Լուիզ Ֆով-Հովհաննիսյան, «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգեւորականն ու երաժիշտը (1865-1935). հոգեկենսագրական մի փորձ», 204 էջ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2026թ., Երեւան:
1991 թվականի նոյեմբերին ֆրանսահայ հոգեբույժ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Փարիզի Ռենե Դեկարտի անվան համալսարանում ներկայացրեց իր դոկտորական ատենախոսությունը։ Այս հետազոտության թեման, որը տասնամյակներ շարունակ տաբու էր, հեղինակից պահանջել է մեծ խիզախություն, համառություն ու եռանդ։ Ֆրանսիայում մեծացած բժշկի հայկակա՛ն հոգուն այն հանգիստ չէր տալիս․ ինչու՞ իրեն ծանոթ գաղթական հայ ընտանիքները 1915 թվականի Ցեղասպանությունից հետո կարողացան նոր կյանք կառուցել, իսկ Կոմիտասը խելագարվեց: «Գերաշնորհ Հայր Կոմիտասը՝ հայ հոգևորականն ու երաժիշտը (1865-1935). հոգեկենսագրական մի փորձ»․ այսպես վերնագրվեց իր աշխատանք-սխրանքը:
Լուիզին ոչինչ ետ չկանգնեցրեց իր մտադրությունից, նույնիսկ՝ փաստաթղթերի կարծեցյալ բացակայությունը։ Ըստ ֆրանսիական օրենսդրության՝ փարիզյան Վիլժուիֆ հոգեբուժարանը, որտեղ տարիներ շարունակ բուժվել է Կոմիտաս Վարդապետը, իրավունք չուներ տրամադրելու պացիենտի հիվանդության պատմությունը, մինչև չլրանա հիվանդի 150 ամյակը: Լուիզ Ֆով-Հովհաննիսյանին միայն 1985 թվականին հաջողվեց հասանելիություն ստանալ արխիվներին, այն էլ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի՝ Վիլժուիֆի հոգեբուժարանի տնօրենին ուղղված նամակի շնորհիվ (նամակը ներառված է գրքի հավելվածում)։
Այս բոլոր փորձություններն իզուր չէին․ Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը դարձավ առաջին մասնագետը, որը հետազոտեց Կոմիտասի անհատական մատյանում գրանցված ախտանիշները: Նա չգտավ այնտեղ ոչ մի գրառում ո´չ Կոմիտասի ով լինելու մասին, ո´չ էլ նրա հոգեկան տառապանքների պատճառների` հայ ժողովրդի ոչնչացման, գաղթի ճանապարհին սարսափելի տեսարանների ականատեսը լինելու մասին: Ախտանիշներից ամենաէականը Վարդապետի լռակյացությունն էր, բժշկական անձնակազմի և, այսպես կոչված, Խնամակալության հանձնաժողովի անդամների և նրանց կողմից ուղարկված մարդկանց հետ շփվելուց հրաժարվելը: Սակայն, ըստ հոգեբույժի, Կոմիտասը ոչ թե չէր կարող, այլ չէր ուզում խոսել ծայրահեղ անբարենպաստ այդ միջավայրում` հոգեկան հիվանդների շրջապատում, քանի որ խորը վիրավորված էր մտերիմների կողմից իրեն ցկյանս հոգեբուժարան տեղավորելու փաստից:
Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի ախտորոշումը հետևյալն է. Կոմիտասին տանջում էր ոչ թե շիզոֆրենիան (այդպիսի ախտորոշում չկա նրա հիվանդության պատմության էջերում), այլ` հետտրավմատիկ նյարդային խանգարումը /Post-traumatic stress disorder, PTSD/, որը այդ տարիներին դեռ բավարար ուսումնասիրված չէր: Սակայն հայտնի է, որ PTSD-ով տառապող անհատին հնարավորինս շուտ պետք է վերադարձնել իր հարազատ միջավայր, սիրելի գործին, շրջապատել հոգատար մտերիմ մարդկանցով: Կոմիտասի հետ վարվեցին ուղիղ հակառակ կերպ, և նա տարիներ շարունակ ապրեց ներամփոփ՝ խզելով արտաքին աշխարհի հետ բոլոր կապերը, ապրեց նույնքան ողջ, որքան՝ մեռած... մինչև 1935 թվական, երբ վրա հասավ իրական մահը ոսկրախտից:

