Այն, ինչ Ադրբեջանը տեւական ժամանակ անկաշկանդ ու անպատիժ իրականացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում, չես բնորոշի այլ կերպ, քան սողացող պատերազմ՝ խաղաղության «շարժիչով»: Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Որքան շատ են երկու հակամարտ երկրի իշխանությունները ճամարտակում խաղաղության համաձայնագրի կարեւորության մասին, այնքան ավելի են հեռանում իրական խաղաղության օրակարգից: Պարզվում է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրը խաղաղություն եզրույթն ընկալում է յուրովի կամ, ինչպես ասում են, իր «փչացածության» չափին հարիր:
Ադրբեջանը ստորագրվելիք փաստաթղթին, ըստ էության, խոշոր գին է նշանակել՝ 5 կետերի տեսքով, եւ պարտադրում է հենց այդ կետերը ներառել խաղաղության պայմանագրում: ՀՀ-ն անհուսալիորեն փորձում է «գին» իջեցնել, ոչինչ չի ստացվում՝ Ալիեւն անհողդողդ է: Նա համառորեն պնդում է, որ փաստաթուղթը կառուցվելու է Բաքվի առաջարկած 5 հիմնական սկզբունքների վրա: 2022թ. մարտին ՀՀ-ին փոխանցված առաջարկների բովանդակությունը հստակ նկարագրված չէ, տրված է միայն դրանց ընդհանուր բնութագիրը: Այն է՝ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, չներկայացնել տարածքային պահանջներ, իրականացնել սահմանազատում, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել տրանսպորտային ուղիները։
Շատ «մանրուքներ», որոնց մեջ է սովորաբար լինում «սատանան», շարքային ընթերցողին հասու չեն: ՀՀ արտաքին քաղաքականության պաշտոնյաների վստահեցմամբ՝ Ադրբեջանի առաջարկներում հայկական կողմի համար «անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն ընդգրկում Հայաստան-Ադրբեջան օրակարգի բոլոր հարցերը»: Եվ օրակարգն ամբողջական դարձնելու համար Հայաստանն, իր հերթին, 6 առաջարկ էր փոխանցել Ադրբեջանին, բայց մնացել անպատասխան: Արձագանքի փոխարեն Ալիեւը հայտնել է, որ ինքը չի սիրում երկար սպասել, եւ շտապեցրել է նաեւ Փաշինյանին: Երեւի՝ վախենում է, որ վերջինիս հանկարծ մի բան կպատահի, եւ իր սպասելիքները կմնան անկատար:
Ալիեւը դեռ լիքը առնելիքներ ու կիսատ պայմանավորվածություններ ունի՝ «Զանգեզուրի միջանցք», Արցախի հանձնման գրավոր փաստաթուղթ, սահմանագծման իր կամքին հաճո իրականացում, 1988-89 թթ.-ին ՀՀ-ից մեկնած ադրբեջանցի փախստականների վերադարձ նախկին բնակության վայրեր, մի քանի տասնյակ գյուղերի, ռազմավարական տարածքների, ճանապարհների, բարձունքների յուրացում Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից եւ այլն: Այդ նպատակով Բաքվի բռնապետը միշտ վառոդը չոր է պահում, պարբերաբար զինված սադրանքներ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանի ամենազգայուն հատվածներում՝ փորձելով հնարավոր առավելագույնը պոկել Հայաստանից:
Այս անգամ թիրախը դարձյալ Սոթքն էր՝ ոսկու հանքավայրով, որտեղ 2-3 ամիս է, ինչ աշխատանքները գրեթե դադարեցվել են հաճախադեպ դարձած կրակոցների պատճառով: Նախորդ շաբաթվա վերջին օրերին իրադրությունը կրկին լարվել էր. ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ հինգշաբթի առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հրետանային ու ականանետային կրակ են բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ եւ Գեղարքունիքի մարզի որոշ սահմանամերձ գյուղերի հատվածներում՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական զինուժի պատասխան գործողություններից հետո հակառակորդը՝ կորուստներ տալով, ետ է շպրտվել ելման դիրքեր: Փոխհրաձգությունների հետեւանքով հայկական կողմը, ցավոք, ունեցել է 1 զոհ եւ 6 վիրավոր:
Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ մայիսի 14-ի հանդիպման նախօրեին Սոթքում թշնամու նախահարձակ գործողությունները, ըստ փորձագետների, երկու հիմնական նպատակ էին հետապնդում. ա/ ապակայունացնել իրավիճակը սահմանին, վախ սփռել սահմանամերձ համայնքներում եւ որոշակի զիջումներ կորզելու ակնկալիքով հոգեբանական ճնշումների գործադրմամբ թուլացնել հայկական կողմի բանակցողի դիրքերը, բ/ խափանել ոսկու հանքի աշխատանքը եւ լիակատար վերահսկողություն սահմանել հանքավայրի գործունեության նկատմամբ: Սա մարտավարական քայլ է, որին Ադրբեջանը հաճախ է դիմում բարձր մակարդակի հանդիպումներից առաջ:
Ի պատիվ հայ մարտիկների, թշնամուն չհաջողվեց առաջանալ, բայց դա չի նշանակում, թե նա հրաժարվել է իր նկրտումներից, որոցից մեկն էլ Սեւանի արեւելյան ափի գրավումն է: Արձագանքելով Սոթքի դեպքերին, Փաշինյանը մայիսի 12-ին հայտարարեց, որ ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի՝ տրամադրված է մասնակցել Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բրյուսելյան բանակցություններին: Փաստորեն վարչապետի աթոռը զբաղեցնող աձին ոչինչ չի խանգարում «փարված» մնալ իր վսեմ հավատամքին՝ «խաղաղության դարաշրջանին», որպիսին իրականում չկա, եւ որի փոխարեն մենք տեսնում ենք իրավիճակի հարաճուն սրացումներ, կրակոցներ եւ, ցավոք սրտի, զոհեր: Այսինքն՝ սողացող պատերազմ:
Եթե մի փոքր խորանանք համաշխարհային թվացող այս շիլաշփոթի մեջ, որ տիրում է մեր սահմաններին եւ հասարակական-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր շերտերում՝ կպարզվի, որ չարիքի արմատը բոլորիս ճակատագիրը, ներկան ու ապագան զոհասեղանին դրած անձի՝ Փաշինյանի մեջ է՝ խաղաղության մասին բոլորին զզվեցրած իր բարբաջանքներով: Նրանն է մեղքը, որ հանձնեց Քարվաճառը, եւ թշնամին անարգել հասավ Սոթքի ոսկու հանք, տիրացավ հանքավայրի մեծ մասին, Գեղարքունիքի արոտավայրերին ու բարձունքներին: Նրանն է մեղքը, որ Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը ինքնաբերաբար անցան Ադրբեջանին, ինչն էլ միջանցքը փակելու պատճառ դարձավ:
Հետեւանքնե՞րը… Սոթքին հարակից սահմանամերձ համայնքների բնակիչները զրկվեցին երբեմնի խոտավետ արոտավայրերից, որտեղ արածում էին գյուղացիների հոտն ու նախիրը, բեղուն դաշտերից, որտեղ մարդիկ աշխատում եւ իրենց ընտանիքների ապրուստն էին հայթայթում: Այժմ հարյուրավոր ընտանիքներ մատնված են սովի ու ընչազրկության, եւ ստիպված են բռնել արտագաղթի ճանապարհը: Բերձորի շրջափակումը, Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղակայումն աղետաբեր եղան Արցախի 120 հազար մեր հայրենակիցների համար, որոնք արդեն 160 օր գտնվում են խուլ պաշարման մեջ՝ կտրված արտաքին աշխարհից: Գալով Սոթքի ոսկու հանքի կարեւոր թեմային, խոստովանենք, որ արժե դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամասն:
Քարվաճառը զիջելուց շատ չանցած՝ Սոթքի ոսկին մեկեն հայտնվեց ազերիների թիրախում, եւ նրանք հիշեցրին, որ նախկինում հայ-ադրբեջանական վարչական սահմանն անցնում էր հանքավայրի մեջտեղով՝ այն բաժանելով երկու մասի, ուստի պահանջեցին զիջել հանքի իրենց հատվածը: Եվ ցույց տալու համար, որ այդ խնդրում լուրջ են տրամադրված, սկսեցին պարբերաբար կրակ բացել հանքի ուղղությամբ, խաթարել նրա բնականոն աշխատանքը, հետն էլ սպառնալիքներ տեղալ: Այդպես՝ օգտվելով երկրի անտերունչ վիճակից, թշնամին կարողացավ ձեռք գցել հանքավայրի 60 տոկոսը եւ այժմ հավակում է նաեւ մյուս մասին՝ Սոթքի ոսկին ամբողջության իր վերահսկողության տակ առնելու համար:
Նրանք, ովքեր փոքրիշատե ծանոթ են Սոթքի տնտեսական ներուժին, լավ կիմանան, թե ինչ էր նշանակում Հայաստանի համար այդ ձեռնարկությունը նախքան Փաշինյանի շնորհիվ թշնամու՝ այնտեղ հայտնվելը: Հանքը տարեկան մինչեւ 21-22 մլրդ դրամ հարկ էր մուծում պետբյուջե՝ ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Համեմատության համար արձանագրենք, որ անցած տարի հանքավայրը պետական բյուջե մուտքագրել է ընդամենը 3 մլրդ դրամ կամ սովորականից 7 անգամ պակաս: Ազերիների կրակոցների պատճառով, ինչպես նշվեց վերը, ձեռնարկությունն ի զորու չէ լիարժեք աշխատել, եւ այդպես շարունակվելու դեպքում մարզում տնտեսական կոլապսը կդառնա անխուսափելի:
Բայց սրանք Փաշինյանի խոստացած խաղաղության հետեւանքների միայն մի փոքր մասն են, կարելի է ասել՝ փշրանքները: Նրա անխոհեմ ու անհեռատես քաղաքականությունը հղի է Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դարձնելու վտանգով: Եվ այս խառնակ ժամանակներում, մինչ քաղհասարակությունն ու վերակենդանացման թույլ նշաններ ցույց տվող ընդդիմությունը իրավիճակից ելքեր են մտմտում, Երեւան կատարած իր այցով հայ ժողովրդին «պատվեց» խաղաղության եւս մեկ մունետիկ՝ ՀՀ առաջին նախագահի նախկին ավագ խորհրդական, ամերիկաբնակ Ժիրայր Լիպարիտյանը, որը հայ հանրությանը հայտնի է իր թրքամետությամբ:
Հասկանալու համար, թե ինչ առաքելությամբ է Երեւան ժամանել նախկին խորհրդականը, թեեւ դժվար չէ դա կանկագուշակել, բավական է աչքի անցկացնել մայիսի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ նրա զրույցի տեսագրությունը: Պետականությունը պահելու համար նախկին խորհրդականը Հայաստանին խորհուրդ է տալիս խաղաղության փաստաթուղթ ստորագրել, այլապես, ըստ նրա կլինի պատերազմ, եւ երկիրը շատ ավելին կարող է կորցնել. «Եթե չտանք, եւ Ալիեւը շատ ավելին վերցնի, ինչպես եղավ 2020թ. պատերազմի ժամանակ, ի՞նչ ենք անելու, իսկ եթե մենք մի բան ստորագրենք, գոնե 10-20 տոկոս շանս կա, որ ուրիշ բան չի պատահի»,- եթերից այսպիսի պարզունակ ելք է հուշում Լիպարիտյանը:
Հարցազրույցի ողջ առանցքը սա է՝ ստորագրել, հանձնել, զիջել՝ հանուն պետականության: Տո, հեր օրհնած, եթե ամեն ինչ հանձնում ես, էլ պետականությունս ո՞րն է, ինչ խոսք կարող է լինել դրա մասին: Մարդն օվկիանոսի այն ափից հասել է ծվատվող Հայաստան՝ ասելու, թե «եկեք մի բան ստորագրենք, որ ուրիշ բան չպատահի»: Մոտավորապես նույն խոսույթն է, ինչ քարոզում են, իսկ ավելի ստույգ՝ ինչով մեզ վախեցնում են ՔՊ-ական իշխանությունն ու նրա արբանյակները. Արցախն արդեն ճանաչված է Ադրբեջանի կազմում, հիմա պետք է ապավինել Թուրքիայի ողորմածությանը եւ հույսեր փայփայել, որ Արցախի հանձնումը պաշտոնապես ամրագրելու դեպքում Ադրբեջանը մեր հանդեպ բարեգութ կգտնվի…
Նմանատիպ ցնդաբանությունները, որպես կանոն, «հիմնավորում» են մեր վիճակի, իբր անհուսությամբ, թե չունենք դաշնակիցներ, անվտանգության համակարգը չի գործում, մնում է «խաղաղության թուղթը», որը գոնե 10-20 տոկոս անվտանգության երաշխիք խոստանում է: Է՛հ, ոչինչ, որ երաշխիքի չափը չնչին է: Փոխարենը… եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք աներաշխիք չենք ճանաչի:
Գեւորգ Բրուտենց