Նարինե Աբգարյան, «Մանյունյա» (վեպ), թարգմանություն ռուսերենից, թարգմանիչ Նարինե Գիժլարյան, «ԴԱՐ», 2017
«Մանյունյան» պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության: Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաեւ շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Այն հասցեագրված է չափահաս մանուկներին եւ պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի:
Սոցցանցերում ծնված առաջին վիպակը գրավեց «Աստրել» հրատարակչության ուշադրությունը, որն էլ կարճ ժամանակ անց հրատարակեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպը: Քանի որ գրքի վաճառքը գերազանցեց հրատարակիչների բոլոր սպասելիքները, շուտով հայկական փոքրիկ գյուղաքաղաքում ապրող աղջիկների պատմությունն ունեցավ իր շարունակությունը: Երկու տարվա ընթացքում գրքի 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել: Նախքան հայերեն թարգմանվելը՝ վիպակը թարգմանվել է մի շարք այլ լեզուներով, ինչպես ասում է վիպակի գործող անձանցից Տան՝ «համադամ կերակուրը վերջում են մատուցում»:
Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը, որը հիմնել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը:
Թեեւ Նարինեի գրքերը սիրում են նաեւ փոքրիկները, բայց հեղինակը չի ընդունում այն կարծիքը, թե իր ստեղծագործությունները պատանեկան են: Նա ասում է՝ «գրում եմ 0-100 տարեկան երեխաների համար»: