Monday, 25 November 2024

A Analysis

Ամբիցիաներ եւ ռոմանտիզմ. Հակահեղափոխության ուրվականը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Անցած շաբաթավերջին Երեւանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը թերեւս աննախադեպ էր Հայաստանի ողջ պատմության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է անակնկալներ մատուցել, այս անգամ որոշել էր նոր կառավարության 100-օրյա գործունեության արդյունքներն ամփոփել եւ առաջիկայի անելիքներն ու ծրագրերը հանրությանը ներկայացնել ուղղակի Հանրապետության հրապարակում, որտեղ նրա կոչով օգոստոսի 17-ին հավաքվել էին 100 հազարից ավելի քաղաքացիներ:

Կառավարության ավանդական «հարյուրօրյակը» հանրահավաքային ձեւաչափով անցկացնելու նպատակահարմարության մասին տարբեր կարծիքներ հնչեցին: Դեռ հանրահավաքից մի քանի օր առաջ թեմային առաջինն անդրադարձավ կալանքից նոր ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա խիստ զարմացած էր, որ Փաշինյանն իրեն թույլ է տալիս վարչապետի սուղ ժամանակից 3-4 օր նվիրել հանրահավաքի անցկացմանը: Ինքը` Քոչարյանը, ՀՀ վարչապետ եղած ժամանակ, իր ասելով, «քիթ սրբելու» ժամանակ չէր ունենում: Նա ամբոխավարություն որակեց Նիկոլ Փաշինյանի բաց գործելակերպը՝ նշելով, թե վերջինս իր կառավարման փորձի ու գիտելիքների պակասը փորձում է փոխհատուցել հանրահավաքով, որը նրա տարերքն է, եւ որ տվյալ «ոլորտում» նա իրեն շատ բարեհարմար է զգում:

Հանրահավաքը դեռ տեղի չունեցած՝ Քոչարյանի այս արձագանքը, ինչպես պարզվեց հետագայում, ազդանշան էր կամ ինչ-որ հակընդդեմ քայլերի սկիզբն ազդարարող հրահանգ: Այդ մասին է վկայում մի խումբ հանրապետականների միահամուռ «գրոհը» արդեն հանրահավաքից հետո: «Երկիր Մեդիայի» եթերում նախկին նախագահի հնչեցրած մտքերը խտացրին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ իրենց տարածած հայտարարություններում, եւ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ֆեյսբուքյան իրենց գրառումներում:

Այլեւս դժվար չէ կռահել, որ նրանց կոշտ քննադատություններն ուղղորդված են մեկ կենտրոնից եւ նպատակ ունեն հնարավորինս «սեւացնել» վարչապետին, քանի որ նժարի վրա իրենց ապագայի խնդիրն է դրված, մասնավորապես ձեռք բերածը՝ կարիերա, պաշտոն, փող, սեփականություն եւ այլն, կորցնելու վախը: Այնուհետեւ գործի դրվեց «ծանր հրետանին»՝ Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանը, որը հանդես եկավ ներքաղաքական իրավիճակի հետ կապված հայտարարությամբ՝ իրականում, սակայն, կենտրոնանալով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի ելույթի վրա: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար խորհրդարանի ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Սա «թավշյա» հեղափոխությունից հետո առաջին անգամն է, որ Հանրապետական կուսակցության թիմը պատրաստակամություն է դրսեւորում կանգնել, այսպես կոչված, հակահեղափոխության ամենահավանական առաջնորդի՝ ՀՀ երկրորդ նախագահի կողքին, ով պաշտոնապես հայտարարել է քաղաքականություն իր վերադարձի մասին: Հետեւաբար՝ այս օրերին Ռոբերտ Քոչարյանը նրանց համար լույսի շող է թունելի վերջում: Մարդ, ում «փեշից» պետք է ամուր բռնել, քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս առաջվա վստահությունը չի վայելում: Կամ նրա տեղը, ինչպես ոչ այնքան վաղ անցյալում, «ստվերն» է:

Ամեն դեպքում ակնհայտ է, որ «նախկինները» պատրաստվում են կազմակերպված դիմադրության, իսկ բան է՝ եթե առաջնորդի կամքն ու վճռականությունը ներեն եւ, մանավանդ, ընձեռնվի արտաքին օժանդակության հնարավորություն` միգուցե դիմեն նույնիսկ հակագրոհի: Ճաղերի հետեւում հայտնվելու վախը կարող է մթագնել սթափ դատելու ունակությունը եւ ցանկացած մարդու մղել արկածախնդրության: Այնպես որ, հակագրոհի տարբերակը չպետք է բացառել, մանավանդ որ դրա որոշ տարրեր առկա են հանրապետականների խոսքերում, մասնավորաբար Արա Բաբլոյանի հայտարարությունում:

ԱԺ նախագահը «հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու, անհանդուրժողականությունը խորացնելու» վտանգավոր միտումներ է տեսնում եւ, իր հերթին, փորձում է ոչ թե հարթել, այլ ավելի խորացնել այդ միտումները, նույնիսկ որոշակի գործողությունների դիմելու սպառնալիքներ հնչեցնել: «Հավատարիմ մնալով իր սահմանադրական առաքելությանը՝ հավաստում եմ, որ ԱԺ-ը շարունակելու է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»,- իր հայտարարությունն այսպես է եզրափակում Բաբլոյանը: Սա, ըստ էության, թափանցիկ նախազգուշացում է առ այն, որ Ազգային ժողովին են վերապահված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման լիազորությունները, հետեւաբար մեծամասնության ձեռքին է նաեւ դրանց տապալման բանալին:

Թե որքան կտեւի ու ինչով կավարտվի այս անհեռանկար դիմակայությունը՝ դժվար է ասել, բայց որ այն չափազանց ռիսկային է մեր ազգային անվտանգության եւ ներքին ու արտաքին մարտահրավերների առումով, միանշանակ է: Ուրեմն՝ երկուստեք «կրակին յուղ լցնելու» փոխարեն մի՞թե նախընտրելի չէ գտնել հանրակարգային լուծումներ՝ հիմնված իրավունքի ու օրինականության վրա: Սկզբի համար կարելի է նաեւ ձեռք բերել մի պարզ պայմանավորվածություն. «նախկինները» մի կողմ են դնում իրենց ամբիցիաները, իսկ «ներկաները»՝ ռոմանտիզմը:

 

Գեւորգ Լալայան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.