Tuesday, 26 November 2024

A Analysis

Փաշինյանը եւ պետության «կադաստրի» վկայականը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Փաշինյանը չի դադարում հանրությանը զարմացնել ժամանակ առ ժամանակ հրապարակ նետվող տարօրինակ եւ վիճահարույց իր հայտարարություններով, որոնք մեծիմասամբ հանձնվողական տրամաբանության արտահայտություն են: Այլ կերպ ասած՝ փոխանցում են ադրբեջանական թեզեր կամ «էստի համեցեք» հրավերով գրգռում թշնամու՝ առանց այդ էլ անհագ ախորժակը: Ամենասկզբից նա մերկապարանոց հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է ԼՂՀ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, ապա Բաքվին լսելի դարձրեց, որ ՀՀ-ին ոչ ոք զենք չի վաճառում, իսկ քիչ անց խոսեց զինծառայողներին դիրքերում ԱԱԾ սահմանապահ զորքի մարտիկներով փոխարինելու մասին, որոնք գրեթե անզեն պետք է հսկեն սահմանը:

Վերջին աղմկահարույց հայտարարությունը ՀՀ-ի՝ այսպես ասած, «կադաստրի վկայական» չունենալու մասին պնդումն էր, որը կարելի է մինչեւ օրս նրա տարածած արտառոց մտքերի գլուխ-գործոցը համարել: Մայիսի 24-ին՝ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լեւոն Զուրաբյանի ֆեյսբուքյան այն գրառմանը, որում հերքվում է իր սուտը, թե Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, որ նույն Ալմա Աթայի հռչակագիրը, որով այսօր առաջնորդվում է գործող իշխանությունը, ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, հռչակագրով ԱՊՀ երկրներն ընդունել են ԽՍՀՄ-ի ժամանակ գոյություն ունեցող վարչական սահմանները՝ որպես անխախտելի պետական սահմաններ:

Ի լրումն՝ Փաշինյանը վկայաբերում է Տեր-Պետրոսյանի մի հարցազրույց, որտեղ վերջինս նշել է. «ինքնավարությունն Արցախի բնակչությանը լիովին բավարարում է, եւ ավելին չենք էլ ուզում»: Պարտվողական ղեկավարը խարազանում է երկրի մեկ այլ պարտվողական ղեկավարի՝ փորձելով այդպես մեղմել իր մեղքը: «Այսինքն՝ 1998թ. իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք»,- ՀԱԿ-ի հասցեին շպրտել է Փաշինյանը: Ավելին՝ նա իրեն բոլոր նախորդ առաջնորդներից ավելի «հայրենասեր» ու «հաղթական» է համարում, ինչի մասին ակնարկում է Զուրաբյանին ուղղված խոսքում՝ ասելով. «Թե ճակատագրական այս շրջանում ով է ավելի հայրենասեր եւ ով՝ ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել»:

Այս համատեքստում էլ պարզաբանում է՝ «մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք կադաստրի թուղթ», եւ ՔՊ-ականները, իբր, փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ ունենանք «կադաստրի թուղթ»: «Մենք,- հայտարարում է Փաշինյանը,- ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դելիմիտացված սահմաններով»: Եթե սա է պետականաշինության լիարժեք մոդելի մասին մեջբերման հեղինակի պատկերացումը՝ նշանակում է գործ ունենք աղճատված մտածողության տեր մեկի հետ, որի ընկալումների պարզունակությունն արդեն հասել է գագաթնակետին:

Շրջանառության մեջ դնելով «մեր ապրած վայրում» համապատասխան «կադաստրի թուղթ» (նկատի ունի միջազգայնորեն ճանաչված սահման կամ իրավունք) չունենալու, ինչպես նաեւ «տնվորի մեր կարգավիճակը» հաղթահարելու թեման, նա այդպիսով «ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին» ու զարգացնում «Էրիվանն» ադրբեջանական պատմական հող եւ, առհասարակ, Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան անվանելու՝ Իլհամ Ալիեւի հայտնի թեզերը: Իրեն երկրի առաջին դեմք համարող անձը ոչ միայն տոն ու թռիչք է տալիս ոխերիմ հարեւանի ազգային ցնորամտության առասպելին, այլեւ պետության ու պետականության գաղափարն իջեցնում է կենցաղային-առօրեական բնութագրության, այն է՝ «կադաստրի վկայականի» մակարդակի:

Հայրենիքը, Պետությունը, հայրենյաց Հողը, պետական Ինքնիշխանությունը վսեմագույն արժեքներ են, որոնց կրողը չի կարող ունենալ պետության այդ աստիճան պարզունակ ընկալում, իսկ եթե, այնուամենայնիվ, ունի՝ ուրեմն ինքը չի կարող պետության գլուխ լինել: «Տպավորություն է, որ ՀՀ-ն պետություն չի եղել, եւ մենք, ընդհանրապես, պետականության 30-ամյա ընթացք չենք ունեցել: Հիմա ինչ-որ մեկը եկել եւ ծանր պարտության գնով, Արցախն ու միջտարածքները (անկլավները) օտարելու գնով փորձում է պետություն ստեղծել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Փորձագիտական շատ շրջանակներ այն կարծիքին են, որ Փաշինյանի հայտարարությունը խիստ վտանգավոր է. դրանով նա օրինակարգացնում է մեր ինքնիշխան տարածքների ադրբեջանական բռնազավթումը: Երբ պնդում ես, թե մինչեւ հիմա մենք չունենք «կադաստրի վկայական», ըստ էության, վերահանգում ես թշնամի երկրի տեսակետին, համաձայն որի՝ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է, քանի դեռ այդտեղ սահմանազատում չի կատարվել: Մյուս կողմից՝ եթե ինքդ էլ ընդունում ես, որ չունենք «կադաստրի վկայական», ուրեմն ինչո՞ւ ես դժգոհում, երբ ՀԱՊԿ-ը չի դատապարտում ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունը: Այս մարդը, իրոք որ, խճճվել է իր իսկ հերյուրած ստերի ու ձեռնածությունների բավիղներում:

Խուլ պետք է լինել՝ չլսելու եւ կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, թե ինչպես է նա մաս-մաս զիջում մեր հողատարածքները, հլու-հպատակ կատարում թուրք-ադրբեջանական նվաճողների կամքը, նրանց առջեւ բացում հայրենիքի դարպասները: 2022-ի դեկտեմբերի 12-ից՝ Բերձորի միջանցքի արգելափակումից շաբաթներ առաջ, երբ Բաքվի միապետը հայտարարում էր, թե Բերձորի միջանցքով հայերը ռազմական տեխնիկա են տեղափոխում ԼՂՀ, Փաշինյանը հանձնարարում է Արցախից դուրս բերել ծանր զինտեխնիկան, որպեսզի ապացուցի Ալիեւին, որ ինքը ոչ թե զինում, այլ ընդհակառակն՝ զինաթափում է Արցախը։ Բայց դա Իլհամին չէր գոհացրել եւ, շատ չանցած, բաքվեցի «բնապահպանները» փակեցին Բերձորի միջանցքը:

Ալիեւի հերթական նվաստացուցիչ պահանջը «Արցախի Հանրապետություն» բառեզրը ՀՀ-ում գործածությունից հանելն էր, ինչը եւս իշխանությունն ի կատար է ածում: Մարտի 15-ին Պնախարար Սուրեն Պապիկյանի գաղտնի հրահանգով ՊՆ հրամկազմին արգելվեց վերը հիշատակված բառակապակցության օգտագործումը: Զինվորական ստորաբաժանումներին ուղարկված գրավոր հրամանագրով այն փոխարինվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթով: Ի՞նչ ասել կուզի. հայկական կողմից արված եւ արվելիք խոշոր զիջումներին զուգահեռ, ինչպես նաեւ Ադրբեջանի պայմաններով խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ, Ալիեւի ուշադրությունից չեն վրիպում անգամ եզրաբանական ձեւակերպումները:

Մարդ չգիտի, թե մինչեւ ուր են դեռ հասնելու հայրենավաճառության այս վակխանալիան, իրավաքաղաքական այս ամենաթողությունը, նեղ «կադաստրային» այս հոգեկերտվածքը: Տպավորություն է, թե Փաշինյանն ազերի-թուրքից ավելի թուրք է: Պատահական չէ, որ ազերի բլոգերներից մեկն իր էջում ուշագրավ գրառում էր կատարել՝ նշելով, որ Փաշինյանն Ադրբեջանի համար շատ ավելին է արել, քան այդ երկրի բոլոր ղեկավարները միասին վերցրած. նա, ըստ գրառման հեղինակի, իրենց է վերադարձրել Ղարաբաղը: Բլոգերն առաջարկում էր Փաշինյանի անունն ինչ-որ կերպ հավերժացնել իր երկրի նորօրյա պատմության մեջ, իսկ մահվան դեպքում Ադրբեջանում եռօրյա սուգ հայտարարել:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.