Շատ հաճախ մամուլը իշխանության համար իսկական գլխացավանք է: Մանավանդ՝ որեւէ պայմանականությամբ չբարդույթավորված, ազատ մամուլը եւ մանավանդ՝ այնպիսի խոցելի իշխանության համար, ինչպիսին այսօր Հայաստանի գլխին կարգվածն է: Խոշոր հաշվով՝ իշխանությունների համար փոքրիշատե տանելի են համակարգին անմռունչ ծառայող կամ, ՀՀ երկրորդ նախագահի բառապաշարով ասած, «պատասխանատու» լրատվամիջոցները, որոնք երկրի «կեղտոտ լվացքը» երբեք մարդամեջ չեն հանում:
Հասարակության մեջ, իսկ ամենաշատը իշխանամերձ շրջանակներում, մի խոր մոլորություն կա. դա իշխանության եւ պետության հանիրավի նույնականացումն է: Դիցուք լրագրողը իշխանությանը քննադատության է ենթարկել մի գործողության համար, որն անդառնալի վնաս է պատճառել պետությանն ու մեր ազգային շահերին: Անպայման կգտնվեն մարդիկ, որոնք կթիրախավորեն լրագրողին՝ նրան մեղադրելով հակապետական գործունեություն ծավալելու մեջ: Մինչդեռ վերջինիս հրապարակումը ոչ թե պետության դեմ է, այլ՝ այն անբարեխիղճ իշխանավորի, որը երկրի ազգային շահերի դեմ է գործում: Կամա թե ակամա:
Սա հիմնականում պետության եւ իշխանության գործառույթները չտարբերելու թյուրըմբռնում է: Հակված ենք կարծելու, որ պետություն-իշխանություն արհեստածին շփոթը խորհրդային ժամանակների կուսակցական-նոմենկլատուրային կառավարման ոճի մաշված, սակայն մեր օրերում կենսունակությունը տակավին պահպանող կարծրատիպ է: Միջին վիճակագրական քաղաքացին լավ գիտի, որ պետությունն ու իշխանությունը տարբեր կատեգորիաներ են, բայց ինչ-ինչ դիտավորությամբ կամ կաղապարված մտածողությամբ պայմանավորված՝ մարդիկ հաճախ նույն հարթության վրա են դիտարկում այդ երկու հասկացությունները:
Այժմ պետություն-իշխանություն-մամուլ եռանկյունու համատեքստում կանդրադառնանք մամուլի աշխատանքի հերթական սահմանափակումներին, որոնք բխում են մայիսի 25-ին ԱԺ-ում բացառապես իշխանական ձայներով ընդունված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի լրացումների նախագծի ոգուց ու տրամաբանությունից: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի՝ եթե լրագրողը պետական մարմինների աշխատանքային կանոնները խախտելու դեպքում նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտում է կանոնները, պետական մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ դադարեցնել տվյալ լրագրողի հավատարմագրումը։
Գործող օրենքով, սակայն, պետական կառույցը լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու իրավունք չունի, դա կարող է անել միայն լրագրողին հավատարմագրած լրատվամիջոցը։ Փոփոխությունը հարուցել է փորձագիտական ու լրագրողական շրջանակների արդարացի դժգոհությունը: Նրանց կարծիքով՝ հավատարմագրման մերժումը սխալ քաղաքականություն է, որը կարող է ազատ խոսքի սահմանափակման հանգեցնել: «Սա խիստ բացասական ու անընդունելի գործընթաց է լինելու»,- համոզված է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Ըստ նրա, հավատարմագրումից զրկելու որոշումը պետք է կայացնի կա՛մ խմբագրությունը, կա՛մ հասարակական կազմակերպությունը:
Նախկին լրագրող, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, որը նախագծի համահեղինակներից է, վստահեցնում է, որ օրենսդրական նոր փոփոխությունները չեն սահմանափակի լրագրողների գործունեությունը: Անգամ հավատարմագրումից լրագրողի զրկվելու դեպքում լրատվամիջոցը հնարավորություն է ունենում հավատարագրման ներկայացնել մեկ այլ աշխատակցի: «Սա փոփոխություն է լրագրողների աշխատանքը ապահովելու մասին, սա փոփոխություն է պետական մարմիններում բնականոն աշխատանքը ապահովելու մասին»,- հայտարարել է Հովհաննիսյանը: Նախագծի հիմնավորմամբ՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու պատճառ կարող են դառնալ, օրինակ, պատգամավորներին վիրավորելը, սպառնալը, միջադեպեր հրահրելը։
Տպավորություն է՝ ասես ԱԺ քաղաքական մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորները, պարզապես խնդիր ունեն օձիքներն ազատել սուր, անհարմար հարցեր առաջադրող «կպչուն» լրագրողներից: Մանավանդ՝ այս օրերին, երբ իրապես դժվար է պատասխան գտնել ներքին եւ արտաքին քաղաքականության բազմաթիվ չհստակեցված հարցերին, որոնք վերաբերում են, մասնավորապես, Արցախի ճակատագրին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ վտանգավոր, անհեռանկար «խաղերին», ներհայաստանյան խմորումներին, մեր բզկտված հայրենիքի անորոշ ապագային եւ այլն:
Վերջին շրջանում իշխանությունը, որի պաշտոնեական սանդուղքի բարձր դիրքերում, ի մասնավորի՝ ԱԺ-ում, նախկին լրագրողներ շատ կան, կարծես թե, գտել է գրչի մշակներին սանձելու, մամուլի «բերանը» փակելու ձեւը, այն է՝ խստացնել օրենսդրությունը: Փույթ չէ, որ դա արվում է ՀՀ-ում ժողովրդավարության՝ առանց այն էլ խամրող իմիջին վնասելու, խոսքի իրավունքի եւ մամուլի ազատության հիմնարար սկզբունքները ոտնահարելու գնով: «Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարված սույն փոփոխությունը մեկուկես տարվա ընթացքում մամուլին առնչվող հետադիմական օրենքների շարքի վերջին շտրիխն էր:
Հիշատակելի է հատկապես 2021թ. օգոստոսին ԱԺ-ում լրագրողների ազատ տեղաշարժի աննախադեպ սահմանափակումը, որն առաջացրել էր լրագրողական համայնքի վրդովմունքը: Խորհրդարանի հին մասնաշենքը նորին կապող հատվածը կամ, ինչպես սրամիտներն են բնորոշել, «Լաչինի միջանցքը» ամբողջությամբ անցել է ՊՊԾ վերահսկողության տակ: Այն տանում է դեպի իշխանական պատգամավորների աշխատասենյակները, եւ այդ ուղղությամբ լրագրողների ազատ տեղաշարժը խստիվ արգելված է: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների տեղաշարժին առնչվող փոփոխությունները համարում է անվտանգության նորմերից բխող անհրաժեշտություն, իսկ մասնագետները՝ խոչընդոտ ու սահմանափակում:
Այն իրավիճակը, որն այսօր տիրում է խորհրդարանում, ռազմական գոտի է հիշեցնում: Շենքի ներսում եւ դրսում ակնհայտորեն ստվարացել են համազգեստավոր ծառայողների խմբերը, որոնց թվաքանակը հատկապես չորեքշաբթի օրերին բազմապատկվում է՝ պայմանավորված ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստին Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Վերջին հարցուպատասխանին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը խորհրդարան էր եկել ոստիկանական մեծ շքախմբով եւ անվտանգության ծառայողներով, այդ թվում իր թիկնապահներով, որոնց մի մասը նիստերի դահլիճ էր մուտք գործել ու տեղ զբաղեցրել առաջին շարքերում:
Իշխանությունն ուժեղացրել է նիստերի դահլիճի մուտքերի հսկողությունը։ Բոլոր դռների մոտ տեղադրվել են մետաղորսիչ սարքեր, եւ ամեն անգամ դահլիճ մտնելիս պատգամավորներին ստուգում են։ Թե՛ լրագրողների խոսքի ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, թե՛ անվտանգության աննախադեպ խստացված միջոցառումները ոչ միայն իշխանության վախի դրսեւորում են, այլեւ «ժողովրդավարության բաստիոն» վերնագրով առասպելի անփառունակ վերջաբան: Փորձագետները չեն բացառում, որ օրենքի ներկայիս փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ մամուլի ազատության ոլորտում Հայաստանի՝ առանց այն էլ ոչ բարվոք վարկանիշի վրա:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մարտ ամսին հրապարակած իր՝ 2021թ. տարեկան զեկույցում անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարության վիճակին՝ նշելով, որ մեր երկրում խոսքի ազատությունը շարունակում է «անարդար կերպով սահմանափակված մնալ՝ իշխանությունների ջանքերով»։ Վկայաբերվել էին օրենսդրական այն փոփոխությունները, որոնցով, ըստ Amnesty International-ի, սահմանափակվել են անկախ մամուլն ու քննադատական խոսքը, իսկ վիրավորանքի եւ զրպարտության համար տուգանքի շեմ է սահմանվել 6 մլն դրամը։
Ավելի վաղ՝ օգոստոսին, օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրել էր հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչեւ երեք ամիս ազատազրկումը։ Ուշագրավ է, որ միջազգային զեկույցում՝ իբրեւ օրինակ, բերվել էր լուսանկարի տակ արված մեկնաբանությամբ վարչապետին վիրավորելու համար հարուցված առաջին քրեական գործը: Բերված օրինակի ենթատեքստը պարզ է՝ վիրավորանքի քրեականացումը, նախեւառաջ, վարչապետին վիրավորանքներից զերծ պահելու նպատակ ունի:
Գեւորգ Բրուտենց