Tuesday, 26 November 2024

A Analysis

Կորոնավիրուս. պայքա՞ր, թե պայքարի նմանակեղծում

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ի առավոտյան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ազդարարեց համավարակը սանձելու գործում գրանցված հերթական ձախողման մասին` փորձելով կորոնավիրուսային խնդրի շրջանակից դուրս գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու մարդիկ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին: Փաշինյանը հանգում է եզրակացության, որ խնդիրը հայկական մտածելակերպի հոգեբանական շերտերի, մասնավորապես` պետական կարգի հանդեպ հայերիս անհարգալից վերաբերմունքի մեջ է եւ պայմանավորված է 5-6 հարյուրամյակ ազգային պետականություն չունենալու հանգամանքով:

Նույն հունիսի 13-ին նոր վարակակիրների ռեկորդային թիվ էր արձանագրվել` 723 մարդ: Ընդհանուր առմամբ` արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 40 հազար արձանագրություն, իսկ միայն շաբաթ օրն իրականացված արտակարգ ռեժիմով ոստիկանության ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1.403 դեպք։

Հերթական իր «լայվ»-ում վարչապետը, սովորության համաձայն, փորձում էր հակահամաճարակային տապալված քաղաքականության մեղքը փաթաթել ժողովրդի վզին: «Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց… Ուզում էի կանգնել, իջնել մեքենայից, ասել` հարգելիս, ո՞ւր ես գնում: Ուզում էի ասեի` կանգ առեք, ժողովուրդ ջան: Սենց մենք գնում ենք շատ վատ տեղ»,- եթերից նշել է Նիկոլ Փաշինյանը` այս անգամ զգուշանալով «դժոխք» բառից, որի համար նախօրեին արժանացել էր ընդդիմախոսների սուր քննադատություններին: Ինչ խոսք, անպատվաբեր է` սեփական ապաշնորհ կառավարման եւ ակնհայտ սխալների մեղքը բարդել հասարակ մարդկանց վրա: Այն մարդկանց, որոնք «հպարտ քաղաքացիներ» են, եթե պահանջվում է նրանց աջակցությունը, եւ` «պողոսներ», եթե նրանք ունեն օգնության կարիք: Ուղղակի նման պահվածքը, մեղմ ասած, հակաբարոյական է:

Թվում է` կորոնավիրուսային իրավիճակի հարաճուն վատթարացման մեղավորի հարցում ամեն ինչ ավելի քան պարզ է, եւ այլեւս չպետք է տարակարծություններ լինեն: Բազմիցս փաստվել է` իշխանություններն ամենասկզբից անլրջացրին COVID-19-ը` անտեսելով, երբեմն հեգնելով վարակի վտանգավորությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այն անվանեց սովորական գրիպի ավելի թեթեւ տեսակ եւ, նույնիսկ, ավելորդ համարեց դիմակ կրելը, ինչի համար, ի դեպ, օրերս ներողություն խնդրեց իր սխալի համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը շարունակում էր անցկացնել Սահմանադրական դատարանի հանրաքվեի «Այո»-ի բազմամարդ քարոզարշավ` թեպետ հայտնի էր, որ ժամանակին միջոցներ չձեռնարկելու պատճառով կորոնավիրուսը ներթափանցել էր Հայաստան, եւ արդեն կային վարակակիրներ: Միայն ԱՀԿ-ի կողմից համավարակ հայտարարվելուց հետո մեր իշխանությունները սկսեցին «ձեռուոտ» ընկնել, բայց արդեն ուշ էր, եւ վիճակն այլեւս շտկել չհաջողվեց:

Խոշոր հաշվով` կորոնավիրուսի դեմ պայքար, որպես այդպիսին, Հայաստանում տեղի չունեցավ: Իրական պայքարի փոխարեն այսօր եւս իրականացվում է պայքարի նմանակեղծում: Այդպես էլ չարիքն արմատախիլ անելու հստակ ռազմավարություն «իմքայլականները» չընդունեցին: Անձամբ Նիկոլ Փաշինյանը այն վերածել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքերը հաճախակի լվանալու եւ նման կարգի մանրաթեմայական արդեն ձանձրացնող քարոզչության, որը կարող էր իրականացնել ցանկացած կրտսեր բուժհրահանգիչ: Նորերս էլ վարչապետն իր ձեռքով փողոցներում դիմակներ էր բաժանում` հավանաբար փորձելով ընդգծել դրանց կարեւորությունը, թեեւ ոմանց կարծիքով` վարչապետը պարզապես դիմակի տվյալ տեսակն էր գովազդում:

Ամեն դեպքում զարմանալ կարելի է բարձրաստիճան պաշտոնյայի թանկագին ժամանակը մանրուքների վրա մսխելու` մեր վարչապետի գործելակերպից: Ակներեւ է, որ իշխանակարգը ջանում է համավարակի գործոնը ծառայեցնել քաղաքական ինչ-ինչ շահերի եւ, կարծես թե, խնդիր է դրված հնարավորինս երկարաձգել COVID-19-ով պայմանավորված արտակարգ դրությունը: Այն բացառում է բողոքի զանգվածային ակցիաների անցկացումը, հեշտացնում է քաղաքական ընդդիմախոսների ձայնը լռեցնելու, նրանց քաղաքական հետապնդումների ենթարկելու հնարավորությունը: Եվ, բացի ամենից, կարելի է սեփական ապիկար կառավարման ձախողումները վերագրել համավարակին:

Գալով իշխանության վերին էշելոններում տիրապետող մտայնություններին, թե մարդիկ չեն ենթարկվում պետության սահմանած արգելքներին, հարկ է նկատել, որ ամենապարզ պատճառը թեմայի մասին իշխանությունների բազմիցս արտահայտած հակասական, իրարամերժ դատողություններն են: Մարդիկ համոզված չեն, որ սահմանափակումների կարիք իսկապես կա, ոմանք չեն հավատում անգամ կորոնավիրուսի բուն գոյությանը, ինչը նույնպես գալիս է իշխանությունների հանդեպ անվստահությունից: Կան նաեւ այլ` քաղաքացիական, էթիկական, պրագմատիկ գործոններ, որոնք պայմանավորում են սահմանված արգելքները քաղաքացիների մեծամասնության կողմից չպահպանելու վարքագիծը: Այս համատեքստում կարեւոր է արձանագրել հետեւյալը. քաղաքացին պատրաստ է ենթարկվել արգելքի պահանջին, եթե համոզվի, որ արգելքն իրոք արդյունավետ է հանրային շահի տեսանկյունից: Բայց սա հատուկ մասնագիտական քննարկումների նյութ է, որը դուրս է մեր ձեւաչափի շրջանակից:

Հատկանշական է, որ Կառավարությունը վարակակիրների տարածվածության մեջ մեղադրում է բոլորին, բացի իրենից: Մեղադրանքի կիզակետում, իհարկե, ժողովուրդն է, որը, վարչապետի դիտարկումներով, վարակվում կամ վարակում է «ընդհատակյա» հարսանիքներում ու թաղման արարողությունների ժամանակ, «բիսեդկաներում» նարդի խաղալիս ու հարեւանի տանը սուրճ խմելիս: Մարդաշատ քաղաքական ակցիաների հաշվով, որոնք ուղեկցվում են ոստիկանական ուժերի աննախադեպ բռնություններով եւ կարող են հարյուրավոր վարակվածությունների պատճառ դառնալ, Փաշինյանը լռում է` հավանաբար դրանցում տեսնելով նաեւ մեղքի իր բաժինը: Բայց ժողովրդի գրպանին նոր տուգանքներով հարվածելու հարցում նա անհողդողդ է` եթե մեղավոր են, ուրեմն պիտի նյութական վնաս կրեն: Եվ հունիսի 17-ից պարտադիր դարձավ անձը հաստատող փաստաթղթով տնից դուրս գալը, հակառակ դեպքում կտուգանվի 10 հազար դրամով: Ընդ որում` դիմակ չկրելու համար կտուգանվի առանձին, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար` առանձին, այսինքն` 10+10 հազար դրամով:

Ընդհանրապես` Կառավարությունը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ, որ մարդկանց մի հոծ հատված պարզապես գումար չունի դիմակի համար: Վարչապետը խորհուրդ էր տվել դիմակը համարել առօրյա պիտույքի մաս, ինչպես օրինակ` օճառը կամ ակնոցը, եւ ամեն օր օգտագործել: Բայց որքանով է տեղին դիմակը համեմատել ակնոցի հետ, երբ դիմակ պահանջվում է գնել ամեն օր, այն էլ 3-4 հատ` ծախսելով առնվազն 300-400 դրամ կամ ամսական շուրջ 10 հազար դրամ, իսկ ակնոց կարող ես գնել վատագույն դեպքում 4-5 տարին մեկ անգամ: Էլ չենք խոսում թեստերի մասին, որոնց ամենամատչելի գները լաբորատորիաներում տատանվում են 15-30 հազար դրամի սահմաններում: Ի դեպ` հարեւան Վրաստանում թեստավորումներն անվճար են` որքան էլ այս փաստը տհաճություն պատճառի Արսեն Թորոսյանին:

Իսկ մեր իշխանությունների փոքրիշատե տեսանելի «գործը» կորոնավիրուսի հետ համակեցության պայմաններին հանրությանն ընտելացնելն է: Ասում են` պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ, քանզի համավարակը, նրանց խոսքով, կարող է տեւել մինչեւ 5 տարի, իսկ միգուցե` ավելի երկար… Է´հ, սրանցից դժվար է բան հասկանալ: Շատ ավելի հեշտ է կորոնավիրուսի հետ «լեզու գտնել»:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.