Monday, 25 November 2024

A Analysis

Ինքնորոշումը փոխում է ինքնորոշված սուբյեկտի հանդեպ աշխարհի վերաբերմունքը

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ինքնորոշման դեմ խաղ չկա։ Ինքնորոշման պրիզմայով դիտարկելով հայ ժողովրդի քաղաքական խնդիրները՝ հանդիպում ես բազմաթիվ հարցերի, որոնք ավելի մանրամասն պարզաբանում են պահանջում այս երեւույթի ճակատագրական իմաստը հասկանալու համար։ Շատերը պարզապես չեն հավատում, որ ինքնորոշումը կարող է ինչ-որ բան փոխել ժողովրդի կյանքում, եթե այն թույլ է եւ շրջապատված ագրեսիվ միջավայրով: Ի՞նչ կարող է ինքնորոշումը տալ նման պայմաններում։ Հակիրճ բանաձեւը հետեւյալն է. ինքնորոշումը փոխում է աշխարհի վերաբերմունքը ինքնորոշված սուբյեկտի նկատմամբ եւ դրանով իսկ ստեղծում ռեսուրսներ իր գոյատեւման ու զարգացման համար:

Ինքնորոշումը բնորոշ է ինչպես անհատի, այնպես էլ մարդկային համայնքների ու ժողովուրդների համար: Ի՞նչ պետք է անի մարդը կամ անեն մարդիկ՝ դրան հասնելու համար: Նախ՝ հասկանալ, որ ինքնորոշումն աշխարհի եւ ինքն իր վերաբերմունքի գիտակցված սահմանումն է: Սա կյանքի կոնկրետ հանգամանքներում սեփական դիրքի, նպատակների եւ ինքնաիրացման միջոցների ընտրության գործընթացն ու արդյունքն է, մարդու կողմից ազատություն ձեռք բերելու եւ դրսեւորելու հիմնական մեխանիզմը։

Անմիջապես կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ է պետք ազատությունը, եթե դրա գինը հաճախ ժողովրդի տառապանքն է։ Ավելի տրամաբանական չէ՞ երբեմն ոտնահարվի ազատությունդ՝ հանուն գոյատեւման։ Հայերը դարեր շարունակ ապրել են առանց ազատության…

Նրանք, ովքեր համոզված են, որ սեփական իրավունքներից եւ, ընդհանրապես, ցանկացած ազատությունից հրաժարվելը ճանապարհ է դեպի փրկություն եւ ապահով կյանք, կարող են այդպես մտածել։ Շատերը կան, որոնք հայ ժողովրդի բոլոր անհաջողությունները կապում են նրա ազատության ձգտումների հետ։ Ըստ այդմ՝ բոլոր անախորժությունները «անսանձ ցանկությունների» հետեւանք են։ Այսպիսով՝ հայ քաղաքական դասի կողմից բոլոր ժամանակներում ազգային ինքնորոշման իմաստի թյուրըմբռնումը բերեց ազգային ձախողումների բացատրության տարբեր պատճառների որոնման պահանջ։ Արդյունքում նման մոտեցումը հանգեցրեց ժողովրդի հավերժական ինքնախարազանման եւ ուրիշների կողմից իր դեմ կատարված ցանկացած հանցագործության արդարացման։ Եվ ոչ ոք չի ցանկանում քննարկել ձախողումների իրական պատճառը:

Օրինակ՝ 1915 թվականի Ցեղասպանության խնդիրը քննարկելիս շատ հայեր դրա մեջ տեսնում են երրորդ ուժերի խարդավանքները։ Այն, որ օսմանցիներն իրենք կարող էին դիտավորություններ ունենալ ոչնչացնելու կայսրության քրիստոնյա ժողովուրդներին՝ երկիրը յուրացնելու համար, քչերի մտքով է անցնում։ Եվ հասկանալ, որ դահիճիդ ուժը հենց ինքնորոշումն էր, որի մասին դու պատկերացում չունես, ամենին վիճակված չէ։ Որովհետեւ կա խորը վստահություն, որ միայն համաշխարհային տերություններն ունեն ուժ ու իշխանություն, եւ մեր ձախողումները գալիս են հովանավոր չունենալուց: Ուժեղներն անում են այն, ինչ ուզում են, իսկ թույլերին վիճակված է միայն ենթարկվել:

Ահա թե ինչպես ենք մենք ապրում դարերով։ Իսկ հիմա ամեն րոպե միջազգային հանրությունից մատնացույց ենք անում «խիստ քեռիներին»։ Բայց որտեղի՞ց հայ վերնախավի քաղաքական աշխարհայացքում հաստատվեց «վախը աշխարհակարգից»՝ ի դեմս «միջազգային հանրության», իսկ իրականում՝ ի դեմս ազդեցիկ ուժերի։ Եվս մեկ հանգամանք. որտեղի՞ց է վստահությունը քաղաքական սուբյեկտի կողմից՝ ազդեցիկ ուժերի դիրքի վրա ներազդելու անհնարինության նկատմամբ։ Ինչո՞ւ է իրավունքներից կամավոր հրաժարումը հօգուտ աշխարհակարգի՝ դիտվում որպես ողջամտության բարձրագույն արտահայտություն:

Ըստ երեւույթին, շատ նշանակալից մի բան պետք է բացակայի ժողովրդի աշխարհայացքի համակարգում, որպեսզի նա գնա «աշխարհակարգի» թելադրանքով հանուն փրկության իրավունքներից հրաժարվելու ճանապարհով։ Եվ ոչ միայն բացակայի, այլեւ ներկա լինի դոգմատիկ կեղծ համոզմունքների տեսքով։ Խոսենք դրա մասին:

 

1. Թույլ ժողովուրդները վստահ են, որ չեն կարող ազդել ուժեղների ցանկությունների ու դիրքերի վրա.

Ժողովուրդն իր նպատակաուղղված գործունեությամբ կարո՞ղ է ազդել արտաքին ուժերի, առաջին հերթին՝ համաշխարհային տերությունների դիրքերի վրա։ Շատ հայեր կասեն. «Իհարկե՝ չի կարող. մենք կարող ենք միայն մասնակցել նրանց ծրագրերին եւ, այդպիսով, ստանալ արտաքին հովանավորություն: Իսկ եթե մեզ ստիպում են ինչ-որ բան անել, պետք է համակերպվենք դրա հետ՝ «մենք թույլ ենք»,  «մենք մենակ ենք», «աշխարհը մեր դեմ է», «մենք չունենք դաշնակիցներ եւ հովանավորներ»:

Հայերի աշխարհընկալումը չափազանց պարզ է. միջազգային քաղաքականության մեջ ոչ մի դրական դեր չի տրվում ինքնորոշման միջոցով ինքնիշխան ազգային ռազմավարության ձեւավորման երեւույթին։ Ընդ որում՝ այս երեւույթը դիտվում է միայն որպես պետության անվտանգության եւ բուն գոյության սպառնալիք։ Այդպիսին է հայոց պետականության քաղաքական փիլիսոփայությունը։ Եվ այս փիլիսոփայությունը մշտապես հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքների անուղղելի կորուստներ ու բազում սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար։ Սակայն հայաստանյան քաղաքականության մեջ կիրառվող մոտեցումները վերանայելու միտում չկա։

 

2. Մեզ նմանները պետք է հասկանան, որ քաղաքական աշխարհում սուբյեկտի ձեւավորման եւ շրջակա միջավայրի հետ նրա հարաբերությունների ձեւավորման այլ մեխանիզմ չկա, բացի ինքնորոշումից.

Ինքնորոշումը ժողովրդին քաղաքական ազգի վերածելու մեթոդ է՝ քաղաքական միավոր, որն ընտրում եւ հռչակում է իր ռազմավարական նպատակը, իրավունքները, արժեքներն ու սկզբունքները։ Ինքնորոշումը ստեղծում է մեխանիզմ՝ համաձայնեցված չափանիշների հիման վրա ժողովրդի գործունեության համար։ Ինքնորոշումը ստեղծում է միմյանց նկատմամբ քաղաքացիների պատասխանատվության գործիքակազմը։ Ինքնորոշումը հեռացնում է էթնիկ կարծրատիպերը հասարակական կյանքից:

 

3. Ինքնորոշումը ազգի ուժի եւ անվտանգության աղբյուրն է.

Ինքնորոշման երեւույթի դժվար հասկանալի կողմերից մեկը ինքնորոշված սուբյեկտի կայունությունն ու անվտանգությունն ապահովելու կարողությունն է: Ինքնորոշման միջոցով ձեռք բերված ինքնիշխանությունը թույլ է տալիս ազգին ինքնուրույն որոշումներ կայացնել: Դա հնարավոր է դառնում այն պատճառով, որ ինքնորոշման արդյունքում ձեւավորված ինքնիշխանությունը ստեղծում է ազգի ուժի աղբյուր եւ բավարար ռեսուրս, որն ունակ է ապահովելու նրա կենսունակությունը, ճկունությունը եւ անվտանգությունը:

Նման ռեսուրսը ձեւավորվում է իրերի եւ երեւույթների օբյեկտիվ աշխարհի հետ սուբյեկտի հարաբերություններից, քանի որ ինքնորոշված սուբյեկտը շատ արագ դեր է ձեռք բերում միջազգային հարաբերություններում՝ դեր, որը բոլորին ստիպում է հաշվի նստել նրա հետ: Նորածին սուբյեկտն իր նկատմամբ «բացասական» եւ «դրական» վերաբերմունքը բաժանում է մասերի՝ դրանով իսկ նախ ապահովելով իր շուրջ ուժերի հավասարակշռությունը, ապաեւ՝ իր անկախությունն ու անվտանգությունը։

 

4. Ինքնորոշմից վախը հանգեցնում է ինքնորոշման մերժմանը.

Գործնական կյանքում այնքան էլ հեշտ չէ հասկանալ ինքնորոշված սուբյեկտի Ինքնորոշման եւ Ուժի (կենսունակության) կապի տրամաբանությունը: Ի վերջո, սովորաբար ճգնաժամի մեջ գտնվող սուբյեկտն է բախվում ինքնորոշման հրամայականին: Հենց այս տրամաբանության չհասկանալն է, որ շատ հաճախ սուբյեկտի մեջ առաջանում է վախ Ինքնորոշման հանդեպ. նման արարքում շատերը տեսնում են մարտահրավեր իրերի եւ երեւույթների օբյեկտիվ աշխարհին եւ սպառնալիքների աղբյուր իրենց գոյությանը:

Հետեւաբար, մենք ավելի հաճախ տեսնում ենք շատ ժողովուրդների հակվածությունը դեպի Ինքնորոշման եւ Ինքնիշխանության մերժումը, ինչպես նաեւ սուբյեկտի՝ իրենից դուրս փրկարար ուժ փնտրելու անգիտակցական հակվածությունը։ Վերջին միտումը, որպես կանոն, ծնում է մի շարք ավերածություններ, որոնք մենք նկատում ենք բազմաթիվ ժողովուրդների ու պետությունների պատմության մեջ։ Բայց սրանից սովորաբար ճիշտ եզրակացություններ չեն արվում. ձախողումը պայմանավորվում է «ուժեղ հովանավորի» բացակայությամբ։

Եվ այսպես՝ կա համոզմունք, որ երկրների ինքնիշխան որոշումներն ու գործողությունները հզորների դիրքերի վրա ազդող գործոն չեն։ Հայաստանի քաղաքական վերնախավի գիտակցության մեջ չի արմատավորվել այն միտքը, որ ինքնորոշման միջոցով ինքնիշխան ազգային ռազմավարության զինումը կարող է լրջորեն ազդել ցանկացած տերության դիրքորոշումների ու գործողությունների վրա՝ ձեւավորելով ուժերի հավասարակշռություն ինքնիշխան սուբյեկտի շուրջ:

 

Մանվել Սարգսյան

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.