Tuesday, 26 November 2024

A Analysis

Սոչի, նոյեմբերի 26. սուր հարցերը շրջանցելու նուրբ արվեստը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Պարզվում է՝ մտավախություններն ու հոռետեսական կանխատեսումները, որոնք Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ գերիշխում էին ընդդիմադիր շրջանակներում, այնքան էլ հիմնազուրկ չէին: Երեք ժամ տեւողությամբ հանդիպումը տեղի ունեցավ նախ Պուտինի հետ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների առանձնազրույցների ձեւաչափով, ապաեւ՝ եռակողմ: Բանակցությունների նախօրեին Կրեմլը կարճ հաղորդագրությամբ ամփոփել էր հանդիպման օրակարգը՝ նշելով, որ ուշադրության կենտրոնում լինելու է տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը: Երեք առաջնորդները նաեւ հայտարարության տեքստ էին համաձայնեցրել, որը հրապարակվեց նույն օրը: Եվ, չնայած միջոցառումը նոյեմբերի 26-ին էր, պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ եռակողմ հանդիպումը նվիրված է հրադադարի մեկ տարվան: Տեղի ունեցածը, ըստ էության, նոյեմբերի 9-ին նախապես նշանակված եւ հետո անորոշ ժամանակով հետաձգված հանդիպումն էր:

Որպես օրինակ, թե ինչով էր կանխորոշված Սոչիի հանդիպման արդյունքների նկատմամբ բացասական ակնկալիքի ֆոնը ներհայաստանյան խոսույթում, կարելի է վկայաբերել երկու հիմնական մտավախություն. 1/ ստորագրվելիք փաստաթղթով Արցախն ուղղակի կամ անուղղակի կճանաչվի Ադրբեջանի մաս, ինչին կարող է նպաստել սահմանագծման-սահմանազատման հապճեպ իրականացումը, եւ բ/ նույն համաձայնագրով Ադրբեջանին միջանցք կտրամադրվի Սյունիքի մարզով, ինչը կարող է տեղի ունենալ ճանապարհների ապաշրջափակման շղարշի հետեւում: Տվյալ դեպքում խոսքն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որի հնարավորությունը հայկական կողմը միշտ հերքում է, ադրբեջանական կողմը՝ հաստատում: Արցախի առումով իրավիճակն ավելի անորոշ է. ում հայտնի չէ, որ 44-օրյա պատերազմից հետո «ՔՊ»-ական իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից: Փաշինյանի նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսից եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ վերջինս Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Դա, ըստ նրա, պարզ էր դեռեւս 1991 թվականից: Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է, եւ վե՛րջ» որոտաձայն կոչը եւ «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ» հայտարարությունը փարիսեցիությո՞ւն էին։

Բայց «վերադառնանք» Սոչի, որտեղ ընդունված համատեղ հայտարարության մեջ հստակ չեն ո՛չ Արցախի, ո՛չ «միջանցքի», ոչ էլ մյուս հարցերի ձեւակերպումները, հետեւաբար՝ փորձագիտական եւ հանրային հատվածի գերակշիռ մեծամասնությունը մտահոգվելու պատճառներ իսկապես ունի: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ բանակցություններում Արցախի խնդրի չհիշատակումը փոխզիջումային պայմանավորվածությունների հետեւանք է. «Այսինքն՝ կողմերը փոխզիջումային սկզբունքով պայմանավորվել էին ընդհանրապես չշոշափել Արցախի հարցը, այն թողնել ապագային՝ մի մեծ հարցականի տակ»,- վստահ է քաղաքագետը: Շատերն այն տեսակետին են, որ սուր հարցերը խնամքով շրջանցվում էին, եւ խնդրո առարկա հայտարարությունը չի պարունակում ՀՀ ազգային շահերից բխող գեթ մեկ դրույթ: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան թվարկում է այն կետերը, որոնք տրամաբանորեն պետք է լինեին, սակայն չկան համատեղ հայտարարության տեքստում: Դրանք են՝ ա/ բոլոր գերիների վերադարձ՝ նախքան հաղորդակցությունների բացումը, բ/ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի եւ դեօկուպացիայի խնդիրների լուծում՝ նախքան սահմանագծման-սահմանազատման գործընթաց սկսելը, գ/ անվտանգային սպառնալիքների վերացման երաշխիքների ապահովում՝ նախքան համատեղ տնտեսական ծրագրեր ձեռնարկելը:

Հատկանշական է, որ բանակցություններից առաջ Կրեմլը Բաքու եւ Երեւան էր գործուղել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, ով հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ մոտ 9 ամիս է՝ քննարկում է տարածաշրջանի տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակման հարցը: Ավելի վաղ Օվերչուկը՝ դարձյալ լղոզված, հայտարարել էր, թե կողմերն արդեն եկել են որոշակի համաձայնության եւ պատկերացում ունեն գործարկվելիք ճանապարհների վերաբերյալ, թե որտեղով են անցնելու այդ ճանապարհները, ով եւ ինչպես է դրանք վերահսկելու: Սոչիում հանդիպման օրը հաղորդակցությունների խնդրին անդրադարձել էր նաեւ ռուսական «Ռիա Նովոստի»-ն՝ նշելով, որ ապաշրջափակման համատեքստում Երեւանի եւ Բաքվի միջեւ հիմնական տարաձայնությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է: «Բաքուն բարձրացրել է միջանցքի արտատարածքային, այսինքն՝ այն հայկական օրենսդրությունից դուրս լինելու հարցը, Երեւանը դեմ է՝ գնահատելով այդ քայլը որպես ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»,- գրում է պարբերականը եւ հիշեցնում, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իլհամ Ալիեւն անգամ հայտարարում էր, թե Սյունիքի մարզն ադրբեջանական հող է, «սակայն ավելի ուշ Բաքվում հստակեցրել են, որ երբեք չեն հավակնել Սյունիքին»:

Իսկ ինչպե՞ս են հանդիպումը գնահատում իրենք՝ բանակցողները: Փաշինյանը բանակցությունները որակել է «դրական»: Նրա խոսքով՝ բաց քննարկվել են օրակարգի գրեթե բոլոր հարցերը: «Շատ հարցերի շուրջ տեղի է ունեցել դիրքորոշումների հստակեցում եւ պարզվել է, որ որոշ հարցերի պարագայում կողմերը համակարծիք են՝ չնայած նախքան հանդիպումը հակառակ տպավորությունն էր»,- շողոքորթաբար ասել է Փաշինյանը: Իսկ Պուտինի վկայությամբ՝ կողմերին հաջողվել է համաձայնության գալ մի քանի առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ «տարածաշրջանի ապաշրջափակման ու տրանսպորտային կապերի բացման, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի համար մեխանիզմների ստեղծման, ինչպես նաեւ հումանիտար հարցերում»: Եթե այս վերջինը նշանակում է նաեւ հայ ռազմագերիների վերադարձ՝ ուրեմն կարելի է հուսալ, որ Սոչիում հայանպաստ գոնե մի հարց լուծվելու է: Ադրբեջանի նախագահը, սակայն, չի ընդունում, որ իր երկրում հայ գերիներ կան, նրա պնդմամբ՝ բոլոր գերիներին ադրբեջանական կողմը վերադարձրել է, իսկ մյուսները «դիվերսանտներ» են, որոնք դատվել կամ դատվելու են Ադրբեջանի քրեական օրենսգրքին համապատասխան:

Ակնհայտ է, որ Ալիեւը լկտիաբար ստում է, որովհետեւ տարբեր աղբյուրների տվյալներով՝ Բաքվում դեռեւս 150-ից ավելի հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան: Ամենայն հավանականությամբ՝ Ալիեւը նրանց պահում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» դիմաց սակարկելու հնարավորության համար: Իսկ որ «միջանցքի» հարցը կողմնակի աչքից հեռու զրույցներում ամենաքննարկվածն է եղել, գրեթե կասկածից դուրս է: Անդրադառնալով Պուտինի գլխավորությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանակցություններին, ռուս հայտնի հասարակական գործիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկովն արձանագրում է, որ «ամենակարեւոր թեման եղել եւ մնում է Զանգեզուրով անցնող տրանսպորտային միջանցքը»: Այդ առնչությամբ իր խանդավառությունը չի կարողացել զսպել անգամ Ադրբեջանի նախագահը, որը Սոչիից Բաքու հասնելուն պես շտապել է «լավ նորությունը» հայտնել իր դաշնակիցներին: Ինքնաբերաբար ներկայացած առիթը «փոքր սուլթանի» համար ավելի քան տեղին էր՝ հագուրդ տալու իր բնածին մեծամտությանը:

Նոյեմբերի 27-ին, ելույթ ունենալով Աշգաբադում տեղի ունեցած՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների (Թուրքիա, Աֆղանստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան եւ Ուզբեկստան) ղեկավարների 15-րդ գագաթաժողովում, Իլհամ Ալիեւը, ըստ «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայության, հայտարարել է, որ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրականություն է դառնում: «Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքների կարեւոր մասը։ Վստահ եմ՝ ՏՀԿ անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- շեշտել է Ալիեւը: Նույն աղբյուրի վկայությամբ՝ Թուրքիայի նախագահն, իր հերթին, կարեւորել է «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը եւ ընդգծել, որ հարկ է հատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային միջանցքների զարգացմանը։ Զանգեզուրյան թեմայի համատեքստում ուշագրավ է հայտնի ուկրաինացի փորձագետ Ալեքսանդր Կովալենկոյի դիտարկումը. «Հետաքրքիրն այն է, որ ՏՀԿ-ում Հայաստանը չկա, որի տարածքով անցնելու է տվյալ միջանցքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Երեւանը հեռատես արտաքին քաղաքականություն չի վարում նույնիսկ պատերազմից մեկ տարի անց»:

Հիշեցնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի ու Անկարայի պնդումներին Երեւանը միշտ հակադարձել է՝ ասելով, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»: Նույնը ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը կրկնեց նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ։ «Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են` եթե չտաք, պատերազմով այդ միջանցքը կստանանք: Չի լինելու այդպիսի բան»,- այս էլ որերորդ անգամ՝ հավաստիացնում էր, իսկ իրականում ստում էր Փաշինյանը: Իրականությունը, ինչպես շատ հաճախ, Հայաստանի «հպարտ» քաղաքացիներն իմանում են ադրբեջանական կամ թուրքական աղբյուրներից: Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի արձագանքին, կարելի է ասել, որ ռազմավարական գործընկերոջ դիվանագիտական լղոզված հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել: «Եռակողմ աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող եւ նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են»,- «միջանցքի» շուրջ ԶԼՄ-ներում տարածվող հոռետեսական լուրերը փարատել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Երբ պաշտոնական Մոսկվան հայտարարեց, թե եռակողմ հանդիպումը զուգադիպում է կամ նվիրված է հրադադարի առաջին տարեդարձին, Փաշինյանը խոստովանեց, որ ինքն էր խնդրել այն նոյեմբերի 9-ից տեղափոխել այլ ժամկետ, քանի որ նոյեմբերի 9-ի «սիմվոլիկան» իր սրտով չէ: Հավանաբար՝ տխուր հուշեր է արթնացնում: Մամուլում սպրդած որոշ տեղեկությունների համաձայն՝ ռուսական կողմն առաջարկել էր նոյեմբերի 15-ը, որը եւս նրան դուր չեկավ: Ու այդպես հանդիպումը հետաձգվեց նոյեմբերի 26-ը: Փաշինյանը, սակայն, դարձյալ վրիպեց, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ չէր ընդունել մարտական գործողությունները նախ հոկտեմբերի 7-ին, ապաեւ 19-ին դադարեցնելու առաջարկները: Եթե ստույգ նշանակված օրը կամ գոնե նոյեմբերի 15-ին նա մեկներ Սոչի, միգուցե կանխվեր նոյեմբերի 16-ի ողբերգական միջադեպը, որը 6 նոր զոհերի, տասնյակ վիրավորների ու 32 գերեվարվածների պատճառ դարձավ:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.