Եվ այսպես՝ իրականություն դարձան քաղաքագետների, փորձագետ-վերլուծաբանների ու քաղաքական գործիչների գերակշիռ մեծամասնության այն կանխատեսումները, թե իշխանություններն ամեն ինչ կանեն՝ կեղծելու ԱԺ արտահերթ ընտրությունները եւ ստանալու իրենց ցանկալի արդյունքը: Այդպես էլ եղավ: Ընտրակեղծիքների մեքենան հրաշալի կատարեց իր «սեւ» գործը: Թե՛ նախընտրական շրջանից առաջ, թե՛ այդ շրջանում եւ թե՛ բուն քվեարկության ժամանակ կեղծիքի թափանիվը պտտվում էր երկու կարեւոր ուղղությամբ. կիրառում էր վարչական ռեսուրսներ եւ, մյուս կողմից էլ, քարոզչական ահաբեկչության էր ենթարկում քաղաքական ընդդիմախոսներին՝ օգտագործելով ուժային կառույցների, մասնավորապես ԱԱԾ-ի եւ Ոստիկանության հնարավորությունները:
Քվեարկության հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակեց ընտրություններին մասնակցած 1.281.174 քաղաքացիների քվեների վերաբերյալ հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված նախնական պաշտոնական արդյունքները, համաձայն որոնց առաջատար ուժերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687.251 ձայն (53,92%), «Հայաստան» դաշինքը՝ 268.165 ձայն (21,04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66.633 ձայն (5,23%), որոնք էլ կլինեն նոր խորհրդարանում: Մանդատները կբաշխվեն այդ ուժերի միջեւ. ՔՊ-ին բաժին կհասնի՝ 71, «Հայաստան» դաշինքին՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 7 մանդատ: Վերջինս թեեւ չհաղթահարեց դաշինքների համար սահմանված 7 տոկոս անցողիկ շեմը, խորհրդարանում կլինի օրենքի ուժով, քանի որ, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովը պետք է կազմված լինի նվազագույնը երեք քաղաքական ուժերից։
Մնացած ձայները մեծիմասամբ բաշխվել են այլ ուժերի միջեւ. ԲՀԿ-ի՝ 3,96% (50.416 քվե), «Հանրապետություն» կուսակցության՝ 3,04% (38.713 քվե), «Հայ ազգային կոնգրես»-ի՝ 1,54% (19.647 քվե), Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի՝ 1,5% (19.142 քվե), «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության՝ 1,47% (18.767 քվե), ԼՀԿ-ի՝ 1,22% (15.557 քվե) եւ այլն: Եվրոպական եւ ռուսաստանյան մի շարք կառույցների ու դիտորդական առաքելությունների գնահատականով՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են երկրի օրենսդրությանը համապատասխան, դրանք մրցակցային էին, հարգվում էր ընտրողների իրավունքը:
Փոխարենը բազմաթիվ կոպիտ ընտրախախտումներ են արձանագրել տեղական դիտորդներն ու լրագրողները: Նրանց վկայությամբ՝ ընտրություններում տեղ են գտել քաղաքացիների եւ, հատկապես, զինվորների մեծաթիվ ուղղորդումներ, ցուցակներում մահացած կամ վաղուց ՀՀ-ում չբնակվող անձանց անունների առկայության, տեղամասից քվեաթերթիկների դուրսբերման, հոսանքազրկման, ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ ոստիկանական բռնությունների, սպառնալիքների կիրառման, առեւանգման, խուզարկությունների իրականացման դեպքեր եւ այլն: Շատ անգամ անօրինությունները բխում էին իշխանական կամ իշխանամերձ շրջանակներից: Օրինակ՝ Երեւանի թիվ 9/21 ընտրատեղամասում լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանը մի քանի լրագրողների աչքի առջեւ քաշեց-պոկեց քվեատուփի կապարակնիքը եւ ոչ միայն չքմեղացավ, այլեւ հանիրավի աղմուկ բարձրացրեց, թե ինչու էր պոկված կապարակնիքը: Նման արհեստածին միջադեպեր՝ ընդհուպ ծեծկռտուքներ, հրահրելը եզակի երեւույթ չէին:
Ընտրություններն, ըստ էության, այն միջոցառումն էին, որը կոչված էր հանգուցալուծելու ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամը, լիցքաթափելու գաղջով, թույնով ու ատելությամբ ներծծված մթնոլորտը, վերահաստատելու ներազգային համերաշխություն եւ հանդուրժողականություն: Սակայն ընտրություններից հետո, կարծես թե, տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ միջանձնային հակասությունները սկսել են ավելի սրվել, կրքերն՝ ավելի բորբոքվել եւ փոխվստահության ճգնաժամն՝ ավելի խորանալ: «Հայաստան» դաշինքը՝ առաջինն անդրադառնալով ընտրական գործընթացում եղած լուրջ բացթողումներին, համարում է, որ ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքները խիստ վիճահարույց են եւ վստահություն չեն ներշնչում ու չեն արտահայտում հանրային տրամադրությունները, ուստի պատրաստվում է այդ հարցով դիմել Սահմանադրական դատարան: «Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, եւ փարատված չեն կասկածները, դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,- նշված է հայտարարությունում:
Հունիսի 22-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած մամլո ասուլիսում Ռոբեր Քոչարյանը մասամբ պատասխանեց ամենաշատը շրջանառվող՝ պատգամավորական մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ նշելով, որ ընդդիմադիր երկու դաշինքները ստացել են իշխանության դեմ քաղաքական պայքարը շարունակելու հավելյալ հնարավորություն, որը կարելի է լավագույնս օգտագործել ի շահ այդ պայքարի արդյունավետության: Երկրորդ նախագահն անձամբ իրեն ավելի շուտ տեսնում է գործադիր իշխանությունում, քան օրենսդիրում, սակայն խորհրդարանային հարթակը համարում է պետության համար կարեւորագույն հարցեր արծարծելու եւ լուծումներ առաջարկելու բավական ազդու գործիքակազմ: Բայց կա նաեւ հակառակ տեսակետը, թե կապիտուլյանտից ազատվելու իրենց առաքելության կենսակոչման համար «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները պետք է հրաժարվեն մանդատներից՝ խորհրդարանում առաջ բերելով սահմանադրական ճգնաժամ, որի լուծումը Սահմանադրությամբ նախատեսված չէ: «Մանդատ վերցնելը միայն կօգնի կապիտուլյանտին՝ մինչեւ վերջ հասցնել իր ազգակործան ծրագիրը»,- ՖԲ իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Ասուլիսում «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, դաշինքի անդամ Վահե Հակոբյանը, ի պատասխան լրագրողների հարցի, պարզաբանեց, թե ինչու ընդդիմադիր տրամադրություններ ունեցող Սյունիքում իշխանությունն ավելի շատ քվե ստացավ, քան ընդդիմությունը: Հակոբյանը դա պայմանավորեց վարչական ռեսուրսի կիրառմամբ, տեղամասերում զինվորների ուղղորդված քվեարկություններով, պետական հիմնարկների ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների հավաքագրմամբ, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ուժային կառույցների բռնի գործողություններով եւ այլ հանգամանքներով: Խոսելով փոխադարձ վիրավորանքներին, հայհոյանքներին վերջ տալու, հաշտություն հաստատելու վերաբերյալ հունիսի 21-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի առաջարկի մասին, Քոչարյանն ափսոսանք է հայտնել, որ վերջինս երբեք խոսքին տեր չի եղել եւ այսօր էլ շարունակում է վենդետաներով սպառնալ իր քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ մի շարք համայնքապետերի:
Երկրորդ նախագահի դիտարկմամբ՝ Փաշինյանի խոսքի ու հռետորաբանության մեջ գուցեեւ կա դրական փոփոխություն, սակայն աշխատաոճը շարունակում է մնալ նույնը: 2018-ին, երբ նա ուներ հանրային բարձր վստահություն, Քոչարյանի համոզմամբ, կարող էր երկիրը տանել զարգացման բոլորովին այլ հունով, եւ չէինք ունենա ոչ պատերազմ, ոչ Արցախի տարածքային կորուստներ, ոչ տնտեսական կոլապս, ոչ էլ հասարակության պառակտում: «Հիմա նա, դատելով հունիսի 21-ի հանրահավաքային ելույթից, կրկին նույն սխալ ճանապարհն է ընտրել»,- նկատում է Երկրորդ նախագահը եւ, որպես վստահության պակասի լրջագույն հիմք, մատնաշում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից ստացված հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում էին ընտրության արդյունքների համակարգված ու նախապես պլանավորված կեղծարարության մասին:
Տեսաձայնագրություններով հիմնավորված բազմաթիվ ընտրախախտումներ է ֆիքսել նաեւ քաղաքագետ Անժելա Էլիբեգովшն ընտրությունների հանրային վերահսկողության կոմիտեի իր խմբով, որոնց մասին գրել է ֆեյսբուքյան էջում: «Արդյունքները պարտադիր պետք է բողոքարկվեն, որովհետեւ եթե միայն ես ու միայն մի տեղամասում մի քանի ժամում փոխթաղապետի ընտրատարածք ներխուժելուց սկսած, ընտրացուցակում մարդկանց հասցեով անհայտ անձի գրանցված ու քվեարկածով վերջացրած խախտումներ եմ ֆիքսել, երկրով մեկ մասշտաբներն ահռելի էին»,- գրում է նա։ Եվ իսկապես, այս օրերին ընտրատեղամասերում ընթացող՝ ձայների վերահաշվարկները ուշագրավ անակնկալներ էին մատուցում, որոնցից առավել տիպականներին արժե հակիրճ անդրադառնալ:
Ընտրությունների կեղծ թվերը դուրս են գալիս «ջրի երես»: Դեպքերն ավելի աղաղակող են հատկապես «Հայաստան» դաշինքի պարագայում: Օրինակ՝ Կապան համայնքի Ձորք թաղամասի 35/17 տեղամասում դաշինքի 258 ձայներն արձանագրության մեջ նշվել են 0, փոխարենը այդ 258 ձայնը արձանագրվել է Եվրոպական կուսակցության օգտին: 14/8 ընտրատեղամասում «Հայաստան»-ի ստացած 261 քվեն մուտքագրված է որպես 26 քվե, իսկ նույն համայնքի Եղվարդ գյուղի ձայների վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է, որ դաշինքի ստացած 49 ձայնից արձանագրվել է միայն 4-ը։ Մյուս 45 ձայները «նվիրվել» են այլ քաղաքական ուժի: Ընդամենը 65 տեղամասում կատարված վերահաշվարկից հետո «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով։ Կեղծիքների նույն «ձեռագիրն» է նկատվել նաեւ Վանաձորում եւ Երեւանի թիվ 4 ընտրատարածքում: Այսպես՝ 4/2 տեղամասում դաշինքի օգտին տրված 390 քվեի փոխարեն մուտքագրվել է 39 ձայն, 4/3-ում՝ 409-ի փոխարեն 49 ձայն, 4/44-ում՝ 281-ի փոխարեն 28 ձայն:
Սրանք բացահայտված պատառիկներ են ձայների պաշտոնական վերահաշվարկի արդյունքներից, բայց՝ ոչ իշխանությունների ամենավառ «երեւակայության» ապացույցը: Հրապարակի վրա եղած որոշ տեսանյութեր բացում են զանգվածային համակարգային անօրինությունների շատ ավելի խոշոր կծիկ՝ կեղծիքների հետքերը տանելով մինչեւ Զինված ուժեր: Բանակը 35-40 հազար զինվորներով ընտրել է մի քանի անգամ, ընդ որում՝ տարբեր տեղամասերում, որոնց ցուցակները գաղտնի են ու հրապարակման ենթակա չեն:
Շատ քաղաքագետներ գտնում են, որ Փաշինյանն այս ընտրությունների արդյունքում ստացավ «բյուրոկրատական» մանդատ, սակայն սոցիալական մանդատ կամ, որ նույնն է, հանրային լայն օրինակարգություն նա չստացավ: Այդ մասին է վկայում հետեւյալ պարզ հաշվարկը. ըստ պաշտոնական տվյալների՝ ունենք 2.591.316 ընտրող: Ընտրություններին չի մшսնшկցել 1.282.411-ը: Փшշինյшնը «ստшցել է» 687.251 ձայն, որն ընդհանուր ընտրողների ձայների 26.5 տոկոսն է կազմում: Ստացվում է, որ մեր երկրում ձեւավորվել է 26.5%-անոց իշխանություն: Եվ եթե հաշվի առնենք ուղղորդումներով, վարչական ռեսուրսի կիրառմամբ, զինվորականների, ոստիկանների եւ այլոց ստիպողաբար քվեարկելով պայմանավորված ընտրախախտումները, ապա անգամ այդ թիվը էլ ավելի նվազելու միտում ունի:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ցնծության մեջ է՝ նա ոգեշնչված է իր հաղթանակով, չնայած, խոշոր հաշվով, դա ժողովրդի պարտությունն էր, ինչում նա կհամոզվի, երբ առանց իր կարծիքը հաշվի առնելու, «ընտրյալ» իշխանությունը վերջնականապես երկիրը կհասցնի կործանման: Բայց, արդեն ուշ կլինի: Փաշինյանի հաղթանակը տոնում է նաեւ Ադրբեջանը, որի առջեւ նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի վերընտրությամբ: «Սա լինելու է Նիկոլ Փաշինյանի պյուռոսյան հաղթանակը, եւ մենք չենք ընդունում ընտրությունների արդյունքները, քանզի այս դեպքում կունենանք Հայաստան, որի խնդիրները կմնան չլուծված, իսկ հասարակությունը կշարունակի գտնվել պառակտման վիճակում»,- «TALK TIME» հաղորդման եթերում ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ կեղծարարությունների ծավալով այս ընտրություններն աննախադեպ էին։
Դե, ինչ՝ ՔՊ-ականները թող վայելեն իրենց պյուռոսյան հաղթանակը, որը ձեռք բերվեց մեծ կեղծիքների եւ, ամենից առաջ, վստահության ու հավատի կորստյան գնով: Ինչի՞ դա կհասցնի՝ դժվար է ասել, մի բան, սակայն, հաստատ է՝ կեղծիքի վրա կառուցված իշխանությունը չի կարող երկար կյանք ունենալ:
Գեւորգ Բրուտենց