Թաներ Աքչամ, «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում եւ ուծացում», թարգմանությունը՝ Մելինե Անումյանի, 2018 թ.:
Թուրք հայտնի գրող, պատմաբան Թաներ Աքչամի ներկայացվող գիրքը բաղկացած է երեք բաժնից: Առաջին բաժնում հեղինակը խոսում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցով անաչառ զբաղվելու անհնարինության, այդ գործում իր կրած դժվարությունների ու պետության կողմից իր դեմ կազմակերպված հալածանքների մասին: Երկրորդում ներկայացվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան բանակում ծառայած հայազգի սպա Սարգիս Թորոսյանի հուշերի թուրքերեն հրատարակության շուրջ ծավալված խտրական ու կողմնակալ քննարկումների պատմությունը, որի ընթացքում Աքչամի նկատմամբ դարձյալ սկիզբ է առնում զրպարտությունների, անհիմն մեղադրանքների եւ հալածանքների մի մեծ արշավ: Երրորդ բաժնում հեղինակը հարուստ փաստական հենքի վրա ներկայացնում է հայերի բռնի իսլամացման եւ ուծացման քաղաքականությունը 1915-1918թթ.: Թաներ Աքչամը պատմությանը քիչ հայտնի այս երեւույթները գնահատում է որպես Հայոց ցեղասպանության կառուցվածքային տարրեր:
Գիրքը թարգմանվել եւ տպագրվել է «Ժիրայր Նշանյան» հիմնադրամի հովանավորությամբ՝ ի հիշատակ 1915թ. Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների: