Tuesday, 26 November 2024

A Analysis

Ով իրականում հանձնեց Արցախը

User Rating: 5 / 5

Star ActiveStar ActiveStar ActiveStar ActiveStar Active
 

Հայաստանում ամենաչարչրկված եւ, միեւնույն ժամանակ, ամենաշինծու օրակարգը, որը գործող իշխանությունն իրեն հատուկ ձեռնածություններով դարձրել է հանրային քննարկումների առարկա, Արցախի հարցում նախկինների թողած «վատ» ժառանգությունն է: Դրանով են ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը մեծապես պայմանավորում 44-օրյա պատերազմում կրած պարտությունը: Դեկտեմբերի 8-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իր զայրույթը պարպեց ընդդիմադիր պատգամավորի հարցին պատասխանելիս՝ պնդելով, թե Արցախը հանձնածներն իրենք են՝ նախկիները, որոնք բանակցությունները մտցրել էին փակուղի: Ըստ նրա, ստեղծված իրավիճակի այլընտրանքը պատերազմն էր, որը կանխելու միակ ձեւը տարածքներ տալն էր՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: «2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Ավելին՝ 2016-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, եւ Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»,- ԱԺ-ում շեշտել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը:

Այս տեսակետն իր ելույթում ամրապնդել է ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, որի խոսքով՝ 2019թ. Լավրովի հայտնի առաջարկության մեջ ոչ մի նորություն չկա: 7 շրջանի վերադարձն Ադրբեջանին, ըստ նրա, միշտ եղել է բանակցային գործընթացի օրակարգում. նախ պետք է վերադարձվեր 5 շրջան, ապաեւ՝ մյուս 2-ը, իսկ Արցախի կարգավիճակի հստակեցումը թողնվեր հետագային: «Ուզում եք Լավրովի պլան կոչեք, ուզում եք՝ Մինսկի խմբի առաջարկ կոչեք։ Փաստաթղթի բովանդակությունը 2016թ. հունվարից հետո չի փոխվել»,- նշել է Եղոյանը։ Ի դեպ, ժամանակային առումով այս պնդումները համընկան այն օրերի հետ, երբ մամուլում լուրեր էին տարածվում, որ Արցախում հայ-ադրբեջանական շփման գծի՝ Արցախի Հանրապետության ՊԲ մարտական դիրքերից իջեցվում են հայկական դրոշները։ arcakh24.info լրատվական կայքի թիմի ուսումնասիրության արդյունքում տեղեկությունը հաստատվել էր՝ Շուշի քաղաքի հարակից հայկական մարտական դիրքերից այսօր բացակայում են Արցախի եւ ՀՀ պետական դրոշները։ Որոշ լուրերի համաձայն՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը դրոշներն իջեցնելու պայման էր դրել` սպառնալով հակառակ դեպքում կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

2018 թվականի «թավշյա» իշխանափոխությունից հետո արցախյան բանակցությունների թեմայի արծարծումներն աննախադեպ աշխուժացան՝ հանրային կարծիքը կիսելով երկու տարամետ բեւեռի: Ընդդիմադիր հատվածը՝ այդ թվում նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, քննադատության թիրախում սկսեցին պահել իշխող քաղաքական ուժի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, ինչը, նրանց կարծիքով, հեռացնում է արցախա-ադրբեջանական հակամարտության հայանպաստ լուծման հնարավորությունը եւ միջազգային ասպարեզում մաշեցնում Հայաստանի վարկը՝ պետությունը տանելով դեպի ինքնամեկուսացում: Իշխանական սեգմենտն, իր հերթին, ոչ առանց վարձկան «ֆեյքերի» աջակցության, մատնանշում է նախկիններից ստացած բանակցային «դժգույն» ժառանգությունը, բանակի թալանը, անբավարար սպառազինվածությունը եւ, որպես այդ ամենի հետեւանք, Զինված ուժերի ցածր մարտունակությունը: Այսպիսով՝ մի կողմը պնդում է, որ իր հաջորդին թողել է թշնամու դեմ երկու փայլուն հաղթանակ տարած մարտունակ բանակ եւ Արցախի հարցում բանակցային նպաստավոր հարթակ, իսկ մյուսը հակադարձում է, թե 44-օրյա պատերազմում կրած պարտությունը նախորդ 20 տարիների ընթացքում կուտակված լրջագույն սխալների ու թալանի ուղղակի հետեւանքն էր:

Հասարակության մեջ նույնիսկ ժողովրդական թեւավոր խոսք էր դարձել, թե՝ նախկինները պարտությունն իրենք սարքեցին ու «քցեցին էս հարիֆի ջեբը»: Ընդդիմության համախոհները դրան հակադրում էին սեփական փաստարկը. եթե նախկինները մնային իշխանության գլուխ, Ադրբեջանը չէր համարձակվի պատերազմ սկսել: Ինչ կարող ես ասել՝ երկու տեսակետն էլ գոյության իրավունք ունեն, իսկ թե որ կողմում է իրականությունը՝ ցույց կտա ժամանակը, երբ կզուլալվեն ջրերը: Մի բան, սակայն, շատ պարզ է՝ ավելի քան 25 տարի մասնիկ առ մասնիկ հավաքված բանակցային կառույցը մեկ օրում քանդվեց, եւ այդ օրը 2019-ի ապրիլի 9-ն էր, երբ «Ազատության» հարցին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «…Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից»: Երբեմն էլ սրտնեղվում էր, երբ հարցնում էին, թե ինչ են բանակցում: Պատասխանում էր. «Ինչ պետք է, էն էլ բանակցում ենք»։ Այսինքն՝ իշխանության գալու մեկ տարին դեռ չբոլորած՝ «քայլարածների» ու «մերժածների» առաջնորդը հրաժարվում է իր իշխանությանը բաժին հասած «պարտվողական» ժառանգությունից եւ բանակցությունները սկսում է զրո կետից՝ փաստորեն զրոյացնելով, ջուրը թափելով բազմաթիվ մարդկանց երկուսուկես տասնամյակի ջանքերը:

Այժմ անդրադառնանք ամենակարեւոր հարցին. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Նիկոլ Փաշինյանի՝ քանիցս հնչեցրած պնդումները, թե 2018-ի դրությամբ եղած բանակցային բազայով Արցախի՝ Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն: Ավելին, ըստ նրա, Արցախը դեռ 2016-ին էր սպառել Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր պաշարամիջոցները, հետեւաբար Արցախը հանձնողները նախկիններն են: Սակայն հրապարակի վրա եղած փաստերը, բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին քաջածանոթ հայ եւ ռուս պաշտոնատար անձանց վկայությունները, նույնիսկ Փաշինյանի որոշ հայտարարություններ, հակառակն են ապացուցում՝ 2018-ին ՔՊ-ական իշխանությունն ունեցել էր բանակցային գործընթացն արդյունավետ շարունակելու լավ նախադրյալներ: Այլապես հենց ինքը՝ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, 2019թ. օգոստոսին ինչո՞ւ պիտի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեր. «Արցախը Հայաստան է եւ վե՛րջ»: Կամ՝ պաշտպանության նախարարն ի՞նչ հիմքով էր նույն թվականի մարտին սպառնում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսպես կարող էր խոսել միայն բանակցային ամուր դիրքեր ունեցող կողմը:

Իրականում այդպես էլ կար. թե՛ Կազանյան գործընթացի ժամանակ, թե՛ հետագա բանակցություններում հայկական կողմը երբեւէ չի քննարկել այնպիսի տարբերակ, որտեղ անդրադարձ չկատարվեր ԼՂ կարգավիճակի հարցին։ Նույնիսկ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2019թ. մարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ հստակորեն նշված է ինչպես Արցախի միջանկյալ կարգավիճակի, այնպես էլ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով վերջնական կարգավիճակի հստակեցման մասին: Այդ առնչությամբ ուշագրավ է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի այս տարվա հունվարի 13-ի արձագանքը ՀՀ վարչապետի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։

Փաշինյանի «վատ ժառանգություն» բնորոշմանը Պոպովը հակադրում է համանախագահների ներկայացրած վերջին առաջարկները, համաձայն որոնց՝ առաջին փուլում Ադրբեջանին են վերադարձվում Արցախի անվտանգության գոտի հանդիսացող 5 շրջանները՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլու եւ Աղդամ, իսկ Քարվաճառը (Քելբաջար) եւ Բերձորը (Լաչին) մնում են հայկական վերահսկողության տակ այնքան ժամանակ, մինչեւ իրավական ուժ ունեցող հանրաքվեով կորոշվի Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը: Երկրորդ փուլում արդեն վերադարձվում են Քելբաջարն ու Լաչինը՝ զուգահեռաբար դիտարկելով Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը: Ռուս դիվանագետը հատուկ ընդգծում է. «Երեւանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին ԼՂ իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի հանձնառության ընդունումը եւ այլն: Ուստի պնդել, թե ՌԴ-ն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես»՝ մոռանալով կարգավիճակի մասին, չի համապատասխանում իրականությանը»։

Այսպիսով՝ 2018-ի դրությամբ ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը հասել էր մի հանգրվանի, երբ թունելի վերջում արդեն լույս էր նշմարվում՝ 5+2 բանաձեւով 7 շրջանների վերադարձի դիմաց Արցախն իրավունք էր ստանում հանրաքվեով որոշել ցանկալի կարգավիճակը, ինչի համար էլ այդ շրջաններն ի սկզբանե նախատեսված էին: Կարծես թե՝ առանց պատերազմի, առանց տարածքային կորուստների եւ, հատկապես, առանց տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների, խեղված ճակատագրերի, անօթեւան մնացած թշվառականների խնդիրը հանգուցալուծելու հնարավորության թեկուզ, մի նշույլ, այնուամենայնիվ, եղել է, բայց չի օգտագործվել: Ինչո՞ւ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահն այդ հարցին սպառիչ պատասխան է տվել. «Մինչեւ 2018-ը ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել հակամարտության կարգավորման ներկայացված վերջին առաջարկները, բայցեւ ամբողջական համաձայնության հասնել այդ պահին հնարավոր չէր, սակայն, ըստ Պոպովի, «ամենից կարեւորը այն է, որ բանակցություններն ընթացել են մշտապես մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը նոր մոտեցումներ առաջ քաշեց»։ Ըստ էության, բանակցությունները փակուղի մտցնելու մեջ Ռուսաստանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին:

Պաշտոնական Մոսկվան հերքում է նաեւ Փաշինյանի կողմից վերը նշված հոդվածում եւ, առհասարակ, տարբեր հրապարակային ելույթներում, հարցազրույցներում արված այն պնդումները, թե բանակցությունների սեղանին փաստաթուղթ չի եղել: Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը պարզել է, որ բանակցային սեղանին ոչ միայն փաստաթուղթ եղել է, այլեւ այն ունեցել է ներկայացման հստակ ժամկետ՝ «2019թ. հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ռուսական առաջարկների ներքո, հակամարտության կողմերին են փոխանցել փուլային կարգավորման ծրագիր»: Արցախի վերջնական կարգավիճակի խնդրի տարբերակների մասին Իգոր Պոպովն ասում է, որ վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները՝ որպես վերջնական նպատակ, նախատեսում էին քվեարկություն: Եվ, որ ամենակարեւորն է, քվեաթերթիկում առաջադրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չպետք է սահմանափակվեին, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կողմերը պետք է հարգեին:

Անշուշտ՝ Փաշինյանը լավ գիտի, սակայն խնամքով թաքցնում է, որ հայկական կողմը մեծ ջանքերի, արհեստավարժության եւ, գլխավորապես, հաղթողի հոգեբանության շնորհիվ, ինչն իր համար անմատչելի է, կարողացել է շատ բաների հասնել՝ Մադրիդյան սկզբունքներին, Կազանյան բանաձեւին, ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին եւ այլն։ Նա լավ գիտի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից պարբերաբար տարածվող հայտարարությունների մասին, որոնցում ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման տարրերի մեջ հստակեցված են այդ իրավունքի իրացման կարեւորագույն բաղադրիչները: Մասնավորապես՝ հետեւյալ երեք անփոփոխ դրույթները. ա/ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան; բ/ մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ; գ/ պետք է անխափան գործի ԼՂ-ի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապը:

Հետագա բանակցություններում՝ մինչեւ 2018 թվական, այս սկզբունքներն ու տարրերն ավելի են մանրամասնվել, բյուրեղացել, միս ու արյուն ստացել, ինչի մասին վկայող փաստերը բազմաթիվ են: Հրապարակումը չծանրաբեռնելու համար զերծ կմնանք համացանցում զետեղված բավական հարուստ նյութերի հղումներից, ցանկացողները եւ թեմայով հետաքրքրվողները կարող են հանգամանորեն ծանոթանալ այդ փաստաթղթերին: Դրանք ոչ միայն համոզիչ կերպով վերահաստատում են «նախկինների» թողած արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը, այլեւ ապացուցում են, որ Փաշինյանը անգիտակցաբար կամ դիտավորությամբ մսխել է ստացած բանակցային ժառանգությունը, որից անդադար դժգոհում է: Կարգավորման փաթեթից ծայրաստիճան դժգոհ էր նաեւ Ադրբեջանի նախագահը մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը: Ցանկացած ոք այսօր էլ կարող է համացանցից ներբեռնել Ադրբեջանի կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում Իլհամ Ալիեւի հայտարարությունն առ այն, որ փակ դռների հետեւում իր վրա մեծ ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Սա եւս մեկ ավելորդ փաստարկ է, որ Արցախը Ադրբեջանի կազմից դուրս մնալու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորություն, այնուամենայնիվ, ունեցել է: Այլ հարց է, որ Փաշինյանն այդ հնարավորությունը չի տեսել կամ չի ցանկացել տեսնել:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.