Tuesday, 26 November 2024

A Analysis

Պետական ռեկետի բացահայտման գրոտեսքյան գործընթացը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերջին քսանհինգ տարվա ընթացքում Հայաստանի ամենակարեւոր ներդրումային նախագիծն էր։ Ըստ հիմնադրամի տվյալների, քառորդդարյա իր գործունեության ընթացքում նա ունեցել է 700.000 նվիրատու ամբողջ աշխարհից, ապահովել է 350 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, իրականացրել 1.100 մեծ նախագծեր, օգնել 500.000 շահառուների։

Չնայած իր ներկայացրած տպավորիչ ցուցանիշներին՝ համահայկական այս կազմակերպությունում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին նախորդ տարիներին բարձրաձայնել են շատ քաղաքացիներ։ Հայաստանյան հանրության մեջ վաղուց արդեն գոյություն ուներ այն կասկածը (իսկ շատ դեպքերում՝ նաեւ համոզմունքը), որ հիմնադրամի տնօրինած գումարների մի մասն օգտագործվում էր քրեաօլիգարխիկ վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորագույն շրջապատի կարիքների համար։ Խոսվում էր նաեւ գումարների անօրինական վատնման, այդ թվում՝ խաղատներում խաղադրույքներ կատարելու մասին։ Օրերս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) բացահայտումները եկան մասնակիորեն ապացուցելու հանրության մեջ եղած կասկածները։

Հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաեւ հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել էր անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Այնուհետեւ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել էր հիմնադրամի հաշվապահություն` դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: Ըստ ԱԱԾ-ի, ձերբակալությանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ էր փոխանցել առցանց խաղատներին, իսկ 2016-2018 թվականներին այդ գումարը կազմել էր շուրջ 130 մլն դրամ:

Այսօր արդեն, երբ հիմնադրամի գումարների վատնման շուրջ քաղաքացիների կասկածներն ու վերը նշված նախնական փաստերը համընկել են, պարզվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ նվիրաբերելու գործընթացը կազմակերպվում էր ուղղակի պարտադրանքի միջոցով՝ այդ գործի մեջ ներգրավելով պետական հիմնարկների ղեկավար կազմերին։ Հայաստանում այս խնդրին ամեն տարի բախվում էին գրեթե բոլոր պետական մարմինների ծառայողները, ովքեր աշխատանքը չկորցնելու համար ստիպված էին ղեկավարության ցուցումով նոյեմբեր ամսին որոշակի գումար մուծել «Հայաստան» հիմնադրամին։

Այժմ, հետահայաց քննարկելով պաշտոնեությանը վճարումներ պարտադրելու` նախորդ վարչախմբի արատավոր գործելաոճը, կարելի է հստակ արձանագրել, որ դա եղել է Հայաստանում տարիներ շարունակ գործած պետական ռեկետի հիմնական ձեւերից մեկը։ Օրինականացված ռեկետի այդ մեխանիզմը գործում էր անթերի. պաշտոնեությունը յուրաքանչյուր տարի միանվագ վճարի ձեւով իր եկամուտներից բաժին էր հատկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որի մի մասը տրվում էր Սերժ Սարգսյանին ու նրա նեղ շրջապատին՝ նրանց կարիքների, վնասակար սովորությունների ու հոգեկան շեղումների բավարարման համար։ Ընդ որում` քաղաքացին իր վճարումը կատարում էր ձեւականորեն կամավոր, բայց իրականում պարտադրված կերպով՝ աշխատանքից չզրկվելու եւ «հայրենիքի դավաճանության» մեջ չմեղադրվելու դիմաց։

Պետական ռեկետի նշված մեխանիզմն անխաթար գործելու համար անհրաժեշտ մի պայման կար. պետական ապարատը չպետք է կարողանար որեւէ դիմադրություն ցուցաբերել անօրինական «հարկահավաքության» ժամանակ։ Այդ նպատակով քրեաօլիգարխիկ վարչախումբը` թմբկահարելով վեհ նպատակներ, ինչպիսիք էին համահայկական իղձերին միտված բարեգործության կազմակերպումը, Արցախում ենթակառուցվածքներ ստեղծելու ու դրանով Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման մասնակիցը դառնալու գաղափարը եւ այլն, մեզանում տարիներ շարունակ ձեւավորել էր այնպիսի միջավայր, որտեղ շատ քիչ պաշտոնյաներ կարող էին իրենց թույլ տալ մերժել «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարի փոխանցումը։ Մարդկանց հայրենասիրական զգացմունքներն ու աշխատանքից զրկվելու վախն օգտագործելով՝ նախորդ վարչախումբը նման կերպ տոտալ վերահսկողություն էր սահմանել պետական ծառայողների նկատմամբ եւ նրանց հարկադրել դառնալ ինչ-որ օդիոզ դեմքերի համար հարկատու զանգված։

Պետական ռեկետի նման մեխանիզմը չէր կարող գործել բոլոր այն դեպքերում, եթե Հայաստանի իրավապահ մարմիններում այդ հանցավոր գործելակերպը լայն տարածում չգտներ։ Հենց իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է երբեւէ կարողանային «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվող յուրացումների մասին հանրության մեջ եղած կասկածները փարատել՝ ստուգելով ու թույլ չտալով, որ մարդկանց ձեւական կամավոր վճարումները, աշխատանքից ազատվելու հեռանկարն աչքի առջեւ ունենալով, վերածվեն պարտադրանքի։ Սակայն, ցավոք, Հայաստանի ուժային կառույցներում մշտապես գտնվել են ղեկավար պաշտոնյաներ, ովքեր ստորաքարշաբար պատրաստ են եղել կատարել Հայաստանի բարձրագույն ղեկավարության անգամ ակնհայտ ապօրինի ցուցումները։

Այժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի կատարած չարաշահումների բացահայտմանը զուգընթաց Ազգային անվտանգության ծառայությունը միաժամանակ ինքը պետք է վերանայի ծառայամիտ, հաճկատար ու տգետ անձնանց ներկայությունն այդ համակարգում, ովքեր նախկինում իրենց ենթականերին պարտադրել են մասնակիցը դառնալ համահայկական պետական ռեկետին, սակայն հանդիպելով մերժումի եւ Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի կողմից հիմնադրամի գումարների յուրացման բարձրաձայնմանը, հարկ են համարել կազմակերպել այդ աշխատակիցներին հետապնդելու եւ աշխատանքից ազատելու գործընթացը։ Այսօր գրոտեսքային պատկեր է հիշեցնում այն իրողությունը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի կատարած չարաշահումները բացահայտելու գործընթացում իրավական ապահովում իրականացնում է ԱԱԾ նույն վարչության պետը, ով մի քանի տարի առաջ ինքն էր հետապնդում ու աշխատանքից ազատում իր ենթականերին, ովքեր բարձրաձայնում էին հիմնադրամի գումարների մսխման մասին ու հրաժարվում մասնակիցը դառնալ նմանօրինակ «բարեգործության»։ Ճակատագրի իսկական հեգնանք…

Հուսով եմ` ԱԱԾ նոր ղեկավարությունը, ԶԼՄ-ներում սույն հրապարակման հետքերով, ցանկություն կունենա զբաղվել ոչ միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամում յուրացումների տարբեր մեխանիզմների բացահայտմամբ, այլ նաեւ իր շարքերում գտնվող ստորաքարշ այն ղեկավարներից ազատվելու գործընթացով, ովքեր հանդես են եկել այդ նույն հիմնադրամի յուրացումները բարձրաձայնած անձանց լռեցնելու ու հետապնդելու փորձերով։

 

Սարո Սարոյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.