Tuesday, 26 November 2024

A Analysis

Իլհամը շարունակում է հոխորտալ, Նիկոլը՝ լռել

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Օրվա ամենահրատապ թեման, որ երկար ժամանակ չի իջնում մեր քաղաքագիտական եւ հանրային քննարկումների օրակարգից, Ադրբեջանի կողմից հնարավոր նոր պատերազմի սանձազերծման շուրջ է: Եվ նման վտանգի հավանականությունը չի բացառվում. 44-օրյա պատերազմի պաշտոնական հրադադարից հետո անցել է ավելի քան 32 ամիս, սակայն պատերազմի արձագանքները տակավին չեն դադարում: Թշնամին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար հրետակոծության տակ է պահում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը՝ տարածելով վախ, խուճապ, մահ ու ավեր:

Միջազգային հանրությանը մոլորեցնելու եւ սեփական նախահարձակ գործողություններն արդարացնելու նպատակով այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը, իբրեւ կանոն, յուրաքանչյուր հարձակումից առաջ կեղծ հաղորդագրություն է դնում շրջանառության մեջ ու տեղեկատվական հիմք նախապատրաստում սադրանքի մեղքը հայկական կողմի վրա բարդելու համար: Ապատեղեկատվության լայն տիրաժավորման գործընթացին միանում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արտաքին հարաբերությունների գծով Ալիեւի խորհրդականը եւ, բնականաբար, իշխանական մամուլը:

Թվում է՝ պարզունակ հնարք է, բայց արի ու տես, որ վատ չի աշխատում: Մանավանդ՝ երբ կեղծիքը հավելյալ մեկնաբանությամբ «արդյունավորելու» նախաձեռնությունը ձեռքն է վերցնում ինքը՝ Բաքվի միապետը, եւ դատապարտում ՀՀ «ռեւանշիստական ուժերի նկրտումները»՝ խոստանալով «դաս տալ» բոլոր նրանց, ովքեր կփորձեն «ոտնձգություն կատարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Տպավորություն է, թե այդ երկրի իշխանություններն ամեն ջանք գործադրում են՝ ռազմական, քաղաքական, քարոզչական եւ այլն, որպեսզի սահմանի այս կողմում հանկարծ մոռացության չտրվեն ոչ վաղ անցյալի պատերազմի դասերը, ծանր հիշողություններն ու ապրումները:

Ալիեւը ցանկացած առիթ՝ նույնիսկ Երեւանի հետ խաղաղության պայմանագրի թեմայով խոսելու առիթը, օգտագործում է պատերազմով մեզ սպառնալու, անընդհատ նորանոր պայմաններ ու պահանջներ թելադրելու, հայությանը եւ, հատկապես, նրա վախկոտ, ոչուփուչ ղեկավարին նվաստացնելու համար: Այս ամենին ի տրիտուր՝ Փաշինյանը հեզ ու լռելյայն կատարում է նրա քմահաճությունները (կամ՝ քմահաչությունները): Մի դեպքում խստիվ զգուշացնում է այլեւս չօգտագործել Արցախ, Արցախի Հանրապետություն եզրերը, մյուս դեպքում պահանջում է հանձնել անկլավներն ու հայկական այլ տարածքներ, երրորդ դեպքում պնդում է ստորագրությամբ վավերացնել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, եւ այդպես շարունակ:

Հրահանգներն ու հանձնարարությունները բազմաթիվ են՝ ընդհուպ մինչեւ ՀՀ նախկին ղեկավարների, բաձրաստիճան զինվորականների կալանավորման կամ ունեզրկման, Հայաստանում ադրբեջանցի տասնյակ հազարավոր փախստականների տեղավորման պահանջներ: Ալիեւը, որ ժամանակներ առաջ կզած էր ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահների առջեւ, եւ որի ձայնը «մկան ծակից» էր դուրս գալիս, երբ գանգատվում էր յուրայիններին, թե փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, այժմ իրադրության տեր-տիրական է զգում իրեն: Նրա գրեթե բոլոր ցանկությունները Փաշինյանը լուռումունջ կատարում է: Որոշ կատակաբաններ վերջինիս դիպուկ բնորոշում են կպցրել՝ «Նիկոլը Իլհամի ոսկե ձկնիկն է»:

Բաքվի սուլթանի ահի՞ց արդյոք, թե՞ ինքնաբուխ՝ Փաշինյանն ինքնահեռացել է երկրի անվտանգության ու տարածքային անձեռնմխելիության երաշխավորի սահմանադրական իր հանձնառությունից՝ անտեսելով Զինված ուժերի բարձիթողի վիճակը եւ ապավինելով ինչ-որ անհասկանալի «կադաստրային թղթի», որն ակնկալում է թուրք-ադրբեջանական կողմից: Ամեն ինչ ստորադասված է աներեւույթ այդ «թղթին»՝ առաջնագծերի պատշաճ կահավորումը, զենք-զինամթերք հայթայթումը, անգամ զորավարժանքների անցկացումը, ինչ է թե՝ չհարուցի թուրք-ադրբեջանական զույգի զայրույթը: Ո՞ւր է, ի վերջո, մեզ տանելու այս կույր հպատակությունը: Ամենայն հավանականությամբ՝ նոր պատերազմի:

Իրադրությունը բարենպաստ է Ալիեւի համար, որն իր ռազմատենչ մտադրությունները երբեք չի էլ թաքցրել: Շաբաթներ առաջ, ավելի ստույգ՝ հունիսի վերջերին, նա ոգեւորված պատմում էր հետպատերազմյան 32 ամիսներին Ադրբեջանի ձեռք բերած ռազմաքաղաքական հաջողությունների «առատ հունձքի» մասին: Նրա խոսքով՝ այդ ընթացքում բազմակի ավելացել է ՊՆ հատուկ նշանակության ջոկատների թվակազմը, որոնք, Ալիեւի ասելով, 44-օրյա պատերազմի ժամանակ «առանձնահատուկ հերոսություն են ցուցաբերել»: Ըստ նրա, էապես աճել են նաեւ Պետական սահմանային ծառայությունը, ներքին զորքերը, պետանվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզությունը:

«Նպատակը մեկն է՝ պաշտպանել մեր տարածքը, ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ մեր անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամու ուժերին»,- ընդգծել է Ալիեւը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է երկրի բանակը համալրել նոր սպառազինությամբ՝ այդ թվում հեռահար հրթիռներով։ «Պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, եւ արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր ԱԹՍ սարքերի, այնպես էլ մեծ կործանարար ուժով եւ բարձր ճշգրտությամբ օժտված հեռահար հրթիռների մատակարարման վերաբերյալ»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը:

Ավելի վաղ՝ հունիսի 13-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է»։ Նախագահական ընտրություններից հետո առաջինը Բաքու այցելած՝ Թուրքիայի նախագահը եւս, իր հերթին, չի շրջանցել Զանգեզուրի թեման՝ նշելով, որ Հարավային Կովկասում պետք է օր առաջ բացվեն հաղորդակցության ուղիները. «Զանգեզուրի միջանցքի բացման հարցը պետք է արագորեն լուծել. այն կթեթեւացնի նաեւ տրանսպորտային հաղորդակցությունը Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ»,- հայտարարել է Նախիջեւանի հետ սահմանային կապ ունեցող, բայց աչքը դարձյալ «Զանգեզուրի միջանցքին» տնկած Թուրքիայի նախագահը։

Ալիեւ-Էրդողան բանակցությունների թիվ մեկ թեման, այդուհանդերձ, երկկողմ ռազմական համագործակցության հետագա խորացումն է եղել, ինչի մասին հաղորդել են թուրքական եւ ադրբեջանական աղբյուրները: Ամփոփելով բանակցությունների արդյունքները, Ալիեւը նշել է, որ այս տարի նախատեսված է անցկացնել թուրք-ադրբեջանական 16 համատեղ զորավարժություն, որից 6-ն արդեն կայացել է: «Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո մենք ասում էինք, որ ադրբեջանական բանակն այսուհետ զարգանալու է թուրքական մոդելի հիման վրա, եւ այսօր մենք դրա ապացույցները տեսնում ենք»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ըստ նրա, այժմ աշխարհում առաջին պլանում է ուժի գործոնը, եւ միջազգային իրավունքի նորմերը չեն աշխատում։

Եվ, քանի որ «ուժի գործոնի» առավելությունն իր կողմն է, նա հոխորտում է, վախեցնում, չի ուզում ձեռքից բաց թողնել թույլ, անպաշտպան Հայաստանից ավելին պոկելու եզակի հնարավորությունը: Այսօր դա իրենց հաջողվում է անգամ առանց պատերազմի, եթե վաղը սպառնալիքներն ու բանակցությունները այլեւս արդյունք չտան, դրանց փոխարինելու կգա «պատերազմի գործոնը»: «Ադրբեջանական բանակը պատրաստ է զինաթափել Ղարաբաղի տնտեսական գոտում մնացած ապօրինի ռազմական կազմավորումները. դրա համար մեծ ջանքեր չեն պահանջվի»,- Ալիեւին հղում անելով՝ հայտարարել է Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը:

Խոսքի շարունակության մեջ վերջինս հավելել է. «Եթե այդ անօրինական զինված կազմավորումները սադրանքների գնան, նրանց հարցը կարող է լուծել ադրբեջանական բանակի ընդամենը մեկ կորպուս, այն էլ՝ ոչ ամբողջական կազմով»: Խոսքի ենթատեքստը շատ հետաքրքիր է՝ եթե սադրանքների գնան… Իսկ եթե չգնա՞ն, պարզ է՝ ադրբեջանական կողմը կստեղծի նման իրադրության սցենար՝ իր «հակահարձակումը» արդարացնելու համար: Չէ՞ որ իրենք նման մանիպուլյատիվ հնարքներում հավասարը չունեն…

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.