Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով Միացյալ նահանգներում էր: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներով հանդես եկել Ապագայի գագաթաժողովում եւ ՄԱԿ-ի ԳՎ հերթական՝ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Այցի ընթացքում Կառավարության ղեկավարը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաեւ՝ երկկողմ մի շարք շփումներ տարբեր երկրների ղեկավարների, այդ թվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:
Շաբաթվա մամուլում եւ սոցցանցերում ամենաքննարկվածը սեպտեմբերի 24-ին Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հանդիպումն էր, որը տեղի էր ունեցել Նյու Յորքի, այսպես անվանվող, «Թուրքիայի տանը», որտեղ Էրդողանը սովորաբար հատուկ հյուրեր է ընդունում: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է մեր չարաբախտիկն արժանացել նման պատվի՝ չնայած վերջինիս պարագայում դժվար չէ գուշակել: Բավական է լուսանկարում ուշադիր նայել նրա դեմքին… լայն ժպիտը, աչքերի փայլը, երջանիկ կեցվածքը Էրդողանի կողքին՝ նրա հեղինակած գիրքը դոշին սեղմած: Ինքն էլ փոխադարձաբար Էրդողանին է մակագրել «Խաղաղության խաչմերուկ» գիրքը, որն այդպես էլ աշխարհում չգտավ իր ընթերցողին: Լուսանկարում այն չտեսանք նաեւ Էրդողանի ձեռքին:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Էրդողանը մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերի։ «Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Իհարկե, միամտություն է կարծել, թե Էրդողանը Փաշինյանից է, որ պիտի տեղեկանա հայ-ադրբեջանական ճակատում կատարվող անցուդարձին: Իլհամ Ալիեւն է նրա թիվ մեկ տեղեկատու-աղբյուրը, որին անվերապահորեն վստահում է, ավելին՝ նրանք համատեղ են գործում ընդդեմ Հայաստանի, իսկ մեր տարաբախտիկը Էրդողանի «կտերն» ուտում է (տես՝ հայտնի լուսանկարները): Միայն մեկ օրինակ. պաշտոնական հաղորդագրություններում կողմերը շեշտում են, թե կարգավորման գործընթացն առանց որեւէ նախապայմանի պետք է շարունակվի, սակայն Թուրքիան իր հաջորդ տեքստում հայ-թուրքական կարգավորման գործընթացը փոխկապակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Բա նախապայմանը պոզով-պոչո՞վ է լինում:
Հանրային աղմկոտության առումով «երկրորդ տեղում» ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հնչեցրած թույլ, անդեմ ու անատամ ելույթն է, եւ չնայած ՔՊ-ական շրջանակներն այն դիպուկ ու կարեւոր են համարում, տարակարծությունների ալիքը ցայսօր չի դադարում: «Ելույթն իրականում շատ խղճուկ եւ բովանդակազուրկ էր: Նիստը հրավիրված էր զուտ ապագայի եւ, հատկապես, անվտանգային սպառնալիքների մասին խոսույթ ծավալելու համար, բայց կառավարության ղեկին նստած մարդու ելույթն ավելի աղանդավորական շարժման քարոզի էր նմանվում, քան պետության խնդիրներով մտահոգ պետական այրի խոսքի»,- նկատել է ԱԳՆ համակարգի նախկին ծառայող, դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Արդարեւ, արդեն տեսանելի է, թե ինչ ապագա է սպասվում մեր տարածաշրջանին եւ, մասնավորապես, Հայաստանին, երբ Նյու Յորքում Փաշինյանը լավատեսորեն խոսում է ապագայի, հարեւանների հետ խաղաղ համակեցության մասին, իսկ Ալիեւը գրեթե նույն ժամին Ադրբեջանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում թեժացնում է ռազմական հզորությունները մեծացնելու թեման: «Լավատեսությունը դուռ կբացի դրական մտածելու եւ հնարավորությունների մասին խոսելու համար։ Առայժմ եկեք միայն խոսենք»,- կոչ է արել Փաշինյանը՝ ելույթն ավարտելով աստվածաշնչյան մեջբերմամբ»:
Մի՞թե սա է այն նպատակը, որի համար Բաքվի բանտերում մի քանի տասնյակ կամ միգուցե շատ ավելի ռազմագերիներ, առեւանգվածներ ունեցող պետության ղեկավարը՝ կտրելով հազարավոր մղոններ, Երեւանից հասել է Նյու Յորք: Թե նպատակը աշխարհի հռչակավոր երկնաքերների մայրաքաղաքում, պարզապես, տիկնոջ հետ հեծանիվ քշե՞լն էր՝ ցույց տալու համար, որ մտահոգվելու ոչինչ չկա, ամեն ինչ Ok է:
Ինչպես կանխավ ծանուցվել էր, սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում «Սրբազան պայքար» շարժման նախաձեռնած մեծ հավաքն էր, որը մեկնարկեց Հայաստանի եւ Արցախի օրհներգերով ու Բագրատ Սրբազանի աղոթքով: Ներկա էին հասարակական-քաղաքական գործիչներ, զինվորականներ, մտավորականներ եւ, պարզապես, ՀՀ քաղաքացիներ: Հիմնական զեկուցողի՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքի, ինչպես նաեւ օրվա բանախոսների ելույթների միջով կարմիր թելի պես անցնում էր հանրության եւ քաղաքական ուժերի համախմբման կարեւորության թեզը:
«Տավուշը հանուն Հայաստանի» շարժման առաջնորդի ավելի քան մեկուկես ամսվա անհնազանդության ակցիաներն ու հավաքները, որ սկսվել էին մայիսի 9-ի բազմամարդ հանրահավաքից, ավարտվեցին հունիսին՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերի հետ տեղի ունեցած բախումներով, որտեղ վերջիններիս կողմից անթույլատրելի զենք կիրառվեց խաղաղ ցուցարարների դեմ: Նռնակի պայթյուններից ստացած բեկորային վնասվածքներով մոտ 100 ցուցարար տեղափոխվեց հիվանդանոցներ, սակայն կատարած ապօրինությունների համար ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Միջադեպից 1-2 օր անց Փաշինյանը հայտարարեց, թե ոստիկանները գործել են շատ պրոֆեսիոնալ եւ օրենքի շրջանակներում:
Հիմա գանք սեպտեմբերքսաներկուսի հավաքին, որը բավական մարդահոծ էր եւ լավ կազմակերպված՝ թեպետ կարեւորը, իհարկե, արդյունքն է, որից ամենաանհամբերներն արդեն սկսում են հիասթափվել: Բոլորիս համար, հատկապես՝ այսրոպեական արդյունք ակնկալողների, պետք է պարզ լինի, որ «Սրբազան պայքարը» լրջագույն գործընթաց է, որի առջեւ փորձություններով, մակընթացություններով ու տեղատվություններով, զարգացման որոշակի փուլերով անցնելիք ոչ դյուրին ճանապարհ կա: Մանավանդ՝ հայաստանյան ներկա բռնապետական կարգերի պայմաններում, երբ Սրբազանի հետ ողջագուրվելու համար կարող են հարգված մասնագետին ազատել աշխատանքից կամ նրա դեմ քրեական գործ հարուցել:
«Այս շարժումը նոր է սկսում, եւ եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է, եւ ջղերի պատերազմ, որտեղ հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ ու համբերատար, պատրաստ՝ զոհաբերության եւ զրկանքների»: «Սա ճշմարտության համար պայքար է, եւ ոչ ոք ու ոչինչ չի կարող մեզ բաժանել այս հավատքից,- Մարզահամերգային համալիրում հայտարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա հավաքի մասնակիցների ուշադրությանն է արժանացրել ծրագրահենքային թեզերից մի քանիսը, որոնք դրվելու են անցումային կառավարության ծրագրի առանցքում:
Այդպիսով՝ առաջինը, որ անհրաժեշտ է ունենալ՝ ըստ արժանիքների ձեւավորվելիք օրինակարգ իշխանությունն է, որն ունակ կլինի հանդես գալ երկրի ազգային ու պետական շահի դիրքերից: Երկրորդ՝ գործող վարչախմբի՝ սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք գնահատանք ստանան: Երրորդ՝ պետք է վերացվեն հանրությունը քայքայող բաժանարար գծերը: Մենք կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը՝ ներառելով Սփյուռքի ներուժը եւ վերածվելով բարոյական հասարակության, որտեղ մեր որդիները հավասար կլինեն օրենքի եւ մահվան առջեւ: Չորրորդ՝ մենք կարող ենք եւ պետք է դառնանք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության դրոշակակիրը: Հինգերորդ՝ այս գերլարված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը կարելի է վերադարձնել իրական բանակցություններով՝ արցախյան հիմնախնդիրը միջազգային քննարկումների օրակարգ բերելով, Արցախի ժողովրդին հավաքական եւ արժանապատիվ սեփական բնօրրան վերադառնալու իրավունքը վերականգնելով, Ադրբեջանում պահվող մեր գերիների եւ պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը տուն վերադարձնելով, ադրբեջանական զինուժը ՀՀ տարածքից դուրս մղելով: Վեցերորդ՝ Հայաստանը պետք է արտաքին քաղաքականության մեջ վերադառնա կանխատեսելի եւ վստահելի գործընկերոջ կարգավիճակին: Յոթերորդ՝ վաղվա Հայաստանում պետք է գործի «Այլեւս երբեք» սկզբունքը որպես համակարգ եւ գործողությունների ուղենիշ՝ ներառելով ներքին ու արտաքին անվտանգությունը:
Կրկնենք՝ սա ծրագրահենքից ընդամենը մի քանի կետեր են: Ամբողջական ծրագրի եւ դրա իրականացման ճանապարհային քարտեզի մասին՝ հաջորդիվ:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Բարյացակամ հարեւանները՝ Իրանը եւ Վրաստանը, ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ ժողովրդին եւ կառավարությանը: Իրանի ԱԳՆ-ն բարեկամ հայ ժողովրդին մաղթել է «բարգավաճում, հաջողություն եւ երկու ժողովուրդների միջեւ մշտապես աճող կապեր»։ Թբիլիսին եւս X-ում գրառմամբ շնորհավորել է Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձը։ «Վստահ ենք, որ մեր ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները, ինչպես նաեւ կնպաստի խաղաղությանը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ գրառման մեջ: ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորանքներ են եղել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ տասնյակ այլ երկրների ղեկավարներից:
«ԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը շատ կարեւոր է հայ ժողովրդի արժանապատվության եւ տարածաշրջանում կայունության վերականգնման տեսանկյունից». այս մասին, ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի, սեպտեմբերի 21-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ եւ նախագահի Դեմկուսի թեկնածու Քամալա Հարիսը ՀՀ Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում: Հարիսը նշել է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը շարունակում է ձեւավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Նա շեշտել է նաեւ, որ հավատարիմ է Հայաստանի ու նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը:
Հայաստանն ու Կիպրոսն անելու են հնարավորը ռազմական եւ ռազմատեխնիկական գործակցությանը նոր որակ հաղորդելու եւ անվտանգային նոր մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու համար. այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը՝ կիպրոսի իր պաշտոնակցի՝ Վասիլիս Պալմասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-25-ը պաշտոնական այցով Հայաստանում էր Պապիկյանի հրավերով: Այլ մանրամասներ հայկական ռազմական գերատեսչության հաղորդագրությունում նշված չեն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օգոստոսի 30-ին ստորագրված՝ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Սեպտեմբերի 26-ին այսպիսի որոշում է կայացրել Հայաստանի Սահմանադրական դատարանը: Մայր օրենքի ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշումը, ըստ եզրափակիչ մասի 2-րդ կետի, վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Միացյալ նահանգները Հայաստանին 20 մլն 600 հազար ԱՄՆ դոլար աջակցություն կտրամադրի՝ ուղղված կիբերանվտանգության, սահմանային անվտանգության եւ էներգետիկ անվտանգության մեծացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը։ Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Նյու Յորքում՝ գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ։ 1992-ից ի վեր ԱՄՆ-ը մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։
Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 700 միլիոն դոլար կամ ավելի քան 660 մլրդ դրամ։ Կառավարությունը սեպտեմբերի 26-ին հաստատեց 2025 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եւ նախագիծն ուղարկեց ԱԺ։ Չնայած ռազմական բյուջեի կտրուկ ավելացմանը, Հայաստանը դեռ այդ առումով շեշտակի զիջում է իր հարեւանին։ 2025-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն գրեթե 2 անգամ ավելի մեծ է լինելու Հայաստանից։ Բաքուն մոտ 3.6 մլրդ դոլար է նախատեսում տրամադրել ռազմական ծախսերին: Օրերս Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ առաջիկա տարիներին երկրի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին: