Մայիսի 15-ին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի երբեմնի փառաբանված հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հրավիրած հանրահավաքում, առանց ավելորդ համեստության, հայտարարեց, որ պետական նախարարի պաշտոն է ուզում: Դա, ըստ նրա, հանրային պահանջ է, որը գործող նախագահը պետք է հաշվի առնի: Արայիկ Հարությունյանն իսկապես ընդառաջեց՝ խոստանալով տասնօրյա խորհրդատվություններ անցկացնել քաղաքական դաշտի հետ՝ չնայած հանրահավաքի սակավամարդությունը բնավ հանրային պահանջի մասին չէր խոսում:
«Հրապարակ» օրաթերթի Արցախի աղբյուրները կարծիք են հայտնում, որ քաղաքական խորհրդատվություններից հետո Բաբայանը կնշանակվի պետնախարար, իսկ ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Գուրգեն Ներսիսյանը, որը Բաբայանի հետ ազգակցական կապեր ունի, կվերադառնա գլխավոր դատախազի իր նախորդ պաշտոնին, որը մինչ օրս թափուր է: Արցախում իրավիճակի տարբեր դիպաշարեր են քննարկում, իբր, «պետնախարար Սամվել Բաբայանի պահանջով» ադրբեջանցիները կբացեն անցակետը, ինչի շնորհիվ նրա հեղինակությունը կբարձրանա: Հետո կպահանջի ռուս խաղաղապահների հեռացումը՝ պատճառաբանելով, որ նրանք չեն ապահովում արցախցիների անվտանգությունը:
Եվ այդպես՝ մանրից ամրապնդելով դիրքերը, Բաբայանը Հայաստանի ու Արցախի գործող իշխանությունների կամքի շրջանակներում կգնա ավելի համարձակ քայլերի, օրինակ՝ ԼՂՀ-ում հանքերի շահագործման թույլտվություն կտա ադրբեջանական ընկերություններին՝ դա հիմնավորելով նրանով, որ փողն ամեն դեպքում մտնելու է տեղական բյուջեն: Ազերիները տանտիրոջ իրավունքով կապրեն Արցախում, ինչը հղի է ԼՂՀ-ի վերջնական հայաթափման վտանգով։ «Հրապարակի» լավատեղյակ աղբյուրը, սակայն, բացառում է Բաբայանի` պետնախարար նշանակվելը, քանի դեռ նախագահի աթոռին Արայիկ Հարությունյանն է: Պատճառն, անշուշտ, այն չէ, որ Արցախի գործող նախագահը «մարդամեկի» նման կառչած է իր աթոռին եւ վախենում է այն կորցնելուց: Պատճառն այլ է:
Նախ՝ Բաբայանն Արցախում չի վայելում ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ինչը ցույց տվեց նաեւ մայիսի 15-ի հանրահավաքը: Եվ երկրորդ՝ ռազմաքաղաքական կարիերայի բարձրակետում,- դա 90-ականների վերջերին էր,- փառքից շլացած «կամանդույուշին» շատ «ավելորդություններ» էր թույլ տվել՝ պաշտոնական դիրքի չարաշահումներ, ցոփություն, բռնարարքներ եւ այլն: 2000-ականների սկզբին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Բաբայանը դատապարտվել էր 14 տարվա կալանքի, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել եւ 10 տարուց ավելի Արցախից վտարված՝ ապրում էր ՌԴ-ում։ Ժողովուրդն ամեն ինչ հիշում է, եւ Հարությունյանը հազիվ թե այս խառնակ ժամանակներում իշխանությունը փոխանցի անկանխատեսելի, վստահություն չներշնչող մի ուժի: Մանավանդ, որ ինքն էլ առանձնապես հայրենանվիրության տիպար չէ:
Այսուհանդերձ՝ Սամվել Բաբայանի մասին խոսելիս չպետք է անտեսել Արցախյան առաջին պատերազմում նրա անուրանալի դերակատարումը: Այնժամ նա, այո, ուժեղ, կամային հատկություններով օժտված ռազմական գործիչ էր, սակայն տարիների ընթացքում այդ հատկանիշներից փշրանքներ մնացին: Եվ այն, ինչ հիմա նա անում է՝ այդ թվում Արցախում, ակնհայտորեն ուղղորդվում է Երեւանից: Հայտնի են անգամ Նիկոլ Փաշինյանի անունից նրան ուղղորդողները՝ ի դեմս Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի: Սրանք են քաղաքական առումով հովանավորում ու համակարգում Բաբայանի գործողությունները, համատեղ մշակում նրա քաղաքական օրակարգը:
Որոշ փորձագիտական գնահատականներով՝ Փաշինյանը մտադիր է իշխանափոխություն իրականացնել Արցախում, ինչը, մեծ հաշվով, ձեռնտու է նաեւ Արայիկ Հարությունյանին: Նա ուզում է ստեղծված մղձավանջից դուրս գալ, ընդ որում՝ անվնաս ու անհետեւանք, թեպետ հասկանում է, որ դա հնարավոր չէ ինչպես Փաշինյանի, այնպես էլ իր եւ էլի ոմանց դեպքում: 44-օրյա պատերազմի պարտության, հողահանձնման պատասխանատվության «ականը» պայթելու մեծ ներուժ ունի: Մյուս կողմից՝ Հարությունյանի հրաժարականը կարող է հանգեցնել իրավիճակի բարդացման, քաոսի՝ անկանխատեսելի հետեւանքներով: Իսկ Արցախում Բաբայանի աշխուժացումը իրավիճակն էլ ավելի կսրի:
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները Սամվել Բաբայանին են տեսնում Արցախի կողմից Ադրբեջանի հետ բանակցողի դերում: Այդ մասին որոշ ակնարկներ կան «Հարցազրույց» հաղորդման ժամին Բաբայանի՝ տեսակապով փոխանցված հայտարարություններում: Արցախից նա տեղեկացնում է, որ իրավիճակը կարգավորելու համար 5 կետից բաղկացած առաջարկներ ունեն, որոնց իրագործումը պետնախարար նշանակվելու դեպքում թույլ կտա ժողովրդին հանել ցնցակաթվածից: «Մեր նպատակն է հանրաքվեով ճնշում գործադրել նախագահի վրա եւ ստանալ պետնախարարի պաշտոնը եւ 5 քայլերը կատարել, փորձել պաշտպանությունը ստեղծել եւ Արդբեջանի հետ հավասարը հավասարի հետ նստել, բանակցել»,- հայտարարել է Բաբայանը:
Արցախյան ընդդիմությունը եւ ՊԲ նախկին հրամանատարի հետ դեռ հնուց թշնամական հարաբերություններ պահպանած հայտնի շրջանակները հիմնավոր կասկածներ ունեն, որ Հարությունյանն ու Բաբայանը մեկտեղ են գործում: Վերջինիս ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակացությունը Արցախի ԱԺ-ում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունի՝ իշխող քաղաքական ուժից հետո: Հատկանշական է, որ վայելելով Արցախի ու Հայաստանի իշխանությունների սատարումը, խորհրդարանում ունենալով բավական պատկառելի ներկայություն եւ լինելով բնիկ արցախցի՝ Բաբայանը «հանրահավաքային մրցությունում» առնվազն 0:10 հաշվով պարտվեց վերը թվարկված առավելություններից ոչ մեկը չունեցող Ռուբեն Վարդանյանին:
Նախկին պետնախարարի պարագայում «հանրային պահանջի» առկայությունը շատ ավելի ակնհայտ էր, սակայն Արայիկ Հարությունյանը չընդառաջեց եւ քաղաքական դաշտի հետ տասնօրյա խորհրդատվություններ անցկացնելու փորձ անգամ չարեց: Սա ընդդիմության կասկածների օգտին վկայող փաստ է, բայց տվյալ թեմայի համատեքստում դա չէ էականը: Ապշեցնողն այն է, որ երբեմնի քաջարի զինվորականը, Արցախի հերոսը, որի կոչումից, ի դեպ, հրաժարվել է, իր հող ու ջրի նվիրյալն այսօր դարձել է իր ազատագրած սրբազնական հողը թշնամուն հանձնող իշխանությունների խամաճիկը: Մի քանի օր առաջ, երբ Արցախի ԱԺ խոսնակ Թովմասյանը հուշեց Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ) ստեղծելու գաղափարը, Բաբայանն առաջինը հայտնեց այդ մարմնում ընդգրկվելու իր ցանկությունը:
Նրա համար միեւնույն է՝ պետնախարա՞ր կնշանակվի, թե՞ ՊՊԿ նախագահ, միայն թե պաշտոնը «յուղոտ» լինի, ինչպես այն հին, բարի ժամանակներում, երբ իր ընդունարանում հերթի սպասող շատ պաշտոնյաներ՝ դողը սրտներում, մոտենում էին սիրունատես քարտուղարուհուն եւ շշուկով՝ հարցնում «շեֆի» տրամադրությունը ո՞նց է… որպեսզի կողմնորոշվեն՝ նե՞րս մտնել, թե՝ ոչ: Հե՛յ գիդի օրեր, որտե՞ղ եք կորել:
Գեւորգ Բրուտենց