Սարիկ Սեւադա, «Հայրենադարձի աչքերով», հարցազրույցների եւ հոդվածների ժողովածու, «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2020թ.:
Երիտասարդ լրագրող, միջազգայնագետ Սարիկ Սեւադայի առաջին ժողովածուն է, որտեղ ընդգրկված են 30 հայրենադարձների կյանքի հաջողված պատմությունները` լի նրա հերոսների դժվարություններով, մտահոգություններով եւ հաջողություններով:
Գիրքն իր տեսակի մեջ առաջինն է, իսկ հայրենադարձության թեմայի առումով` եզակի: Հայրենադարձները, որոնք Մայր հայրենիքում գտել են իրենց պատվավոր տեղը, շուրջ 18 երկրներից են` Արգենտինայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Կանադայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ այլ երկրներից:
Հայրենադարձված հայրենակիցների թվում են` Արտո Թունջբոյաջյանը, Շանթ Քիրմիզյանը, Գեւորգ-Նուռ Շադոյանը, Վարդան Մարաշլյանը, Դեր-Հովան եւ էլի շատերը, որոնք նաեւ գրքի հերոսներից են: Ժողովածուն նախադեպը չունեցող ձեռնարկ է, որը միտված է ցույց տալու, թե ինչպես են մեր հայրենակիցները կարողացել ինտեգրվել եւ հաջողությունների ու երազանքների իրականացման հասել Հայաստանում:
Գրքի իրական հերոսները գործարարներ են, հասարակական եւ մշակութային գործիչներ, ովքեր անձնվեր աշխատանքով կայացել են որպես իրենց ոլորտների սիրված ու ճանաչված անուններ: Անկասկած, գիրքը կխթանի նոր սերնդի հայրենադարձությանը, Հայրենիքը համատեղ ծաղկեցնելու մղումները: