Monday, 25 November 2024

A Analysis

Իշխանությունը հանրությանն ընտելացնում է Արցախի կորստին

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Սեպտեմբերի 19-20-ը Արցախին պատուհասած մեծագույն աղետից հազիվ երկուսուկես ամիս անց ՀՀ-ում հետաքրքիր միտումներ են նկատվում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել հասարակությանը Արցախի կորստին ընտելացնելու (ադապտացնելու) ակտիվ գործընթաց: Անգամ ամենաարդիական հարցը, թե կվերադառնա՞ն արդյոք արցախցիներն իրենց տները, մղվել է հետնախորշ: Երբ բռնի տեղահանման ցավը դեռ թարմ էր, երկու տեսակետ էր շրջանառվում՝ ոմանք վերադարձը իրատեսական էին համարում, մյուսները՝ երեւակայածին մտքի արգասիք, պատրանք: Եվ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ շատ չանցած՝ թեման կարող է, ընդհանրապես, դուրս մնալ օրակարգից: Բայց եղավ այն, ինչ եղավ:

Տեղի ունեցավ Արցախի հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ ներխուժում, որի ճեղքումը կասեցվեց ԼՂՀ պատշպանության բանակի հերոսական դիմակայությամբ: Բայց, քանի որ ուժերը տագնապալիորեն անհավասար էին՝ 60 հազարը 5 հազարի դեմ, իսկ թշնամին սահմանային բնակավայրերում զուգահեռաբար էթնիկ զտումներ եւ բռնություններ էր սկսել իրականացնել, Արցախի 100 հազարից ավելի հայությունը ստիպված էր զանգվածային ցեղասպանության սպառնալիքի տակ հապճեպ հեռանալ՝ անտերունչ թողնելով երեք հազարամյա իր բնօրրանը, պատմամշակութային հուշակոթողները, բազում սերունդների արյամբ սրբազնացած պապենական հողն ու անցավորաց գերեզմանները:

Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, մի կողմ էր քաշվել, եւ մատը մատին չտվեց: Թրքահալած, ինչք ու հայրենիք կորցրած մեր ազգակիցները մազապուրծ հասան Հայաստան, բայց, անկեղծ ասած, պատշաճ ուշադրության ու հոգատարության չարժանացան: Նույնիսկ փնթփնթաններ եղան. «սրա՞նք ինչի չմնացին իրենց տեղը, թե՞ ստեղ փլավ են բաժանում»: Ինտեգրվելու դեպքում Բաքուն անվտանգության երաշխիքներ էր խոստանում՝ այն կարգով, ինչպես մյուս փոքրամասնություններին: Արցախահայության արժանապատվությունը չներեց իր հայրենիքում փոքրամասնություն լինել: Անգամ ԽՍՀՄ-ի օրոք ինքնավար մարզի կարգավիճակ ուներ նախկին խորհրդային Ադրբեջանի կազմում:

Մի փոքր պատմական էքսկուրս. Խորհրդային Ադրբեջան անունով պետություն այսօր աշխարհի երեսին գոյություն չունի, կա Ադրբեջանի հանրապետություն, որը 1920թ.-ի ժողովրդավարական Ադրբեջանի իրավահաջորդն է՝ այն Ադրբեջանի, որի կազմում Նախիջեւանը եւ Արցախն ընդգրկված չեն եղել: Միայն խորհրդային իշխանությունների օրոք Կրեմլի տերերի կողմից Խորհրդային Ադրբեջանին էր բռնակցվել պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջեւանը՝ 1921թ. մարտի 16-ին, եւ Արցախը՝ նույն թվականի հուլիսին։ Ներկայիս Ադրբեջանը, որի կազմում Նախիջեւանը եւ Արցախը երբեւէ չեն եղել, ստեղծվել է 1991թ. դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ ԽՍՀՄ-ի կազմալուծման արշալույսին։

Հիմա գանք բուն թեմային եւ փորձենք հասկանալ, թե ինչու Արցախը դարձավ գործող իշխանությունների աչքի փուշը, որի անունից հուշտ են լինում: Տարածված վարկածներից մեկն այն է, որ ի դեմս արցախցիների՝ ՔՊ-ական վերնախավը տեսնում է վարչախմբի իրական սպառնալիքի: Արցախը, փաստորեն, հանձնվեց Փաշինյանի ձեռքով, եւ մեծ է հավանականությունը, որ Երեւան ու ՀՀ կենտրոնամերձ բնակավայրեր տեղափոխված արցախահայերը կարող են մի իքս ժամի համախմբվել եւ դառնալ հակաիշխանական հոծ միավոր, ինչը ՔՊ-ի համար լուրջ վտանգով է հղի: Սա է արդեն երկար ժամանակ Արցախի եւ Հայաստանի իշխանական ընտրախավերի հարաբերություններում նկատվող սառնության պատճառը:

Հայկական երկրորդ պետության նկատմամբ Հայաստանի ներկա իշխանությունների ու մերձիշխանական շրջանակների անբարյացակամությունը նոր երեւույթ չէ՝ այդ փաստի հիմնավորման կարիք առանձնապես չկա էլ: Բավական է միայն հիշեցնել ամենավերջին միջադեպը՝ մի քանի շաբաթ առաջ Երեւանում Արցախի ներկայացուցչության առջեւ ցուցադրված խայտառակ «ներկայացումը», որի հետեւում զգացվում էր փաշինյանական հայտնի «էմիսարներից» մեկի՝ Սամվել Բաբայանի շնչառությունը: Շատ ցավալի է, որ երբեմնի ճանաչված «կամանդույուշչին», մարտական գեներալն  ու Արցախի հերոսը կարող է այդչափ նվաստանալ՝ դառնալով Հայոց ոստանը թշնամուն հանձնած ազգակործան իշխանախմբի խամաճիկը:

Բայց սա առանձին քննության նյութ է, չխառնենք մեկը մյուսին: Փոխարենը դիտարկենք այս օրերին Արցախի շուրջ տիրող դալուկ անդորրը՝ անտարբերության մի զգացողություն, որը պատել է ՀՀ իշխանություններին եւ, ինչու չէ, անգամ Արցախի գործադիր, օրենսդիր ու մյուս ատյաններին: Վտարանդի կառավարության մասին խոսակցությունները, կարծես թե, նույնպես «ջրվել» են: Երեւան գալու օրվանից՝ հոկտեմբերի 4-ից, Արցախի նախագահին չի հաջողվում հանդիպել Փաշինյանին. իշխանության վերնահարկերից հասկացնում են, որ Երեւանում նրան չեն սպասել: Իզուր չէ ՀՀ նախագահի օրերս արած հայտարարությունը, թե ՀՀ-ում Արցախի պետական հիմնարկների գործունեությունը՝ ասել է թե վտարանդի կառավարության կազմավորումը, անիմաստ է:

Վահագն Խաչատուրյանը, մի տեսակ վախվորած, հարցով է պատասխանել իրեն հարց տված լրագրողին. «Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են, որ ի՞նչ անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,- ասել է նա եւ արագ մոտեցել ծառայողական մեքենայի դռանը՝ փորձելով կանխել լրագրողի հաջորդ հարցը, սակայն վերջինս, այնուամենայնիվ, հասցրել է պարզել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու առնչությամբ ՀՀ նախագահի կարծիքը՝ համաձայն որի «Հայաստանն Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռեւս 1991 թվականին»:

Ի դեպ՝ մեկ օրվա տարբերությամբ լրագրողներն Արցախին առնչվող նմանատիպ հարցեր էին ուղղել նաեւ ԱԺ նախագահին. «Ո՞ր Արցախի,- նախ՝ աշխարհից անտեղյակ էր ձեւացել Ալեն Սիմոնյանը, ապա վստահ հայտնել, որ ՀՀ-ն այսօր նման հարց չունի,- Հայաստանը լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ… վերջին 1-2 տարում ութ անգամ այդ հարցին պատասխանել եմ»,- դժգոհել է ԱԺ խոսնակը՝ հավելելով, որ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվել է 2016թ.-ին: Տարօրինակ բան է ստացվում. մեր երկու ղեկավարներն Արցախի ճանաչման բոլորովին տարբեր տարեթվեր են վկայաբերում՝ 1991-ը եւ 2016-ը: Սա ինքնին Արցախի խնդրի նկատմամբ վերաբերմունքի խոսուն ցուցիչ է:

Թվում է՝ վերը նկատված տարակարծության վրա լույս կսփռի Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան՝ Նիկոլ Փաշինյանը, բայց ավա՜ղ… լսելով այս անձի «պարզաբանումները», մարդ կարող է հիմնովին խճճվել-մոլորվել նախկին իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանի մաս հռչակելու մեկ տասնյակի չափ տարբեր տարեթվերի բավիղներում: Մեկ միանշանակ հայտարարում է, թե 1996-ից ի վեր «Արցախի հարց գոյություն չի ունեցել», մեկ այլ անգամ էլ հիշատակում 2013 թվականը, երբ բանակցություններում ՀՀ-ն, իբր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Տեսնելով, որ դա եւս չի «կպչում», հաջորդ անգամ որոշում է ավելի հեռուն գնալ՝ հասնելով 1991թ. չարաբաստիկ Ալմա-Աթայի հռչակագրին, իսկ 1999-ի Ստամբուլյան կոնվենցիան՝ որպես խայծ, միշտ կա ու կա:

Արցախի հանձնման տարեթվերի աշխարհագրությունը գնալով մեծացնում է՝ ընդգրկելով 2007-ի Մադրիդյան սկզբունքները, որոնցով, իբր, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս, 2016-ը, երբ այլեւս չկար «Արցախն Ադրբեջանից դուրս լինելու ո՛չ գործնական, ո՛չ էլ անգամ տեսական որեւէ հնարավորություն»: Հետո 2017-ին է անդրադառնում, երբ, նրա կարծիքով, «կարմիր գծերն արդեն գծվել էին»: Մինչդեռ 2016-17-ին իրականում Ադրբեջանի համար էին «կարմիր գծեր» գծվել, ինչի վկայությունը 2016թ. հոկտեմբերի վերջին Ալիեւի արած հայտնի հայտարարությունն է, թե «փակ դռների ետեւում ինձ ստիպում են ճանաչել ԼՂ-ի անկախությունը»:

Ալիեւի այս հայտարարությանը Փաշինյանը երբեք չի անդրադարձել՝ իրեն դա ձեռնտու չէ: Իսկ այ, մատից ծծած բլեֆներ սիրում է մատուցել՝ Արցախի կորստի հետ հանրությանը «հաշտեցնելու», արցախյան խնդիրը մոռացության տալու համար, ինչը Բաքվի սուլթանի՝ քանիցս հնչեցրած պահանջն է եւ ինչի իրականացմանը Փաշինյանն այժմ լծված է ողջ թիմով: Մեծ հաշվով՝ նա Ալիեւին ծառայելու հայտ ներկայացրեց այն օրվանից, երբ հայտարարեց, թե բանակցությունները կվարի իր կետից եւ կբանակցի՝ ինչ ուզում է: Այդպես՝ ուզած կետից բանակցելով, հասավ այն բլեֆին, թե՝ «ողջ աշխարհն է ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչում» կամ՝ «Արեւմուտքը պարտադրում է մի փոքր իջեցնել կարգավիճակի նշաձողը, եւ լայն կոնսոլիդացիա կստեղծվի Արցախի խնդրի շուրջ»:

Իրականում փաստն այն է, որ աշխարհը, որպես կարգավորման հիմք, ընդունում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Դա արտացոլված է մի շարք փաստաթղթերում, այդ թվում՝ Նիկոլի կողմից հանիրավի քարկոծվող Մադրիդյան սկզբունքներում: Ինչ վերաբերում է Արեւմուտքի «պարտադրած» նշաձողի իջեցմանը, ապա կյանքը ցույց տվեց, որ «Արեւմուտք» ասելով՝ Փաշինյանը նկատի ուներ Թուրքիային եւ Ադրբեջանին, ուրիշ ոչ մի երկիր նման կոչ չի արել: Իսկ «լայն կոնսոլիդացիան» ո՞ւր է…

Ցնծացե՛ք, ժողովուրդ, մենք այսօր այդ «լայն կոնսոլիդացիայի» պտուղներն ենք ըմբոշխնում:

 

Գեւորգ Բրուտենց

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.