Tuesday, 26 November 2024

A Analysis

Մոսկովյան խորհրդակցություններ. պատերազմ` առանց կանոնների

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում` Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայացած եռակողմ խորհրդակցությունների արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը, ի դեմս հիշյալ երկրների արտգործնախարարների` Զոհրաբ Մնացականյանի եւ Ջեյհուն Բայրամովի, համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից Արցախում հաստատել հրադադար եւ կանգնեցնել տասներեք օր շարունակվող պատերազմը, որն ամենաարյունալին ու լայնածավալն էր 1994-ի հրադադարից ի վեր: Հրադադարը հաստատվում էր մարդասիրական նկատառումներով. ռազմագերիների փոխանակում եւ հակամարտության գոտուց զոհվածների աճյունների դուրսբերում` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ նրա չափանիշների համաձայն:

Շուրջ 11 ժամ տեւած դռնփակ հանդիպման ավարտին ընդունված ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ հրադադարի առավել հստակ պայմանները դեռ պետք է համաձայնեցվեն, ինչն ինքնին վկայում է բանակցություններում տիրած իրադրության լարվածության մասին: Կողմերը հավաստում են նաեւ, որ բանակցային ձեւաչափը ենթակա չէ փոփոխության, ինչպես նաեւ հայտարարում են հիմնարար սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ լուծման համար Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ սկսելու մասին: Մոսկովյան հանդիպման նախաձեռնությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինինն էր, ով նախօրեին ուշ երեկոյան զանգահարել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին` նրանց հորդորելով մարդասիրական հրադադար հաստատել, եւ այդ նպատակով էլ Մոսկվա էր հրավիրել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին:

Մոսկովյան հանդիպմանը նախորդել էին Արցախի հարցով Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցած բանակցությունները` մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումը անցկացվել էր Ֆրանսիայի միջնորդությամբ, ՄԱԿ-ի շրջանակում, գաղտնի վայրում եւ փակ ձեւաչափով։ Հանդիպմանը հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել: «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, մյուսով` ռազմական գործողություններ Արցախի եւ Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումն է»,- ՀՀ ԱԳ նախարարության դիրքորոշումն այսպես է մեկնաբանել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նախամոսկովյան ժամանակաշրջանում, երբ արդեն բոլորում էր Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի 2-րդ շաբաթը, պատերազմի հրձիգներին դատապարտող հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵԽ-ն, ԵԽԽՎ-ն եւ միջազգային այլ կառույցներ` պահանջելով դադարեցնել ռազմական գործողություններն ու աշխատել ՄԽ-ի հետ` շուտափույթ բովանդակային բանակցությունների վերադառնալու համար: Իրենց «խոսքն» են ասում նաեւ մի շարք բարեկամ երկրներ: Ֆրանսիայի խորհրդարանը պատրաստում է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձեւ: Ուրուգվայի խորհրդարանը հատուկ հայտարարությամբ իր խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում գրանցվող բռնության աճի եւ տարածաշրջանի ապակայունացման վտանգի առնչությամբ: Արցախում լարվածության աճով մտահոգ` Ավստրիան կոչ է անում վերջ տալ ռազմական գործողություններին: Նիդեռլանդների խորհրդարանը Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերյալ 4-րդ բանաձեւն է ընդունում` արձանագրելով, որ վերջինս «իր ագրեսիվ ռազմական հռետորաբանությամբ խրախուսում է Ադրբեջանին շարունակել պատերազմը»: Իտալական Միլանի քաղխորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը` նույնը խնդրելով երկրի իշխանություններից:

Մի պահ թվում էր` պատերազմական ճակատում լարվածությունը գնում է մարման եւ, ուր-որ է, մոսկովյան ու ժնեւյան նախաձեռնությունները կհանգեցնեն բանակցային փուլի վերսկսմանը: Սակայն այդպես չեղավ: Լավրով-Մնացականյան-Բայրամով եռակողմ քննարկումների արդյունքում ստորագրված մարդասիրական հրադադարից րոպեներ անց Ադրբեջանը` անտեսելով պայմանավորվածությունը, շարունակում էր մեծ տրամաչափի հեռահար համազարկային կայանքներով հրթիռակոծել ոչ միայն Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերը, այլ նաեւ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղը, որտեղ գրանցվեցին մեկ զոհ եւ 3 վիրավոր: Մարդասիրությունից մղոններով հեռու ոխերիմ հակառակորդը մարդասիրական հրադադարի միջոցին թիրախավորել էր անգամ վիրավոր զինվոր փոխադրող շտապօգնության մեքենային, իսկ ավելի ուշ` զինվորական հոսպիտալին, ինչը ռազմական հանցագործություն է:

Կան հիմնավոր արձանագրումներ, որ Ադրբեջանը մարդասիրական հրադադարի կոպիտ խախտումների գնում է Թուրքիայի դրդմամբ ու նրա համառ պահանջով: Ադրբեջանը նույնիսկ հաշվի չի առել, որ դրանով խաղում է Ռուսաստանի միջազգային հեղինակության հետ` գետնով տալով նրա խոսքը` որպես հրադադարի միջնորդի: Դատելով ագրեսոր տանդեմի վերոնշյալ բոլոր գործողություններից, նրա վարքագծից, նկատելի է դառնում, որ Հայաստանն ու Արցախը գործ ունեն մի երեւույթի հետ, որն այլ կերպ չես անվանի, քան` պատերազմ առանց կանոնների: Թուրքիան ինքնագլուխ ստանձնել է արցախա-ադրբեջանական հակամարտության համակարգողի դերը եւ Ադրբեջանին օգնում է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով: Նա այդ երկրին ոչ միայն մատակարարում է արդիական զինամթերք, այլեւ պարբերաբար մեծաքանակ թուրք ռազմական հրահանգիչներ, հատուկ ստորաբաժանումներ եւ սիրիացի վարձկան ահաբեկիչներ է փոխադրում Ադրբեջան: Ի հեճուկս միջազգային կոնվենցիաների ու պատերազմական կանոնակարգերի` թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը, մանկական հիմնարկներն ու բուժհաստատությունները, որտեղ բուժում են ստանում թե´ քաղաքացիական անձինք, թե´ վիրավորները:  

Աշխարհի համար այլեւս ակնհայտ է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից բացեիբաց մասնակցում է արցախա-ադրբեջանական հակամարտությանը եւ փորձում է ամեն գնով սողոսկել Հարավային Կովկաս, «խարիսխ գցել» այնտեղ ու ամրանալ: Հակառակ միջազգային հանրության տիրապետող կարծիքին, այդ երկիրը չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացման մտքից եւ տարածաշրջանում «մեծ խաղացող» դառնալու, ապաեւ դեպի արեւելք ու հյուսիս ծավալվելու իր երազանքից: «Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»,- քանիցս հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարը: Սակայն պարզ է, որ նրա խնդիրը Ադրբեջանին աջակցելը չէ, այլ Կովկաս մտնելը եւ սեփական ծավալապաշտական հավակնություններին հագուրդ տալը: Էրդողանի համար սա կենացմահու խնդիր է: Իզուր չէ, որ մոսկովյան «փխրուն» հրադադարի հետո Թուրքիան է´լ ավելի ուժեղացրեց ռազմական հռետորաբանությունը` անգամ սպառնալով, թե պատրաստ է նոր զորախումբ ուղարկել պատերազմական գոտի, միայն թե պատերազմի կրակը չմարի:

Ինչ վերաբերում է ռազմագերիների փոխանակմանն ու հակամարտության գոտուց զոհվածների մարմինների դուրսբերմանը, որը հրադադարի կարեւոր դրույթներից է, պետք է նկատել, որ Ադրբեջանն այդ հարցում առանձնապես շահագրգռվածություն չի դրսեւորում: Ինչո՞վ է սա պայմանավորված: Դիտորդների կարծիքով` հազարավոր դիակները, որոնք դժվար է պարտակել, իսկական գլխացավանք են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար: Հանուն սեփական իշխանության պահպանման` իր ժողովրդին այդքան ողբերգություն, ցավ ու տառապանքներ պատճառած անձը հասկանում է, որ չի խուսափի նույն ժողովրդի ցասումից ու արդար դատաստանից, հետեւաբար ինչ-որ կերպ գլուխն ազատելու ձեւ է փնտրում: Սակայն մախաթը պարկում չես թաքցնի, հատուցման ժամը, վաղ թե ուշ, վրա է հասնելու: Եվ ոչ միայն Ալիեւի հատուցման ժամը, այլ նաեւ` «ավագ եղբոր»:

Այն, ինչ Հայաստանի ու Արցախի նկատմամբ կատարվում է Էրդողան-Ալիեւ տանդեմի ձեռամբ, 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակությունն է: Այս մասին քանիցս ասվել է, բայց ոչ մի անգամ գրեթե չի փաստարկվել: Բերենք այդպիսի հիմնավորումներից մեկը: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց առաջին օրվանից` սեպտեմբերի 27-ից, թշնամին ռմբահարում է հայկական բնակավայրերը` նրա թիրախը քաղաքացիական բնակչությունն է, անմեղ զոհերի թիվն արդեն անցնում է մի քանի տասնյակից, վիրավորներինը` հարյուրից: Մի՞թե պարզ չէ, որ եթե Ալիեւը նպատակամիտված հարվածում է խաղաղ բնակչությանը, նշանակում է նրա համար դա ոչ թե բնակավայր է, այլ պարզապես տարածք, որը նա ուզում է բռնազավթել առանց բնակիչների: Երկու-երեք օր առաջ Էրդողանը, այս էլ որերորդ անգամ, շատ պարզ հայտարարեց, որ սրբազան պատգամ ունեն իրենց նախնիներից` ավարտին հասցնել 1915-ի նրանց անավարտ գործը:

Կա եւս մեկ բնորոշ հանգամանք: Երբեք աշխարհասփյուռ հայությունն այսպիսի կազմակերպվածությամբ, այսպիսի կուռ համախմբվածությամբ չէր կանգնել հանուն Հայաստանի եւ, առավելապես, հանուն Արցախի պաշտպանության: Միայն Միացյալ Նահանգներում ամեն օր բողոքի զանգվածային ցույցերի է դուրս գալիս շուրջ 150 հազար մարդ` պահանջելով դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի արյունռուշտ գործողություններն ու սանձարձակությունները: Դատապարտող ակցիաները չեն դադարում հայկական Սփյուռքի բացառապես բոլոր մեծ ու փոքր համայնքներում` սկսած ԱՄՆ-ից, Կանադայից, մինչեւ Սլովակիայի 70 հոգանոց հայկական գաղութ: Նրանք մեծամասամբ Եղեռնի վերապրածների ժառանգորդներն են, որոնց մեջ թուրք ելուզակի կողմից մեկ դար առաջ ցեղասպանված ապուպապերի արյան ցասումն է եռում: Նրանք պահանջում են ճանաչել Արցախի Հանրապետությունը, կանգնեցնել բռնապետերին, անհապաղ դադարեցնել պատերազմը: Ցուցարարները պաստառներ են բարձրացրել` «Կանգնեցրեք թուրքական ագրեսիան», «Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ են ու երկու հանցագործ», «Ո´չ պատերազմին», «Մենք կառուցում ենք, դուք ոչնչացնում եք» եւ նման այլ կարգախոսներով:

Ի դեպ, այս վերջին` «Մենք կառուցում ենք, դուք ոչնչացնում եք» կարգախոսը հետաքրքիր միտք է հղացնում: Թուրքիայի ու Ադրբեջանի չարագործություններն այսքան մարդկային կյանքեր ու ավերածություններ պատճառեցին: Անտարակույս` վնասը Հայաստանում միլիարդներով է չափվում: Այդ ամենի հետպատերազմյան վերականգնումը ահռելի գումարներ է պահանջելու, որոնք երկու հայկական պետությունների բյուջեներով նախատեսված չեն: Դե, կներեք, չգիտեինք, որ Ալիեւն ու Էրդողանը օրերից մի օր պիտի իրենց թրքությունն անեին` դարձյալ ոչնչացնեին շինարար-հայի տասնամյակներով, հարյուրամյակներով կառուցածը` հոգեւոր-մշակութային օջախները, արդյունաբերական-արտադրական ձեռնարկությունները, բնակելի շինությունները, փողոցներն ու ժամանցային վայրերը: Եթե Հյուգոն ողջ լիներ, տեսներ այս ամենը` հաստատ կասեր. «Այստեղով թուրքն է անցել»:

Այս ոլորտի մասնագետը չեմ, բայց կարծում եմ, որ նախահարձակ բարբարոսների իրագործած այս հսկայածավալ ավերմունքը չի կարող միջազգայնորեն իրավական հետեւանքներ չառաջացնել: Պատերազմի հանցագործները պետք է կանգնեն Հաագայի դատարանի առջեւ եւ փոխհատուցեն Հայաստանին պատճառած վնասը: Ահաբեկիչ երկու պետությունները չեն կարող խուսափել պատասխանատվությունից: Չափից դուրս շատ են վկաները:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.