Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ), որն ի բնե ունեցել է ԱԱԾ-ի գրասենյակի կարգավիճակ եւ բավական ինքնավար կառույց է, շուտով կդառնա անմիջականորեն ՀՀ վարչապետին ենթակա մարմին: Այդ ճանապարհին առաջին քայլն արվեց դեկտեմբերի 9-ին, երբ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, բացառապես ՔՊ-ական պատգամավորների 62 քվեով, ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած որոշման նախագիծը: ՊՊԾ պետին կնշանակի վարչապետը, իսկ պետի՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:
Կառավարության կողմից ներկայացված օրինագծերի փաթեթում կային այլ կարգի փոփոխություններ եւս: Ներկայումս գործող օրենքի համաձայն՝ պաշտոնը թողնելուց հետո երկրի նախագահին տրվում է պետական պահպանության ծառայությունից ցմահ օգտվելու իրավունք: Նոր կարգավորմամբ՝ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում՝ 10 տարի: Նոր օրենքով երեք պաշտոնյայի՝ նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին կհատկացվի պետական պահպանության ծառայություն: Անհրաժեշտության դեպքում ՊՊ ծառայություն կարող է հատկացվել նաեւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների, բայց դա կորոշի միայն վարչապետը:
Ակնհայտ է, որ օրենքում ամրապնդվող բոլոր իրավակարգավորումները հիմնականում «պտտվում» են վարչապետի շուրջ՝ նրա պաշտոնեական լիազորությունների շրջանակը էապես լայնացնելու համատեքստում: Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը նախորդ ղեկավարությանը քննադատում էր 2015թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրությունը ՀՀԿ-ի ճաշակով վերաձեւելու եւ իշխանությունը մեկ անձի ձեռքում գերկենտրոնացնելու համար: Բայց 2018թ. իշխանափոխությունից հետո ինքը ոչ միայն չհրաժարվեց Սերժ Սարգսյանի «հագով կարված» սահմանադրական փոփոխությունների «կոստյումից», այլեւ հետագա տարիներին շարունակեց բոլոր առանցքային մարմիններն ու կառույցները կենտրոնացնել իր ենթակայության ներքո:
Մինչ այդ, նա ինքնաբերաբար տիրապետում էր իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերին, իսկ հետագայում «իրենով արեց» նաեւ դատաիրավական ու ոստիկանական համակարգերը: Այսինքն՝ չորսուկես տարի առաջ մերժելով Սերժին, Նիկոլ Փաշինյանը գերազանցեց նրան, պատկերավոր ասած՝ Սերժից ավելի «սերժ» գտնվեց, տիրապետելով ամբողջ իշխանությանը: Հիմա արդեն պարզ երեւում է, թե ինչու էր ընդդիմադիր Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով քննադատում նախկին «գող» ու «թալանչի» իշխանություններին: Պատճառը խանդն էր, որ ի՛նքը չէ նրանց տեղում ու անձամբ ի՛նքը չի վայելում իշխանությունը եւ լիաբուռն օգտվում նրա բարիքներից:
Արդ՝ Փաշինյանն իր ամպլուայի մեջ է եւ որոշել է առաջնահերթության կարգով ամրապնդել ՔՊ իշխանության սասանվող հիմքերը, հոգալ սեփական անձի ու ընտանիքի անվտանգային խնդիրները՝ ձեռքում ունենալով ուժային բոլոր կառույցների՝ այժմ արդեն նաեւ ՊՊԾ-ի «լծակները»: Չնայած, ըստ այդ կառույցի Կանոնադրության, նրա հիմնական գործառույթը պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումն է: Բարձրագոչ խոստումներով իշխանության եկած եւ պետական համակարգը, փաստորեն, փլուզած անձը համարում է, որ իր անվտանգությունն ավելի կարեւոր է, քան՝ պետական պահպանության օբյեկտներինը: Ասում են՝ վախը վատ բան է, հանուն դրա չեզոքացման, մարդ ամեն ինչի ընդունակ է: Իշխանություն կորցնելու վտանգ զգացող, բնույթով վախկոտ մարդը՝ առավել եւս:
«Հայաստանը՝ ժողովրդավարության բաստիոն», «Կոռուպցիան այլեւս անցյալում է», «Ժողովրդից թալանածը կվերադարձվի ժողովրդին», «Ազատ, արդար ընտրություններին չկա այլընտրանք». այս եւ մյուս ստահոդ, մանիպուլյատիվ կարգախոսները շատ ավելի վաղ էին պայթեցրել 2018-ից հետո փչված «փուչիկները», ցրել խոստացված «լավ ապագայի» պատրանքները: Այժմ հերթը «բարեփոխում» կոչված փուչիկներինն է, որոնց շահարկումը շարունակվում է: Պետական կարեւորագույն կառույցների պաշտպանությունը վարչապետի ղեկավարման ներքո տեղափոխելը, Փաշինյանի խոսքով, ԱԱԾ-ի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով է։ «Շատ կարեւոր բարեփոխում եմ համարում, այո՛, ՊՊԾ-ն դառնում է վարչապետին ենթակա մարմին»,- ասել է գործադիրի ղեկավարը։
Շահարկումը՝ շահարկում, բայց տարօրինակ տրամաբանություն է. ի՞նչ հիմքով է խնդրո օրենսդրական փոփոխությունը Փաշինյանը համարում շատ կարեւոր բարեփոխում: Զուտ այն պատճառով, որ ՊՊԾ-ն դառնում է վարչապետին ենթակա մարմի՞ն: Եթե վարչապետի ենթակայության տակ անցնելը «շատ կարեւոր» բարեփոխում է, ուրեմն կարելի է այդկերպ «բարեփոխել» նաեւ մյուս բոլոր ոլորտները՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, տնտեսությունը, կրթությունը, Զինված ուժերը… Փաշինյանի մեկ այլ պարզաբանմամբ՝ այս փոփոխությունը ԱԱԾ-ին թույլ կտա կենտրոնանալ իր երեք հիմնական գործառույթների ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու սահմանադրական կարգի պահպանություն։
«Այս երեք գործառույթների առումով ԱԱԾ-ն պետք է շատ լուրջ կարողություններ ունենա»,- հավելել է Կառավարության ղեկավար աշխատող անձը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ անվտանգության ծառայությունը ծանրաբեռնվել էր Փաշինյանի անհարկի հանձնարարությունների պատճառով, որոնք այս կառույցի գործառույթը չեն։ «ԱԱԾ-ն 30-ամյա փորձով ամբողջ իր գործառույթներն ի վիճակի կլիներ իրականացնել, եթե անցած տարիներին Փաշինյանը չուղղորդեր անվտանգության աշխատողներին՝ «սատանաներ» փնտրելու, ՀԴՄ կտրոններ ստուգելու եւ ԱԱԾ-ի բնույթին ոչ հարիր կողմնակի առաջադրանքներ կատարելու»,- համոզմունք է հայտնել ընդդիմադիր պատգամավորը։
Շատերը կարող են հիշել՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո այդ մասին իր հրաժարականի ասուլիսում հայտարարել էր նաեւ Արթուր Վանեցյանը՝ նշելով, թե ինչպես է Փաշինյանն իրեն՝ ԱԱԾ տնօրենին, հանձնարարել անձամբ ստուգել բենզալցակայաններում ՀԴՄ կտրոններ տալու ընթացքը: Ինչ ասել կուզի՝ սա ոչ միայն նվաստացուցիչ է ԱԱԾ տնօրենի համար, այլեւ խոսում է կադրերի հետ տարվող աշխատանքի նրբությունները, նրանց ընտրության եւ ճիշտ տեղաբաշխման կարեւորությունը չհասկանալու կամ ուղղակի անտեսելու մասին: Նման բացթողումներն, ի վերջո, հանգեցնում են կադրերի հոսունության, ինչի ականատեսն ենք այսօր մի շարք կարեւոր ոլորտներում: Բայց շեղվեցինք, գանք մեր թեմային:
Բարեփոխումների շրջանակում կառուցվածքային փոփոխությունները կշարունակվեն նաեւ 2023-ին, ինչի մասին արդեն հայտարարվել է: Ի մասնավորի՝ սպասվում է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) եւ Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) ձեւավորում, որոնց վերաբերյալ օրենսդրական փաթեթները, ըստ գործադիրի ղեկավարի, առաջիկայում կընդունվեն կառավարության կողմից եւ կուղարկվեն Ազգային ժողով: Նրա ներկայացմամբ՝ ՆԳՆ-ն լինելու է ԱԺ-ին հաշվետու քաղաքական մարմին եւ ներառելու է երեք ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ միգրացիայի ու քաղաքացիության հարցերով ծառայություն: Փաշինյանը վստահ է, որ այս փոփոխության արդյունքում աստիճանաբար ունենալու ենք «նոր որակի ոստիկանություն եւ նոր որակի փրկարար ծառայություն»։
Իշխանության երկու ճյուղերի ներկայացուցիչները՝ թե՛ գործադիրի անդամները եւ թե՛ օրենսդիրի ՔՊ-ական պատգամավորները, համոզված են, որ ՆԳ նախարարության կազմավորմամբ ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահությունը կբարձրանա։ Սակայն խորհրդարանական ընդդիմության համար համոզիչ չեն այն հիմնավորումները, թե ՆԳ նախարարության ստեղծումը թույլ կտա բարեփոխել ոստիկանությունը: «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ իշխանությունը փորձում է տարբեր մարդկանց համար տարբեր կառույցներ, պաշտոններ ստեղծել եւ դրանք կիրառել՝ ըստ իր նպատակահարմարության կամ ի շահ սեփական անվտանգության:
«Եթե ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում, քաղաքացիներին վիրավորում ու չեն պատժվում, ավելին՝ քաջալերվում են, ապա նման պայմաններում անունը կդնես ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, թե մեկ այլ բան, դրանից ոստիկանի կերպարը չի փոխվի»,- իրավացիորեն նկատում է ընդդիմադիր պատգամավորը։ Փաշինյանը եւ թիմակիցներն ասում են, որ ՆԳՆ-ն կազմավորվելուց հետո ոստիկանների ու ԱԻՆ ծառայողների աշխատավարձերը կկրկնապատկվեն: Է, հետո՞ ինչ: Դրանից նրանք հաստատ քաղաքակիրթ կամ պարտաճանաչ չեն դառնալ, ճիշտ հակառակն՝ ավելի կլպիրշանան, իշխանությանը հաճոյանալու համար միայն ծեծուջարդը կուժեղացնեն, որովհետեւ իշխանության կողմից ծեծը խրախուսվում է: Մենք դա քանիցս տեսել ենք:
Հիմա այս բարեփոխումների հաշվով ի՞նչն են հատկապես արժեւորում իշխանությունները՝ որպես ձեռքբերում: Ասում են՝ նախարարությունը մաս կկազմի Կառավարությանը, ՆԳ նախարարությունը կքաղաքականացվի, նախարարը կարող է լինել կուսակցական (բնականաբար՝ ՔՊ-ական), ներկայիս ոստիկանապետը եւ փրկարար ծառայության պետը կունենան նախարարի տեղակալների կարգավիճակ, իսկ ոստիկանության զորքերը կանվանափոխվեն ոստիկանական գվարդիայի՝ ավելի ընդլայնված գործառույթներով:
Ի դեպ՝ Ներքին գործերի նախարարություն եղել է նաեւ 90-ականներին, Ոստիկանություն է դարձել եւ ապաքաղաքականացվել 2002-ից: Հիմա ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր: Անհասկանալի է, թե ինչու: Ամեն ինչից երեւում է, որ բարեփոխումների համատեքստում կարեւորվում է ընդամենը ձեւը, բայց ոչ բովանդակությունը:
Գեւորգ Բրուտենց