Monday, 25 November 2024

A Analysis

«Արցախը տվինք, մի հատ «ո՛ւֆ» չարինք…»

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Խանութի մուտքի մոտ երկու կին առանձնացած՝ խոսում էին: Խանութից դուրս էի գալիս, մի պահ ականջիս հասավ. «Արցախը տվինք, մի հատ «ո՛ւֆ» չարինք»,- ասողը կանանցից  տարեցն էր: Մյուսը լուռ գլխով էր անում: Կինն ասել կուզեր, որ ժողովուրդը ընդվզման, ցավի որեւէ նշան ցույց չտվեց: Անշուշտ, մտածելու բան է՝ համազգային աղետի ավելի անհամարժեք ընկալում, քան եղավ Արցախը կորցնելուց հետո, դժվար է պատկերացնել: Ի՞նչ է կատարվում հասարակության հետ, այս ե՞րբ անտարբերության թմբիրը համակեց մեզ, եւ հայը դարձավ սեփական ազգի ընդհանուր ողբերգությանն ու վշտին, անգամ ֆիզիկական ոչնչացման փաստին անհաղորդ:

Կամա-ակամա հետահայաց հանգում ես 2018-ի չարաղետ «թավիշի» ժամանակներին, երբ ՀՀ հասարակական-քաղաքական մթնոլորտը հագեցած էր ազգի երկու հատվածների միջեւ փոխադարձ ատելություն, թշնամանք ու պառակտում սերմանող «ճվճվան» ելեւէջներով, իշխանական մամուլում եւ սոցցանցերում Արցախի զինվորականության հայտնի դեմքերի մասին նվաստացուցիչ հրապարակումներով, շատերի նկատմամբ քրեական հետապնդումներով: Հետագա տարիներին Արցախի հանրային ու քաղաքական հարգը քայլ առ քայլ իջեցվեց՝ «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք» հայտարարությունից մինչեւ պրահյան ճակատագրական գործընթաց, որտեղ Արցախը Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնապես ճանաչվեց Ադրբեջանի մաս:

Սա այն կետն էր (հավանաբար՝ իր «զրոյական կետը»), որից սկիզբ առավ Արցախի տասնամսյա պաշարման գողգոթան եւ շարունակվեց մինչեւ արցախահայության բռնի ու ամբողջական տեղահանում: Սեպտեմբերի 19-20-ը թշնամին հակաահաբեկչական գործողության շինծու պատրվակով գրոհեց ու վերցրեց Արցախի մայրաքաղաքը եւ ԼՂՀ տարբեր շրջաններում կազմակերպեց հայկական լոկալ ջարդեր: Էթնիկ զտման եւ բռնի տեղահանման ենթարկված ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված էին հաշվված օրերի ընթացքում լքել երկուհազարամյա հայրենիքը՝ ջարդարար թուրքին թողնելով դարերի ընթացքում հազարավոր հայորդիների արյամբ սրբազնացած, բայց երբեք թշնամյաց ձեռքը չանցած արցախյան հողը:

Ի՞նչ է այժմ սպասվում բազմաչարչար, մայր հողից արմատախիլ արված Արցախին, որի հանդեպ ՀՀ իշխանությունը, մեծ հաշվով, բարյացակամ չգտնվեց՝ որքան էլ հակակրանքը փորձի թաքցնել «արցախցի մեր քույրերն ու եղբայրները» կեղծապատիր դիմակի տակ: Իսկ հասարակության մի պատկառելի հատված սառն ու անտարբեր է հայկական երկրորդ պետության (լեզուս չի պտտվում ասել՝ նախկին-Գ.Բ.) եւ նրա բնակիչների նկատմամբ: Ավելին՝ ոմանք փնթփնթում են, թե ինչու են Հայաստան եկել, լեզու գտնեին ադրբեջանցու հետ, մնային իրենց տեղը: Կա նաեւ Արցախի հանձնմամբ ցնծացողների մեկ այլ տեսակ, ըստ որոնց՝ «ի վերջո, պրծանք Ղարաբաղի գլխացավանքից»: Սա «թավշյա» սերնդի մեջ դեռ ապրող հիվանդագին ընկալումների դրսեւորում է:

 

Շահրամանյանը որոշ փակագծեր բացեց

Իրականում Արցախի հարցը փակված չէ՝ այդ մասին վստահեցնում են փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող որոշ դիտորդներ, շահագրգիռ այլ կողմեր: Որպես առաջին քայլ՝ դիտարկվում է հարկադրաբար լքած հայրենիք հետվերադարձի հնարավորությունը: «Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, կարծում եմ՝ նաեւ Ադրբեջանը»,- հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Սամվել Շահրամանյանը՝ հավելելով, որ վերադարձի հնարավոր ելքերի, անվտանգության երաշխիքների ու մի շարք այլ հարցերի շուրջ առաջիկայում ակտիվ քննարկումներ են նախատեսված:

Ի դեպ՝ Արցախի նորընտիր ղեկավարը ցանկություն էր հայտնել հանդես գալ «Հ1»-ի եթերում, սակայն առաջարկը մնացել էր անարձագանք, եւ դիմել էր Արցախի Հանրայինին, որտեղից էլ «հանրայնացրեց» ասելիքը: Շահրամանյանը խոսում էր բավական հանգիստ, հավասարակշռված՝ ասես ընտրելով ամեն բառը: Զրույցում անդրադարձներ կան մարդկանց հուզող շատ հարցերի վերաբերյալ, բայց դրանցից կառանձնացնենք մի քանի կարեւոր պարզաբանումներ կամ, եթե կուզեք, բացահայտումներ: Դրանք են.

  1. Ռազմական գործողությունները սկսվելուց հետո է հասկացել, որ իրենք մենակ են ադրբեջանական ագրեսիայի դեմհանդիման: Ռուսական կողմը դիտորդի կարգավիճակ է որդեգրել, եւ իրենց մնում էր ինքնուրույն կարգավորել բոլոր հարցերը՝ մասնավորապես Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների եւ բնակչության հետ միասին ձեռնարկել պատասխան գործողություններ։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր դարձան Ադրբեջանի հետ 12 ժամ տեւած բանակցությունները:
  2. Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը զանգահարել էր իրեն եւ հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները եւ ադրբեջանական կողմի հետ գնալ բանակցությունների: Ինքը պատասխանել է, որ դեմ չէ, թող Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիրը, տեսլականը, եւ եթե այն նախագահի թիմի ու անձնակազմի համար ընդունելի լինի, պատրաստ են գնալ այդ քայլին: Բաբայանն այս պայմանին չէր համաձայնվել:
  3. Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ է հաստատել ադրբեջանական կողմի հետ՝ փորձելով ճշտել՝ կա՞ արդյոք Արցախում այլ թեկնածու, ում հետ պատրաստ են վարել բանակցություններ, ինչը թույլ կտա ավելի շուտ դադարեցնել ռազմական գործողությունները (Արցախում քննարկումներ էին ընթանում այն հարցերի շուրջ, թե հնարավո՞ր է՝ Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն՝ որպես բանակցող)։ Ադրբեջանական կողմի պատասխանը եղել է բացասական:
  4. Հայաստանը տեղյակ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, եւ ՀՀ իշխանությունների հետ քննարկում էին հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ: Բայց նպատակն այդ իրավիճակում արցախիցների՝ այդ թվում տեղահանվող զինծառայողների կյանքերը փրկելն էր, ինչը, կարելի է ասել, հաջողվեց:
  5. Հսկիչ անցակետով մարդկանց տեղաշարժը կարգավորելու հարցում ադրբեջանական կողմը, ըստ Շահրամանյանի, ցուցաբերում էր ընտրովի մոտեցում: Անդրադառնալով հարցազրուցավարի դիտարկմանը, թե Ադրբեջանն առեւանգել է Արցախի երեք նախկին նախագահներին, իսկ իրեն՝ ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երեւան, Շահրամանյանը պատասխանել է. «Ես տեղափոխվել եմ ինքնաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը եւ իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով, այնտեղից էլ՝ Երեւան:

…Ստեփանակերտի դեմ ադրբեջանական ագրեսիայից ընդամենը 10 օր առաջ Արցախի խորհրդարանով օրինականորեն ընտրված նախագահն իր թիմով այժմ Երեւանում է՝ ԼՂՀ վտարանդի կառավարություն կազմավորելու եւ այն գրանցելու մտայնությամբ, ինչը, ըստ երեւույթին, ՀՀ իշխանությունների սրտով չէ: Փաշինյանը խուսափում է Շահրամանյանի հետ հանդիպումից, իշխանամերձ շրջանակներից քննադատություն է հնչում վերջինիս հասցեին՝ Արցախի լուծարման փաստաթուղթ ստորագրելու համար, ոմանք էլ դժգոհում են նորընտիր նախագահից, որ, ընդհանրապես, եկել է Երեւան: Հարցազրույցում եւ ավելի վաղ Շահրամանյանը պարզաբանումներ էր տվել, որ իր ստորագրությունն իրավական ուժ չունի եւ լուծարման մասին խոսք լինել չի կարող:

Սակայն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին համոզելն այնքան էլ հեշտ չէ, մանավանդ՝ եթե մարդը չի ուզում համոզվել: «Այդ դեպքում ինչո՞ւ Սամվել Շահրամանյանը չի մնացել Արցախում, եթե պնդում է, որ իր ստորագրությամբ լուծարման փաստաթուղթն առոչինչ է»,- տրտնջում է Քոչարյանը՝ հաստատ իր ասածի մեջ չխորանալով: Համենայն դեպս՝ այն մասով, թե ինչ իմաստ ունի հայերից իսպառ դատարկված Ստեփանակերտում նրա մնալը: Լավ՝ մնա, որ ի՞նչ անի… Քոչարյանը երկրորդ ապուշությունն է նետում հարցն իրեն ուղղած լրագրողի դեմքին. «Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»:

Իսկ միգուցե ավելի ճիշտ էր, եթե երեք տարի առաջ՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, ինքնասպան լիներ փողոցից իշխանության եկած փնթի «ուսապարկերի» թիմը՝ իր ողջ կազմով, եւ Արցախն ու Հայաստանը, համայն հայությունն այս օրհասի շեմին չէին հայտնվի:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.