Երբ երկրում բազմաթիվ հիմնահարցեր, արտաքին ու ներքին մարտահրավերներ են կուտակվում, եւ գործող իշխանություններն անկարող են լինում կարգավորել ստեղծված իրավիճակը, ասպարեզ են նետվում կեղծ օրակարգեր, որոնք առերեւույթ բավական հրապուրիչ են թվում, իսկ իրականում հասարակության ուշադրությունը ցավոտ խնդիրներից, սոցիալական ծանր կացությունից շեղելու եւ երկարատեւ կտրվածքով մարդկանց երջանիկ ապագայի հույսով ապրեցնելու պարզունակ հնարքներ են: Այդպիսի օրակարգերից է Հայաստանում, Արցախում եւ տարածագոտում խաղաղության դարաշրջան բացելու մասին Նիկոլ Փաշինյանի մեծադղորդ հայտարարությունը: Արցախյան պատերազմից ավելի քան մեկ տարի անց տակավին պահպանվող համակարգային ճգնաժամի, ներքաղաքական անկայունության, անվտանգային ոլորտի փլուզվածության եւ, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ամբարիշտ հարեւանի կողմից պարբերաբար հրահրվող լարվածության ու զինված սադրանքների իրադրությունում խաղաղության խոսույթը, կարծես թե, լավագույն գաղափարը չէ:
Անտարակույս, խաղաղությունն ինքնին վսեմ արժեք է, որին միշտ ձգտել ու ձգտում են աշխարհի ժողովուրդները, Հայաստանի հասարակությունն՝ առավել եւս: Սակայն ներկա իրավիճակում, երբ հակառակորդը չի պատրաստվում դուրս գալ մեր ինքնիշխան տարածքներից եւ շարունակում է սահմանին նոր ուժեր կուտակել, առեւանգել, նվաստացնել եւ խոշտանգել հայ զինծառայողներին, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նման գաղափարի քարոզչությունն անպատեհ են համարում՝ նկատելով, որ խաղաղությունը չի կարող լինել ի հաշիվ ազգային արժանապատվության ու գոյութենական իրավունքների ոտնահարման: «Որեւէ մեկը չի ասում, թե խաղաղություն պետք չէ, ուղղակի դրա համար պետք է պայմաններ լինեն. խաղաղությունը չեն մուրում, այն պարտադրում են կամ գոնե կարողանում են լիարժեք կերպով պաշտպանել այդ խաղաղությունը»,- շեշտել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: ««Խաղաղության դարաշրջան» ասվածը ոչ այլ ինչ է, քան մեր զիջումները հետայսու խաղաղ ճանապարհով թշնամուն փոխանցելու մարտավարություն»,- իր հերթին բանաձեւել է ԱԺ մյուս ընդդիմադիր ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Խորհրդարանի իշխանական թեւի պատգամավորներն այնքան էլ հաճույքով չեն համաձայնում արծարծել «խաղաղության դարաշրջանի» թեման, որն օրակարգ է բերել իրենց առաջնորդը: Նրանցից շատերն այդ հարցին ընդգծված զգուշավորությամբ են մոտենում եւ ուրիշներին նույնպես խորհուրդ են տալիս իրենց արտահայտությունների մեջ զգույշ լինել: «Եթե ընդդիմությունն ուզում է Ալիեւի հոխորտանքներին հուժկու պատասխան տանք կամ խաղաղության քարոզ չանենք, արդյոք մտածե՞լ է, որ Եռաբլուրի մասշտաբները, հնարավոր է, մեծանան»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ չթաքցնելով իր ներքին վախերը, որ նրան են անցել, հավանաբար, իր ղեկավարից: Քոչարյանի պատասխանից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի խնդրո առարկա նախաձեռնությունը պարզապես պարտադրված «խաղաղության քարոզ» է, որն արվում է, որպեսզի «Եռաբլուրի մասշտաբները» չմեծանան: Եթե տնավարի վերծանենք այսօրինակ մտածելակերպը, մոտավորապես այսպիսի մոտեցում կստացվի. «Եթե ծեծ ես կերել, այլեւս մի խոսիր քեզ ծեծողի հետ կապված որեւէ խնդրի դիրքերից, գնա նսեմացիր, ոտքերն ընկիր, մուրա, որ քեզ նորից չծեծեն»:
Բայց ամեն ինչից անկախ՝ Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանի» գաղափարի «փեշերից» ամուր բռնել, բաց չի թողնում: Այդ գաղափարը հնչեցնում է ոչ միայն Կառավարության նիստերում, ԱԺ-ում եւ տեղային մակարդակի տարբեր միջոցառումների ընթացքում: Իր «Նոու-հաու»-ն նա դուրս է բերում նաեւ միջազգային հարթակներ, տարբեր պաշտոնական հանդիպումների օրակարգեր, դրա մասին մեծ խանդաղատանքով պատմում է արտերկրից ու միջազգային կառույցներից Հայաստան ժամանած պաշտոնատար անձանց եւ այլն: Փաշինյանը խաղաղության իր թեզը սեպտեմբերի 25-ին հնչեցրել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում, հոկտեմբերի 4-ին՝ հեռավոր Վիլնյուսում՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ պաշտոնական հանդիպման ընթացքում, ինչպես նաեւ նոյեմբերի 5-ին՝ Կառավարությունում ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ զրուցելիս: Սակայն, ինչպես պնդում է արեւելյան ասացվածքը, «հալվա, հալվա ասելով, բերանդ չի քաղցրանա»: Նույնը «խաղաղության» դեպքում է՝ այդ բառի անհարկի կրկնությամբ տարածաշրջան խաղաղություն չես բերի։ Ավելին՝ համամարդկային այդ բարիքն ավելի կվանես քեզնից՝ արժեզրկելով խաղաղության բուն գաղափարը:
Փաստորեն՝ կեղծ է ոչ միայն հրապարակ նետված խաղաղության օրակարգը, այլ նաեւ դրա «փաթեթավորումը»՝ իբրեւ հանրային պահանջ: Այդկերպ ներկայացնելու իմաստը դժվար չէ հասկանալ. նախաձեռնության հեղինակը փորձում է ընդգծել խնդրի կարեւորությունը եւ, միաժամանակ, ցույց տալ, թե որքան վերահասու է ժողովրդի ձայնին, նրա ակնկալիքներին: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին իր հեռավար մասնակցության ընթացքում, նա նշել է. «Մեկ ամիս առաջ ՀՀ Ազգային ժողովում հաստատվեց Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որտեղ առանցքային դրույթներից մեկը մեր երկրի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Ընդ որում, 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովուրդը մեր Կառավարությանը մանդատ տվեց այս առանցքային նպատակի ուղղությամբ շարժվելու համար»: Իրականում ոչ ոք նրան «խաղաղության դարաշրջան բացելու» մանդատ չի տվել, քանի որ այս պահի դրությամբ Հայաստանի առաջնահերթությունը խաղաղության հաստատումը չէ:
Դրա ամենացայտուն ապացույցը նոյեմբերի 14-16-ը հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում թշնամու զորամիավորումների հրահրած ամենաարյունալի ընդհարումներն էին 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո: Ուղղակի այդպես չի լինում, երբ հակամարտ կողմերից մեկը գրեթե ամեն օր կրակ է տեղում հակառակորդի դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ սփռելով մահ ու ավեր, իսկ մյուսը նստած խաղաղություն է քարոզում: Ասվածը միգուցե չափազանցված է, բայց ճշմարտությունը դրանից չի տուժում, իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի համար ներկայումս գերակա խնդիրներ են. ա/ առաջնագծի պատշաճ կահավորումն ու զինումը, բ/ անվտանգային համակարգի ըստամենայնի ամրապնդումը՝ Զինված ուժերի իրական բարենորոգչությունների միջոցով, գ/ զինամթերքի ու զինամիջոցների արդիականացումը, դ/ տնտեսական առաջընթացի ապահովումը, ե/ արտաքին-դիվանագիտական ճակատի ուժեղացումը, զ/ հանրային համերաշխության հաստատումն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը եւ այլն: Ուրեմն ինչո՞ւ են գործող իշխանությունները սեւեռվել զուտ խաղաղության կեղծ օրակարգի վրա՝ անտեսելով առկա մարտահրավերները:
Բանն այն է, որ իշխող քաղաքական ուժը՝ մասնավորապես նրա առաջնորդը, անկարող լինելով կոնկրետ խնդիրներ լուծել, շատ հաճախ դիմում է ամենահրատապ օրակարգերն ապագային «ուղղորդելու», պատրանքների պայծառ հեռանկարով ժողովրդին մոլորեցնելու մանիպուլյատիվ հնարքների: Սա «ՔՊ»-ական իշխանակարգի համար սովորական գործելակերպ է, որին քանիցս դիմել են՝ խոստանալով մի դեպքում մինչեւ 2050 թվականը ՀՀ բնակչության թվակազմի, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման եւ բոլոր այլ ոլորտների թռիչքաձեւ աճի ցուցանիշներով ուղղակի ծաղկեցնել Հայաստանը, մեկ այլ դեպքում,- դա 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից անմիջապես հետո էր,- 6 ամիս ժամանակ էր խնդրում իրավիճակն արմատապես կարգավորելու համար՝ ներկայացնելով երկրի ամենակարեւոր անելիքների՝ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը մինչեւ օրս մնում է չիրագործված: Փաշինյանն իր հույսը միշտ ապագայի հետ է կապում, այնտեղ հեշտ է «թաղել» սեփական ձախորդությունների, անխոհեմ գործողությունների հետեւանքները: Այդ առումով պատահական չէ նաեւ ՔՊ-ի «Ապագա կա» կարգախոսը:
Հիմա հերթը հասել է «Խաղաղության դարաշրջանին», որն, ըստ էության, դարձյալ միտված է ապագային, ընդ որում՝ անորոշ ապագային: Սա Փաշինյանի հերթական փախուստն է իրականությունից, որտեղ իր հորինած խաղաղության առասպելը պահանջարկված չէ, ավելին՝ իր աչքի առջեւ այն հօդս է ցնդում: Ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում: Եվ դրանում անբնական ոչինչ չկա. եթե որեւէ հասկացության կամ հիմնադրույթի մեջ աղճատվում է իրատեսական առաքելության տրամաբանությունը, ապա այն, որքան էլ թմբկահարվի, չի կարող ծառայել իր նպատակին: Այսօր, երբ տարածաշրջանում չկան ժողովուրդների խաղաղ համակեցության տարրական նախադրյալներ, խոսել խաղաղության մասին՝ նշանակում է զբաղվել էժանագին ամբոխահաճությամբ, որից ցանկացած ողջամիտ մարդ երես է թեքում: Տպավորություն է, թե խաղաղության դարաշրջան բացելու փաշինյանական «Նոու-հաու»-ն դարձել է մի տգեղ աղջիկ, որին ուզում են ամուսնացնել, սակայն ոչ մի փեսացու մոտ չի գալիս:
Գեւորգ Բրուտենց