Wednesday, 07 December 2022

A Analysis

Օգոստոսյան սրացումներ, «միջանցքային» կրքեր. մաս 2

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)

Սույն վերլուծության առաջին հատվածում անդրադարձել էինք օգոստոսյան ռազմական սրացումներին, մասնավորապես՝ Գանձասարի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սանձազերծած նախահարձակ գործողություններին, որոնք սկսվել էին օգոստոսի 1-ին եւ լարման կիզակետին հասել օգոստոսի 3-ին: Այդ օրը թշնամին՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կիրառել էր ականանետեր, նռնականետեր, հարվածային ԱԹՍ-ներ, ինչից մահացու վիրավորում էր ստացել Արցախի պաշտպանական բանակի երկու պայմանագրային զինծառայող: Եվս 14 հոգի տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Վերլուծականի այս հատվածում կարծարծենք Ադրբեջանի «միջանցքային» նկրտումների, հավակնությունների թեման, կփորձենք հասկանալ, թե ինչ պահանջներ ու ծրագրեր էին դրված Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի հիմքում, որն է Ադրբեջանի այս պահի առաջնային օրակարգը եւ այլն։ Հայաստանում եւ Արցախում տիրապետողն այն կարծիքն է, համաձայն որի՝ հակառակորդի հրահրած սադրանքները նպատակ ունեն դրդելու հայկական կողմին գնալ հերթական զիջումների: Այսինքն ստիպել Հայաստանին՝ որպես 44-օրյա պատերազմում պարտված կողմի, առաջնորդվել բացառապես իրենց պայմաններով:

Որո՞նք են այդ պայմանները եւ ի՞նչ են դրանք ենթադրում. 1/ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում, որը թուրք-ադրբեջանական զույգի վաղեմի երազանքն է. 2/ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, ինչը կնշանակի Հայաստանի կողմից Արցախի՝ որպես Ադրբեջանի մասի, ճանաչում եւ արցախահայության էթնիկ զտում. 3/ Արցախի պաշտպանության բանակի լուծարում, ինչը էապես կհեշտացնի Ադրբեջանի տարածքային հավակնությունների իրագործումը: Օգոստոսի 3-ին չլիներ Արցախի ՊԲ-ի հակազդեցությունը՝ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքները կարող էին շատ ավելի ցավալի լինել:

Մտայնությունը, թե վերոնշյալ զիջումները կզսպեն Ադրբեջանի նախահարձակ վարքագիծը, խոր մոլորություն է: Զիջումները միայն ավելի են բորբոքում Բաքվի հարձակողական ջիղը, իսկ Հայաստանին դարձնում ավելի թույլ եւ խոցելի: Հետպատերազմական մոտ երկու տարվա փորձը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ զիջումներից հետո Ադրբեջանը միշտ նոր պահանջներ է ներկայացնում, որպես կանոն, ստանալով ավագ «եղբոր»՝ Թուրքիայի համակողմանի աջակցությունը: Թուրքիան չի թաքցնում, որ Հայաստանին եւ նրա հետ իր հարաբերություններին առնչվող ցանկացած հարց համաձայնեցնում է Ադրբեջանի հետ:

Միաժամանակ այդ երկիրը միջամուխ է լինում եւ սատարում է բոլոր այն պահանջների ու պայմանների իրագործմանը, որոնք Ադրբեջանը ներկայացնում է ՀՀ-ին, եւ ամեն անգամ հորդորում մեր իշխանություններին դրական արձագանքել Ադրբեջանի «կառուցողական նախաձեռնություններին»: Այդ պահանջները մի դեպքում վերաբերում են «Զանգեզուրի միջանցքի» բացման ադրբեջանական տարբերակին, մյուս դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաստատման կամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացներին:

Հայաստանի համար ամենացավոտ եւ զգայուն հարցը ներկա դրությամբ «միջանցքների» թեմայով հակառակորդի շահարկումներն են, եթե չասենք՝ ճնշումները: Իլհամ Ալիեւը ամենասկզբից հայտարարում էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա ճիշտ նույն կարգավիճակը, ինչպիսին Լաչինի միջանցքն է: Դա, ըստ երեւույթին, ադրբեջանական կողմին չհաջողվեց իրականացնել, քանզի 2020թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարության մեջ չկա նման կետ: «Միջանցքային» տրամաբանության շրջանակում արձանագրված միակ դրույթը վերաբերում է Լաչինի (Բերձոր) գործող միջանցքով նոր երթուղու կառուցմանը:

Դա վերը հիշատակված Հայտարարության 6-րդ կետն է, որում մասնավորաբար նշված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ-Գ.Բ.), որն ապահովելու է ԼՂ-ի կապը Հայաստանի հետ՝ ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով (по Лачинскому коридору-Գ.Լ.) նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:

Հայտարարության մեջ ամրագրված այս պայմանավորվածությունից բխում է, որ՝ ա/ երեք տարվա ընթացքում կողմերի միջեւ պետք է, ուշադրություն դարձրեք, համաձայնեցվի նոր երթուղու կառուցման նախագիծը, այլ ոչ թե հապճեպ կառուցվի այն, ինչպես վարվեց ադրբեջանական կողմը իր տարածքում, եւ բ/ երթուղին պետք է լինի Լաչինի միջանցքի տրամաբանության տիրույթում, այլ ոչ թե դրա «երկայնքով», ինչպես թյուրիմացաբար կամ դիտավորյալ նշված է Հայտարարության հայերեն թարգմանության տարբերակում:

Սույն ակնհայտ տարընթերցումները, բնականաբար, մի շարք հարցերի տեղիք են տալիս: Օրինակ՝ ա/ Հայաստանը տվե՞լ է արդյոք իր համաձայնությունը, որ Լաչինի միջանցքին փոխարինի Կոռնիձորի նոր միջանցքը: Ի դեպ, այն ուղղակի ճանապարհ է եւ, փաստացի, չունի միջանցքի պարամետրերը, բ/ հայկական կողմից ո՞վ եւ ի՞նչ հիմքով է տվել նման համաձայնություն, եւ ինչո՞ւ է այն հակասում ռուսերեն ձեւակերպմանը, գ/ ինչպե՞ս է ապահովվելու ՀՀ-ից դեպի Արցախ Լաչինի միջանցքով անցնող կապուղիների՝ գազամուղ, էլեկտրաէներգիա, համացանց եւ այլն, անխափան աշխատանքը, եթե Լաչինի միջանցքը հանձնվում է Ադրբեջանին: Հարցերը շատ են, իսկ պարզաբանումները՝ զրո:

Թափանցիկության բացակայությունն ու չպարզաբանված հարցերը թույլ են տալիս մտածել, որ գործարքն իր մեջ «մութ անկյուններ» ունի: Դրանցից մեկն էլ Հայաստանի ու Արցախի իշխանությունների լուռ համաձայնությամբ եւ, որքան էլ տարօրինակ հնչի, նրանց գործուն աջակցությամբ Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի հանձնման գործողությունն էր, որի իրականացումն ավարտվեց օգոստոսի 25-ին: Լաչինի միջանցքի հայկական բնակավայրերի խաղաղ հայաթափումը, փորձագետ դիտորդների մեկնությամբ, որեւէ իրավական հիմք չուներ եւ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում էր:

Եվրախորհրդի անդամ պետություններում, այդ թվում՝ խնդրո առարկա համայնքներում ապրող մարդկանց սեփականությունը, իրավագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով, պաշտպանված է միջազգային կոնվեցիայով, եւ այն չէր կարող օտարվել անգամ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի համատեղ որոշմամբ։ «Տվյալ համայնքների բնակիչները պետք է բողոք ներկայացնեն ՄԻԵԴ եւ խնդրեն մինչեւ բողոքի քննարկումը կասեցնել բոլոր այն գործողությունները, որոնք վտանգում են իրենց սեփականության իրավունքը»,- համոզված է Ղուկասյանը։ Ըստ նրա, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Հայաստանի իրավապաշտպան հանրույթները «ռեսուրսներ ունեն եւ կարող են այդ խնդիրը լուծել, եթե, իհարկե, քաղաքական առումով ազատ լինեն եւ չգտնվեն իշխանությունների արգելափակումների տակ»:

Իշխանությունների վարքագիծը, մեղմ ասած, համարժեք չէ աշխարհաքաղաքական առկա զարգացումների ոգուն, չնայած դրանից արդեն պետք չէ զարմանալ: Այսօր, երբ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Ադրբեջանից պահանջում են զորքերը դուրս բերել Շուշիի, Հադրութի, նախկին ԼՂԻՄ-ի բռնազավթած մյուս տարածքներից ու համաձայնել անվտանգության նախկին գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու առաջարկին, ՀՀ-ի եւ Արցախի իշխանություններն ապազգային դիրքորոշում են որդեգրել: «ՀՀ իշխանությունները, ըստ էության, աջակցեցին նախ՝ Քարվաճառում, ապաեւ Բերձորում հայերի էթնիկ զտմանը, այնտեղ բնակվող մարդիկ ստիպված եղան իրենց սեփականությունը լքել… Ստացվում է, որ ՀՀ ղեկավարությունը գործում է նույնկերպ, ինչպես Ռուսաստանի եւ Ադրբեջանի հանցավոր  իշխանությունները»,- «Լրագրի» հետ զրույցում նկատել է իրավագետը:

Պատմության մեջ սա, թերեւս, առաջին դեպքն է, որ հայրենի իշխանությունների կողմից հայեր են տեղահանվում: Սովորաբար նման վայրագություններ հայերի հանդեպ գործում էին թուրքերը: Դարեր շարունակ իր ազատության եւ ինչքի համար արդար պայքարի ելած հայը այսօր նորից հայտնվել է իր հողի ու հայրենիքի փրկության մարտադաշտում, բայց այս անգամ արդեն՝ յուրային իշխանությունների դեմ: Ուրիշ ի՞նչ է մնում անել, երբ աշխարհը լուռ է, թշնամին՝ ստոր, իշխանավորն՝ արծաթամոլ ու մատնիչ:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.