Sunday, 07 August 2022

A Analysis

Սյունիքում միջանցք չի լինելու. ադրբեջանական բեռների եւ քաղաքացիների համար կլինի ռուսական ուղեկցություն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Այս քարտեզը 1999 թվականին հրատարակել է հեղինակավոր ՄՈՆԴ ԴԻՊԼՈՄԱՏԻԿ-ը, երբ քննարկվում էր ղարաբաղյան կարգավորման տարածքների փոխանակման տարբերակ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները գործելու են պարզեցված ընթացակարգով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երեւանի ինքնիշխանության առնչությամբ որեւէ երկիմաստություն լինել չի կարող:

Բաքվի եւ Անկարայի իշխանությունները հետեւողականորեն առաջ են տանում «Զանգեզուրյան միջանցքի» թեման՝ պնդելով, որ դա իրականություն է դառնում, եւ Ադրբեջանն ու Նախիջեւանը, ապա նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով կապվելու են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով:

Լավրովը Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «երկաթգծային ուղին համաձայնեցված է, ներկայումս ավարտվում է ավտոմոբիլային ճանապարհի եւ այն ընթացակարգի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի… Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները եւ «Ալիք Մեդիայի» ունեցած տեղեկությունը համադրելով՝ կարող ենք ասել, որ միջանցք, որպես այդպիսին, չի լինելու, այսինքն՝ Հայաստանի երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով Ադրբեջանից դեպի Նախիջեւան ու հակառակ ուղղությամբ լինելու է հայաստանյան մաքսային եւ անձնագրային ստուգում:

Բաքուն, սակայն, ցանկանում է, որ Ադրբեջան-Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ անցումներն իրականացվեն ռուսական ներկայությամբ: Եթե ավելի պարզ ներկայացնենք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փոխվարչապետների մակարդակով շարունակվող բանակցային մանրամասները, ապա կողմերը մոտ են այնպիսի համաձայնության, ըստ որի՝ ռուսական սահմանապահները կուղեկցեն Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական տրանսպորտային եւ մարդկային շարժը:

Դա, անկասկած, նույնական ընթացակարգ չէ, ինչպիսին կա Լաչինի միջանցքի դեպքում, որն ազատ, անմաքս անցում է: Ադրբեջանը Հայաստանի ճանապարհներով տարանցման դիմաց վճարելու է մաքսեր, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է վճարելու մաքսեր Ադրբեջանին՝ Ռուսաստանի եւ այլ երկրների հետ կապվելու դիմաց: Փոխվարչապետների եռակողմ բանակցություններում դեռեւս համաձայնեցված չեն, թե որքան ժամանակ են ռուսներն ուղեկցելու ադրբեջանական տարանցումը եւ բազմաթիվ այլ լոգիստիկ ու տեխնիկական խնդիրներ:

Եթե արդեն հստակեցված է, որ վերականգնվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիս երկաթուղին, ապա ավտոմոբիլային ճանապարհի պարագայում դեռեւս կան տարաձայնություններ: Ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհի դեպքում բնական կլիներ վերականգնել խորհրդային ժամանակների կապը, այն է՝ Լաչին-Գորիս-Անգեղակոթ-Բիչենեկ, սակայն Բաքուն Ադրբեջան-Նախիջեւան կապը տեսնում է Հայաստանի ամենահարավում՝ Արաքս գետի երկայնքով, երկաթուղուն զուգահեռ:

Սրանով են պայմանավորված Իրանի շահագրգռվածությունը եւ մտահոգությունը: Հայաստանը եւս համաձայն չէ այդ ճանապարհին:

Երեւանի համար կա չափացանց կարեւոր եւս մեկ բան՝ ո՞ր երկրի ներկայությամբ է իրականացվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան բեռների տարանցումը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում չկան ռուսական ուժեր: Բնական է՝ Ադրբեջանը չի համաձայնի, որ Հայաստան-Ռուսաստան տարանցումն իրականացվի ռուսական ուղեկցությամբ: Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան ու հակառակ ուղղությամբ ռուս եւ այլազգի վարորդների, ճանապարհորդների խնդիր չի լինի, բայց արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները եւ ազգությամբ հայերը կհամարձակվեն օգտվել Ադրբեջանի տարածքից, եթե չլինի երրորդ կողմի ուղեկցություն:

Սա չափազանց կարեւոր է: Եթե Հայաստանի քաղաքացիները կամ ազգությամբ հայերը խուսափելու են անցնել ադրբեջանական ճանապարհներով, ապա ապաշրջափակումից կարող են օգտվել Ադրբեջանը, Ռուսաստանն ու այլ պետություններ եւ, ըստ էության, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ապաշրջափակումների մասին լինեն համաձայնություններ, բայց Հայաստանը չկարողանա ամբողջությամբ օգտվել դրանցից:

 

Թաթուլ Հակոբյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.