Տիգրան Հայրապետյան, «Վերջին աշունը», հրապարակախոսություն, 368 էջ, «ՆյուՄեգ» հրատարակչություն, 2025թ.:
«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ եւ վերջին հատորն է։ Այն ներառում է հեղինակի խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Առանձին բաժնում ընդգրկված են նաեւ կենդանության օրոք եւ մահվանից հետո նրան նվիրված մի քանի ստեղծագործություն եւ արձագանքներ:
Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունն էլ աննախադեպ իրադարձային էր. բացի քաղաքագիտական եւ հրապարակախոսական գործունեությունից, ակտիվորեն ներգրավվել էր քաղաքական գործընթացներում՝ աշխատելով ընդդիմադիր մի քանի առողջ ուժերի հետ՝ Հայաստանի վերաժողովրդավարացման հրամայականով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ ու անկախ անցկացումն ապահովելու համար:
Սակայն կյանքը ողբերգականորեն ընդհատվեց 35 տարեկանում՝ նախքան իրականություն կդառնային նրա երկու հայրենիքների գլխին կախված վտանգավոր կանխատեսումները:

