Tuesday, 26 November 2024

A Analysis

Օրենք՝ ապացույցները ոչնչացնելու եւ չդատվելու մասին

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Թվում է՝ ՀՀ կառավարության կայացրած արտասովոր որոշումով կամ ժամանակավրեպ, անպատեհ օրենսդրական նախաձեռնությամբ այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Բայց՝ ոչ: Զարմացնելու՝ մեր գործադիրի հնարամտությունը շատ ավելի համապարփակ է, քան կարելի է պատկերացնել: Այս անգամ հանրությանը զարմացնելու առիթը նոյեմբերի 24-ի նիստում միաձայն հաստատված ու հրատապության ընթացակարգով ԱԺ ներկայացված օրինագծերի փաթեթն էր՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» վերտառությամբ:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը, որի քննարկումը նույն օրն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր, ըստ էության, ԱԱԾ-ին թույլ է տալիս ավելի դյուրացված եղանակով ոչնչացնել պահոցային փաստաթղթերը: Գործադիրն այս նախագիծը պայմանավորում է օրենքում օգտագործվող հասկացությունները օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱԱԾ-ի լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ: Չենք վիճում, հնարավոր է՝ նման անհրաժեշտություն իսկապես կա: Բայց կան նաեւ նրբերանգներ, որոնք անորոշություն են առաջացնում եւ որոնք օրինագծի շուրջ հանրային ու փորձագիտական շրջանակի դժգոհությունների հիմնական առանցքն է:

Նախագծում հատկապես լղոզված է այն լրամշակումը, որից պարզ չէ, թե ԱԱԾ-ն երբ կարող է ոչնչացնել փաստաթղթերը՝ նախքան գաղտնազերծո՞ւմը, թե՞ գաղտնազերծումից հետո: Քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմությանը մտահոգողը ոչ միայն այդ անհստակությունն էր: «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001թ. դեկտեմբերի 28-ին ընդունված օրենքում շատ պարզ գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»: Առաջարկվող նախագծում նույն հոդվածը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

Ինչպես կարելի է նկատել, խմբագրված տարբերակում ձեւակերպմանն ավելացել է երկու նոր բառակապակցություն՝ ա/ «կամ ոչնչացվում են» եւ բ/ «եւ այլ իրավական ակտերով»: Այս առնչությամբ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը նշել է. «Ձեր առաջարկած փոփոխությամբ կարող է այնպես ստացվել, որ արխիվային փաստաթղթերը ԱԱԾ պետի որոշմամբ կամ իրավական որեւէ ակտով մի օր պարզապես կոչնչացվեն»: Քննարկման առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակամիջոցում խմբակցությունն օրինագծի փաթեթում առաջարկություն է ներկայացրել՝ մասնավորապես արձանագրելով, որ պետական գաղտնիք պարունակող նյութերը կարող են ոչնչացվել գաղտնազերծվելուց հետո միայն՝ «օրենքով սահմանված կարգով»:

Հարցը ներկայացնողը՝ ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, առաջարկն ընդունելի չի համարել, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծման ու ոչնչացման հետ կապված հարաբերությունները, ըստ նրա, մանրամասն կարգավորված են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով ու հարակից ենթաօրենսդրական ակտերով: «ԱԱԾ-ից կոչնչացվեն այն փաստաթղթերը, որոնք պետք է ոչնչացվեն, մտահոգվելու շատ բան չունենք»,- իր հերթին հավելել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ երեւույթները չեն կարող ոչնչացնել, «քանի որ դա եղել է եւ արձանագրված է ամենուր»։

Այդպիսով՝ ՔՊ-ական խորհրդարանը հավանություն տվեց օրինագծին եւ ԱԱԾ-ին օժտեց պահոցային փաստաթղթերն «ըստ անհրաժեշտության» ոչնչացնելու իրավունքով: Այդ «անհրաժեշտությամբ» էլ կարելի է հետո պայմանավորել ուզածդ փաստաթղթի ոչնչացում՝ ընդհուպ մինչեւ հայրենիքի դավաճանության, պետական հեղաշրջման կամ օտարերկրյա գործակալական ցանցի ստեղծման մասին կարեւորագույն գաղտնիք պարունակող նյութեր ու վկայություններ: Իսկ այն մասին, թե ինչու տվյալ օրենսդրական փոփոխությունները հենց հիմա կարեւորվեցին եւ աննախադեպ «արագի մեջ» օրենքի ուժ ստացան, որեւէ հոդաբաշխ պարզաբանում չեղավ: Կառավարության՝ վերը բերված հիմնավորումները համոզիչ չեն:

Համոզիչ ու կատարյալ չեն նաեւ օրենքում կատարված բուն փոփոխությունները՝ դրանցում, ըստ իս, կան օրենքի ոգուն ու տրամաբանությանը խորթ սահմանումներ: Օրինակ՝ թեկուզ վերը հիշատակված ձեւակերպումը, թե՝ արխիվային նյութերը «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են»: Ստացվում է՝ ում ինչպես ձեռնտու է, այդկերպ կարող է վարվե՞լ: Այս երկու բառեզրերը փոխհակասող հասկացություններ են: Օրենքը, կարծում եմ, այստեղ չի կարող երկընտրանքի պատուհան թողնել. որքան հասկանում եմ, օրենքը միանշանակ կամ թույլատրում է, կամ՝ արգելում: Ինչպե՞ս կարող է օրենքի նույն դրույթով մի դեպքում թույլատրվի «գաղտնազերծել» [կարեւոր փաստաթուղթը], մյուս դեպքում՝ «ոչնչացնել»: Ոչ իրավաբանիս համար սա, համենայն դեպս, տրամաբանությունից դուրս է թվում:

Մինչեւ հիմա օրենքով ԱԱԾ-ին թույլատրվում էր միայն գաղտնազերծել իր պահոցում եղած գաղտնի փաստաթղթերը, այժմ առաջարկվող փոփոխությամբ ոչ թե գաղտնազերծվում, հետո ոչնչացվում են, այլ՝ «գաղտնազերծվում կամ ոչնչացվում են»: Կրկնեմ՝ սրանք տարբեր բաներ են: Կարեւոր հարցերում հապճեպություն ցուցաբերելու գործելաոճից դժգոհություն է հայտնել ՀՅԴ-ական եւս մեկ պատգամավոր՝ Արթուր Խաչատրյանը. «Ես չեմ վիճարկում այս օրենսդրական նախաձեռնության ո՛չ հրատապությունը, ո՛չ կարեւորությունը։ Պարզապես եթե այն այդքան կարեւոր է, պետք է ավելի շատ ժամանակ հատկացվեր: Կարեւորությունը ենթադրում է խորը, համապարփակ քննարկում։ Իսկ հրատապությունը ենթադրում է, որ այս օրենսդրական փաթեթը պետք է ավելի շուտ ներկայացվեր»,- նշել է Խաչատրյանը։

Ընդդիմադիրների մտավախություններն անհիմն չեն. ամիսներ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ ՀՀ բարձրագույն իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր ժամանակներ հավաքագրված են եղել օտարերկրյա գործակալական ցանցերի կողմից կամ համագործակցել են ՀՀ հատուկ ծառայությունների հետ: Շրջանառվող նյութերում հնչել են կոնկրետ անուններ կամ լրտեսական մականուններ՝ «Օմեգա», «Շակալ» եւ այլն, որոնցից ոչ մեկը չի էլ հերքել նման ցանցի իր մասնակցության վերաբերյալ տեղեկությունները: Ուրեմն՝ մեծ է հավանականությունը, որ այդ մարդիկ՝ տիրապետելով իշխանական լծակների, մի գեղեցիկ օր կարող են օգտվել օրենքի բացից եւ «մաքրել» իրենց անփառունակ անցյալի հետքերը, ինչը կբացառի հետագա հնարավոր քրեական հետապնդումը։

Կառավարության՝ ԱԺ ներկայացրած աղմկոտ նախաձեռնության մեջ «հետքեր մաքրելու» բարձր ռիսկի երեւույթներ են տեսնում մասնագիտական որոշ խմբեր: Այդ տեսակետները տիրապետող են հատկապես ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող շրջանակներում: Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ՝ խնդրո օրինագծի շրջանառումը «որոշ հետքեր մաքրելուն ուղղված քայլ է կամ օրենք առ այն, թե ինչպես զրոյացնել ինֆորմացիան եւ չդատվել»: Իսկ միգուցե իշխանությունները պատրաստվում են կապել ճամպրուկները եւ, ինչպես ասում են, «մաքուրո՞վ» հեռանալ: Այս մասին ուղղակիորեն չեն խոսում, բայց տողատակով հասկացնում են: Լավ՝ իսկ ո՞րն է իմաստը, ի՞նչ է տալիս նման օրենսդրական փոփոխությունը:

Իրավաբանը հանգամանալից հիմնավորումներ է ներկայացնում. ա/ գործող իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը հետագայում կդժվարացնի մի շարք հանգամանքների պարզաբանումը (օրինակ՝ նոր օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք դրվագներ եւ այլն). բ/ օրինագծով նյութերի ոչնչացման լիազորություն է տրվում ցանկացած պաշտոնատար անձի, անգամ գյուղական համայնքի մի ավագանու, ինչի հնարավորությունն ընձեռում է նախագծի «եւ այլ իրավական ակտերով» ձեւակերպումը. գ/ ստեղծվում են ողջ արխիվային նյութերի՝ ներառյալ թշնամի երկրների գործակալական ցանցերի մասին տեղեկանյութի ոչնչացման նախադրյալներ:

Քաղաքագետների կարծիքները գրեթե չեն տարբերվում հոդվածում ամփոփվածից: Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառման համաձայն՝ Կառավարության ԱԺ բերած նախագիծը ԱԱԾ արխիվները ոչնչացնելու հնարավորություն է: «Շպիոն օնիկները շտապում են իրենց մութ անցյալի հետքերը մաքրել։ Էդ ի՞նչ կարգի նյութեր կան, որ էս տիպի վախենում եք»,- գրում է ադրբեջանագետը: Իսկ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ փոփոխության մեջ ամենախոցելին այն դրույթն է, որը հնարավոր է դարձնում արխիվային նյութերը ոչնչացնել նաեւ «այլ իրավական ակտերով». «Սա, ըստ էության, Նիկոլի քմահաճույքն է»,- համոզված է փորձագետը:

Բանն այն է, որ «այլ իրավական ակտ» է համարվում նաեւ ՀՀ կառավարության որոշումը, անգամ՝ ՏԻՄ որոշումը: Ամեն ինչից անկախ՝ նման ձեւակերպմամբ նսեմացվում, անլրջացվում է բուն պետական գաղտնիքի նկատմամբ վերաբերմունքը: «Այս փոփոխությունները հնարավորություն կտան Նիկոլին՝ հետին թվով լիքը բան մաքրելու, ջնջելու, «պարզաջրելու»… դե, իսկ Աղրիդաղ Միրզոեւի ուրախությանը հաստատ չափ ու սահման չի լինի»,- սրամտորեն նկատել է Վրթանեսյանը:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.