Thursday, 18 April 2024

A Analysis

Ռազմական-քրեաօլիգարխիկ համակարգից անցում դեպի ամբոխավարություն

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Յուրաքանչյուր իշխանություն ունի իր սոցիալական, քաղաքական եւ գաղափարական հենարանները: Ըստ այդմ էլ պետությունները կառավարման համակարգի տեսանկյունից ենթարկվում են տիպաբանական բաժանման։ Դեռեւս մ․թ․ա․ 4-րդ դարում հին հույն մեծանուն փիլիսոփա Արիստոտելը՝ առաջնորդվելով  իշխանական համակարգի էութենական բովանդակությամբ, նշում էր, որ իր համար ընդունելի պետական կառավարման մոդելներն են՝ արիստոկրատիկ, միապետական եւ ժողովրդավարական ձեւերը: Հատկանշական է, որ հեղինակը՝ զարգացնելով  կառավարման տիպօրինակների վերաբերյալ իր մտքերը, առաջ էր քաշում այն տեսակետը, ըստ որի՝ վերը նշած համակարգերից ոչ մեկն ապահովագրված չէ դեգրադացումից ու լճացումից, որոնց պարագայում արիստոկրատիան վերածվում է օլիգարխիայի, միապետությունը՝ բռնապետության, իսկ ժողովրդավարությունը՝  ամբոխավարության: Այսինքն՝ քաոսային միջավայրի։

Ըստ Արիստոտելի ե՛ւ  միապետական, ե՛ւ արիստոկրատական, ե՛ւ իրական ժողովրդավարության պարագայում հնարավոր է ապահովել հանրույթի բնականոն զարգացումը, ինչը միայն կարող է խախտվել վերոհիշյալ դեգրադացիայի դեպքում։  Արիստոտելի մասին խոսելիս՝ նշենք, որ նա կառավարման լավագույն տիպօրինակը համարում էր արիստոկրատիան, իսկ առավել վտանգավորն ու ռիսկայինը՝ ժողովրդավարությունը, հիմնավորելով, որ վերջինիս դեպքում բաժանարար գիծը քաոսի եւ ժողովրդավարության միջեւ շատ նուրբ ու զգայուն է, ինչը միշտ չէ, որ հաջողվում է պահպանել։ Մեր կողմից հավելենք նաեւ այն, որ հասարակության զարգացման եւ, մասնավորապես, պետական ինստիտուտների արդյունավետ գործունեության ապահովման համար «խելագարված» եւ «լյումպենացված» ամբոխներն իրապես կարող են մահաբեր վտանգ ներկայացնել:

Սույն հոդվածով կփորձենք նկարագրել ներհայաստանյան քաղաքական այն միջավայրը, որն ի հայտ է եկել 2018թ․ գարնանային դեպքերից հետո, ինչպես նաեւ վեր հանել դրանից բխող  վտանգներն ու հնարավոր ռիսկերը պետական ինստիտուտների եւ, ընդհանրապես, պետականության գոյության համար։

Իտալացի նշանավոր մտածող Անտոնիո Գրամշին կարծում էր, որ իշխանության հիմքը հեգեմոն դիրքերի ապահովումն է կյանքի բոլոր ոլորտներում՝ իշխող  ուժը պետք է մշտապես հոգ տանի ապահովելու իր գերիշխող դիրքերը տնտեսական, մշակութային, ֆինանսական եւ մյուս բոլոր ասպարեզներում։ Սակայն, ըստ  Գրամշիի, իշխանության պահպանման կարեւորագույն երաշխիքը հեգեմոն դիրքերի ապահովումն է գաղափարական դաշտում։ Ասել կուզի, որ իշխող վերնախավը պետք է ամեն կերպ հիմնավորի իր իշխանության առավելությունները եւ դրական կողմերը հասարակության մյուս ներկայացուցիչների համար, համոզի քաղաքացիներին, որ իրենց առջեւ ծառացած խնդիրների լուծման՝ իշխանությունների առաջարկած տարբերակները գոյություն ունեցողների մեջ լավագույնն են, որ վերջիններիս աշխարհընկալման չափորոշիչներն առավելագույնս համապատասխանում են հանրույթի ընկալումներին։ Սրանով իշխող վերնախավը ամեն կերպ պետք է հասնի նրան, որ  շարքային քաղաքացիներն իր իշխանությունը համարեն անհրաժեշտ միջոց դեպի ավելի բարեկեցիկ ու ապահով ապագա։

21-րդ դարում այս խնդրի լուծման հարցում իշխանությունների թիվ մեկ «զենքը» մեդիա-դաշտն է։ Վերնախավի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ԶԼՄ-ների՝ մասնավորապես սոցկայքերի միջոցով զօրուգիշեր թմբկահարել իրենց իշխանության արդյունավետության ու հասարակական աջակցության փաստը: Միաժամանակ պետք է արձանագրել, որ մեդիա-դաշտի առանձնահատկությունն այն է, որ իբրեւ իշխանության հասնելու եւ պահպանելու մարտավարական «գործիք»՝ այն նույն հնարավորությունն ընձեռում է նաեւ ոչ իշխանական ուժերին։ Խոսելով մեդիա-դաշտի մասին՝ որպես 21-րդ դարի քարոզչության հիմնական միջոցի, հարկ է նկատել նրա ամենաբացասական կողմը․ ցավոք սրտի, այստեղ հիմնական որոշիչը ֆինանսն է, ինչի արդյունքում ողջ մեդիա-դաշտը հաճախ զրկվում է գաղափարական եւ կառուցողական բաղադրիչից՝ փոխարենը համալրվելով էժանագին ու անբովանդակ նյութով։

Գալով ներհայաստանյան կյանքին՝ նշենք, որ մեր իրականությունը զերծ չի մնացել վերոնշյալ եղելույթից։ Արցախյան շարժման հաղթանակից եւ անկախ պետականության վերականգնումից հետո իշխանության եկած վերնախավը, դժբախտաբար, բռնեց կաստայացման, դեգրադացման ու լճացման ուղին։ Անկախացումից մինչեւ օրս իշխանական վերնախավը մշտապես լծված է եղել իր իշխանության հիմնավորման եւ լեգիտիմացման գործընթացին։ Ամբողջ այս ընթացքում, իբրեւ գործիք, ծառայել է մեդիա-դաշտը։ Արցախյան պատերազմից հետո իշխանության եկած ռազմական կլանը փորձել է հիմնավորել իր իշխանության լեգիտիմությունը՝ անընդհատ շեշտելով հաղթանակի գործում ունեցած ներդրումը եւ իրենց առաջնորդության կենսական կարեւորությունը: Սակայն ժամանակի ընթացքում քարոզչական այս հնարքը սպառեց իրեն, քանզի այն ի վիճակի չէր լուծելու քաղաքացիների եւ պետականության առջեւ կանգնած մարտահրավերները։ Արդյունքը եղան 1990թ. պետական հեղաշրջումը եւ բարձրագույն իշխանության անցումը օլիգարխիային։

Երրորդ իշխանական վերնախավը, ինչպես ցույց տվեց ժամանակը, նույնպես զուրկ էր համազգային մարտահրավերներին պատասխանելու ունակությունից, հետեւաբար՝ մնում էր որդեգրեր այլ մարտավարություն իր իշխանությունը գոնե երկարաձգելու համար։ Այդ նոր մարտավարությունն առավելապես հենվում էր հասարակության քաղաքակրթական արժեքաբանության, մտավոր ներուժի, բարոյահոգեբանական իրավիճակի դեգրադացման գործընթացի վրա։ Ասվածը լավագույնս արտացոլված է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետեւյալ հայտնի արտահայտության մեջ՝ «Որքան պետք է, այնքան էլ կխփենք»։ Ամբողջ օլիգարխիկ համակարգը միջոցներ չէր խնայում ապահովելու հասարակական այնպիսի տրամադրություններ, համաձայն որի՝ «իրենց դեմ խաղ չկա»։ Այդ նպատակով «գնվում» էին քաղաքական գործիչներ, ստեղծվում «գրպանային» ընդդիմություններ, կազմակերպվում հասարակական-քաղաքական ուղղորդված միջոցառումներ (ցույցեր, երթեր, բողոքի ակցիաներ)։ Սակայն մեկ կենտրոնից կազմակերպված լինելու հանգամանքը կանխորոշում էր «բանից անտեղյակ» քաղաքացիների դժգոհության արտահայտության վերջաբանը։ Այս ամենն, իվերջո, հանգեցրեց քաղաքական դաշտում ապատիկ միջավայրի եւ հասարակական հուսահատության ու անկարողության զգացումի առաջացմանը։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ քրեաօլիգարխիկ վերնախավի կողմից ամեն բան արվում էր հասարակությանը դեգրադացնելու ու մանիպուլացնելու եւ, այդպիսով, իրենց իշխանությունն ապահովագրելու համար։ Բայց այդ ամենը հնարավոր չէր իրականացնել միայն քաղաքական դաշտում․ հասարակության լիակատար դեգրադացման կարեւորագույն բաղադրիչը մշակութային ու բարոյահոգեբանական ասպեկտն էր, եւ սա քաջ գիտակցում էր քրեաօլիգարխիան՝ ի դեմս իր պարագլուխ Սերժ Սարգսյանի։ Հանրության մշակութային ու մտավոր դեգրադացիան գլուխ բերելու ճանապարհին առաջին եւ հիմնական հարվածն ուղղվեց կրթական համակարգին։ Կրթական համակարգի եւ, առհասարակ, «կրթություն» հասկացության աղճատումը հասավ այն աստիճանի, որ համատարած երեւույթ դարձավ «դիպլոմ գնելը»։ Կրթական համակարգը կազմաքանդելուց հետո հաջորդ հարվածն ուղղված էր մշակութային միջավայրին․ իշխող օլիգարխիկ վերնախավն իր կեղծ, «պսեւդո»-արժեհամակարգը սկսեց հանրայնացնել ու քարոզել 21-րդ դարում ի հայտ եկած մշակութային մի նոր ճյուղի՝ այսպես կոչված շոու-բիզնեսի ներկայացուցիչների միջոցով։ Կրթական համակարգի կազմաքանդման եւ ոլորտում պետականամետ գաղափարախոսության բացակայության պայմաններում երիտասարդության մի ստվար հատված սկսեց արագորեն կլանել շոուբիզնեսի եւ, ընդհանրապես, ցածրորակ մեդիա-դաշտի միջոցով քրեաօլիգարխիկ վերնախավի մատուցած բարոյական «պսեւդո»-արժեհամակարգը։ Այս ամենով պատկերը դարձավ ամբողջական։ Կեղծ արժեհամակարգով սնված բնակչության հիմնական հատվածին մանիպուլացնելն ու կառավարելու քրեաօլիգարխիայի մարտավարությունը առերեւույթ հասավ իր նպատակին։ Սակայն իրավիճակի խորքային, մանրակրկիտ եւ արհեստավարժ վերլուծության պարագայում ակներեւ էր դառնում իրական պատկերը․ իշխող «պսեւդո»-էլիտան՝ անկարող լինելով ճիշտ ժամանակին ու համապատասխան լուծումներ տալու համապետական նշանակության մարտահրավերներին եւ, այդպիսով, իր իշխանության պահպանման եսասիրական միտումով դեգրադացնելով հասարակական լայն զանգվածներին, ոչ միայն ձախողում էր իր այդ նպատակը, այլեւ վտանգում էր անգամ պետության, պետականության եւ համազգային շահերը։ 21-րդ դարին բնորոշ գլոբալացման պայմաններում ներքին եւ արտաքին բազում մարտահրավերների պարագայում հասարակությանը դեգրադացնելու, խավարի մատնելու միջոցով նրանց վրա իշխելու՝ միջնադարին բնորոշ գործելաոճը մեր օրերում ի սկզբանե դատապարտված էր անփառունակ վախճանի։ Արդյունքը եղան պետությանը հասցված անդառնալի վնասները եւ 2018-ի գարնան հայտնի դեպքերը, երբ օլիգարխիան՝ իբրեւ տնտեսական եւ քաղաքական կառավարման տիպօրինակ, վերջնականապես սպառեց իրեն ու տեղը զիջեց կառավարման նոր մոդելին։

Նոր իշխանություններն իրենց դիրքերը պահպանելու համար պետք է գտնեին սոցիալական, քաղաքական ու գաղափարական նոր հենարան, եւ վերջիններիս ընտրությունը կանգ առավ ժողովրդավարության քողի տակ «ծպտված» ամբոխավարության մոդելի վրա։ Վերջին մեկ տարվա ներհայաստանյան իրավիճակի վերլուծությունը, ըստ մեզ, ապացուցում է այն փաստը, որ, գլխավորապես նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներով համալրված նոր իշխանական էլիտան եւս ի զորու չէ լուծել լրջագույն քաղաքակրթական մարտահրավերները։ Իշխանական ողջ վերնախավի գործունեության հիմքում ընկած են պոպուլիստական գործելաոճը, ապակառուցողական քաղաքական օրակարգերը, ինչպես նաեւ ազգային աշխարհընկալման եւ արժեհամակարգի հետ որեւէ աղերս չունեցող եղանակները։ Այդպիսի իրավիճակում, անտարակույս, իշխանության սոցիալական եւ գաղափարական հենարան կարող է հանդիսանալ բացառապես հուսահատված եւ դեգրադացված ամբոխը։ Հատկանշական է նաեւ այն, որ նոր իշխանությունների կողմից փորձ է արվում ամբոխավարության տրպօրինակը համադրել միապետական մոդելի ինչ-ինչ տարրերի հետ։

Ասվածի լավագույն վկայությունը գործող քաղաքական համակարգի ուղղակի գոյատեւման հարցում ներկա քաղաքական ընտրախավի լիդեր Նիկոլ Փաշինյանի անձի ունեցած դերն ու նշանակությունն է։ Փաստորեն՝ 2018 թվականի գարնանից հետո Հայաստանում իշխանության եկած կամ միգուցե վերափոխված նախկին քաղաքական «պսեւդո»-էլիտան՝ սպառելով կառավարման օլիգարխիկ մոդելի բոլոր հնարավորությունները, այժմ փորձում է իր իշխանության համար գաղափարական եւ սոցիալական հենարան գտնել՝ հանձին դեգրադացված ու մոլորեցված ամբոխի։ Բայց, ինչպես նախորդ անգամները, այս անգամ եւս պետական մտածողությունից, ազգային գաղափարախոսությունից, ինքնութենական նորացման տեսլականից, մասնագիտական, մտավոր կադրային ռեսուրսից, հստակ մշակված եւ ժամանակի ու տարածության մեջ չափելի տնտեսական ծրագրից, պետական անվտանգության ռազմավարական հայեցակարգից զուրկ «պսեւդո»-էլիտան ձախողվելու է։ Արդյունքը, դժբախտաբար, լինելու են ժամանակի անտեղի կորուստը եւ հներին ավելացած ու իրենց լուծումներին սպասող նոր մարտահրավերները:

 

Հայկ Փայտյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.