Sunday, 07 August 2022

A Analysis

Բարեփոխումներ, բարեփոխումներ… թղթի վրա

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Բանակում կատարվող թե՛ բարեփոխումների, թե՛ չարաշահումների եւ թե՛, առհասարակ, համակարգին այս կամ այն կերպ առնչվող խնդիրների մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել: Զինված ուժերում տեղեկատվական արտահոսքի «կարմիր գծերը» չափից դուրս շատ են: Մի մասը պայմանավորված է «ռազմական գաղտնիք» համարվելու հանգամանքով, ինչը, բնականաբար, ենթակա չէ հրապարակման, իսկ մյուս մասը պարզ շահարկումներ են: Ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ անգամներ փորձում է «ռազմական գաղտնիք» գրիֆի տակ կոծկել, հանրությունից թաքցնել սեփական անգործությունը, չկայացվածությունը, երբեմն էլ՝ ուղղակի հանցավոր վարքագիծը:

Ասել մի բան եւ անել լրիվ հակառակը. սա օրվա իշխանությունների գործելակերպին բնորոշ ամենացայտուն գծերից մեկն է: Խոսքը չի վերաբերում միայն բանակին: Կառավարությունը կարող է բռնությունները, ազատ խոսքի սահմանափակումները, քաղաքական հալածանքները խնամքով տեղավորել «միջազգային բրենդի» փաթեթում՝ իբրեւ ՀՀ-ում ժողովրդավարության բարձրագույն նվաճում, իսկ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին ճամարտակելով՝ մեզ ավելի մոտեցնել պատերազմին: Ժողովրդի մեծամասնությունն արդեն հասկացել է՝ երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասում է՝ կա՛ ապագա, նշանակում է խորտակված է մեր ապագան, երբ կոկորդով մեկ բղավում է՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», նշանակում է այն պատրաստվում է հանձնել Ադրբեջանին:

Միայն հիշողությամբ այսպիսի տասնյակ օրինակներ կարելի է բերել, բայց դրա կարիքը չկա: Ասում են՝ համոզվելու համար, որ ծովի ջուրն աղի է, պետք չէ ամբողջ ծովը խմել, անգամ մեկ կումը դրա համար լիովին բավական է: «Մեկ կումի» տրամաբանությամբ էլ կփորձենք դիտարկել գործադիրի հունիսի 9-ի նիստում Կառավարության անդամների հավանությանն արժանացած՝ «Պաշտպանության մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որն ԱԺ-ի քննարկմանը կուղարկվի, ինչպես վստահեցնում է իշխանությունը, արագացված ռեժիմով՝ որպես անհետաձգելի հարց։ Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը արդեն ավելի քան երեքուկես ամիս չունի Գլխավոր շտաբի պետ, ինչը հետպատերազմական երկրում ուղղակի անմտություն է:

Եվ այդքան ժամանակ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակում չնախաձեռնող իշխանությունը հայտարարում է, որ ԳՇ պետ կնշանակվի օրենքի փոփոխությունից հետո։ Այսինքն՝ զինվորական ամենաբարձր ու տվյալ պահի ամենապատասխանատու պաշտոնը էլի որոշ ժամանակ կմնա թափուր։ Մինչեւ նախագիծն առաջիկա օրերին հասնի խորհրդարան, դրվի շրջանառության մեջ, պատգամավորներին էլ նախքան քննարկումը 2 շաբաթ ժամանակ տրամադրվի գրավոր առաջարկների համար եւ այլն, առնվազն եւս մեկ ամիս կանցնի: Ինչպես կարող է աղետաբեր պատերազմ տեսած իշխանությունն այսաստիճան զուրկ լինել վտանգի զգացողությունից: Պարտքի ու պատասխանատվության իսպառ բացակայությունից էլ դեռ չենք խոսում:

Փաշինյանի կաբինետը մտադիր է այս փոփոխությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որն, ըստ Սահմանադրության, զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց առանց նախարարին փոխարինելու լիազորության: Մինչդեռ տեղակալի՝ առավել եւս առաջին տեղակալի, հիմնական գործառույթը նախարարի բացակայությունների դեպքում (արձակուրդ, գործուղումներ, հիվանդացածություն եւ այլն) նրան լիարժեք փոխարինելն է: Այդ կարեւոր գործառույթը բացառելու դեպքում ո՞րն է, ուրեմն, փոփոխության իմաստը. չէ՞ որ առանց այդ էլ գործող՝ «Պաշտպանության մասին» օրենքով Գլխավոր շտաբը ոչ պատերազմական ժամանակ ենթակա է պաշտպանության նախարարին:

Կառավարության հիմնավորմամբ՝ այս փոփոխության նպատակը «ԶՈՒ-ում խոստացված բարեփոխումների շրջանակում բանակի ղեկավարման արդյունավետության բարձրացումն է»: Հիմնավորումն, ըստ իս, թույլ է: Իրականում նորից փորձ է արվում գեղեցիկ փաթեթավորմամբ հանրությանը մատուցել հերթական սուտը: Փոփոխության մեջ բարենորոգչության նշույլ անգամ չի երեւում: Ավելին՝ դրանից բանակի ղեկավարման արդյունավետությունը կարող է տուժել, քանզի եթե պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, որ նույն Գլխավոր շտաբի պետն է, չունի նախարարին փոխարինելու լիազորություն, բաց է մնում այն հարցը, թե ով է նախարարի բացակայության դեպքում կատարելու նրա պարտականությունները: Երբ վառոդի հոտը դեռ քթիդ մեջ է, չի կարելի բանակն «անգլուխ» թողնել նույնիսկ մեկ օր:

Երկրորդ. ԳՇ պետերն ամենաշատը փոփոխվել են հենց ՔՊ-ի իշխանության տարիներին՝ չորս անգամ: Սա է բանակի ղեկավարման արդյունավետության «հերն անիծել», եւ նախատեսվող կադրային «կցմցանքով» իրավիճակը դժվար թե շտկվի: Հիշեցնենք, որ պատերազմից հետո ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց՝ ընդ որում ապօրինաբար, երբ պահանջեց վարչապետի հրաժարականը։ Փաշինյանն այն ժամանակ դա ռազմական հեղաշրջման փորձ որակեց: Շատ հնարավոր է՝ օրենսդրական փոփոխությունը հեղաշրջման նոր փորձից զգուշանալու մտավախությամբ է պայմանավորված, ինչից ելնելով էլ Փաշինյանն ուզում է «վտանգավոր» ԳՇ-ն դնել իր վստահելի մարդկանցից մեկի՝ Սուրեն Պապիկյանի ենթակայության տակ:

«Փաշինյանի իշխանությունը նաեւ հոգեբանական խնդիր է լուծում՝ իրեն ավելի վստահ զգալու համար»,- նկատում է նախկին Պնախարար, այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, իշխանությունն այս փոփոխությամբ քաղաքականացնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, քանի որ պաշտպանության նախարարը քաղաքական թիմի անդամ է: Անտարակույս, չկա երաշխիք, որ Զինված ուժերը զերծ կմնա քաղաքականացվելուց, ինչն ամենաանցանկալի դիպաշարը կլինի երկրի համար: Սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, հանուն աթոռի պահպանման, գնում է իր ուժային հենարանն ավելի ամրապնդելու քայլին՝ անտեսելով պետության պաշտպանունակությանը սպառնացող վտանգները:

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել էր Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը՝ պարզաբանելով, որ «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները նպատակամիտված են ՀՀ սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակության բարձրացմանը, ինչը բացառապես ԶՈՒ Գլխավոր շտաբի խնդիրն է: «Քաղաքացիական այլեւայլ խնդիրները՝ այդ թվում զենքի գնումները, պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության վարչությունների կողմից, ինչի արդյունքում Զինված ուժերի մեր գործընկերներն ավելի շատ ժամանակ կունենան զբաղվելու իրենց առաքելությամբ»,- նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքից տպավորություն է, թե Գլխավոր շտաբը նախկինում զբաղված է եղել իրեն ոչ հատուկ գործառույթներով, եւ այժմ փորձում են օրենսդրորեն կարգավորել գործունեության այն շրջանակը, որի իրականացման համար կոչված է ռազմական թիվ մեկ կառույցը: Այլ կերպ ասած՝ պաշտպանական գերատեսչությունում հստակ տարանջատվում են պաշտոնեական գործառույթների ռազմական եւ քաղաքացիական բաղադրիչները: Սեյրան Օհանյանը պնդում է, որ ԳՇ-ն նախկինում էլ գնումներ չէր իրականացնում. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Գլխավոր շտաբը 2016 կամ 2018 թվականից հետո սկսել զբաղվել մատակարարմամբ, երբ «Պաշտպանության մասին» օրենքով դրանով պետք է զբաղվի Պնախարարությունը, ոչ թե Գլխավոր շտաբը»,- շեշտում է գեներալ-գնդապետը:

Ռազմական որոշ փորձագետների դիտարկմամբ՝ բանակի քայքայման գործընթացը, որի սկիզբը դրվել էր դեռ պատերազմից առաջ ծավալված «կադրային ջարդով», ըստ էության, տարբեր դրսեւորումներով շարունակվում է մինչեւ օրս: Հունիսի 9-ին Կառավարության ընդունած խնդրո առարկա օրինագիծը այդ դրսեւորումներից մեկն է: Ընդհանուր առմամբ՝ սնանկ դուրս եկավ բանակի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 10-ից մի քանի օր անց Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզը: Զինված ուժերում խոստացված բարեփոխումները, որոնց իրագործման ժամկետը առաջին փուլի կտրվածքով նախատեսված էր 6 ամիս, այդպես էլ մնացին թղթի վրա՝ որպես ձայն բարբառո յանապատի:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.