Tuesday, 26 November 2024

A Analysis

Անգլոսաքսոնների քաղաքականության հմայքը կամ վարիացիաներ կորոնավիրուսի թեմայով

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Մարդիկ հեքիաթներով ու լեգենդներով են ապրում եւ, իմ կարծիքով, հետազոտողների հիմնական գործն է ստեղծել եւ մարդկանց տալ հեքիաթներ ու առասպելներ, որոնք կօգնեն պայքարելու գեղեցիկի ու բարու համար, դիմագրավելու արհավիրքներին եւ ստեղծելու գեղեցիկի աշխարհ։ Ամուր եւ գեղեցիկ հոգու տեր հետազոտողները չեն խորշում իրենց վրա վերցնել հարվածները ճգնաժամերի ժամանակ ու իրենց հետեւից տանել մարդկությանը։ Մոլորակի վրա կորոնավիրուսի ի հայտ գալուց ի վեր, խնդրով զբաղվող բոլոր կարգին փորձագետների համար պարզ էր, որ հիմնական նպատակը պետք է լինի օգնել` փրկելու մարդկային կյանքերը, միաժամանակ փորձելով կատարել հնարավորը, որպեսզի տնտեսությունը պահպանվի նվազագույն կորուստներով, մինչեւ որ գիտնականներին կհաջողվի ստեղծել բաղձալի պատվաստանյութը կամ էլ վրա կհասնի շոգ ամառը, եւ կորոշվի կորոնավիրուսի հետ մարդկանց պայքարի ապագան։

Առաջին հայացքից կարելի է մտածել, որ մոլորակի քաղաքական լիդերները նույնպես բավական պարզ խնդիր են դրել իրենց առջեւ` փրկել մարդկային կյանքերը, դրանով ժամանակ տալով թե բնությանը, թե գիտնականներին։ Ամերիկյան եւ եվրոպական լավագույն գործիչները գնացին վիրուսի նկատմամբ սարսափ ու խուճապ ստեղծելու ճանապարհով, որպեսզի մարդիկ չշփվեն իրար հետ եւ թաքնվեն տներում։ Բնական է, որ ոչ մի ոստիկանություն ի զորու չէր այդպես փայլուն կատարել այդ խնդիրը, ինչպես դա արեցին Թրամպը, իտալացիները եւ, հատկապես, բրիտանացի գործիչները։

Ամերիկայում ցույց էին տալիս, որ զոհերն այնքան «շատ» են, որ դիակները թաղելու համար ընդհանուր փոսեր են փորում։ Սարսափահար բնակչությունը խանութներից գնում էր հնարավորինս շատ ուտելիք ու թաքնվում տներում։ Այստեղ կարեւորը մարդկանց ստիպելն էր, որ քիչ այցելեն խանութներ, որոնք վիրուսի տարածման բավական ակտիվ օջախներ են։ Միացյալ թագավորությունում կորպորատիվ երեւույթների հետ մեկտեղ (զանգվածային տեղեկատվության միջոցների օգնությամբ սարսափի տարածումը) օգտագործեցին նաեւ կրիտիկական երեւույթներ` կորոնավիրուսի նկատմամբ սարսափ ու խուճապ ստեղծելու համար։ «Հիվանդացան» թագավորական ընտանիքից մեկը եւ, կարծես թե, երկրի առաջին դեմքը` վարչապետը։ Դա մարդկանց գիտակցության մեջ մեծ արժեք ուներ (իբրեւ վառ կերպարներ) եւ, հետեւաբար, նման երեւույթը մարդկանց մեջ պետք է ուժեղացներ կորոնավիրուսի մասին եղած սարսափելի հեքիաթներն ու առասպելները։ Միացյալ թագավորությունում եւս մարդիկ դատարկել էին խանութները, ինչը, ըստ երեւույթին, նրանց իշխանությունների ազդեցության հետեւանք է։

Իսկ ի՞նչ էր կատարվում Հայաստանում:

  1. Վարչապետը ինքը կորոնավիրուսի առկայության պայմաններում միտինգներ էր անցկացնում Սահմանադրության փոփոխման հանրաքվեի կապակցությամբ` հայտարարելով, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ խանգարի իրենց` հանրաքվե անցկացնելու։ Վերջինս նույնպես կորպորատիվ երեւույթ է, որը կորոնավիրուսի նկատմամբ ժողովրդի մեջ սարսափ ներշնչելու փոխարեն, ինչը կստիպեր թաքնվել տներում, մղում է քաջության։
  2. Վարչապետը հայտարարեց, թե Հայաստանը մոտ 210 օրվա պահեստային սննդամթերք ունի։ (Հետաքրքիր է, թե քանի տարվա սննդամթերքի պաշար ունի, ասենք, Միացյալ թագավորությունը): Դրա պատճառով մեր խանութները, ի տարբերություն Բրիտանիայի, լեփ-լեցուն են սննդամթերքով եւ, ամենայն հավանականությամբ, մարդիկ ամեն օր գնում են այնտեղ գնումներ կատարելու եւ շատ քչերի մտքով է անցնում միանգամից շատ սննդամթերք գնել, ինչը կնպաստի ազատվել այլ մարդկանց հետ ավելորդ շփումներից։
  3. Վարչապետը հայտարարեց, թե դեպքեր կան, որ կորոնավիրուսով վարակվածի ընտանիքում մարդիկ դիմակներով են եղել եւ ոչ ոք չի վարակվել։ Սա նույնպես ժողովրդին մղում է անհարկի քաջության։ Ես ընթերցողին եմ թողնում մնացած նման դեպքերը հիշելու իրավունքը։ Դրանք բոլորն այս փոքրիկ հոդվածում մեջբերելը, իմ կարծիքով, ոչ մի նոր բան չի տա։ Երեւի նման դեպքերը բազմաթիվ են, որով կարելի է բացատրել մեր ժողովրդի այս անտեղի «քաջությունը»։

Իհարկե, ընթերցողին կհետաքրքրի, թե որն է այս ամենի պատճառը։ Այս ամենի ամենաէական պատճառը, իմ կարծիքով, այն է, որ Հայաստանը Ռուսաստանից կախյալ երկիր է, եւ տվյալ պարագայում մենք գործ ունենք կախյալ իշխանությունների հետ, ի տարբերություն ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների, որոնք ազատ ժողովուրդներ են եւ դրան համապատասխան` ազատ իշխանություններ։ Երբ ժողովուրդն ազատ է դրսի բացասական ազդեցություններից, այնտեղ խիղճը եւ ներզգացողությունը շատ ավելի բարձր մակարդակում են։

 

Սարիբեկ Գեւորգյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.