Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ
Դեկտեմբերի 4-ին շուրջ 7 ժամ տեւած թեժ քննարկումներից հետո խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։ 58 հազար քաղաքացու ստորագրությամբ Ազգային ժողով հասած նախագիծը առաջարկում է քրեականացել Հայաստանի անունից Լեռնային Ղարաբաղը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, ժխտելը։ «Հայաքվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանի՝ քվեարկությունը հետաձգելու առաջարկը մեծամասնություն կազմող իշխանական պատգամավորները նույնպես մերժեցին, ինչը զայրացրեց ընդդիմությանը։
Ի դեպ, խորհրդարանի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում ամրագրված է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ենթակա է պաշտպանության։ Մասնավորապես՝ ՔՊ-ն հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»: Հրաշալի տեսլական է, բայց անկատար խոստում… ծրագրում քաղաքացիներին ներկայացվել է մեկ բան, իրական գետնի վրա կատարվել է տրամագծորեն հակառակը: Խոստումը ոչ միայն չի իրագործվել, այլեւ մեծ աղետ է բերել երկրի ու ժողովրդի գլխին:
Իշխող մեծամասնության արձագանքը միանգամայն սպասելի էր: Միայն անուղղելի միամիտ պիտի լինել՝ հավատալու համար, որ ՔՊ-ական ազգուրացների խմբակի մեջ կարող են ազգային արժանապատվության զգացումներ արթնանալ: Հայաքվե, Արցախ, Ցեղասպանություն… այսօրինակ բառեզրերից իշխանությունները հիմա սարսափում են, ինչպես սատանան՝ խաչից: Նրանք վախենում են զրկվել իրենց շռայլ վարձատրությունից, «պադավատներից», հարկատուների փողերով ճամփորդություններից եւ այլ վայելքներից, առանց որոնց իրենց կյանքը չեն պատկերացնում: Նախագծում կա եւս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Եթե ազգային ժողովն անտեսում է ժողովրդի կամքը եւ մերժում նախագիծը, ինչպես կոնկրետ դրվագում է, ապա եւս 300 հազար ստորագրություն է հավաքվում, եւ նախագիծը դրվում է հանրաքվեի: Բավարար ձայներ ստանալու դեպքում այն հրապարակվում եւ դառնում է օրենք: Հետագայում կարող է փոխվել բացառապես հանրաքվեով: Ի վիճակի՞ է արդյոք նախաձեռնող խումբը հավաքել եւս 300 հազար ստորագրություն: Խնդիրը դժվար է, բայց՝ հաղթահարելի: Դժվար է, որովհետեւ իշխանությունն արդեն թիրախավորել է «Հայաքվե»-ի ամենաակտիվ անդամներից Ավետիք Չալաբյանին, նրա դեմ դատական շինծու գործ բացելով, իսկ հաղթահարելի է, որովհետեւ Ավետիքի զինակիցները կարող են հաղթական ավարտին հասցնել ազգանվեր այդ առաքելությունը:
Այն, ինչ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ալավերդի համայնքում՝ կապված մոտ մեկ տարի առաջ օրինականորեն ընտրված ավագանու եւ նրա ղեկավար Արկադի Թամազյանի հետ, վեր է ամենահանդուգն երեւակայությունից: ԶԼՄ-ներն ու սոցցանցերը մեկը մյուսից ահարկու պիտակներ կպցրին կատարվածին՝ խուժանապետություն, իշխանազավթում, մանդատագողություն եւ այլն: Ժողովրդավարությունից խոսող իշխանությունն այդ օրը արշավանք էր ձեռնարկել ընդդեմ ժողովրդավարական առանցքային արժեքներից մեկի՝ քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքի, նպատակ ունենալով ընդդիմությունից խլել համատարած «քպականացմանը» փոքրիշատե դիմադրողունակ վերջին «ամրոցի»՝ ՏԻՄ-ի եւս մեկ կարեւոր ստորաբաժանում՝ Ալավերդու համայնքը:
Հազարի չափ ոստիկանական ուժեր էր փաշինյանական վարչախումբն իր լիազոր ներկայացուցիչների՝ Պնախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի առաջնորդությամբ ուղարկել Ալավերդի՝ ճնշելու համայնքի բողոքի ակցիան: Մարդիկ հավաքվել էին համայնքապետարանի առջեւ՝ պաշտպանելու իրենց ձայները եւ թույլ չտալու օրինակարգ իշխանության բռնազավթումը իշխող քաղաքական ուժի կողմից: Մի ուժի, որն ընտրողների դեմ դուրս է եկել մեկհազարանոց ոստիկանական կոհորտայով, որպեսզի «Ապրելու երկիրը» ներկայացնող համայնքապետից ուժով վերցնի խոշորացված համայնքի ղեկավարի պաշոնը եւ տա ավագանու ՔՊ խմբակցության անդամ, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանին:
Համայնքը, սակայն, ընդդիմանում է, չի ընդունում այս անձնավորությանը՝ նրա սկանդալային, ամբարտավան բնավորության համար: Ասում են՝ Ղումաշյանը Պնախարար Պապիկյանի հովանավորյալն է, ՏԻՄ նախորդ ընտրություններում պարտություն էր կրել արդեն մեկ տարի գործող համայնքապետ Արկադի Թամազյանից, բայց ռեւանշի կիրքը, նրան, ըստ երեւույթին, հանգիստ չէր տալիս, եկել է՝ ապավինելով զոռբայության ուժին: Եվ որպեսզի իրենց գործողություններին փոքր-ինչ օրինականության փայլ տան, նախապես կազմակերպել էին գաղտնի քվեարկությամբ Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ մնացյալն իրենց համար տեխնիկայի գործ էր՝ սպառնալիքի, ծեծուջարդի, կեղծիքի, վարչական չարաշահումների գործ:
Այս իշխանության օրոք Ալավերդիում տեղի ունեցած «թավշյա» բռնազավթումը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: Այդ նույն գործելաոճով է կառավարող քաղաքական ուժն իշխանության սանձերն իր ձեռքը հավաքել Վանաձորում, Վարդենիսում, Երեւանում, Թալինում եւ այլ համայնքներում: «Քպականացման» ոգին, ընդհանրապես, ամենուր է՝ պետական հիմնարկներում, բանակում, դատաիրավական համակարգում, բուհերում, ուսումնակրթական մյուս հաստատություններում, գիտամշակութային օջախներում եւ այլն: Սա խիստ վտանգավոր վարակ է, որը դեռ շարունակվելու եւ ամրանալու է այնքան ժամանակ՝ մինչեւ իշխանությունից չհեռացվի «թավշյա» խունտան:
Աշխատանքային շաբաթը տխուր լուր բերեց. սահմանին դարձյալ զոհ է գրանցվել, եւս մեկ հայ ընտանիք սուգ նստեց: Նոյեմբերի 4-ին, ժամը 14:35-ի սահմաններում, թշնամու գնդակը Վայոց ձորի մարզի Բարձրունի համայնքի սահմանին խոցեց պայմանագրային զինծառայող, 31-ամյա Գերասիմ Ավետիքի Առաքելյանին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով, ըստ ՊՆ-ի, ընթանում է քննություն: «Ազատության» թղթակիցը Բարձրունի համայնքի ղեկավար Արսեն Ալեքսանյանից տեղեկացել է, որ կրակոցները սահմանային դիրքերի ուղղությամբ են եղել, գյուղում միայն ձայներ են լսել։
Բաքուն հերքել է պաշտոնական Երեւանի հայտարարությունը, որում ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում էր ադրբեջանական կողմին՝ բացած կրակի հետեւանքով հայ զինծառայողի մահվան համար։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պնդում է, թե Հայաստանի տարածած տեղեկատվությունը «կեղծ է», եւ նման հայտարարություններով հայկական կողմը, իբր, մտադիր է «կեղծ լարվածություն առաջացնել սահմանամերձ տարածքներում եւ գրավել երրորդ կողմի ուշադրությունը»։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության գնահատականով՝ ադրբեջանական կողմի գործողությունները «նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու եւ այն փակուղի մտցնելու նպատակ ունեն»:
Բաքվի «կատարել-չքմեղանալու» մարտավարությունը, նենգությունը նորություն չեն ու չեն էլ զարմացնում: Զարմանալին այն է, որ ՀՀ իշխանությունները նման որակի թշնամու հետ փորձում են «խաղաղության օրակարգերով» հարաբերություններ կարգավորել, փոխանակ իրական բարեփոխումներ ձեռնարկելու Զինված ուժերում: Ե՞րբ են Փաշինյանն ու թիմը հասկանալու, որ իրենց «խաղաղության խաչմերուկները» միայն Եռաբլուրի խաչով թմբերն են ավելացնում: Ցավ ի սիրտ:
ՌԱՀՀ կենտրոնը եւ «Հայացք»-ի խմբագրակազմը խորապես վշտացած են Գերասիմ Առաքելյանի մահվան առթիվ եւ ցավակցում են նահատակված քաջակորով հայորդու հարազատներին ու մարտական ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ, Հայրենիքի անվեհեր պաշտպան:
Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը
Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով
Դեկտեմբերի 7-ն ավերիչ երկրաշարժի 35-րդ տարելիցն է: 1988թ. այդ օրը ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները մեծ ավերածություններ պատճառեցին ՀՀ հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում: Երկրաշարժը, ըստ պաշտոնական տվյալների, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթեւան: Ուղղակի նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։ Այսօր օրենսդիր եւ գործադիր մարմիններն իրենց նիստերը սկսեցին մեկ րոպե լռությամբ հարգելով 88-ի զոհերի հիշատակը։
Հայաստանում ստեղծված առաջին արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի հետ դեկտեմբերի 3-ին հաջողվել է կապ հաստատել, այն արդեն 3 օր է՝ տիեզերքում է։ «Հայասաթ»-ի թիմը տեղեկացնում է, արբանյակն աշխատանքային վիճակում է եւ փոխանցում է իր պարբերական ազդանշանները: Աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանով՝ առանց խոչընդոտների։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից: Հրթիռը տիեզերք էր արձակվել Երեւանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակը հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։
Ինչպես հայտնի դարձավ հոկտեմբերի 7-ին, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի: Հայաստանն, իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով եւ, որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ՀՀ տեղափոխված 32 անձանցից 26-ը ձերբակալվել է 2020թ. դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանից։ Այս բոլոր մարդիկ արդեն կրել են իրենց պատժի մեծ մասը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ցուցակում ներգրավված չեն Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքցիական անձինք:
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ արձակվեց 9-ամսյա կալանքից՝ 20 մլն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաեւ վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նա երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 7-ը պետք է գտնվի տանը։ Գեներալի փաստաբանն «Ազատությանն» ասել է, որ Վերաքննիչի դատավոր Արմեն Հովհաննիսյանը որոշումը կայացրել է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Այդ դատարանի այս նույն դատավորն ամիսներ առաջ էլ էր որոշել, որ Խաչատուրովին երկար փակի տակ պահելու համար հիմքեր չկան, ինչին հակադրվել էր գործը քննող դատավոր Արամ Գրիգորյանը:
Բաքուն մտադիր է առաջիկա 3 տարում 140 հազար մարդ բնակեցնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում. այս մասին դեկտեմբերի 5-ին հայտնել է Ադրբեջանի վարչապետը։ Նրա խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում 987 ընտանիք է հաստատվել 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում եւս 215 ընտանիք կտեղափոխվի այդ շրջաններ։ Ասադովը նշել է, որ Ադրբեջանի կառավարության հայտարարած «Մեծ վերադարձ» ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 140 հազար մարդ բնակեցնել Ադրբեջանի վերահսկողությանն անցած գյուղերում եւ քաղաքներում, այդ թվում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում: