Monday, 25 November 2024

E Editorial

Արդյո՞ք մենատերերը Հայաստանը կդարձնեն արտաքին աշխրհի ցանքադաշտ

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցը առաջին հայացքից ոչ մի հստակություն չմտցրեց հայ-ռուսական տնտեսական եւ ֆինանսական հարաբերությունների մեջ: Համենայն դեպս, Հայաստանի տնտեսությունում ֆինանսական ներդրումների թեման մի տեսակ ստվերում մնաց: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններին առավել հետաքրքիր է հենց այս թեման, կարելի է ասել, որ որոշակի հիասթափությունն ակներեւ է: Այնուամենայնիվ, Ռուսաստանի վարչապետի այցի դիտանկյուններից մեկը բավական ցայտուն երեւաց: Խոսքը Մեդվեդեւի այն «զարմանքի» մասին է, թե ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում Ռուսաստանի շուկայում գյուղատնտեսական արտադրանքի պակասի ներկայիս վիճակը: Իսկ ավելի պարզ՝ ռուս վարչապետի առաջարկը Հայաստանում համատեղ ջերմոցային տնտեսություններ հիմնելու մասին, որոնք իրենց արտադրանքը կարող էին արտահանել Ռուսաստան:

Առաջին հայացքից՝ այս գաղափարում որեւէ վատ բան չկա: Բայց եթե ուշադիր նայենք գյուղմթերքների արտադրության եւ Հայաստանից դրանց փոխադրման միտումներին, կարելի է նկատել տագնապալի մի շարժընթաց: Եվ բանն այստեղ սոսկ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների յուրահատկությունների մեջ չէ: Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի եւ արաբական երկրների միջեւ ստեղծվող հարաբերությունների մասին: Այնպիսի տպավորություն է՝ կարծես Հայաստանը բոլորին հետաքրքրում է ոչ թե իբրեւ երկիր, այլ իբրեւ տարածք՝ տնկարանի համար:

Վերջերս ավելի ու ավելի շատ է խոսվում առ այն, որ երկրում գյուղմթերքների գների աճի միտումը պայմանավորված է երկրից արտահանվող մթերքի ծավալների զգալի աճով: Ծիրանի արտադրողները շատ գոհ են, որ չմշակված միրգը բարձր գներով գնվում եւ տեղափոխվում է Ռուսաստան: Նրանց ամենաքիչն է հետաքրքրում Հայաստանի ներքին շուկան: Ձուկ վաճառողներն ասում են, թե ձուկն արտահանվում է Ռուսաստան, ուստի այստեղ ձկան գինը կտրուկ բարձրացել է: Անասունների արտահանման գործին քաջատեղյակները պնդում են, թե արտահանման ծավալների ավելացմամբ  է պայմանավորված մսի գնի շարունակական աճը: Իսկ թե ուր է գնում մեծ ցանքադաշտերի բերքը, հայտնի է միայն նրանց տերերին: Երկրի բնակչությունը իր շուկայում միայն գների կտրուկ աճ է տեսնում: Հայաստանի իշխանությունները շարունակ պնդում են, թե գյուղմթերքների արտահանման ծավալներն անընդհատ աճում են, իսկ վերջերս հանկարծ հայտարարեցին, որ այս տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 25 տոկոսով: Այստեղ ինչ-որ բան այն չէ, ամենայն հավանականությամբ, արտադրանքը «ստվեր» է գանցել, քանի որ շատ շահավետ է դարձել արտաքին շուկայում առեւտուր անելը: Առեւտուր անել՝ ունենալով մենաշնորհային արտոնություններ: ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ «ստվերը» հիմնական վտանգն է երկրի համար: Այստեղ էլ երկրի համար թաքնված սպառնալիքն է:

Այն պայմաններում, երբ արտաքին առեւտուրը մենաշնորհային է, երկրից զանգվածաբար անվերահսկելի գյուղմթերքի արտահանումը կարող է ոչ միայն սպառնալիք լինել պարենային անվտանգության ապահովման համար, այլեւ հանգեցնել ներմուծվող ապրանքների գների շեշտակի բարձրացման: Խնդիրն այն է, որ Հայաստան սնունդ ներմուծողները (հաճախ նույն սնունդը, որն արտահանվում է) ոչ մի կերպ այդ ապրանքը ցածր գներով չեն վաճառի, քանի որ մեծամասամբ այդ ներկրողները իրականում նույն արտահանողներն են: Այսինքն՝ երկրում արտահանմամբ պայմանավորված գների աճը գերազանց հնարավորություն է ստեղծում ներկրողների համար: Ձեռնտու է դառնում երկիրը դատարկել իր սեփական արտադրության ապրանքներից, ապաեւ ամայացած շուկան լրացնել թանկարժեք ներկրվածով: Քանի որ, ե՛ւ արտահանմամբ, ե՛ւ ներմուծմամբ զբաղվում են նույն մենաշնորհատերերը: Գների կարգավորման շուկայական մեխանիզմներ գոյություն չունեն: Ընդհակառակը՝ գյուղմթերքների արտադրությունը կարող է դառնալ մի նեղ շրջանակի անձանց գործ՝ զրկելով բոլոր մյուսներին արտադրանքի արտահանման հնարավորություններից:

Պատկերացրեք, թե ինչ կկատարվի գյուղատնտեսական ցանքադաշտերի հետ՝ վերոնշյալ միտումների պահպանման դեպքում: Ժամանակի ընթացքում գյուղացիների հողերը կարող են անցնել մենաշնորհատերերին՝ զրկելով հողի աշխատավորներին գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից եւ վերածելով այդ հողատարածքները արտաքին ատյանների տնկարանների: Այսինքն՝ կստեղծվի պետությունն արտաքին աշխարհի համար պլանտացիայի վերածելու եւս մեկ լծակ: Երկրի բյուջեն չի հարստանա, քանի որ բոլորը գիտեն, թե որքան են բյուջե հարկ վճարում մենաշնորհատերերը: Իսկ հողատարածքների սեփականատերերին «կխնդրեն» պարզապես հեռանալ եւ չխանգարել իրենց ներկայությամբ: Բարեբախտաբար, տեխնոլոգիաների դարում գյուղատնտեսությունում ձեռքի աշխատանք շատ չի պահանջվում. զարգացած երկրներում բնակչության միայն մի քանի տոկոսն է գյուղատնտեսությամբ զբաղվում: Այսպիսով՝ առանց հողի եւ աշխատելու հնարավորության մնացած մարդկանց համար կարող են միայն տոմս գնել մեկ ուղղությամբ: Առավել եւս, որ այդ աշխատավոր ձեռքերն արտերկրում մեծ պահանջարկ ունեն այլ աշխատանքների համար:

Հայաստանի նման փոքր երկրի համար շատ կարեւոր է նկարագրված ահագնացող միտումները պահել չթուլացող ուշադրության տակ: Աշխարհում սննդամթերքի բարձր գները կարող են ուղղակի օտարել բնակչությանը հողից եւ երկիրը վերածել ուրիշի բարիքի սպառողների պատանդի: Լեռնահանքային արդյունաբերության ոլորտում այդ նույն բանը մենք վաղուց ենք տեսնում:

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.