություն» եւ «Մեծ եղեռն» բառեզրերը, իսկ արտաքին աշխարհին հասցեագրված տեքստը հրապարակվել է բացառապես «Մեծ եղեռն» տարբերակով: Անշուշտ՝ Թուրքիային ու Ադրբեջանին չզայրացնելու համար:
Մեծ հաշվով՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ուղերձում երեւացող ու չերեւացող հետաքրքիր շերտեր կան, որոնք մտորումների տեղիք են տալիս: Տեքստն առանձնանում է չպատճառաբանված խաղաղասիրությամբ՝ դրանում չկան որեւէ պահանջ, ափսոսանք, «թթու» խոսք, մտահոգություն կամ, պարզապես, հայանպաստ արտահայտություն: Տարելիցի նախօրեին Ադրբեջանն ամբողջապես փակել էր ավելի քան 4 ամիս պաշարված Արցախ մարդասիրական բեռներ տանող ճանապարհը, ինչն ինքնին ցեղասպանական գործողություն է համարվում, սակայն այդ մասին ուղերձում ոչ մի բառ չասվեց, ոչ մի զուգահեռ չանցկացվեց ու չդատապարտվեց ոխերիմ հարեւանի տմարդությունը, որի մեջ գենետիկ ցեղասպանի ջիղը տակավին կենսունակ է:
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, Ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործում է «Հայոց ցեղասպանություն» եզրը, մինչդեռ բուն հայկական պետության ոչուփուչ ղեկավարը խուսափում է միջազգային իրավական նորմ եւ հանցագործություն ենթադրող բնորոշումից: Աշխարհի մոտավորապես երեք տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ անվերապահորեն ճանաչել եւ շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: Նիկոլ Փաշինյանը միակն է ՀՀ ղեկավարներից, ով իրեն դուրս է դրել անժխտելի պատմական իրողությունից՝ ջուր լցնելով ցեղասպան Թուրքիայի եւ Ադրբեջանի «ջրաղացին»:
…Հայաստանի ոչ մի առաջնորդ՝ թե՛ ԽՍՀ միության օրոք եւ թե՛ հետանկախական շրջանում, չի ունեցել ազգային արժանապատվության այնքան պակաս ու աշխարհաքաղաքացիության այնքան ավելցուկ, որքան Փաշինյանը: Կոմունիստական համակարգի օրոք, երբ ազգային խնդիրն ամենազգայունն էր, 1,5 միլիոն զոհերի հիշատակը խորհրդանշող հուշահամալիր կանգնեցնելն ինքնին մեծ խիզախություն էր: Բայց, ի հեճուկս բոլոր խոչընդոտների, անցյալ դարի 60-70-ական թվականների ղեկավարները՝ հանձինս հայկոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարներ Յակով Զարոբյանի, Անտոն Քոչինյանի, Երեւանի կուսքաղկոմի այն ժամանակվա նորընտիր առաջնորդ Կարեն Դեմիրճյանի, ռեկորդային ժամկետում՝ երկու տարում, գլուխ բերեցին անհավանական թվացող գործը:
Դա 1965 թվականի ապրիլի 24-ի՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցի օրերին էր: Երեւանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել, ինչը, փաստորեն, 1988-ի ազգային զարթոնքի նախերգանքն էր եւ սկիզբը Հայոց պահանջատիրության ու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի: Առաջին անգամ ՀԽՍՀ-ում նշվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը եւ դրա արդյունքում էլ հուշահամալիրի կառուցման մասին պետականորեն վավերացված որոշումը 1966-ից սկսեց կենսագործվել։ Հուշակոթողի հանդիսավոր բացումը 1967թ. նոյեմբերի 29-ին էր։ Երկրի ղեկավար կազմի մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցավ բազմամարդ հավաք, որից հետո Անտոն Քոչինյանը վառեց հուշարձանի անմար կրակը:
Նույն՝ 1965-ին Ուրուգվայը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը: Իսկ Խորհրդային շրջանի մայրամուտին եւս մեկ պետություն ճանաչեց ու դատապարտեց 1915թ. օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած անագորույն ողբերգությունը՝ դա Կիպրոսն էր, մի երկիր, որը պակաս տուժած չէր Թուրքիայից: Սակայն «ճանաչումների» շքերթը, կարելի է ասել, սկսվեց հետանկախական ավելի քան 30 տարիների ընթացքում: Այսպես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարման ժամանակահատվածում հաշվվում է Ցեղասպանության ճանաչման 3 դեպք, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում՝ 13, Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք՝ 7 եւ Նիկոլ Փաշինյանի «թավշյա» կոչված հնգամյա ժամանակաընթացքում՝ 3 դեպք:
Պատմական փոքրիկ էքսկուրսն այստեղ վերջակետենք եւ գանք բուն նյութին՝ Ապրիլի 24-ի առիթով Փաշինյանի ուղերձին եւ, ընդհանրապես, վերջինիս հայացքի փոխակերպումներին առ Ցեղասպանություն ու հայ-թուրքական հարաբերությունների խոսույթ: Ամենաբնորոշ գիծը, որ տեսանելի է նրա նախորդ նմանօրինակ գրություններում՝ սկսած 2019 թվականից, հեղինակի հռետորաբանության աստիճանական մեղմացումն է: Եթե առաջին երկու-երեք տարիների ուղերձները բովանդակային առումով որոշակիորեն նախահարձակ էին, հստակ ու հասցեական, անգամ՝ «Հայոց ցեղասպանություն» եզրի հղումով, ապա վերջին երկուսը եւ, մանավանդ, այս տարվանը ոչ միայն «անատամ» էր, այլեւ վախվորած ու զգուշավոր:
Եվ այսպես՝ ո՞րն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապրիլքսանչորսյան երթի խորհուրդը: Նա գտնում է, որ հիշյալ տարեթիվը «անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է»: Եվ ուզում է հասկանալ ու մեզ հասկացնել, թե ինչ են մտածում, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները»: Պատասխանը նա ունի՝ մտածում են երկու հիմնական հարցի շուրջ. «ինչո՞ւ Մեծ եղեռնը տեղի ունեցավ եւ ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար»: Հետո տալիս է ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանության բանաձեւը, որը, ըստ նրա, «մեծապես կախված է «պետություն» եւ «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից»:
Տեսական մակարդակում հիանալի ձեւակերպելով «պետություն» եւ «տարածաշրջան» հասկացությունների սեփական ընկալումը՝ իրական գետնի վրա, սակայն, Փաշինյանը հինգ տարվա ընթացքում պետությունն ու պետականությունը հասցրել է քայքայման եզրին, իսկ տարածաշրջանային քաղաքականությունը՝ զրոյացրել: «Խաղաղության դարաշրջան» բացելու կեղծ հայտարարություններով, անխոհեմ, չկշռադատված քայլերով նա քիչ է մնում հարավկովկասյան տարածաշրջանը՝ մասնավորապես Հայաստանը, դարձնի խոշոր տերությունների առճակատման թատերաբեմ: «Միայն զարգացած եւ ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը»,- տեսաբանում է Փաշինյանը:
Ուղերձի վիճահարույց, մանիպուլյատիվ դատողությունների ու ընդհանրացումների շուրջ երկար չծավալվենք, դրանք շատ են եւ չեն սահմանափակվում մեկ ուղերձի շրջանակում: Փաստն այն է, որ Փաշինյանը անկախ ՀՀ-ի պատմության մեջ միակ ղեկավարն է, որը ԵԽԽՎ բարձր ամբիոնից երբեք չի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին: Ավելին՝ նա պնդում է, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության հարց չկա, որ այդ թեման Սփյուռքի կառույցների տիրույթում է: ՔՊ-ական անհայրենիքների փաղանգն՝ իր ազգադավ առաջնորդով, մեթոդիկորեն հրաժարվում է հայության համար սրբություն համարվող ամեն ինչից՝ Արցախից, Ցեղասպանությունից, Հայ Առաքելական եկեղեցուց, Արարատից…
Ապրիլի 18-ին ԱԺ արտահերթ նիստում Փաշինյանը հերթական անգամ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ արձանագրելով, որ երկու երկրների միջեւ առկա է բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն: Ցեղասպանության 108-րդ տարելիցի նախաշեմին նա խոսում էր «հայրենասիրության մոդելը», ինչպես նաեւ «պատմության ընկալման դիտանկյունը» փոխելու անհրաժեշտության մասին: Բերում էր Արագած լեռան օրինակը, թե ինչու տան պատին չենք կախում Արագածի նկարը, բայց կախում ենք Արարատինը, կամ՝ ինչու Արագածին նվիրված բանաստեղծությունները սակավաթիվ են մեր գրականության մեջ, իսկ Արարատի մասին՝ անթիվ:
Որոշ դիտորդների կարծիքով՝ հայկական երկու սարերն իրար հակադրելը պատահական չէ. դրանով հող է նախապատրաստվում ՀՀ զինանշանից հայոց զույգ Մասիսները հանելու համար: «Փաշինյանն առաջ է մղում Հայոց Ցեղասպանության հարցում հայ ժողովրդի ընկալումները փոխելու անհրաժեշտությունը։ Սա Հայոց ցեղասպանության ժխտման փորձ է ՀՀ վարչապետ հանդիսացող անձի կողմից, ինչը քրեորեն հետապնդելի արարք է»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: Նրա վերծանմամբ՝ «հայրենասիրության մոդել» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի Ցեղասպանության մասին խոսելը կամ թուրքին թշնամի համարելը:
Փաշինյանը սովորություն ունի անձամբ կամ թիմի «ուսապարկերից» մեկի բերանով պարբերաբար հրապարակ նետել աննախադեպ տարակուսելի հայտարարություններ, այդ թվում՝ Ցեղասպանության թեմայով, որոնք հանրության մեծամասնության շրջանում տհաճ զգացողություններ ու զայրույթ են առաջացնում: Անհեթեթություններ գեներացնելու հարցում ամուսնուց ետ չի մնում նաեւ առաջին տիկին կոչեցյալը, որին ձայնակցում են ՔՊ-ական այլ կարկառուն դեմքեր: Ոմանց կարծիքով՝ ՔՊ-ականների այդ տարօրինակ պահվածքը գալիս է առաջին դեմքի վախերից: Փաշինյանը հստակ գիտակցում է, թե ինչ օրհաս է բերել հայ ժողովրդի ու հայկական պետականության գլխին:
Նա հասկանում է իր վիճակի անելանելիությունն ու անհուսալիությունը, եւ սկսել է վախենալ անգամ սեփական ստվերից: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ բոլորը տեսան Փաշինյանի վախերի արտահայտության ամոթալի դրվագներից մեկը, երբ նրա այցից առաջ սակրավորը հավերժական կրակի շուրջ խոնարհված ծաղիկների մեջ պայթուցիկ էր փնտրում՝ հանկարծ մի բան չպատահի…
Գեւորգ Բրուտենց