Խորհրդարանական ընդդիմության գլխավորած «Դիմադրություն» շարժումը, կարծես թե, սկսել է լրջորեն անհանգստացնել իշխանություններին, որոնց դիրքերն էապես թուլացան այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրեց ապրիլի 6-7-ը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ տխրահռչակ հանդիպումների արդյունքները եւ նրա՝ նույնչափ տխրահռչակ ինքնախոստովանանքը խորհրդարանի ապրիլի 13-ի նիստում: Թե՛ բրյուսելյան եռակողմ բանակցությունների արդյունքների եւ թե՛ ՀՀ-ում վարչապետ աշխատող մարդու սկանդալային խոստովանության շուրջ աղմուկը երկար ժամանակ չի դադարում:
Հիշեցնենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ամենաաղմկոտ հայտարարություններից երկուսը՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու՝ «միջազգային հանրության» պահանջի մասին, ինչը նշանակում է ԼՂՀ-ի անվերապահ հանձնում Ադրբեջանին, եւ մյուսը՝ 44-օրյա պատերազմի կասեցման հնարավորությունը բաց թողնելու մասին, ինչը, ըստ նրա, կարող էր ունենալ նույն արդյունքը, բայց առանց զոհերի: Մեր կողմից հավելենք, որ Փաշինյանը դարձյալ ստում է, արդյունքն ավելին կլիներ՝ Հադրութը, Շուշին, Քարվաճառն եւ Լաչինը կմնային հայկական վերահսկողության տակ: Եվ, բացի դրանից, չէին լինի 12 հազար վիրավորները, մեծաթիվ գերիները, մի քանի տասնյակ հազարի հասնող փախստականներն ու տնանկները:
Ընդդիմության ամենօրյա ակցիաները ցույց են տալիս, որ հանրության մեծամասնությունը, այո, դժգոհ է իշխանություններից՝ մարդիկ լավ են ըմբռնում, թե ինչն ինչոց է: Հասկանում են, որ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պահանջ ներկայացնող «միջազգային հանրություն» կոչվածը ոչ այլ ոք է, քան թուրք-ադրբեջանական տանդեմը, որ ՀՀ գլխավոր Գերագույն հրամանատարը հողերը հանձնելու երկու տարբերակ է ունեցել՝ պատերազմով եւ առանց դրա, անարյուն: Փաշինյանն ընտրել է առաջին՝ հրեշավոր տարբերակը, որպեսզի իրեն դավաճան չհամարեն՝ դե, պատերազմ էր, պարտվեցինք, զոհեր տվեցինք եւ այլն: Սա իր բացատրությունն է, որը խիստ պարզունակ է: Կարծում եմ՝ պատերազմի ելքն ի վերուստ կանխորոշված է եղել:
Ամեն դեպքում կան հիմնավոր կասկածներ, որոնք չփարատված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ մանրազնին հետաքննությամբ հակառակը չի ապացուցվել: Ապրիլի 14-ին դարձյալ հանդես գալով Ազգային ժողովում, Փաշինյանը փորձում էր մեղմել նախօրեին բարձրաձայնած իր աղմկահույզ հայտարարությունները: Բայց, ինչպես միշտ, «հոնքը շինելու տեղ աչքն էլ հանեց»: Իր բնույթին հավատարիմ՝ նա սկսեց անհասցե մեղադրել ինչ-որ կենտրոնների, որոնք, իբր, մեր փոխարեն որոշումներ են կայացնում՝ լինի՞ պատերազմ, թե՝ ոչ: «Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ՝ ո՛չ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետեւ մենք երկիր ենք, մենք ախոռ չենք: Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես եւ ինչքան մեզ մորթեն կամ ինչպես եւ ինչքան մեզ ներեն»:
Փաստորեն, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ «տարբեր տեղերում», որոնց նա անհասցե մեղադրում է, ոչ միայն պատերազմն են սանձազերծել՝ կանխորոշելով դրա ելքը, այլեւ զոհերի թիվն են նախագծել: Այսինքն՝ սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք ասվածից եզրակացնել, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմը մեկ կենտրոնում կազմակերպված, պայմանավորված, բոլոր հանգամանքները ճշգրտված ռազմական ագրեսիա էր ընդդեմ Արցախի: «Մենք ախոռ չենք, պետություն ենք, չպետք է թույլ տանք՝ մեզ հետ այդպես վարվեն»,- զայրացած նետել է Փաշինյանը՝ ջանալով պարտության պատասխանատվությունը հնարավորինս հեռացնել իրենից:
Բայց տառապանքի փորձով «իմաստնացած» ժողովրդին այլեւս մանիպուլյացիաներով ու ստերով չես ապակողմնորոշի: Ստի ոտքերը կարճ են: Ստերիդ ժամկետը լրացել է, պարոն Փաշինյան: Ձեզ ընտրած ժողովուրդն այսօր ընտրել է ձեր դեմ պայքարի ուղին՝ փորձելով գտնել ձեզնից եւ ձեր «ուսապարկերից» մեկընդմիշտ պրծնելու ելքը: Այնպես որ, ճամպրուկները կապելու ձեր ժամանակը եկել է: Բարի եղեք ազատել տարածքը:
Մայիսի 1-ից հանրահավաքային պայքարը մեծ թափ է հավաքել՝ իր մարտավարության մեջ ներառելով բովանդակային ու կառուցվածքային նոր տարրեր, ինչպես նաեւ ապակենտրոն գործողությունների լայն գունապնակ, որին նպաստում է աշխատանքի կազմակերպման բավական արդյունավետ ցանցային եղանակը: Դրանով պայքարը դադարում է քաղաքական մեկ ուժի մենաշնորհ լինելուց՝ դառնալով միաժամանակ մի քանի քաղաքական միավորների, հանրային հոսանքների գործը, որոնցից յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր կոնկրետ տիրույթը: Լավ է, որ «Դիմադրություն»-ը որոշել է այցելել ՀՀ բոլոր մարզեր եւ արդեն հասցրել է մարդաշատ հանրահավաքներ անցկացնել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, մի շարք այլ խոշոր քաղաքներում:
Պետք չէ ընդդիմությանը խանդով վերաբերվել՝ պահն օրհասական է, կորցնում ենք մեր ամենաթանկագինը՝ Հայրենիքը: Ուժ գտեք ձեր մեջ համարժեք գնահատելու իրավիճակը, զանազանելու կարեւորն անկարեւորից, իսկ կարեւորն այսօր չարիքի իշխանության դեմ հաղթանակի հավատով մարտի ելած ուժին սատարելն է՝ ով էլ նա լինի, եթե, իհարկե, կամք ու նպատակ կան սանձելու «ՔՊ» կոչվող համազգային աղետին, փրկելու նրանից սերունդների ապագան, երկիրը, յուրաքանչյուր հայ ընտանիք: Երթերի ու հանրահավաքների շարքերից ինքնաբուխ հնչող՝ «Հայաստա՛ն, ոտքի՛», «Արցա՛խ, ոտքի՛» կոչերը հենց այնպես, հավուր պատշաճի բարձրաձայնվող խոսքեր չեն: Աշխարհասփյուռ հայությունը պետք է իրավամբ ոտքի կանգնի՝ վերահաստատելու ազգի տանուլ տրված արժանապատվությունը:
Ընդդիմության պայքարը, բնականաբար, հարթ ու անխոչընդոտ չի ընթանում եւ ստիպված է բախվել ոստիկանական հոծ կազմավորումների աննախադեպ բռնություններին, իշխանության շրջանակների սադրանքներին, ընդդիմադիր գործիչների բնակարաններում, ապօրինաբար կատարվող խուզարկություններին, անգամ իրենց ընդդիմադիր հռչակած որոշ «միավորների», մտավորական խմբերի կեղտոտ խաղերին, որոնք իրենց «փայի» ակնկալիքով փորձում են մրոտել «Դիմադրություն» շարժման անունը: Այս ամենը իշխանությանը համակած խուճապի ու վախերի արտահայտություն է: Ամենայն հավանականությամբ՝ պայքարի առարկա հանդիսացող խնդրի հանգուցալուծումը սարերի հետեւում չէ:
Past.am-ը՝ հղում անելով Կառավարության իր աղբյուրներին, հաղորդել էր մայիսի 6-ին Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած հրատապ խորհրդակցության մասին, որին մասնակցել են ՀՀ ոստիկանապետը եւ ԱԱԾ տնօրենը: Իրավապահ մարմինների ղեկավարները, ըստ կայքի, զգուշացրել են Փաշինյանին, որ եթե բողոքի ակցիաները եւս մի քանի օր շարունակվեն նույն ինտենսիվությամբ, այսինքն՝ փողոցները ցուցարարների մեծ զանգվածի կողմից փակվեն ցերեկային ժամերին, ոստիկանությունը ոչինչ չի կարողանա անել, եւ քաղաքը կաթվածահար կլինի՝ անհնար դարձնելով իրավապահների ու պետական այլ գերատեսչությունների աշխատանքը: «Այդ դեպքում այլ ելք չի մնա, քան ընդունել ժողովրդի կողմից առաջ քաշված հիմնական պայմանը»,- ասել են ուժայինների ղեկավարները:
Նույն աղբյուրների տրամադրած մեկ այլ տեղեկության համաձայն՝ ՔՊ-ականների հետ մի փակ քննարկման ժամանակ՝ դարձյալ մայիսի սկզբներին, Փաշինյանը չի բացառել, որ ընդդիմության փողոցային ակցիաները շարունակվելու դեպքում կարող է հրաժարական ներկայացնել: «Ոմանց համար տարակուսելի է եղել Փաշինյանի վարքագիծը՝ իսկապե՞ս հող է նախապատրաստում փախուստի դիմելու համար, թե՞ թիմակիցների տրամադրություններն է շոշափում, քանի որ արդեն համառորեն լուրեր են շրջանառվում, որ առանձին ՔՊ-ականներ սկսել են կոնտակտներ փնտրել՝ ընդդիմության հետ բանակցելու համար»,- գրել է Past.am-ի աղբյուրը:
Բանից պարզվում է՝ Փաշինյանից հոգնել են ե՛ւ ուժային կառույցների շեֆերը, որոնք վերջինիս եզակի հենարաններից են, ե՛ւ իր իսկ քաղաքական մերձավորները, որոնք նրա աջ ձեռքն են: Դե, իհարկե, «հող է նախապատրաստում փախուստի դիմելու համար»: Ասում են, չէ՞, առանց կրակի ծուխ չի լինում:
Գեւորգ Բրուտենց