Monday, 25 November 2024

W Weekly Update

10-17 օգոստոսի 2024թ.

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հաշվետու շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը Բաքվի ու Երեւանի միջեւ բանակցությունների առաջընթացի մասին Հատուկ առաքելությունների գծով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունն էր: Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են խաղաղ բանակցություններում չներառել այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այս հարցը, ըստ Ամիրբեկովի, կքննարկվի հաջորդ փուլում։ «Միջանցքի» բացման քննարկումը հետաձգվեց, սակայն ՀՀ սահմանադրության փոփոխության հետ կապված պահանջները մնացին։ Իր քայլը Բաքուն բացատրում է խաղաղության համաձայնագրի ավարտի գործընթացը չբարդացնելու ցանկությամբ:

Իրականում այդ քայլը, որն այնքան ոգեւորել է ՔՊ-ական անուղեղ շրջանակներին, ոչ թե զիջում է, այլ զիջման պատրանք կամ, պարզապես, բանակցային խորամանկ հնարք: Այն հակառակ կողմին՝ տվյալ դեպքում հայ բանակցողներին ինքնահանգստացնելու, նրանց մեջ Ադրբեջանի մյուս պահանջների նկատմամբ դրական նախատրամադրվածություն առաջացնելու նպատակ ունի: Իր խոսքում Ամիրբեկովը շատ հստակ շեշտել է, որ «զանգեզուրյան» թեման միառժամանակ հետաձգվում է, այլ ոչ թե մշտապես փակվում, ինչպես մեկնաբանում են Փաշինյանի կառավարության խամաճիկ անդամներն ու ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության գրպանային պատգամավորները:

Ադրբեջանցի պաշտոնյան, որ, ըստ էության, Ալիեւի խոսափողն է, միեւնույն ժամանակ քննադատել է Երեւանին այն բանի համար, որ վերջինս խուսափում է փոփոխություններ կատարել երկրի Հիմնական օրենքում, ինչը խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր նախապայման է հռչակված Ալիեւի կողմից: Փաշինյանի հավաստիացումը, թե սահմանադրական փոփոխությունների մեկնարկը տրված է, եւ գործընթացի ավարտը նախատեսվում է 2027-ին, Ադրբեջանի ղեկավարությանը չի բավարարում: Նրանց շտապողականությունը հասկանալի է՝ իրենց բոլոր պահանջները լուռումունջ կատարող հայկական «Ոսկե ձկնիկը», հնարավոր է, մինչեւ 2027 չկարողանա «ձգել», ինչը թշնամու ծրագրերի մեջ չի մտնում:

Բաքվին անբարեհարմարություն է պատճառում այն, որ մեր Սահմանադրության մեջ հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միավորման մասին։ Հայկական կողմը՝ չանտեսելով հանդերձ Ադրբեջանի նախապայմանը, հանդգնում է համարել, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է եւ այն չպետք է փոխկապակցել խաղաղության գործընթացին։ Ամիրբեկովը, սակայն, հասկանալ է տալիս, որ Բաքվում վստահ չեն, թե խաղաղության պայմանագիրը հուսալի երաշխիք է ապագայում ռեւանշիզմի վերադարձը զսպելու համար։ Պայմանագրի հապճեպ ստորագրումը, ըստ նրա, կարող է անարդյունավետ լինել՝ «կմնան իրավական խութեր», որոնք ՀՀ-ին թույլ կտան վերակենդանացնել իր տարածքային պահանջները, «հենց որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխվի իր օգտին»:

Ամիրբեկովը հետաքրքիր բացահայտում է արել՝ տեղեկացնելով, որ Սահմանադրության փոփոխության հարցը Փաշինյանն օրեր առաջ քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ եւ քննարկման ընթացքում ժամանակ խնդրել, որպեսզի հասցնի ընդունել նոր Սահմանադրությունը: Թշնամի երկրի պաշտոնյան համոզված է, որ հայերի մեծամասնությունը կաջակցի Փաշինյանին՝ իրականացնելու Ալիեւի ներկայացրած պահանջները, ի մասնավորի Մայր օրենքի՝ ադրբեջանական կողմի համար խնդրահարույց նախաբանի փոփոխությունը: «Նորմալ պայմաններում ցանկացած առաջնորդ, որը տանուլ էր տվել պատերազմը, ջախջախիչ պարտություն կկրեր 2021թ. ընտրություններում, բայց նա հաղթեց»,- հիշեցրել է ազերի պաշտոնյան։

Հեգնելով հայերիս՝ Ամիրբեկովը նույնիսկ հանրաքվեի դրվելիք «հաղթողական» հարցն է ձեւակերպել: Այն հնչում է հետեւյալ կերպ. «Ուզում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ նոր հակամարտության հնարավորություն թողնել»: Դե, իհարկե, ով կարող է ժխտել, որ պարզ հակադրության մեջ խաղաղությունն ավելի դյութիչ է:

 

Մյուս կարեւոր թեման, որ ներհայաստանյան խոսույթում մեծ հնչեղություն էր ստացել նույն պաշտոնյայի հայտարարության համատեքստում, ադրբեջանցի փախստականների, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձի շուրջ է: ՀՀ ղեկավարության լուռ հպատակության ու համաձայնության իրադրությունում Բաքվի բռնապետին որոշակիորեն հաջողվել է շրջանառության մեջ դնել այս կեղծ, հնարովի եզրույթը, որը գնալով ավելի ու ավելի հաճախ է սկսել հնչել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից: Ակնհայտ է, որ Ալիեւի նավթն ու նավթադոլարները, խավիարն ու մյուս բարիքները մանրից իրենց գործն արել են:

Մյուս կողմից էլ՝ եթե, օրինակ, «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի նյութը ՀՀ իշխանությունները խնամքով թաքցնում են՝ հավանաբար զգուշանալով ժողովրդի ցասումից, ապա ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը, կարծես թե, մտահոգվելու որեւէ առիթ նրանց չի տալիս: Իշխանական վերնախավը մի տեսակ թեթեւ է տանում «Արեւմտյան Ադրբեջան» գաղափարը: Եվ շատ իզուր: Այդ գաղափարը հարյուր հազարավոր ազերիների վերադարձի խորապատկերին՝ Հայաստանը ներսից պայթեցնելու ներուժ ունի՝ որքան էլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրան անլուրջ եւ անտարբեր վերաբերվի:

Կարճ ժամանակահատվածում ադրբեջանական դիվանագիտությունը կարողացել է հասնել նրան, որ միջազգային հանրություն կոչվող Հավաքական արեւմուտքն արդեն իսկ Հայաստանին հորդորում է ընդունել շուրջ 300 հազար ադրբեջանցի փախստական եւ, թերեւս, վերաբնակեցնել «Արեւմտյան Ադրբեջան» անվանվող հողերում: Թե ինչ տարածք նկատի ունեն եվրոպաշտոնյաներն արհեստածին այդ եզրույթի տակ՝ ենթադրություններ չանենք, բայց ադրբեջանական հայացքով այդ կեղծ տեղանունը վերաբերում է ներկա Հայաստանի ողջ տարածքին: Պատահական չէ, որ Իլհամ Ալիեւի լեզուն այդպես էլ երբեք չպտտվեց ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քառ. կմ-ի վրա:

Գալով եվրոպաշտոնյաների վարքագծին՝ արժե հիշեցնել ուշագրավ մի փաստ. 2023թ. հոկտեմբերի 23-ին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը Բաքվում հանդիպում անցկացրեց, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կառույցի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կարեւորեց փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը: Կուլ տալով Բաքվի բռնապետի դրած խայծը, նա փաստորեն ճանաչեց «Արեւմտյան Ադրբեջան» առասպելը: Մինչդեռ դրանից մեկ շաբաթ առաջ՝ գտնվելով Երեւանում, նույն Միատովիչը հարկ չհամարեց հանդիպել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ղեկավարների հետ։

Ի՞նչ անուն տալ այս անթաքույց խտրականությանը: Մի՞թե Եվրոպայի համար Արցախն արդեն հանգչող մոմ է, իսկ այ, «Արեւմտյան Ադրբեջանը»՝ փայլատակող աստղ: Միգուցե:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից: Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանն օգոստոսի 15-ին բավարարեց նախկին նախարարի պաշտպան Անդրանիկ Մանուկյանի միջնորդությունը: Տոնոյանը գրեթե երեք տարի կալանավորված էր «անպիտան հրթիռների» գործով։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն էր, որ անազատության մեջ էր։ Դատարանը մերժել էր Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։ Ինքը՝ նախկին նախարարը, չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»:

Անցած երկուշաբթի մեկնարկեց հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին տեղի ունեցած բախումների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այդ օրը վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հավաքը ոստիկանությունը ցրել էր արգելված հատուկ միջոցների եւ անհամաչափ ուժի կիրառմամբ, ինչի հետեւանքով ավելի քան 100 մարդ էր տուժել, որոնց կեսից ավելին, ըստ պաշտոնական տեղեկության, ստացել էր բեկորային վնասվածք։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել 16 ցուցարարի: Ոստիկանական գործողությունները քննելու համար հունիսի 14-ին քրեական գործ էր հարուցվել, սակայն որեւէ մեղադրյալ ոստիկան դեռ չկա: Նիստին ներկա էին մեղադրյալների հարազատներ, աջակիցներ եւ այլք։ Դատարանի բակում էր ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որի պնդմամբ՝ այս գործն ամբողջությամբ քաղաքական է։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը օգոստոսի 15-ին Նախիջեւանի Գանզա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մասին: «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - հայտարարում է ՀՀ Պնախարարությունը: Հիշեցնենք, որ հրադադարի պայմանակարգի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորելու վերաբերյալ ՀՀ-ի՝ երկու ամիս առաջ արված հրապարակային առաջարկին Բաքվից որեւէ արձագանք չկա:

Օգոստոսի 14-ին Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2024» զորավարժությունները, որոնց մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները: Հայաստանը զորավարժություններին չէր մասնակցում։ Վարժանքների ընթացքում միջգերատեսչական խմբերը, մասնավորապես, մշակեցին ուժերի եւ միջոցների կիրառման նոր ձեւեր, փորձարկեցին նոր զինատեսակներ, կատարեցին փորձի փոխանակում՝ բարելավելով հատուկ նշանակության ստորաբաժանումների միջեւ փոխգործակցությունը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 13-ին ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի եւ ՊՆ օդային ուժերի հրամանատարի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, երկու երկրների բանակների պաշտպանունակության բարձրացման հնարավորությունները։ Կողմերն արձանագրել են, որ 2023թ. հունիսին օդային տարածքի համատեղ կառավարման HAKIM կոչվող համակարգի գործարկումից հետո թուրքական եւ ադրբեջանական ռազմաօդային ուժերը հնարավորություն են ստացել էապես բարելավել իրենց երկրների օդային տարածքների վերահսկողությունը։

The Armenian Center for National and International Studies

Yerznkian 75, 0033
Yerevan, Armenia

Tel.:

+374 10 528780 / 274818

Website:

www.acnis.am

  

The views of the authors do not necessarily reflect those of the Center.

While citing the content, the reference to "ACNIS ReView from Yerevan” is obligatory.